ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Վրաստանն իբրեւ խա՞յծ Հարավային Կովկասում

23.03.2007

Փոփոխություններ իրողություններում և ընկալումներում

Հարավային Կովկասն այլևս անդառնալիորեն եվրոպական քաղաքականության օրակարգում է: Սա իրողություն է, որ դեռ ոչ վաղ անցյալում կարող էր հեշտությամբ հոռետեսների կասկածամտության առիթ դառնալ: Իրականությունը փոխվում է կարծես նաև տարածաշրջանի հոլիստական ընկալման տեսանկյունից: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ կարելի էր հուսահատորեն ձեռք թափ տալ, թե որքան էլ ջանանք, կաշվից դուրս գանք ու առաջանցիկ նվաճումներ արձանագրենք, միևնույն է, մեր երկրներից յուրաքանչյուրը դատապարտված է «սպասելու» մյուսներին և եվրոպական աստիճաններով բարձրանալու շնորհը խմբային մուտքի-արտոնագրով է (групповая виза) միայն, ապա այսօր իրականությունն այլ է նաև այս հարցում: Եվրոպան, կարծես, հանել է փոխկապակցվածության շղթաները Հարավային Կովկասի երկրներիցª տարածաշրջանն ավելի շուտ սկսելով դիտարկել որպես երեք երկրների համախումբ, քան միասնական միավոր: Սա են ցույց տալիս գործընթացները Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում, սա են վկայում նաև Եվրամիության տարաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:

«Ընդամենը մի քանի տարի առաջ մենք ամեն պատեհ առիթով շեշտում էինք, թե «Մենք խրախուսում ենք տարածաշրջանային համագործակցությունը», այսօր մենք հասկանում ենք, որ դա իրականում նշանակում է ասել «մենք ձեռքներս լվանում ենք ձեր խնդիրներից»,- նշում է գերհայտնի միջազգային կառույցներից մեկի փորձագետը: Երկրների հետ անհատական աշխատանքն արդեն գործնական կիրառություն է ստացել թե՜ Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի, թե՜ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակման և իրականացման և թե՜ այլ հարթություններում:

Իրողությունները փոխվում են, երեկվա ցանկություններն այսօր իրականություն են դառնում, իսկ նոր իրականությունն իր հերթին նոր մարտահրավերներ է առաջադրում:

Հայաստան-Ադրբեջան/ Վրաստան

Քննարկումների սեղանի շուրջ հավաքե՜ք ազատամիտ հայերի ու ադրբեջանցիների և հարցե՜ր տվեք իրականության ու կոնֆլիկտի լուծման վերաբերյալ: Ակնհայտորեն առաջին հերթին կլսեք ժողովրդավարացման հրամայականի, խոսքի ազատության, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, եվրաինտեգրման կարևորության, այս ամենի պակասի, կարիքի, կեղծանմանակման հոգնեցուցիչ լինելու և անհեռանկարայնության վերաբերյալ: Երիտասարդ հայերն ու ադրբեջանցիները (կամ առնվազն դրանց խիստ որոշակի հատվածը) երկրներում առկա խնդիրների լուծումը տեսնում են եվրաճանապարհին, ավելին` պարզապես ուզում են ապրել եվրոպական երկրում: Երիտասարդության այս հատվածն անշեղորեն աճում է, աճում է նաև նրանց ակտիվությունը, և սա փաստ է:

Քննարկումների սեղանի շուրջ հավաքե՜ք Վրաստանի իշխանական շրջանակների տարաստիճան պաշտոնյաների և հարցե՜ր տվեք իրականության վերաբերյալ: Ակնհայտորեն առաջին հերթին կլսեք ժողովրդավարացման հրամայականի, եվրաինտեգրման կարևորության, այդ ուղղությամբ իրենց ոգևորության, նախահարձակ լինելու, չսպասելու, գործելու, առաջանցիկ նվաճումներ ձեռքբերելու պատրաստակամության և կամքի վերաբերյալ: Բոլոր մակարդակների քաղաքականություն մշակողները Վրաստանում իրենց երկրում առկա խնդիրների լուծումը տեսնում են գերազանցապես եվրաճանապարհին, ավելին` պարզապես ուզում են ապրել եվրոպական երկրում: Սա նույնպես փաստ է:

Ի՞նչ է ստացվում

Թեպետ Հարավային Կովկասում երեք երկրների համագործակցության կարիքն ու հնարավոր պտուղներն անընդհատ շեշտվում են միջազգային տարատեսակ կառույցների կողմից, ակնհայտորեն, հատկապես քաղաքական ուղղվածություն ունեցող միջազգային կառույցների մոտ առկա է վերաբերմունքի նմանություն միայն երկու երկրների` Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ: Միջազգային շատ տեսակետներում և հաշվետվություններում Ադրբեջան և Հայաստան անվանումների տեղափոխությունից դրանց միտքը կմնա նույնը և չես էլ կարող կողմնորոշվել, թե այդ երկու երկրներից որի՞ մասին է խոսքը: Հայաստանը և Ադրբեջանը վարում են հստակ և կայուն քաղաքականություն, որը հաճախ այնպիսի գնահատկանների է արժանանում, ինչպիսիք են կայունությունը, անվտանգությունը, իրատեսականությունը, պրագմատիզմը և ի վերջո… լճացումը: Թերևս մեր տարածաշրջանի երկրների հանդեպ վերաբերմունքը հենց մենք ենք որոշում և այս եռանկյան մեջ երկուսը չեն հավատում լուրջ փոփոխությունների, քայլեր են անում լոկ գործընթացներից դուրս չմնալու նպատակով, իսկ մեկը հավատում և ընգծված պրոակտիվ նախաձեռնողականություն է դրսևորում: Որքան էլ պարադոքսային է, Հայաստանի և Ադրբեջանի առանձին մասնագետներ Վրաստանին մեղադրում են հիմնականում իրատեսական չլինելու և ռիսկային քաղաքականություն վարելու մեջ: Միթե՞ փոփոխության հնարավորության հանդեպ հավատն իրոք անհույս ռոմանտիզմ է, իսկ լճացումը` իրատեսական զարգացում: Գուցե մենք հավատում ենք այս բանաձևին, սակայն այսօր Եվրոպան և այլք նախընտրում են լոկոմոտիվի դերում տեսնել միայն նրան, ով իրապես հավատում է և նախանձախնդրությամբ է մոտենում փոփոխություններին:

Իսկ վերոհիշյալից ստացվում է այն, որ Վրաստանն իր նախանձելի և գովելի ակտիվությամբ ո՜չ միայն գրավել է տարածաշրջանային առաջամարտիկի դերը եվրոպականացման ճանապարհին, այլև, կարծես, հիմնական եվրատլանտյան և եվրոպական խոշոր դերակատարների համար դառնում է այն խայծը, որով վերջինները պատրաստվում են «որսալ» տարածաշրջանի մյուս երկու երկրներին: Արդյունքում փոխվում է նաև նրանց աշխատաոճը տարածաշրջանում. նրանք հաճույքով «աշխատում են» Վրաստանի ներկա, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի` վաղվա քաղաքականություն կերտողների հետ:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2007թ-ի մարտի 23-ին կայացած` «Միջազգային կազմակերպությունների դերը Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության խթանման գործում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։