ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասարակական ընկալման փոփոխությունը

02.03.2009

Պատերազմի աստծո ախորժակն էլ ուտելիս է բացվում...

Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տևողությամբ ղարաբաղյան պատերազմն արնաքամ արեց երկու ժողովուրդներին, քայքայեց տնտեսությունները: Հակամարտության արդյունքում տարածաշրջանում մեծացավ գլոբալ ուժային կենտրոնների ազդեցությունը, իսկ երկրները հայտնվեցին քաղաքական անկայունության մարտահրավերների բովում: Կանոնավոր բանակների ձևավորմանը զուգընթաց, ռազմական տեխնիկայի ու ֆինանսական միջոցների ծավալման արդյունքում աճում էին մարդկային կորուստները: Ռազմական գործողություններին վերջին ամիսներին պատերազմի յուրաքանչյուր օրը կողմերից տասնյակ զոհեր էր պահանջում: 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարն ազդարարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ՝ պատերազմական փուլի ավարտը:

Ցավագին դիմակայություն. իշխանությունների հրադադարը

Պատերազմը թերևս շարունակվեր, եթե պատմության արյունոտ էջը չշրջվեր սեփական ծանրության տակ: Ցավագին դիմակայության (hurting stalemate) երևույթը դարերի ընթացքում բացմիցս հարկադրել է պատմերազմող գրեթե հավասարազոր կամ «հավասարաթույլ» կողմերին շունչ քաշելու համար զենքը վայր դնել՝ գոնե ժամանակավորապես: Ֆինանսական և հատկապես մարդկային ռեսուրսների շոշափելի պակասը, հետագա կորուստներից խուսափելու և հակառակորդի հետագա հարձակումներից ապահովագրվելու ձգտումը, ինչպես նաև գլոբալ ուժի կենտրոնների, հատկապես՝ Ռուսաստանի ճնշումը երկու երկրների իշխանություններին անմիջականորեն մոտեցրին հրադադարի հաստատման անհրաժեշտությանը: Ակնհայտ էր, որ պատերազմական գործողություններն էականորեն սահմանափակում են միջազգային շուկայում ադրբեջանական սև ոսկու շահագործման հնարավորություններն ու տարածաշրջանային խոշոր տարանցիկ ծրագրերը և, հատկապես, հենց ժամանակի քաղաքական ղեկավարների կողմից դրանցից օգտվելու հնարավորությունները: Հարձակողական, սակայն կորուստների պատերազմը բարոյալքել էր ադրբեջանական բանակն ու նրա մարտունակությունը հավասարացրել զրոյի: Հարձակողական ավանդական տրամադրությունները, զինված ուժերի հարձակողական «հագուկապն» ու հռետորությունն իրենց հերթին բացառում էին պաշտպանական պատերազմը: Ավելի՛ն, ադրբեջանական նորաստեղծ պետականությունն արդեն քանիցս ցնցած ներքաղաքական անկայունությունը հերթական իշխանություններին թերևս կուլ կտար պաշտպանական պատերազմի մասին ակնարկի պարագայում անգամ: Միաժամանակ, հրադադարը ոչ միայն ելք էր ստեղծված իրավիճակից, այլև իրական հնարավորություն էր ստեղծում թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական հետագա հարձակման նախապատրաստման համար: Վերջինիս ապացույցը թերևս Լիսաբոնի գագաթաժողովն էր՝ հրադադարից երկու տարի անց, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների հետագա հռետորությունն ու պատերազմական ահագնացող պատրաստությունները: Տասնամյակների հեռվից դժվար է դատել, որքանով են ճիշտ գնահատվել ռազմական գործողությունների հետագա քաղաքական հնարավորություններն ու հետևանքները ժամանակի հայկական ղեկավարության կողմից: Ակնհայտ է սակայն, որ հայկական իշխանությունները հրադադարը ընկալում և մատուցում էին որպես հաղթական պատերազմի ավարտ: Ժողովուրդը նման ընկալումը լիարժեքորեն ընդունում և ողջունում էր:

