ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ինքնախաբեությունից անդին կամ ինչպես մտնել մեր «եվրաճանապարհը»

17.12.2007

Ի՞նչ է Եվրոպան, մենք դրա մա՞ս ենք, թե՞ չէ

Աշխարհագրորեն` թերևս ոչ, որովհետև Հյուսիսային Կովկասի լեռնաշղթան բաժանում է Եվրոպան Ասիայից: Քաղաքականապես` մասամբ, որովհետև մաս ենք կազմում «Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ» ԵԱՀԿ-ին (ուշադրություն դարձրեք, երկուսից ոչ մեկը Եվրոպայում չէ), ինչպես նաև Եվրոպայի խորհրդին: Կա մեկ էլ ՆԱՏՕ-ն` այսպես կոչված եվրո-ատլանտյան ինտեգրացումը, որտեղ «գործընկեր ենք հանուն խաղաղության»: Եվրախորհրդին մեր անդամակցությունն արդեն տարիների պատմություն ունի, ունենք համագործակցություն և գործընկերություն Եվրոպական Միության հետ, և նրա կողմից էլ ճանաչվել ենք որպես «նոր հարևան»: Վերջինս, որն ի տարբերություն ԵԱՀԿ-ի, դուրս է պահում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իր կազմից, կարելի է անվանել «Բրեստից (Ֆրանսիա) մինչև Բրեստ (Բելառուս)» Եվրոպա: Եվ երբ խոսում են «եվրա-չափանիշների» մասին` ի նկատի ունեն հենց այս հատվածի չափանիշները:

Անչափ կարևոր է այս ամենը հասկանալ, որպեսզի բառերի խաղի հետևում չկորի իմաստը:

Սպասու՞մ են մեզ Եվրոպական Միությունում: Եկեք անկեղծ լինենք, ո՛չ, չեն սպասում: Նույնիսկ Լեհաստանին կամ Ռումինիային (էլ մնացած ԵՄ նոր անդամների մասին չասած), որոնք հույսեր ունեին, որ ինչպես Իսպանիային, Պորտուգալիային և Հունաստանին, իրենց էլ դոտա-ցիաներ ու այլ օգնություն կտան, որ արագորեն դառնան նպատակադրված չափանիշների երկիրը, նույնիսկ Թուրքիային, որ կարևորագույն աշխարհառազմավարական դիրք ունի ու վաղուց հերթի մեջ է` ասում են «դեռ կտեսնենք»...

Էլ ու՞ր մնաց փոքրիկ Հայաստանը, երբ Եվրոպական միությունը չգիտի, թե ի՞նչ անի իր նոր անդամների հետ: Որքա՞ն կարելի է խոսել եվրոպական արժեքների մասին ու որևէ բան չանել (խոսքը բնավ միայն Հայաստանի մասին չէ, այլ նախկին կոմունիստական երկրների): Մյուս կողմից, պարզ է, չէ՞, որ փոփոխություններն ու բարեփոխումները հեշտ չեն տրվում: Տաքուկ նստած դատողություններ անելն էլ դժվար գործ չէ:

Իսկ իրականությունն այն է, որ մենք շախմատային այդ խաղատախտակից այս պահին դուրս ենք: Անընդհատ ինքներս մեզ համոզելը, թե Եվրոպայի ուշադրության կիզակետում մենք ենք ու մենք, երբ կողքներս կա Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Միջին Ասիա, Իրաք ու Աֆղանստան, առնվազն վնասարար է:

Եկեք սթափ գնահատենք, թե որտեղ ենք մենք ապրում և ինչ կարող ենք անել ու ակն¬կալել մեր տեղում: Տե՞ղը փոխել՝ չե՛նք կարող: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է ներմուծել խաղի եվրոպական կանոններ, որոնք, մեր դեպքում, նախ և առաջ սահմանադրական ու իրավական կանոններն են: Սա է իրական հարցը:

Բարեփոխումների, էլիտաների և ժամանակի մասին

Ժողովրդավարությունը, չնայած Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում արձանագրած իր փառահեղ պատմությանը, հարաբերականորեն նոր երևույթ է: Այս միտքը կարող է պարադոքսալ թվալ, բայց բացատրությունը ևս նույն տեղում է:

