ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Բարձր, բայցև մտահոգիչ տնտեսական աճ

01.10.2007
2006 թվականի ՀՆԱ-ի աճի ցուցանիշներով Հայաստանը աշխարհում գրավել է 5-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` առաջին: Վերջին 5 տարիների ընթացքում նույն ցուցանիշով Հայաստանը կրկին գրավում է 5-րդ տեղը, Ադրբեջանը` առաջին:

Տնտեսական աճ. Զուտ քանակական ցուցանիշ

Թեպետ Հայաստանը արձանագրում է աննախադեպ տնտեսական աճ, և նույնիսկ Համաշխարհային բանկի փորձագետների կողմից մեր տնտեսությունը որակվել է որպես «Կովկասյան վագր», և պետք է, որ հայ հասարակությունը հպարտ լինի այս ձեռքբերումով, այնուամենայնիվ անկախ տնտեսագետներն այսօր շշուկով խոսում են մտահոգությունների ու հնարավոր վտանգների մասին: Կան ախտանիշեր, որոնք ավելի խոսուն են, քան «տնտեսական աճ» զուտ քանական ցուցանիշը: Եվ խնդիրը նրանում չէ, որ Ադրբեջանն իր տնտեսական աճի տեմպերով առաջինն է և գերազանցում է Հայաստանին բազմապատիկ անգամ: Անկախ տնտեսագետներին քաղաքական պոպուլիզմը քիչ է հետաքրքրում:

Այսօր ունենք ՀՆԱ-ի աճի մասով լավ քանական արդյունք, ժամանակն է մտահոգվել նաև այդ աճի որակական կողմի մասին: Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքմենստանը և Չինաստանը այն երկրներն են, որ վերջին հինգ տարում իրենց տնտեսական աճով զարմացնում են աշխարհին: Եթե Ադրբեջանն ու Թուրքմենստանը տնտեսական աճով պարտական են բնական պաշարներին, ապա նույն համեմատությունը Հայաստանի և Չինաստանի միջև չի խոսում ի օգուտ մեր երկրի: Հայաստանի տնտեսական աճը չունի որակական այն բնութագրիչները, ինչ Չինաստանը, Հայաստանի տնտեսական աճի գործոնները պայմանավորված չեն այնպիսի ոլորտներով և ուղղություներով, որոնք բարձր կպահեին Հայաստանի մրցունակությունը միջազգային տնտեսության համատեքստում: Ընդհակառակը, այսօրվա Հայաստանի տնտեսական աճն իրականում թուլացնում է Հայաստանի մրցունակությունը:

Հիմնախնդրի որոշ ախտանիշեր

1. Դրամական զանգված/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում պտտվում է 20%-ի շուրջը: Առողջ տնտեսություններում, որտեղ կա լիկվիդային կապիտալ, որտեղ ներդրումները կատարվում են ոչ միայն քարի ու բետոնի մեջ, այս ցուցանիշը պետք է գերազանցի ՀՆԱ-ն` պտտվելով 200%-ի շուրջը:

2. Փողը կենտրոնացված է և «պտտվում է» միայն մեկ քաղաքում` Երևանում: Թե’ աշխարհագրական տեսանկյունից, և թե’ բնակչության շերտերի միջև տնտեսական աճը հավասարապես չի բաշխվում Հայաստանում: Անհամաչափ զարգացումը հղի է մի շարք հետևանքներով, որոնց շարքում է նաև ազգային անվտանգությունը` հանձինս ներքին միգրացիայի վտանգներով:

3. Եթե 2001 թվականին բանկերը մասնավոր հատվածին վարկավորում էին 10 անգամ ավելի շատ, քան հանրային հատվածին, ապա 2006 թվականին այս ցուցանիշը 5 անգամ նվազել է: Հանրային հատվածը` հատկապես կենտրոնական բանկը, մասնավոր հատվածին տրված միջոցների կեսի չափով էլ ինքն է գումարներ փոխառում: Սա ակնհայտ դուրսմղման էֆեկտ է, ինչը նշանակում է, որ մարդկանց խնայողությունների և իրական հատվածի կապը թուլանում է` առևտրային բանկերը տնտեսության արդյունավետ միջնորդի դերը ստանձնելու փոխարեն վեր են ածվում դրամավարկային քաղաքականության գործիքի:

4. ՀՆԱ-ն` ըստ ծախսման բաղադրատարրերի աճում է հիմնականում ներմուծման հաշվին կամ, ավելի ճիշտ, ընթացիկ սպառման, շինարարական ծախսումների և ներմուծման տարբերության հաշվին: Դրամական փոխանցումների հաշվին ուղղակի կամ անուղղակի կատարվող շատ ծախսումներ հենց հանդիսանում են Հայաստանի տնտեսական աճի հիմնական աղբյուրը:

5. ՀՆԱ-ն` ըստ եկամուտի բաղադրատարրերի աճում է հիմնականում համախառն շահույթի հաշվին կամ, ավելի պատկերավոր, հիմնականում ունևոր խավն է առավելապես զգում ՀՆԱ աճի ներկա տեմպերը:

6. Աղքատ և միջին խավի բարեկեցության աճը հիմնականում պայմանավորված է դրամական փոխանցումներով: Տնտեսական աճը նույնպես պայմանավորված է այս գործոնով: Այսօրվա տնտեսական աճը պայմանավորված չէ մրցունակ իրական հատվածի զարգացմամբ:

7. Դրամական հատվածում առկա միտումների և քաղաքականության հետևանքով տեղի է ունենում Հայաստանի արտահանման ոլորտի մրցունակության անկում:

Սպասելիքներ

Հայաստանը վաղուց պլանային տնտեսություն չէ: Ամենամեծ սխալը կլիներ փորձել անմիջականորեն միջամտել տնտեսություն գործող սուբյեկտների գործունեությանը և փորձել նրանց մրցունակությունն ուղղակի միջամտությամբ բարձրացնել: Հայաստանն ունի տնտեսության բարձր քանակական աճ, սակայն պարադոքսալ ոչ մրցունակ տնտեսություն, եկամուտների անհավասարաչափ բաշխում և քաղաքականություն (կամ դրա բացակայություն), որը հարվածում է արտահանողների շահերին: Այս իրավիճակը առանձնահատուկ է և շատ առումներով հակասական: Ստանդարտ, դասագրքային կամ միջազգային փորձի հիման վրա լուծումներ չկան:

Աղքատներն իրենց վիճակը «բարելավում են» արտագնա աշխատանքների միջոցով` դրամական փոխանցումների միջոցով ապահովելով տնտեսական աճ, ունևորները` կապիտալիստները, մեծամեծ շահույթներ են ստանում առկա տնտեսական աճից, բանկերը սպասարկում են դրամավարակային քաղաքականության խնդիրները, ստանում են շահույթներ, և դրամական արդյունավետ միջնորդի դերը նրանց քիչ է հուզում, բյուջեն համալրվում է անուղղակի հարկերով` ի հաշիվ դրամական փոխանցումներով պայմանավորված սպառման և ներմուծման աճի: Կարելի է ասել, որ բոլորը գոհ են, և չկա գիտակցումն առ այն, որ այս դինամիկան շարունակվելու դեպքում այս «հրաշքը» կարող է 10 տարի հետո վերածվել մի իսկական ճգնաժամի` դժոխային վիճակի...

Դրված է խնդիր, որի լուծումը միանշանակ չէ: Սակայն մինչ լուծումներ գտնելը անհրաժեշտ է խնդրի գիտակցում: Այսօրվա բարձր, բայցև մտահոգիչ տնտեսական աճի հիմնախնդիրը պետք է դառնա թիվ 1 օրակարգային հարցը: Աղքատության կրճատման բանալին իրապես մրցունակ տնտեսություն կայացնելն է, մի բան որ այսօր չունենք, իսկ եղածն էլ թուլանում է:


Համառոտագիրը մշակվել է 2007թ-ի հուլիսի 27-ին կայացած` “Երկնիշ տնտեսական աճ. Հայաստանի տնտեսության աճի միտումները և մտահոգությունները” վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։