ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Քաղաքացիական հասարակություն, պետություն, բիզնես փոխհարաբերությունները

17.04.2009

Եռանկյան սուր անկյունում

Չնայած նախորդ ավելի քան մեկ ու կես տասնամյակում, քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված բազմաթիվ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, Հայաստանում քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման մակարդակը հեղինակավոր աղբյուրները շարունակաբար ցածր են գնահատում: Քաղաքացիական հասարակության կառույցները ներկայում երկրի քաղաքական-հասարակական կյանքում ըստ էության որոշիչ դեր չունեն: Հասարակական փոխհարաբերությունների դինամիկան, ինստիտուցիոնալ փոխակերպումներն ու հիմնական դերակատարների՝ պետության, գործարար հատված ու քաղաքացիական հասարակության բաղադրիչների տարընթաց ու անհամաչափ զարգացումն անարձագանք ու անվերադարձ կլանեցին ահեղ 88-ի հասարակական զարթոնքի ակորդները: Իդեալական աշխարհում պետությունը, գործարար հատվածն ու քաղաքացիական հասարակությունը հավասարակողմ եռանկյան գագաթներում երաշխավորում են մարդկային զարգացմանն ուղղված կառավարման արդյունավետ համակարգի կայունությունը: Խորհրդային ժամանակաշրջանում այս երեք ինստիտուտները գրեթե միատեղված էին, սակայն թվում էր, թե անցումային փոխակերպումները և ժողովրդավարական բարեփոխումները պիտի որ ապահովեն հայկական «հավասարակողմ եռանկյունու» հրաշքը: Մինչդեռ 21-րդ դարասկզբի իրական Հայաստանում այս դերակատարները բնավ հավասարահեռ ու «հավասարամոտ» չեն. իսկ պետություն-քաղաքացիական հասարակություն հեռավորությունը թերևս քաղաքացիական հասարակություն-մասնավոր հատված հեռավորության տասնապատիկն է ու պետություն-գործարար հատված հեռավորության հարյուրապատիկը:

Շահ, շահեր ու կրկին շահեր...

Ակներևաբար, պետության դերակատարումը, նրա ֆորմալ մասնակցությունն ու անմիջական ներգրավումը տնտեսության մեջ էականորեն սահմանափակվել են, ինչը և պայմանավորեց տնտեսական աճի աննախադեպ տեմպն անցյալում: Այդուհանդերձ, պետության իրական՝ ոչ ֆորմալ, մասնակցությունը տնտեսության մեջ անհամեմատ ավելին է: Պետական ծառայողների տնտեսական գործունեությունն ու շահերի բախումը դարձել են մեր ժամանակների բնութագրական երևույթները: Միաժամանակ, գրեթե բոլոր խոշոր գործարարներն ու նրանց հարազատներն անմիջականորեն ներգրավված են կառավարման օրենսդիր կամ գործադիր մարմիններում: Այս երկու երևույթների շոշափելի հանրագումարն այսպես կոչված «պետության զավթումն է», որի էությունը փոխհարաբերությունների կարգավորման գործընթացում մասնավոր շահի գերակայություն է հանրային շահի հանդեպ: Քաղաքացիական հասարակությունը, որը Հայաստանում ժողովրդավարության ամբողջականացման կարևորագույն գործառույթներ ունի և, որը պիտի միջնորդ լիներ պետության և մասնավոր հատված միջև՝ վերահսկելով պետությանն ու սահմանափակելով դրա անհարկի ազդեցությունը մասնավոր հատվածի վրա, խթաներ քաղաքական մասնակցությունը և մասնավոր հատվածի ու հասարակության տարբեր խմբերի շահերի ձևավորման, ձևակերպման և արտահայտման ուղիներ ստեղծեր, ըստ էության անցումային փոխակերպումների արդյունքում հայտնվել է լուսանցքում: Մասնավոր հատված-քաղհասարակություն և պետություն-քաղհասարակություն հարաբերությունների ներկա հաշվեկշռում չի շահում ո՛չ պետությունը, ո՛չ մասնավոր հատվածը, ո՛չ առավել ևս քաղաքացիական հասարակությունը:

Կառավարման ասիմետրիկ համակարգում տուժում են բոլորը: Նման համակարգի ձևավորման գործում իրենց մեղքի բաժինն ունեն բոլորը, այդ թվում քաղհասարակության կառույցների ինստիտուցիոնալացմանն ու զարգացմանն աջակցողները, հատկապես քաղհասարակության փոխակերպումների վաղ փուլում ձևավորված ոչ-կառավարականության (non-governmentalizm) հայեցակարգի հայրերը: Ավա՛ղ, ոչ-կառավարականության մոտեցումը կենտրոնական դարձավ քաղհասարակությանն աջակցության ռազմավարություններում և ծրագրերում, մինչդեռ քաղաքացիական հասարակության ինստիտուտի այլ չափողականությունները՝ մասնակցություն, անդամություն, համակիրներ և այլ, մնացին ստվերում: Նման մոտեցումը, որը թերևս արդարացված էր վաղ 90-ականներին, զարգացման գործընկերների և դոնորների օրակարգում մնաց նաև հետագայում: Ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության նման անճկուն և միաքայլ լուծումների արդյունքում քաղհասարակության զարգացման և դրա ինստիտուցիոնալացման ընթացքը ետ մնացին պետության և մասնավոր հատվածի զարգացման տեմպից և ուղղությունից: Այո՛, հասարակական կազմակերպությունների թիվը սրնթաց աճեց: Սակայն դրանց անդամների ու համակիրների թիվը մնաց չնչին, գրեթե համեմատական դրանց բուն թվին: Քաղհասարակության ամբողջականացման լավագույն ժամանակահատվածը կորսվեց, իսկ ՀԿ-ների մեծաթիվ բանակն արդյունքում չնչին սոցիալական ուժ է ներկայացնում: Դրանք հիմականում մնացին կախյալ թե՛ ֆինանսական, թե՛ էթիկայի առումով: Կախյալ, իսկ հաճախ նաև վերահսկովող պետության, իսկ ավելի հաճախ՝ այլ դերակատարների կողմից: Հատկանշական է, որ շատ ՀԿ-ներ առավել տեղյակ են տարբեր դոնորների քաղաքականությանը, քան պետական քաղաքականությանը, ավելի տեղյակ են դոնորների գերակայություններին, քան մարդկանց կարիքներին: Մարդկանց կարիքները բավարարելու նրանց կարողությունները խիստ սահմանափակ են: Ուստի սահմանափակ են նաև այդ կարիքների բավարարմանն ուղղված որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու լծակներն ու հնարավորությունները: Քաղհասարակության կառույցների առկա խնդիրների շքերթը շարունակում է ռեսուրսների համար նրանց միջև մրցակցության գերակայությունը համագործակցության և ներկայացուցչականության հանդեպ: Ավելի՛ն, քաղհասարակության կառույցներն չափազանց հաճախ հենց իրենք ժողովրդավարական կառավարման սկզբունքները չեն կիրառում, թափանցիկ ու հրապարակային չեն, նրանց գործունեության հաշվետվողականությունը, երբեմն էլ օրինականությունը հեռու են կատարյալ լինելուց: Ուստի զարմանալի չէ, որ նման պայմաններում քաղհասարակության կառույցները մեծագույն դժվարությամբ են քարոզում և տարածում ժողովրդավարական արժեքները: Ընդհանուր առմամբ, քաղհասարակությունը և նրա կառույցները չեն կայացել որպես անկախ դերակատարներ: Այս առումով հատկանշական է, որ համեմատաբար անկախ կառույցները հաճախ հայտնվում են երկկողմանի կրակագծում: Զարմանալի չէ նաև, որ քաղհասարակության զարգացման նման ընթացքը լրատվամիջոցներին տեղափոխեց գրեթ բացառապես գործարար հատված: Ակհերևաբար, քաղհասարակության հատվածները՝ ՀԿ-ները, ակադեմիական շրջանակները, հիմնադրամները, կրոնական կազմակերպությունները, մասնագիտական ընկերակցությունները, լրատվամիջոցներն ու այլոք, թույլ են համագործակցում:

Ո՞ր ծայրից բարձրացնել ծանրաձողը

Քաղհասարակության ներկայացուցիչները լավ են պատկերացնում առկա դժվարություններն ու երբեմն առաջարկում ստեղծված վիճակից ելքեր: «Մեր կարողությունները շարունակաբար աճում են, իսկ ազդեցությունը՝ նվազում»: «Ինչ որ պիտի ունենանք՝ կարծես ունենք, սակայն ազդեցություն՝ չունենք, իրական դերակատարում հասարակական կյանքում՝ չունենք»: «Պիտի փոխենք որոշում կայացնողների ու հենց ինքներս մեզ հետ հարաբերությունների մոդելը: Նոր մոտեցումներ են հարկավոր»: Խնդիրներն իսկապես, բազում են: Դրանց լուծման բանալին նախկինում շարունակաբար փնտրել ենք քաղհասարակության կարողությունների զարգացմանն աջակցության մեջ: Սակայն ժողովրդավարական կառավարման հավասարակողմ եռանկյունու խորհուրդը ոչ թե դրա գագաթների չափերի, այլ դրանց հեռավորության՝ հարաբերությունների մեջ է: Թերևս անհրաժեշտ է զարգացնել ու ամրացնել մի կողմից պետություն-քաղհասարակություն, մյուս կողմից՝ մասնավոր հատված-քաղհասարակություն հարաբերությունների համակարգը: Այլ խոսքով՝ մոտ բերել քաղհասարակության գագաթը մյուս երկուսին, որոնք նվաղում են գրկխառնության էքստազում: Հնարավո՞ր է արդյոք սա: Թրեևս, այո՛: Ամեն դեպքում նման հնարավորության համար կան իրական կռվաններ: Այսպես, քաղաքացիական հասարակության որոշ կառույցների մասնագիտական կարողությունները աննախադեպ աճել են, որոշ դեպքերում համեմատելի դառնալով պետության և մասնավոր հատված կարողություններին, իսկ բացառիկ դեպքերում անգամ գերազանցում են դրանց: Քաղհասարակության մի շարք կառույցներ շարունակաբար խոշոր և խոշորագույն հարկատուների ցանկում են, իսկ որոշ կառույցների ազդեցությունը զգալի է երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Հենց այս գործոնը և դրանով պայմանավորված հաջողված փորձը, ձևավավորված վստահությունն ու կայացած հարաբերությունները պիտի դրվեն հատկապես պետություն-քաղհասարակություն հարաբերությունների զարգացման հիմքում այսուհետ: Քանի որ ծանրաձողը հնարավոր է բարձրացնել միայն մեջտեղից...


Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի ապրիլի 2-ին կայացած` «Պետություն – քաղաքացիական հասարակություն. կայուն հարաբերությունների հաստատում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

 ավելին >>
24.09.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

25.11.2019

Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Քննիչ հանձնաժողովիգործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից գրավոր տեղեկություններ ստանալու, հանձնաժողովի հրավերով՝ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու հետ կապված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև այդ անձանց կողմից օրենքի պահանջները չկատարելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: