- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հոգա՛ միջոցների մասին, իսկ նպատակներն իրենք իրենց մասին կհոգան:
Մահաթմա Գանդի
Մահաթմա Գանդի
Միջոցներ, թե՞ նպատակներ. երկվություն, որ հետապնդում է անհատներին, հասարակություններին, ազգերին ու քաղաքակրթություններին, իսկ մարդիկ` որպես անհատներ, հասարակության և ազգի ներկայացուցիչներ, քաղաքակրթության կրողներ, իրենց ընտրությամբ այդ երկվությանը տալիս են հարաբերականորեն երկարաժամկետ լուծումներ: Այնուհանդերձ երկվությունն այդ հատկապես լուրջ մարտահրավեր է անցումային ժողովրդավարությունների համար, քանզի անցում նշանակում է նոր նպատակների սահմանում և այնպիսի միջոցների փնտրտուք, որոնք թույլ են տալու լավագույնս իրագործել այդ նպատակները:
Մինչ այդ հասարակությունների առաջնորդները խորհրդարաններում և կառավարություններում սահմանում ու վերասահմանում, մշակում ու վերջնամշակում են հանրային նպատակները, անցումային շրջանը ծեծում է յուրաքանչյուր շարքային քաղաքացու դուռն ու հայտնվում շքամուտքին` քայքայված ենթակառուցվածքների, ռեսուրսների սակավության, թերի կառավարման, կոռուպցիայի ու աղքատության տեսքով: Մինչ առաջիններն զբաղված են նպատակների մշակման քաղաքական հռետորությամբ, երկրորդներն ուղղակի փորձում են գոյատևել: Թվում է, թե այս երկու համաժամանակյա գործընթացները երբևէ չեն հատվում. առաջիններն անտեղյակ են, թե իրականում որոնք են հանրության կարիքները, վերջինները բոլորովին չեն գնահատում վերնախավերի ջանքերը: Թե ինչ կարելի է ձեռնարկել այստեղ, միանգամայն պարզ է՝ սկսել երկխոսություն:
Երկրում իրականացվող համայնքային զարգացման զանազան ծրագրերում այս պարզ ճշմարտությունը, սակայն, միշտ չէ, որ իր նյութական արտահայտություն է ստանում: Թեև հանրային մասնակցությունը մշտապես դիտվում է որպես կարևոր արժեք, երկխոսություն սկսելու ջանքեր, այնուամենայնիվ, լիարժեք չեն ներդրվում:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնին (ՄԶՄԿ), թերևս, հաջողվեց գտնել համապատասխան ներուժ ու միջոց շարքային քաղաքացիներին իրենց իսկ ապագայի նպատակները սահմանելու գործում վճռական դերակատարում ունենալու գործընթացը մեկնարկելու համար: Իսկ ի՞նչը կարող էր նման նախաձեռնության համար ավելի հարմար սկիզբ հանդիսանալ, քան համայնքային բյուջեի հանրային քննարկումները, մի փաստաթուղթ, որով ըստ էության, սահամվում է համայնքի սոցիալական քաղաքականությունը:
Այսպիսով, 2005թ. դեկտեմբերին ՄԶՄԿ փորձագիտական խումբն ու Սառնաղբյուրի` Հայաստանի հյուսիսում ¥Շիրակի մարզ¤ ընկած փոքր մի գյուղի ՏԻՄ առաջնորդները, որոշեցին փորձարկել «անջրպետ կամրջող յուրօրինակ մի միջոց», իմա` համայնքի անդամների և ՏԻՄ միջև երկխոսություն սկսելու նպատակով սկզբունքային նոր մոտեցմամբ նոր շունչ ու բովանդակություն հաղորդել հանրային մասնակցության ինստիտուտին` կիրառելով նորարարական մի գործիք համահամայնքային համաժամանակյա քննարկումների տեսքով:
Չի կարելի ասել, թե դա հեշտ նախաձեռնություն էր: Թեև տեսականորեն գիտակցվում էր նման նախաձեռնության օգուտները, գործնականում սարսափելի դժվար էր վստահություն կառուցել այնտեղ, որտեղ այն գրեթե գոյություն չուներ:
Համայնքի և ՏԻՄ միջև երկար և հուսահատեցնող լռությունն ուղղակի դրոշմված էր սառնաղբյուրցիների դեմքերին, երբ նրանք մտան քննարկումների սրահ: «Ես այնուամենայնիվ համոզված չեմ, թե մեր ղեկավարներն ականջալուր կլինեն մեր ասածներին», - արտահայտում էին նրանց հայացքները: Ավարտից հետո, երբ նրանք հեռանում էին, նրանց դեմքերը ցնծում էին մտքից. «Դե լավ, գոնե կարողացա ասել այն, ինչ միշտ ցանկանում էի ասել»: Ի վերջո արտահայտվելու հնարավորությունը բավականության զգացում էր առաջացրել, սակայն օդում դեռ զգալի էր անորոշությունը, թե արդյո՞ք իրենց կարծիքը հաշվի կառնվի:
***
Հունիս, 2006թ.: Երբ քարքարոտ ճանապարհից հոգնած վերջապես հասնում ես Սառնաղբյուրի կենտրոն, կեսօրվա լուռ տապի միջից մի ձայն է հասնում ականջիդ` շինարարության աղմուկը: Սառնաղբյուրը մարզահրապարակ է կառուցում: Այն նույն մարզահրապարակը, որը կառուցելու օգտին դեռ ձմռանը քվեարկել էին հենց իրենք` սառնաղբյուրցիները` համայնքի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերին նվիրված հանրային քննարկումների սեղանին դրված վեց հնարավոր տարբերակներից ընտրելով հենց այդ մեկը:
Հանրային քննարկումների ընթացքում համայնքի անդամների կողմից արտահայտված 320 մտքերի, կարծիքների, մտավախությունների ու առաջարկների միջից առանձնանում էր մեկը` իր պարզությամբ և խորությամբ. «Մե՜նք ենք պետությունը»:
Նայելով իրականացվող շինարարությանը` սկսում ես հավատալ, որ այդ համոզմունքն այսօր իրականություն է Հայաստանի առնվազն մեկ համայնքում, և մնում է միայն հուսալ, որ այն համաճարակի պես կտարածվի ողջ երկրում:
ՄԶՄԿ կողմից տրամադրված միջոցն իրականում արժեք է ներկայացնում Հայաստանի զարգացման առաջնահերթային նպատակներից մեկի` մասնակցային ժողովրդավարության ապահովման գործընթացում:
Իսկ ո՞րն է հաջորդ քայլը: Ի՞նչ անել, որպեսզի այս միջոցը հանգեցնի այնպիսի մի շրջադարձային կետի, որտեղից հանրային մասնակցությունը անհաղթահարելի «վարակի» նման կհամակի բոլոր համայնքներին և մարդիկ իրականում «կդառնան պետություն»…
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի դեկտեմբերի 4-ին կայացած` «Քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացին. մեկ օրինակ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։