ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Բիզնես աջակցություն. կառավարության հակաճգնաժամային ծրագրի տարրը

20.04.2009

Բուժումը՝ հիվանդությանը համարժեք

2008թ. աշունը նշանավորեց Հայաստանի տնտեսության թվով երրորդ խոշոր ճգնաժամի սկիզբը: Ուստի հերթական տնտեսական արհավիրքը մեր երկիրը դիմավորեց ոչ միայն համաշխարհային ճգնաժամերի դասերն աչքի առջև, այլև տնտեսական ճգնաժամերին արձագանքելու սեփական փորձը ուսերին: Ներկա ճգնաժամին դիմակայելու Հայաստանի կառավարության ջանքերի արդյունավետությունը միանշանակորեն կշահի նախորդ ճգնաժամերին մեր պետության արձագանքի փորձը հաշվի առնելու պարագայում:

Հայաստանի իշխանությունները մեծ եռանդ և ստեղծագործ մոտեցում են ցուցաբերում ուղղված ճգնաժամի հաղթահարմանն ու դրա հետևանքները մեղմելուն: Ներկա հակաճգնաժամային ծրագրի տնտեսական աջակցության ամենաազդեցիկ բաղադրիչը թերևս բիզնես աջակցությունն է: Այս բաղադրիչի արդյունավետության բարձրացումից մեծապես կշահի կառավարության հակաճգնաժանային ողջ փաթեթը: Այս առումով, տնտեսական ճգնաժամերին արձագանքման հայաստանյան փորձը հատկապես կարևորում է ազատ շուկայում մրցակցությանը չմիջամտելու և ժողովրդավարական ինստիտուտները չխաթարելու կարևորագույն սկզբունքների պահպանումը: Կարևորվում է նաև հակաճգնաժամային ծրագրերի և ներգրավված ֆինանսական միջոցների համարժեքությունը առկա խնդիրների ծավալին և ընթացքին: Ի վերջո, չափից ավելի դեղը ոչ թե դարման է, այլ՝ թույն:

Չափանիշների կոկտեյլ

Բիզնես աջակցության ընթացիկ տեսակները՝ բիզնես ծրագրերի սուբսիդավորում, վարկավորում, պետական երաշխիքի տրամադրում կամ պետական բաժնեմասով ներդրում ամբողջական կամ մասնակի ծավալով, շեշտում են կառավարության պատրաստակամությունը լինել ճկուն և թափանցիկ: Այդուհանդերձ, առանձին ծրագրին տրամադրվող աջակցության տեսակի ընտրությունը, ըստ էության, հայեցողական է՝ հստակ չափանիշներ չկան: Ավելի՛ն, գնահատման ներկա համակարգում միայն երկու չափորոշիչներ են անմիջականորեն առնչվում ճգնաժամի հետևանքների վերացմանը՝ արտահանման խթանում կամ ներմուծման փոխարինում և զբաղվածության ընդլայնում: Մյուս չափանիշներն, ըստ էության, հակաճգնաժամային համատեքստում բիզնես ծրագրերի պիտանելիության և կենսունակության նախնական պահանջներ են միայն, որոնք այլ, ասենք, առևտրային բանկերի վարկավորման համատեքստում, ինքնուրույն նպատակներ են: Տարբեր նպատակներին ուղղված չափանիշների նման «կոկտեյլը» կարող է խաթարել հակաճգնաժամային ողջ ծրագրի առաքելությունը և էականորեն սահմանափակել դրա արդյունավետությունը: Ընդ որում, օպերատիվ շտաբի դրական ընթացք տված բիզնես ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ոչ բոլոր հաստատված ծրագրերն են ուղղված հրապարակված, այդ թվում՝ զբաղվածության ընդլայնման չափորոշիչներին բավարարելուն: Դրանք երբեմն ծառայում են այլ՝ ըստ էության ճգնաժամի հաղթահարման հետ անմիջականորեն կապ չունեցող խնդիրների լուծմանը, մասնավորապես, կապիտալ ներդրումների և բիզնես արդյունավետության բարձրացմանը: Խնդիրներ, որոնք ինքնին կարևոր են, սակայն չպետք է լուծվեն ճգնաժամի հաղթահարման ուղղված միջոցների հաշվին:

Պետական բուրդը

Տպավորիչ է բիզնես աջակցության օպերատիվությունը: Ըստ էության, կառավարությունը խիզախում է կարճ ժամանակահատվածում օպերատիվ արձագանքման ընթացակարգերով զգալի ֆինանսական միջոցներ տրամադրել գործարար հատվածին: Միաժամանակ, նման խիզախությունը կարող է արդարացվել միայն գործընթացի հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության սկզբունքների կիրառմամբ, որոնց որդեգրումը հայտարարել է կառավարությունը: Ըստ էության հրապարակայնության հայտարարված սկզբունքը մասամբ պահպանվում է. բիզնես աջակցության  նպատակները, ընթացակարգերն ու չափանիշները հրապարակային են: Այդուհանդերձ, մտահոգիչ է ներկայացվող ծրագրերի բովանդակության հրապարակայնության սահմանափակումը, որի արդյունքում թե՛ գործարար հանրությունը, թե հասարակությունն ընդհանրապես, իրազեկ չէ կայացված որոշումների հիմնավորման ու կոնկրետ փաստարկներին: Բիզնես գաղտնիության սկզբունքի կիրառումն այս գործընթացում չի երաշխավորում, որ աջակցության տրամադրումն առանձին բիզնեսին չի խաթարի մրցակցությունը ներքին շուկայում: Ավելի՛ն հանրային ֆինանսների տրամադրումը մասնավոր ձեռնարկություններին պահանջում է, որ այդ գործընթացը, մասնավորապես, ներկայացվող գործարար ծրագրերը, դրանց գնահատման հիմնավորումները և գործընթացի այլ մանրամասները, պետք է լինեն բացառապես հրապարակային և թափանցիկ:

Նժարներ առանց սանդղակի

Հակաճգնաժամային ծրագրում կառավարությունը որդեգրել է հասարակական վերահսկողության ապահովման կարևորագույն սկզբունքը, որի իրականացման նպատակով, Տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի արդյունավետության գնահատման աշխատանքային խմբի կազմում կառավարությունը ներգրավել է լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի երկու ներկայացուցիչների: Նշված քայլերը հաստատում են կառավարության՝ հանրության առջև հաշվետու լինելու պատրաստակամությունը: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ աջակցության տրամադրման որոշումների կայացման մարմիններում՝ օպերատիվ շտաբում և աշխատանքային խմբում, քաղաքացիական հասարակության ներկայացվածությունը սահմանափակ է և չի երաշխավորում հակակշիռների պատշաճ մակարդակ: Ավելի՛ն, պատշաճ կերպով կարգավորված չէ օպերատիվ շտաբի և աշխատանքային խմբի անդամների շահերի բախման ինստիտուտը Նշված բացթողումները սահմանափակում են գործարար համայնքի և հասարակության վստահությունը թե՛ այս մարմինների, թե՛ գործընթացի հանդեպ ընդհանրապես:

Փոքր շտկումների մեծ ազդեցությունը

Այսպիսով, թեպետ ՀՀ կառավարությունն ամրագրել է հակաճգնաժամային քաղաքականության հիմնական տարրի՝ բիզնես աջակցության տրամադրման գործընթացի կարևորագույն սկզբունքները, այդուհանդերձ, գործընթացի կառավարման մի շարք էական առանձնահատկություններ բարելավման կարիք ունեն: Այլապես, աջակցության ազդեցությունն ու  արդյունավետությունը կմնան խիստ սահմանափակ: Ուրեմն, ինչպե՞ս բարելավել գործընթացը: Թերևս անհրաժեշտ է սահմանել աջակցության տեսակների կիրառման հստակ չափանիշներ, այդ թվում՝ կարևորելով բիզնես ծրագրի իրականցման արդյունքները: Այսպես օրինակ, կարելի է սուբսիդավորման աջակցություն նախատեսել բացառապես երկարաժամկետ արդյունավետ աշխատատեղեր ստեղծող ծրագրերին: Կախված աջակցության աստիճանից (բիզնես ծրագրում հանրային միջոցների ներգրավման մասը) հարկ է տարբերակված մոտեցում կիրառել ներկայացված ծրագրի, դրա քննարկման ու հաստատման գործընթացի հրապարակայնության պահանջներին: Բիզնես առաջարկների գնահատման համակարգը կարելի է դարձնել երկաստիճան: Գնահատման առաջին աստիճանը պետք է սահմանի այն նվազագույն պայմանները, որոնց պետք է բավարարի բիզնես առաջարկները, որպես այն քննարկելու նախապայմանի շեմ: Նման պայմանները անմիջականորեն հակաճգնաժամային բնույթ չունեն այլ վերաբերվում են ներկայացվող առաջարկի ընդհանուր գործար կենսունակությանը: Երկրորդ մակարդակի չափանիշները անմիջականորեն գնահատում են բիզնես ծրագրի հակաճգնաժամային ազդեցությունը և հնարավորություն են ընձեռում համեմատել ներկայացվող ծրագրերը: Նման չափանիշներ են արտահանման խթանումը կամ ներմուծման փոխարինումը, ինչպես նաև զբաղվածության ընդլայնումը: Նպատակահարմար է աջակցության տրամադրման որոշումներ կայացնող մարմիններում ներգրավել գործարար համայնքի ինքնակարգավորման մարմինների ներկայացուցիչների: Ի վերջո՛, անհրաժեշտ է հստակ բացառել բիզնես ծրագրերի վերաբերյալ որոշում կայացնողների շահերի բախումը՝ աջակցության տրամադրման գործընթացի համատեքստում:


Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի ապրիլի 17-ին կայացած` «Տնտեսական ճգնաժամը Հայաստանում. արդյո՞ք ճիշտ ճանապարհ ենք ընտրել» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։