ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայաստանի կրթությունը. կոչ համաձայնության

12.09.2007

Հակադիր կարծիքների խաչմերուկում

Հայաստանի կրթական խնդիրների, կրթության ներկայի ու ապագայի մասին շատ է խոսվել ու գրվել: Թվում է, թե այդքանից հետո ամեն ինչ հասկացված ու հստակ գծագրված պիտի լինի` փաստաթղթերում, թե ընկալումներում: Սակայն արի ու տես, որ մեր փորձագիտական շրջանակներում կոնսենսուս չկա անգամ ցայսօր իրականացված կրթական բարեփոխումների հանդեպ վերաբերմունքի հարցում:

Կարծիքները կիսվում են: Առաջինները պնդում են, թե. «Վերջին 15 տարիների ընթացքում մենք ոչ միայն չենք իրականացրել որևէ լուրջ բարեփոխում կրթության ոլորտում, այլ նաև ֆորմալ ինստիտուցիոնալ համակարգի չկայացած լինելու պատճառով ստեղծվել է փոխհարաբերությունների այնպիսի համակարգ, որի պարագայում հնարավոր չէ իրականացնել անհրաժեշտ վերափոխումները»: Մյուսներն էլ հակադարձում են, որ «Կրթության ոլորտում իրականացված փոփոխություններն ու ձեռքբերումներն իսկապես շատ են, և հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն առաջիններից մեկն է հաջողությամբ իրականացված բարեփոխումների տեմպերով»:

«Ա՜յ քեզ բան»,- սա է առաջին միտքը, որ կարող է անցնել այսօրինակ բանավեճի ակամա ունկնդրի մտքով:

Գեթ մի բանում համաձայն

Կրթությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթերից, համաժողովներում կամ կլոր սեղանների ժամանակ հնչող տարաբնույթ մտքերից կարելի է եզրակացնել, որ մի բան ակնհայտորեն պարզ է. այո՛, Հայաստանին որակյալ կրթություն է անհրաժեշտ, և դրան խանգարող խնդիրները հստակ են, հստակ են և նպատակները: Այդ նպատակներին հասնելու համար էլ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում:

Վերջ: Համաձայնությունը սրանով ավարտվում է: Այնուհետև փորձագետները կիսվում են երկու մասի. ոմանք պնդում են, որ կրթությունն աղետի եզրին է, և այդ փոփոխությունները, ցավոք, ավելի շուտ ձևական կողմը ապահովելով` բովանդակության վրա լուրջ ազդեցություն չեն թողնում: Իսկ մյուս խումբ մասնագետները պնդում են, որ այսքան արածը հնարավոր չէ արդյունք չթողնի, և անհրաժեշտ է գոնե տաս տարի սպասել, որ կարողանանք տեսնել վերափոխումների դրական հետևանքները:

Ինչպես կարող են հատվել զուգահեռ ուղիղները

Իսկ բանավեճի բուն առարկան իրականում սկիզբ է առնում հենց վերջից: Իսկ վերջը բուհն ավարտած երիտասարդ մասնագետների հոծ խմբերն են, որ միանգամից համալրում են գործազուրկների բանակը…

«Ասեք մեզ, թե ինչպիսի տնտեսություն եք կառուցում, մենք կպատրաստենք անհրաժեշտ քանակի ու որակի կադրեր»,- տնտեսագետներին են դիմում կրթության ոլորտի մասնագետները: «Ասեք մեզ ինչպիսի մարդկային ներուժ եք կերտում, որ կարողանանք առավել մեծ ուշադրություն կենտրոնացնենք տնտեսության համապատասխան ենթաճյուղերին»- հակադարձում են տնտեսագետները: Իսկական հավի և ձվի պատմություն: Համաձայնեք սակայն, որ երկու կողմն էլ, այնուամենայնիվ, լեգիտիմ հարցադրումներ են բարձրացնում:

Ժամանակն է կարծես, որ վերջ դրվի տնտեսագետների և կրթության մասնագետների` թեկուզև առերևույթ բանավեճին առ այն, որ տնտեսությու՞նը պետք է որոշի ինչ և ինչ որակի մասնագետներ են մեզ անհրաժեշտ, թե՞ կրթության քաղաքականությունը պետք է որոշի, թե ինչ մարդկային կապիտալի վրա զարգացնել տնտեսությունը: Այս բանավեճն արդեն նմանվում է պատասխանատվությունը միմյանց վրա գցելու գործընթացի: Անհրաժեշտ է, որ տնտեսական քաղաքականություն մշակողներն ու կրթության քաղաքականություն մշակողներն անցնեն երկխոսության և համատեղ ձևակերպեն այս դաշտը կարգավորող վերջնական քաղաքականությունը: Գան համաձայնության ու հայտնեն հասարակությանը, թե՞ ուր և ինչ ուղով ենք գնում:

Ինչպես դա անե՞լ: Ճանապարհներ շատ կարող են լինել: Նշենք ամենապարզը: Կրթության մասնագետները մշակում են այն մասնագիտությունների ամբողջական ցանկը, որոնցով մեր հասարակությունը կարող է լուրջ նվաճումների հասնել` ելնելով, օրինակ, մեր անցյալի նվաճումներից, մեզ ներհատուկ կարողություններից և այլն: Տնտեսագետները մշակում են այն բնագավառների ցանկը, որոնցով կարող է մասնագիտանալ մեր տնտեսությունը` ելնելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումներից, մեր տնտեսական ու աշխարհագրական հնարավորություններից և այլն: Մասնագետների երկու խմբերը երկու տարբեր ցանկերով նստում են լուրջ քննարկումների սեղանի շուրջ, երկար ու բարակ ծանր-թեթև անում, համադրումների ու բացառումների ճանապարհով ի վերջո հասնում մեկ միասնական տեսլականի: Արդյունքում շատ բան է որոշվում, շատ ավելին, քան առաջին հայացքից կարող է թվալ:

Պետք է ենթադրել, որ վերը նկարագրածը ոմանք անլուրջ կհամարեն, ոմանք էլ` պարզապես անիրատեսական: Մինչդեռ մարդ արարածի պատմությունը շարունակում է անխոնջ փաստել, թե բոլոր լրջագույն խնդիրների լուծումն աշխարհում գրեթե միշտ սկսվել է մեկ կամ մի քանի համարձակների` թեկուզև ռոմանտիկ թվացող, նախանձախնդրությունից…


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2007թ-ի սեպտեմբերի 7-ին կայացած՝ «Հայաստանում կրթական համակարգի զարգացման հեռանկարները» խորագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։