Իշխանությունների խաղաղությու՞ն, թե՞ ժողովուրդների պատերազմ

Համամարտությունների փոխակերպումը ժամանակի մարտահրավերների ելքն է, սակայն լուծումը չէ: Հրադադարը, «սառեցնելով» հայ-ադրբեջանական հակամարտությունն ու թողնելով խնդրի խաղաղ կամ պատերազմական լուծումն ավելի լավ ժամանակների, առաջ բերեց նոր մարտահրավերներ: Ներկա լրջագույն մարտահրավերը թերևս ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ դրա կարգավորումը խաղաղ ճանապարհով: Հատկանշական է, որ եթե դարիս առաջին տասնամյակի առաջին կեսում խնդրի հասարակական ընկալման մեջ առավելապես կարևորվում էր ներկա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ապա վերջին տարիներին ավելի առաջնային է դառնում տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հասարակական պահանջը: Հայաստանի և Արցախի քաղաքացիների ընկալմամբ հակամարտության կարգավորումն, ըստ էության, երկարատև խաղաղության հետ անմիջականորեն չի զուգորդվում: Ադրբեջանի իշխանությունների ռևանշիստական քաղաքականությունն ու ծավալած սպառազինության մրցավազքը, հարևան Թուրքիայի կողմից Հայաստանի անթույլատրելի շրջափակումն ու դրա պայմանավորելը հակամարտող կողմի վրա միակողմանի ճնշմամբ, ադրբեջանական լրատվամիջոցների, քաղաքական և հասարակական գործիչների ռազմատենչ հռետորականությունը, միջազգային հանրության երկդիմի քաղաքականությունն ու երկակի չափանիշները թերևս այն գործոններն են, որոնք անմիջականորեն ազդում են հայ հասարակության տրամադրությունների վրա: Իրավամբ, նման պարագայում տարօրինակ չէ, որ հայաստանցիներն ու արցախցիները մոտ ժամանակներում երկարատև խաղաղության հաստատման հանդեպ թերահավատ են, վստահ չեն ապագայի հանդեպ, իսկ հակամարտության խաղաղ կարգավորման արդյունքում անգամ երկարատև խաղաղություն չեն ակնկալում: Ավելի՛ն, թեև հասարակությունն ու իշխանությունները շարունակում են օգտվել հրադադարի ու կարգավորման խաղաղ գործընթացի բազմաթիվ առավելություններից, այդուհանդերձ, ցավագին դիմակայության մի շարք առանձնահատկություններ ժամանակի հետ կա’մ անէանում կա’մ փոխակերպվում են՝ հասարակական տրամադրության ձևավորման վրա թողնելով սոսկ երկրորդական ազդեցույթուն: «Եթե երկու օր անց պիտի պատերազմ լինի, վաղվա խաղաղությունն ինչի՞ս է հարկավոր»: Այս մտավախությունը կարծես դառնում է գերիշխող: Կարգավորման գործընթացում քաղաքացիներն ամենից առաջ կարևորում են երկարաժամկետ անվտանգությունը:

Դափնետերևը՝ բազեի կտուցու՞մ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասարակական ընկալման փոփոխությունները, հարկա՛վ, պիտի մտահոգեն հակամարտության խաղաղ կարգավորմանը շահագրգիռ բոլոր կողմերին՝ ինչպես երկու երկրների իշխանություններին, այնպես էլ գործընթացում ներգրավված միջնորդներին: Անթույլատրելի է այս երևույթի հանդեպ աչք փակելը: Ասենք այս իրողությունն իրական քաղաքականության մեջ հաշվի չառնել հնարավոր էլ չէ: Իսկապես, եթե հակամարտության ընթացքի ղեկն ու հակամարտող ժողովուրդների ճակատագիրը ժամանակին իշխանությունների ձեռքում էր, ապա այսօր իշխանությունների ճակատագիրն է մեծապես կախված հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ ժողովրդի ընկալումից: Այս առումով իրական ժողովրդավարության ընթացքն անկասելի է: Իսկ կարգավորման գործընթացին բաց աչքերով նայողի համար հետևություններն ակնհայտ են: Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունը պիտի կարգավորման գործընթացում օրակարգ բերի երկարատև խաղաղության հաստատման շուրջ հասարակական մտահոգություններն ու դրանց արձագանքելու համար անհրաժեշտ պայմանները: Անհրաժեշտության դեպքում նաև նախապայմանները: Այսպես, հրադադարի ռեժիմի մոնիտորինգին զուգընթաց, հարկավոր է շարունակական մոնիտորինգ իրականացնել նաև հասարակության վստահությունը խաթարող գործողությունների՝ «անվստահության ագրեսիայի» հանդեպ: Միջազգային դերակատարները պիտի բացառեն ուժային որևէ միջամտություն հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ Թուրքիայի, կողմից: Առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել կարգավորման գործընթացի վերաբերյալ երկու երկրների հասարակություններին իրազեկմանն ու ընկալմանը: Այսպես, հարկավոր է առավել հրապարակային ու հետևողական դարձնել բանակցային գործընթացը՝ բացառելու համար երկու երկրների հասարակություններին մատուցվող ուղերձների հակասականությունն ու ապահովելու համար դրանց ուղղվածությունը երկարատև խաղաղության հաստատմանը: Միաժամանակ, անհրաժեշտ է շարունակաբար տեղեկանալ հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ երկու ժողովուրդների ընկալմանը և հնարավորինս ապահովել դրանց զուգամիտությունը:

Մի բան ակնհայտ է: Խաղաղության խորանում պատերազմի աստծո կուռքն անելիք չունի...


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2008թ¬ի մարտի 2-ին կայացած՝ «Նոր փուլ ԼՂ հիմնախնդրու՞մ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։