ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

«Դեպի Եվրոպա» մարտահրավերը հետընտրական Հայաստանում

25.05.2007

«Դեպի Եվրոպա» մարտահրավերը, կարծես, ամենաընդգրկունն ու արդիականն է մնում այսօրվա Հայաստանում: Հաճախ հնչող հարցը, թե երբ Հայաստանը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, պատասխան չունեցող հարցերի շարքին կարելի է դասել: Իսկապես, ե՞րբ, որքա՞ն ժամանակում է հնարավոր Հայաստանի ներկա սոցիալ-քաղաքական պահավիճակը վերափոխել և համապատասխանեցնել նպատակադրվածին, ի՞նչ ծավալի և ինչպիսի՞ փոփոխությունների միջով հարկ կլինի անցնել, կհերիքի՞ կամքն արդյոք, միայն ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. վերջին խորհրդարանական ընտրությունները ոչ միայն ենթադրվող վերջակետը չդրեցին եվրամիտման ճանապարհին, այլ ճիշտ հակառակը` նոր խթան կարող են դառնալ այս ուղղությամբ առավել ակտիվ աշխատանքի համար:

Պետական կառավարման եվրոպական սկզբունքները

Եվրոպական կառավարման տեսլականը ենթադրում է երեք հիմնական սկզբունք, որոնք նաև փորձագետների կարծիքով նոր անդամ երկրների համար այսօր անկյունաքարային մարտահրավերներ են դարձել: Այդ սկզբունքներն են.

1. մրցակցային քաղաքականություն, որը ենթադրում է կառավարող էլիտաների փոփոխելիություն:

Այսինքն երկրում պիտի ստեղծվեն պայմաններ, պիտի կայանա մի միջավայր, որտեղ կառավարող էլիտաները կարող են և փոխվում են. մի բան, որի ուղղությամբ ծանր ու երկար ճանապարհ ունենք, թերևս, անցնելու:

2. արդյունավետ ու ամուր քաղաքացիական ծառայության համակարգ և ապաքաղաքականացված բյուրոկրատիա:

Եթե ձևի առումով այս ուղղությամբ Հայաստանը նկատելի քայլեր արդեն իսկ արել է, ապա բովանդակության տեսանկյունից, կարծես, քիչ բան է փոխվել:

3. անկախ արդարադատության համակարգ:

Նշված երեք սկզբունքների համակարգված համապատասխանության պայմաններում է միայն համարվում, որ այս կամ այն երկրի պետական կառավարման համակարգը նույնական է Եվրոպականին: Մի խնդիր, որ այսօր գերխնդիր է Ռումինիայի, Բուլղարիայի և նոր անդամ մյուս երկրների համար:

Պատկերացնել կարելի է, թե դեպի «պետական կառավարման եվրոպական չափանիշներ» ճանապարհի ո՞ր հատվածում է Հայաստանն այսօր:

Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն

ՀՀ Ազգային ժողովի մայիսի 12-ի ընտրությունները և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված զարգացումները վկայեցին, որ հատկապես այս բնագավառն է վաղ թե ուշ դառնալու դեպի Եվրոպա ճանապարհին մեր ընթացքը դանդաղեցնող հիմնական ուղղություններից մեկը: Եվ խնդիրն այստեղ ամենևին էլ կարծես օրենսդրական դաշտի կատարելագործման հարթությունում չէ:

Խոսքի ազատության բնագավառում դեռևս առկա լրջագույն խնդիրները, արձանագրվող աղմկահարույց հանցագործությունների ֆոնին խորացող հանրային ընկճվածության մթնոլորտը, իրավապահ մարմինների գործունեության հանդեպ թերահավատության և վախի ավելացմանը նպաստող վերջին դեպքերը և այսօրինակ բազմաթիվ այլ խնդիրներ նպաստում են, որ հետընտրական Հայաստանում հետընթաց արձանագրվի հանրային գիտակցության և մարդկանց նախատրամադրվածությունների բնագավառում: Մայիսի 12-ի ընտրություններին հաջորդող ժամանակահատվածի Հայաստանում հանրային հոգեբանության մեջ «Եվրոպան» տեղի է տալիս, այնինչ, թերևս, հակառակը պիտի լիներ:

Չի՜ կարելի կանգնել

Մայիստասներկուսյան ընտրություններից հետո Հայաստանը մի փոքր այլ Հայաստան է այլևս: Համենայն դեպս այդպես ընկալվում է` դրսում, թե ներսում: Դեպի ժողովրդավարություն արված քայլի ամրագրումն ուներ քաղաքական և հոգեբանական նշանակություն: Դրա քաղաքական, աշխարհաքաղաքական ու տնտեսական հետևանքների մասին կարելի է երկար խոսել, և հատկապես կարևոր է, թե ապագայում այն ինչպես կօգտագործվի քաղաքականություն իրականացնողների կողմից. կախված դրանից` ձեռքբերածը ժամանակի ընթացքում կարող է պարզապես խամրել, կամ ակտիվորեն աշխատել հօգուտ:

Շատ ավելի կարևոր է այս պահին խնդրի հոգեբանական կողմը: Մի բան է, որ ի լուր աշխարհի հռչակվում է Հայաստան երկրում դիտարկվող դրական փոփոխությունների մասին, այլ բան` թե որքանով է դա վերաճում ոգևորության բուն երկրի ներսում: Դառնու՞մ է այն սեփական ուժերի հանդեպ վստահության բարձրացման վճռորոշ խթան, ներարկվու՞մ է արդյոք իբրև կորսված հավատի վերականգնման դեղալուծույթ, դառնու՞մ է առաջին լուրջ քայլը հազարամղոն ճանապարհին. սա է, որ ավելի կարևոր է: Չէ՞ որ երբ շարքային հայաստանցին հավատա, որ մենք իսկապես կարող ենք և ունակ` դառնալու քաղաքակիրթ ժողովրդավարություն, էլ ոչինչ անհասանելի չի լինի այդ նույն ճանապարհին:

Իսկ հանրային հոգեբանական վերելքն ինքնին չի կարող իրականանալ դիսկրետ կամ միանգամյա սնունդով. ինքնածավալվող օրգանիզմի պես այն անընդհատ ու բավարար կերակրի կարիք ունի: Չկանգնել ու քամու բերան չտալ արդեն իսկ արվածը. սա է միակ տրամաբանականն այս պահին:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2007թ-ի մայիսի 25-ին կայացած` «Արդի զարգացումներ Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։