- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Արևմուտքում միգրացիայի խնդիրներն այլևս անբաժանելի են այլատյացության, անհանդուրժողականության և խտրականության հարցերից: Աշխատուժի պակասը լրացնելու համար շատ երկրներ բացեցին դռները տնտեսական միգրանտների համար: Նման երկրներում ձևավորվեցին ուրույն կյանքով ապրող համայնքներ:
Հնաբնակների և նորեկների միջև տարբերությունների ընկալումը սնում էր անհանդուրժողականության արմատները: Խնդիրը սրեց ահաբեկչության դեմ ծավալված պայքարը: Խորացավ տեղաբնակների ու մահմեդական և, անգամ, ոչ-մահմեդական համայնքների միջև անջրպետը: Անհանդուրժողականության հարցերը կրկին վերադարձան արևմտյան հասարակությունների և միջազգային կազմակերպությունների օրակարգ: Եվ եթե նախորդ դարի կեսերին Արևմուտքն այս մարտահրավերներին արձագանքում էր ռասիզմի ու խտրականության այլ ձևերի դեմ պայքարով, ապա ներկա դարասկզբին հիմնական դեղամիջոցը դարձել է հանդուրժողականության քարոզումը:
Այս դեղամիջոցը սակայն ունի նկատելի թերություն. եթե խտրականությունը հնարավոր է սահմանել իրավաբանորեն և ստեղծել դրան հակազդելու միջազգային և ներպետական ընթացակարգեր ու գործիքներ, ապա հանդուրժողականության պարագայում միջոցներն ու դրանց արդյունքները միշտ չէ, որ շոշափելի ու տեսանելի են, հատկապես՝ կարճաժամկետ հատվածում:
Հայաստանը միացել և/կամ վավերացրել է խտրականության վերացմանն ուղղված բոլոր միջազգային հիմնական իրավական գործիքները: Այդուհանդերձ, գրեթե միատարր հասարակություն ունեցող Հայաստանում, խտրականության խնդիրը երբևէ լրջորեն չի քննարկվել: Միաժամանակ, անհերքելի է, որ Հայաստանը, որպես միգրանտներ «արտահանող» երկիր, շահագրգիռ է արտերկրում սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության հարցում: Այս տեսանկյունից, անհանդուրժողականության և խտրականության և հե՛նց այդ համատեքստում՝ նաև հայատյացության դեմ պայքարը դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիր:
Սակայն, ակներևաբար, այս խնդրում հնարավոր չէ սահմանագիծ անցկացնել արտաքին և ներքին մոտեցումների միջև: Ուստի և անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել ու զարգացնել հայերի՝ որպես բազմամշակութային ազգի գիտակցությունը: Բազմամշակույթ հայությունը ներառում է ինչպես մեր երկրում բնակվող տարբեր փոքրամասնությունների մշակույթը, այդպես էլ, լինելով աշխարհասփյուռ ազգ, կրում է մի շարք այլ մշակույթների շարունակական ազդեցությունը:
Ակներև է, որ Հայաստանի հանրությունը կարիք ունի անդրադառնալու կրոնական, թերևս նվազ չափով՝ ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև սոցիալական տարբեր շերտերի հանդեպ առկա անհանդուրժողականության և խտրականության երևույթներին: Այս համատեքստում հարկ է ձևավորել խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության կանխման, դրանց դրսևորումներին պատշաճ արձագանքնման գործուն մեխանիզմներ: Սա, նախևառաջ, վերաբերում է ազգային կամ կրոնական ատելությամբ դրդված հանցագործություններին: Թեև այս երևույթները հիմականում քրեականացված են, օրակարգային է նման հանցագործություններին իրավապահ մարմինների և ՀՀ Գլխավոր դատախազության արձագանքելու կարողությունների զարգացումը, դրանց գործունեության համակարգման և միջգերատեսչական համագործակցության ապահովումը: Արդիական է նաև նման հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության կառավարման բարելավումը, մասնավորապես՝ վիճակագրության պարբերական ամփոփումը, ինչը հնարավորություն կընձեռի վերլուծել նման դրսևորումների շարժառիթներն ու միտումները, կանխել և հետապնդել նման հանցագործությունները:
Անվիճելի է, որ յուրաքանչյուրը պետք է իրական հնարավորություն ունենա օրինական միջոցներով պաշտպանելու սեփական իրավունքները՝ իր անձի հանդեպ ապօրինի խտրականության կիրառման պարագայում: Նման իրավիճակում հայտնված մարդուն էական օգնություն կարող է ցուցաբերել իրավաբանական օժանդակության սուբսիդավորումը պետության, ինչպես նաև նմանատիպ իրավական աջակցությունը հասարակական կազմակերպությունների կողմից: Չէ՞ որ խտրականության զոհ հաճախ դառնում են հենց սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչները:
Անհանդուրժողականության դեմ պայքարում կարևոր դեր ունեն պետական մարմիններն ու հանրային ծառայություններ մատուցող հաստատությունները: Առանձնահատուկ դեր պիտի վերապահել կրթական հաստատություններին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Հանդուրժողականության մշակույթը պետք է ներառված լինի կրթական ծրագրերում: Սա անհրաժեշտ է աշակերտների և ուսանողների մեջ՝ անկախ ծագումից և կրոնական պատկանելությունից, իրավահավասարության ու արժանապատվության գիտակցությունն արմատավորելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր կարող է ձևավորվել խորհրդատվական մարմին, որը կծառայի որպես ըստ այս կամ այն հատկանիշի հասարակությունում արձանագրվող անհանդուրժողականության դեպքերին արագ արձագանքելու գործիք:
Եվ վերջապես հատկապես կարևոր է, որ երկրի քաղաքական ընտրախավը՝ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր դիրքերում գտնվողները, սովորեն քննադատել և քննադատվել՝ չվերածելով քննադատությունն անձնական թշնամանքի, իսկ քննադատողին՝ ոխերիմ թշնամու: Քաղաքական ընտրախավը պետք է քաջ գիտակցի, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ է ուզում հանդուրժել իր հասարակական կյանքում: Եթե նման ցանկությունը չի վերածվում մարդկանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնալիքի, չի դառնում քրեորեն հետապնդելի արարք և չկա հանցակազմ, ապա այն օրինական է և առնվազն արժանի է հանդուրժված լինելու:
Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2008թ-ի դեկտեմբերի 23-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։