Չնայած այդ փառահեղ պատմությանը` 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ ժողովրդավարությունները եղել են խիստ սահմանափակ: Քվեի իրավունքից իրավականորեն և փաստացիորեն օգտվել են միայն հարուստները` դուրս թողնելով ոչ միայն աղքատներին, ճորտերին կամ ճորտացվածներին, այլև կանանց և ազգային կամ ռասայական փոքրամասնություններին: Լուսանցքում մնացողների խնդիրները մինչև հիմա վերջնական լուծում չեն գտել: Ժամանակակից ժողովրդավարությունները փաստորեն ձևավորվել են միայն Երկրորդ Աշխար-համարտից հետո, երբ այդ բոլոր երկրներում ձևավորվեց ազգային համաձայնություն/կոնսենսուս ընդդեմ կոմունիզմի/կոմունիստների և ֆաշիզմի/ֆաշիստների: (Զավեշտ է, բայց ընդդեմ միա-վորվելը միշտ կարծես ավելի հեշտ է ստացվում, քան հանուն որևէ նպատակի:) Այդ օրակարգը շարունակում է այսօր ևս գործել:

Այս օրակարգի կրողներն են այդ երկրների էլիտաները, որոնք տեսան, թե ինչ արդյունքների կարող են հանգեցնել ֆաշիստական կամ կոմունիստական ուղիները: Այդ էլիտաները ներդրեցին իրենց ամբողջ ջանքն ու եռանդն իրենց ժողովուրդներին այդ երկու մոլուցքներից հեռու պահելու համար, ինչպես նաև` իրենց բարեկեցությունը, սեփական անվտանգության ու ունեցվածքի ապահովությունը երաշխավորելու համար:

Հարց է ծագում` ի՞նչու արևմտյան էլիտաներին հաջողվեց ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ, որն այսօր չի հաջողվում մի շարք երկրներում: Այս հարցի պատասխանը թերևս ամենակարևորն է և հնչում է շատ պարզ. ԱՆԿԱԽ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:

Մեկնաբանությունը նույնպես պատմությունից է: Այդ նույն արևմտյան էլիտաները չէին կարող բառերով ու լոզունգներով վստահություն ներշնչել ու կերակրել իրենց ժողովուրդներին: Անհրաժեշտ էր անկախ մի դատավորի ու միջնորդի ինստիտուտ: Անհրաժեշտ էր հենց այդ էլիտաներին, որպեսզի իրենց բնակչությունը լցվի վստահությամբ իրենց նկատմամբ: Չսպանի, չթալանի, այլ գա իրենց գործարանում կամ ձեռնարկությունում աշխատի` իմանալով, որ արդա-րություն կա աշխարհում: Եթե նրա իրավունքը ոտնահարեն, ապա կկարողանա արդարությունը վերականգնել այդ դատարանի միջոցով:

Արդյո՞ք էլիտաների դարդն էր ժողովրդի մեջ արդարության զգացում սերմանելը: Ո՛չ, բնավ: Իրենց դարդը իրենց սեփականության ու կյանքի անվտանգությունն էր, որպեսզի հենց իրենք կարողանային իրենց սեփականության իրավունքը պաշտպանել ու պահպանել այդ նույն դատարանի միջոցով: Կայացնելով դատական իշխանությունը` էլիտաները սահմանափակեցին նաև իրենց անսահմանափակ իշխանությունը և արտոնությունները: Քանի որ, եթե չանեին, ավելի շատ կորցնելու բան կունենային` եթե ոչ իրենց կյանքը, ապա առնվազն սեփական բարեկեցությունը: Այլ ելք չկար:

Եզրակացություն

Հայաստանում ձևավորվում է կայուն քաղաքական համակարգ ու կայուն էլիտա: Եթե էլիտայի վերևներում մարդկանց նյարդերը տեղի չտան ու դրանից դրդված նրանք դիմեն արտառոց քայլերի, ապա 2009-2012թթ. կարող են դառնալ սահմանադրական կայունացման տարիներ մեր երկրում: Այդ էլիտային անվերջ կարելի է փնովել, բայց ավելի լավը չունենք: Նույնիսկ եթե սրբենք, փորձենք նորը ձևավորել` էլի որևէ լավ բան, բացի հետընթացից, այդ «սրբելու ու նորը ձևավորելու» գործընթացից դժվար է սպասել:

Ի՞նչ կարելի է անել այդ դեպքում: Դրդել այդ էլիտային ջանքեր ներդնելու հանուն դատական իշխանության անկախության և գերակայության ամրապնդման, հանուն հենց իր անվտանգության ու բարեկեցության, քանի որ հակառակ դեպքում զարգացումներն անխուսափելիորեն վատը կլինեն:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ և Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Եվրոպական միությունը 50 տարեկան է. Ինտեգրման գործընթացը ԵՀՔ տարածաշրջանում. ՏԱՍԻՍ-ից դեպի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ԵՀԳԳ)» համաժողովի քննարկումների ընթացքում: Մտքերն ու եղրահանգումները զուտ հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն կազմակերպիչների, համաժողովի մասնակիցների կամ պժանդակողների կարծիքին: Համաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում DFID գրասենյակի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։