ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հավասարապես «ուժեղ» պետական ինստիտուտներ ունենալու հրամայականը

25.09.2006

Ջոն Մեյնարդ Քեյնսը պնդում էր, որ եթե երկու ուղիղներն իրենց բոլոր պարամետրերով պետք է զուգահեռ լինեն, սակայն, այնուամենայնիվ, հատվում են, ապա հարկ չկա փնովել այդ ուղիղները, որ ուղիղ չեն «մնում», այլ պարզապես պետք է հրաժարվել ուղիղների զուգահեռության աքսիոմից և անցնել ոչէվկլիդեսյան երկրաչափության:

Դրամի արժեքավորման հարակից դրսևորումները

Երբեք հայրենական մամուլն այնքան հարուստ չի եղել դրամավարկային քաղաքականության, պետական ֆինանսների և ազգային արժույթի վերաբերյալ քննարկումներով ու վերլուծականներով, որքան վերջին ամիսներին է: Արդյունքում բազմաթիվ դրական հետևանքներ կարելի է այսօր արձանագրել. էապես նվազել են այն գործիչների քանակը, ովքեր հրապարակավ, չգիտես ինչու, հպարտանում են դրամի ուժեղացման փաստով, համարում են այն հզորացող տնտեսության քաղցրապտուղ և տնտեսության համար դրական հետևանքներ են տեսնում: Վտանգի իրական լինելն այլևս ընկալվում է ոչ միայն դեռ մի քանի ամիս առաջ «ընդդիմախոս» համարվողների, այլև գերակայող է դառնում պաշտոնական շրջանակներում (եթե նույնիսկ ոչ հրապարակային): Իսկ սա, համաձայնեք, արդեն իսկ էական առաջընթաց է:

Ինչու՞ է հարցն անընդհատ հրապարակում

Տնտեսության ինստիտուցիոնալ կառուցվածքն ինքնակազմակերպման հիանալի հատկություն ունի, այստեղ որևէ բաց կամ վակուում չի լինում, երբ որոշ ֆորմալ ինստիտուտներ պակասում կամ թերանում են, տվյալ գործառույթներն սկսում են իրականացնել այլ ֆորմալ կամ ոչ ֆորմալ ինստիտուտներ: Օրինակ, երբ տարբեր պատճառներով թերանում են դատարանները, զարգանում է «ինքնադատաստանի/վրեժի» ինստիտուտը, երբ հստակ կանոնակարգված չէ գերատեսչության հետ հարաբերվելու ինստիտուտը, զարգանում է «կոռուպցիա» ինստիտուտը և այլն:

Երկրի մակրոտնտեսական քաղաքականությունն իրականում երկու կարևոր` դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ համադրման համալիրն է: Հետևաբար տնտեսության ինստիտուցիոնալ կառուցվածքի տվյալ հատվածի կիզակետում «կենտրոնական բանկ» և «կառավարություն» ինստիտուտների գործակցության ու փոխզսպման մեքենան է, որի անսարքության դեպքում քաղաքականությունների հավասարակշռմանն ուղղված քննարկումների գործառույթն անցնում է մամուլին ու հանրային այլ ինստիտուտներին: Մի բան, ինչի ականատեսն ենք այսօր:

Մտավարժանք

Պատկերացնենք «մակրոտնտեսական քաղաքականություն» դատական գործընթացը, որտեղ հաշիվներ են պարզում «ինֆլյացիան» (դատապաշտպան` կենտրոնական բանկ) ու «տնտեսական աճը» (դատապաշտպան` կառավարություն): Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կողմերը արտադատարանական հաշտություն կնքեն և կշարժվեն «հաղթող-հաղթող» սկզբունքով այն պայմաններում, երբ կողմերից մեկի շահերը պաշտպանում է ժամանակի բոլոր պահանջներին համապատասխան, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով գերհագեցած, սեփական հետաքննություններ անցկացնելու համար բավարար ֆինանսական և տեխնիկական միջոցներով աչքի ընկնող, հայտնի ու հավակնոտ իրավաբանական ընկերություն, իսկ մյուս կողմի շահերը` բազմահոգս ու համեստ հանրային իրավապաշտպանը:

Լավ մոռացված հինը

11 տարի առաջ ՀՀ կենտրոնական բանկին օրենքի ուժով անկախություն տրվեց այն համոզմունքից ելնելով, որ պետք է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնող երկու ինստիտուտները` կենտրոնական բանկն ու կառավարությունը (մասնավորապես Ֆինանսների և էկոնոմիկայի և Առևտրի ու տնտեսական զարգացման նախարարությունների մակրոտնտեսական քաղաքականություն մշակող/իրականացնող ստորաբաժանումները) հավասար մրցակցեն և այդ մրցակցությունում ձևավորվի հաշվեկշռված քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ մակրոտնտեսական քաղաքականության առանձին հարթություններում գների զսպմանը և տնտեսական աճին ուղղված մոտեցումները կարող են հակասել միմյանց: Մտահղացումն այն է, որ նշված մրցակցությունն է հենց, որ թույլ կտա ստանալ արդյունավետ հաշվեկշիռ: Սա մի մոդել է, որը մենք պարզապես փոխ ենք առել և որն աշխարհի տարբեր երկրներում հասցրել է կուտակել իր գործունակությունն ապացուցող հարուստ պատմություն:

Այս մոդելը, որ պատկերացվում էր ԿԲ-ին անկախություն շնորհող առաջին օրենքը մշակելուց, ենթադրում է, որ մրցակցում են մասնագիտական կարողություններով ու հնարավորություններով երկու հավասար ինստիտուտներ (ԿԲ և կառավարության համապատասխան ստորաբաժանում/ներ): Իսկ ցանկացած ինստիտուտի հնարավորությունների մակարդակը մեծապես պայմանավորված է կադրերով ու ինստիտուցիոնալ հնարավորություններով: Որպեսզի պետական երկու կառույց կարողանան հավասարապես «մրցել» քաղաքականության վրա ազդեցության իրենց վերլուծական ունակություններով, նրանց համար պիտի հավասարապես հասանելի լինի երկրում առկա մասնագիտական ներուժը: Հավասար մրցակցության համար կողմերը պիտի կարողանան վարել աշխատանքի վարձատրության հավասար քաղաքականություն, ապահովել աշխատանքի հավասարազոր պայմաններ ու հնարավորություններ, և դա մեծապես կազդի իրականացվող քաղաքականության վրա: Համոզված ենք, դա իր դրական ազդեցությունը կունենա նաև արժութային քաղաքականության վրա, որն այսօր պահանջում է համարձակ ու նորարարական քայլեր ու նախագծեր:

Եզրակացությունը

մեկն է և երկիմաստություն չի պարունակում. մենք պիտի վերականգնենք կորուսյալ հավասարազորությունը մակրոտնտեսական քաղաքականության ինստիտուցիոնալ դաշտում: Սա է պարտադրում նաև տնտեսության իրական հատվածի հիմքերը խարխլող` դրամի արժևորման գործընթացը:

Ինչի՞ց սկսել: Օրինակ, 2007թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, իբրև քաղաքականության ճշգրտում, փորձել անել այնպես, որ կառավարության վերոնշյալ ստորաբաժանումների աշխատողների միջին աշխատավարձն ու աշխատանքային պայմանները պակաս չլինեն ԿԲ դրամավարկային քաղաքականություն մշակող/իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների աշխատավարձերի ու աշխատանքային պայմանների մակարդակից: Անհավանական է թվում, սակայն առաջին հայացքից պարզունակ թվացող այս առաջարկն իրականում ունակ է հավասարակշռող կարևոր խթան հանդիսանալ և նպաստել, որ դրամի (արդեն կործանարար թվացող) արժևորման պայմաններում մեր երկիրը կարողանա հաղթահարել իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության ընդգծված միաբևեռայնության վտանգավոր իրողությունը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած` «ՀՀ դրամի շարունակական արժևորման ինստիտուցիոնալ նախապայմանները» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։