ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Փոքրամասնություններն ու քաղաքական կայունությունն Իրանում

20.07.2009

Պետականեկերտ միավո՞ր, թե փոքրամասնություն

Որքան էլ հակասական հնչի, յուրաքանչյուր էթնիկ միավոր՝ անգամ եթե մեկն է շատերից և ոչ ամենաբազմաքանակը, սկզբունքորեն կարող է լինել ոչ միայն փոքրամասնություն, այլև՝ պետկանակերտ միավոր: Օրինակ այսպիսին են ատրպատականցիներն Իրանում: Ատրպատականը դարեր շարունակ եղել է իրանական պետականության հիմքը: Այստեղ են ծնվել իրանականության ու պանիրանիզմի բազում գաղափարախոսական հոսանքներ: Պանիրանիզմի գաղափարախոսության էլիտայի ճնշող մեծամասնությունը ծագում է Ատրպատականից: Ավելի՛ն, բազմաթիվ իրանական ազգայնականներ ծագումով էթնիկ փոքրամաասնություններից են:

Իրանական ինքնության խճանկարը

Իրանական ինքնության (iranianness) հիմքը իրանամետությունն է, իրանական պետականամետությունը: Հատկանշական է, որ դեռևս մեկ դար առաջ Իրանում կար մեկ միասնական ինքնություն՝ շիա մահմեդականի ինքնությունը: Էթնիկ ինքնությունն Իրանում նախկինում երբևէ չի կարևորվել, օրինակ «թորքն» այստեղ իրանցի թյուրքախոսն է, և ոչ ազգությամբ թուրքը: Այսպես, Իրանի հյուսիսային առնվազն երեք նահանգների բնակչությունը հիմնականում թյուրքախոս է, բայց ոչ անհրաժեշտաբար թուրքազգի: Իրանում թյուրքական ինքնությունը, ըստ էության, դեռևս սաղմնային վիճակում է: Ավելի՛ն, Իրանում «ֆարս»՝ «պարսիկ», «պարսկական» անվամբ չկա այլ ինքնություն, քան լեզուն՝ երկրում մեծամասնություն կազմող լեզվական խմբի՝ պարսկախոսների ինքնությունը: Նույն կերպ կան քրդախոսներ և այլն: Մերօրյա Ադրբեջանի Հանրապետության պանթյուրքիստական կողմնորոշումը մեծապես արդյունք է Իրանից զավթած տարածքների իրանական կողմնորոշում ունեցող Հյուսիսային Ատրպատականի թյուրքախոս ժողովրդի հանդեպ ռուսական կայսրության նպատակային և ուղղորդված օսմանիզացման քաղաքականության: Պատահական չէ, որ հենց ռուսական տիրապետության շրջանում է ձևավորվել և լայն կիրառում գտել «ազերի»՝ էությամբ հակաիրանական, նաև՝ հակահայկական, եզրույթը: Միայն այս առումով իրանցի ատրպատականցու շինծու թյուրքական ինքնությունը հակադրվում է իրանականին, ինչի համար ներկայում պարարտ հող է ձևավորվել, որն ավելի ու ավելի են շահարկում թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ-ի ու Իսրայելի առանձին շրջանակներ:

Հիմնական առանցքը՝ կրոնա-դավանական

Ժամանակակից Իրանի Իսլամական Հանրապետությունում իսլամը պետական կրոն է, իսկ շիականությունը՝ գերիշխող դավանանք: Այդուհանդերձ, Իրանում այսօր բնակվում են նաև սուննի մահմեդականներ: Ըստ էության, Իրանում փոքրամասնությունների խնդրի առանցքն առավելապես դավանական է. երկրում ամենամեծ փոքրամասնությունը հենց սուննիներն են: Թեև Իրան-իրաքյան պատերազմը մասամբ հարթեց շիա-սուննի հակասություններն Իրանում, իսկ հեղափոխության առաջնորդ Խոմեյնին ժամանակին իսլամական էկումենիկ շարժմանը շունչ հաղորդեց, այդուհանդերձ հետագա տարիներին խնդիրն աստիճանաբար սրվեց: Նախագահ Ահամադինեժադի կառավարության տարիներին շիականությունն ավելի անհանդուրժողական բնույթ ստացավ: Հատկանշական է, որ նախկինում դավանական, և հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունները երբևէ ներիրանական քաղաքականության սուբյեկտ չեն եղել: Ըստ էության առաջինն Ահմադինեժադն էր, ով փոքրամասնություններին դարձրեց ներքաղաքական պայքարի սուբյեկտ՝ օգտվելով ազգային ինքնության իր համար բարենպաստ բաժանարար գծերից և էլ ավելի խորացնելով դրանք: Սուննիների և սուննիզմի հանդեպ խտրականության դրսևորումները դարձան ավելի տարածված ու խորը: Այսպես, Թեհրանում բնակվող շուրջ 800 հազար սուննիները ներկայում չունեն մզկիթներ և կրոնական արարողությունները կատարում են հիմնականում իսլամական առանձին երկրների դեսպանատներին կից մզկիթներից: Վարչական պաշտոններում նշանակվում են գրեթե բացառապես շիաներ, այդ թվում մեծաթիվ սուննի բնակչություն ունեցող Սիստան վա Բելուջիստան և Խորասան նահանգներում: Մինչդեռ ոչ վաղ անցյալում սուննիներն անհամեմատ ավելի հաճախ էին նշանակվում պատասխանատու պետական պաշտոնների: Պատճառը թերևս Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության խարսխումն էր հենց իսլամի, և առաջին հերթին շիականության վրա, ինչը խորացրեց բաժանարար գծերն ու դավանական տարբերությունները խտրականության վերածեց: Արդյունքում մեծապես տուժեց, և հավանաբար տուժելու է, իրանականության հայեցակարգը: Նկատենք նաև, որ նախորդ 4-5 տարում Իրանում սուննի-շիա հակամարտության արդյունքում զոհվել է ավելի քան 500 մարդ: Ընդհատակում ծաղկում են սուննի մեդրեսեները, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում հարևան Պակիստանից և Սաուդյան Արաբիայից:

Հարևանի տան պատը

Զարգացող և քաղաքականապես կայուն Իրանը Հայաստանի վստահելի ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում: Հայ-իրանական համագործակցությունը ծավալվում է էներգետիկ անվտանգության և բնական պաշարների համատեղ օգտագործման, հաղորդակցության ուղիների, առևտրի և զբոսաշրջության զարգացման, մշակութային, գիտա-կրթական, արդի տեխնոլոգիաների զարգացման, ֆինանսական, առողջապահական և այլ ոլորտներում: Ուստի Իրանի քաղաքական կայունությանը, առավել ևս՝ պետականությանը սպառնացող յուրաքանչյուր մարտահրավեր բախում է նաև մեր դուռը: Այդուհանդերձ, չնայած առկա և դեռ իրենց ժամին սպասող բաժանարար գծերին, ինչպես նաև արտերկրի ծավալուն տեղեկատվական ու քարոզչական ներգործությանը, ներքաղաքական կրոնական-ազգային-ազատագրական բուռն պայքար մերօրյա Իրանում, թերևս, հնարավոր չէ: Իրանական պետականությունը, կարծես թե, ի վիճակի է դիմակայելու ներկա մարտահրավերներին: Թերևս նախորդ տասնամյակում Իրանում ձևավորված մի շարք բաժանարար գծերի արդյունք է Իրանի պետական ծառայողների միջին օղակում կարծես ձևավորված հակահայկական կողմնորոշում ունեցող շերտը, որը որոշակիորեն խոչնդոտում է հայ-իրանական համագործակցության զարգացմանը: Այսպես, այս կամ այն խնդիրը լուծվում է քաղաքական մակարդակում, սակայն արդեն տեխնիկական մակարդակում հաճախ սառեցվում, արգելակվում կամ դանդաղեցվում է: Նման ոչ-համակարգային, ոչ-պետական «սաբոտաժի» շարժառիթները թերևս տարբեր են, սակայն նույնչափ ցավագին: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ամուր պետականություն ունեցող շիական հանրապետություն Իրանը Հայաստանի համար ավելի լավ գործընկեր է, քան աշխարհիկ, սակայն անկայուն և արտաքին ներգործության ազդեցության ենթակա Իրանը: Ըստ էության Հայաստանն այսօր Իրանի, ու որքան էլ հակասական հնչի՝ Թուրքիայի, տարածքային ամբողջականության և ամուր պետականության ամենամեծ պաշտպանն է: Սա օբյեկտիվ երևույթ է, որի քաղաքական պտուղները պիտի շտապենք ճաշակել: Իսկ առայժմ խիստ ցանկալի է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն ու հայկական ԶԼՄ-ները հնարավորինս ձեռնպահ մնան «Հարավային Ադրբեջան» և իրանական ադրբեջանցիներ եզրույթների կիրառումից: «Ազարի», ըստ էության «ատրպատականցի» եզրը կիրառելի է միմիայն Իրանի հյուսիսում Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգների բնակչության համար, իսկ Հայաստանի հարևան Ադրբեջանի հանրապետության բնակչության համար պետք է օգտագործել սոսկ «ադրբեջանցի» եզրը, և ոչ երբեք «ազարի»-ն:


Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի հուլիսի 6-ին կայացած` «Իրան. ազգային փոքրամասնությունները և սերնդափոխության խնդիրը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։