ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կրթություն և միգրացիա. մարտահրավեր և հնարավություն

25.03.2008

Գիտելիքների հարստացման տենչով պայմանավորված բնակավայրի փոփոխությունը միգրացիա ծնող պատճառների խճապատկերում քիչ ուսումնասիրվածներից է: Ինչպես միգրացիայի ցանկացած տարատեսակի, այնպես էլ կրթության նպատակով կատարվող տեղափոխությունների ոլորտի ուսումնասիրությունները պետք է սկսել հետևյալ հարցերի պարզաբանումից՝ քո երկիրը միգրացիոն հոսքի տեսանկյունից հանդիսանում է հանգրվանի՞, թե՞ ելման նշանակետ, թե՞ մեկը և մյուսը միաժամանակ. Ինչպիսի՞ն է վիճակագրությունը, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ նպատակներ պետք է հետապնդել:

Կրթությունը էմիգրացիայի խթանի՞չ

Թեև ստույգ վիճակագրություն գոյություն չունի, թե հայաստանցի «ուսանող միգրանտների» որ մասն է վերադառնում հայրենիք, որ մասը մնում արտերկրում և փորձում աշխատանք գտնել, այնուամենայնիվ տարբեր հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ մնացողների թիվը բավականին մեծ է: Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ նույնիսկ այն մասը, որը վերադառնում է հայրենիք, առաջին իսկ հնարավորության դեպքում պարտաստ է լքել այն: Եվ պատճառը թերևս միայն հրապուրիչ աշխատավարձն ու բարեկեցիկ կյանքի հասանելիությունը չեն: «Ուղեղների արտահոսքի» պատճառները բազմազան են, օրինակ՝ պետությունը, որ հարկատուների միջոցներով տարեկան հազարավոր մասնագետների է կրթում, այնուհետև չի էլ փորձում հրապուրել նրանց դեպի պետական համակարգ, կամ գոնե հստակ արտահայտել, որ ունի նրանց պահանջը: Մյուս կողմից էլ արտասահմանի լավագույն բուհերում որակյալ կրթություն ստացած կամ հենց սեփական երկրում ճանապարհ անցած ու փորձառու մասնագետի համար պետական ծառայությունը հաճախ նշանակում է նոր ու ոչ միշտ ընդունելի, երբեմն էլ՝ վանող, փոխհարաբերություններ ու արժեքներ: Անձի ստացած կրթությունը, հմտություններն ու ունեցած փորձը չէ, որ որոշում է նրա զբաղեցրած դիրքը պետական աստիճանավանդակում: Չշարունակենք, պարզապես ամփոփելով փաստենք, որ սոցիալական արդարության պակասն էլ իր հերթին դառնում է հայրենիքից մեկնելու որոշման պատճառ:

Գործե՞լ, թե...

Բավարարվել միայն որոշակի կրթական բարեփոխումներով, երբ բարելավումներն ուշա-նում են այլ ոլորտներում, կնշանակի առանց այն էլ սուղ ռեսուրսների փոշիացում: Ի դեպ, ռեսուրսների սղությունն ինքնին երբեմն նույնիսկ հիմնական խոչընդոտը չէ խնդիրների լուծման ճանապարհին: Որոշ փորձագետների հավաստմամբ, 2003թ. ի վեր կրթությանը հատկացված բյուջեն աճել է մոտավորապես երեք անգամ: Մինչդեռ մանրադիտակով զինված անգամ դժվար է որևէ որակական փոփոխություն գտնել կրթական տարբեր մակարդակներում: Ավելին, այսօր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածները հաճախ դժգոհում են համապատասխան մասնագետների և միջազգային ասպարեզում հարաբերվելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայությունից: Մինչդեռ այսօր Հայաստանում առկա են մի շարք հնարավորություններ այդ բացը լրացնելու համար, օրինակ` տարբեր կրթական փոխանակման ծրագրերը: Հանրության այն հատվածը, որը թվում է թե պետք է սպառեր այս հնարավորությունները, նույնիսկ պատրաստ չէ եղած ռեսուրսներն իրացնելու: Մեկ այլ օրինակ. Հայաստանում անընդհատ շահարկվում են Բոլոնյան գործընթացի մասին խոսակցությունները. եվրոպական չափանիշներ, որակի ապահովում, կրեդիտային համակարգ և այլն: Սակայն իրականում այդ արժեքների կրողներ, այդ ռազմավարությունն իրականացնողներ երկրում գրեթե չկան: Արդյունքը` ռեսուրսների ոչ նպատակաուղղված վատնում:

Պետության դերը

Այսպիսով, միգրացիոն հոսքերի մեր խճապատկերում պետության դերակատարումը շատ հստակ է.

  • մի դեպքում.
    • երկրում ստեղծել մրցունակ դաշտ կրթությունն ու գիտությունը զարգացնելու նպատակով, որը հնարավորություն կընձեռի համապատասխան հաստատություններին ապահովել անհրաժեշտ գիտական և կրթական որակ.
    • դիվանագիտական աշխատանքներում շեշտը դնել Հայաստանը` որպես որակյալ ուսում առաջարկող երկրի կերպարի ստեղծման վրա.
  • մյուս դեպքում.
    • հստակորեն սահմանել պետական և հասարակական պահանջարկը. ա/ ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնց անհրաժեշտությունը հրատապ է երկրի տնտեսության զարգացման համար և բ/ գնահատել ներքին ռեսուրսները՝ ձևավորված պահանջարկի բավարարման տեսանկյունից, արդյունքում որոշել կրթական միջազգային շուկայից ձեռքբերվելիք ծառայությունների ծավալները.
    • հստակեցնել այսպես կոչված հայաստանցի «ուսանող միգրանտների» նկատմամբ վարվող քաղաքականությունը, որն, ըստ էության, բոլորովին էլ բարդ խնդիր չէ: Մի քանի կոնկրետ և հստակ մեխանիզմների կիրառումը կարող է հանգեցնել նույնիսկ կարճաժամկետ արդյունքների: Մասնավորապես, պետք է ստեղծել արտերկրում ուսանողների տվյալների ընդգրկուն բազա. ով, որտեղ, ինչ մասնագիտություն և ինչ հիմունքներով է սովորում, ինչպիսի կենցաղային պայմաններում է բնակվում:
    • Դիվանագիտական ներկայացուցչություններին տալ ուսանողների հետ աշխատանքներ տանելու գործառույթներ՝ նրանց համար կազմակերպել զանազան միջոցառումներ, օժանդակել այնպիսի հարցերւմ, ինչպիսիք են` դասագրքերի համար վճարված գումարների և կացարանների վարձի փոխհատուցումը և այլն: Վերջապես, ստեղծել թափանցիկ մի պատուհան, որտեղից արտասահմանյան բուհերի շրջանավարտները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ հայաստանյան աշխատանքային շուկայում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Ես սիրում եմ իմ հայրենիքը

Իրականում անհրաժեշտ է քաղաքականությունների համադրում:

Խնդրի հանգուցալուծման համար ոմանք առաջարկում են պետության կողմից հստակ մոդելի կիրառում. պետությունն ինքն է դառնում իրեն անհրաժեշտ մասնագետների պատվիրատուն և ապահովում նրանց կրթությունն ու աշխատանքը: Սա հրատապ և կարճաժամկետ միջամտություն է: Առավել հիմնարար արդյունքների հասնելու համար առաջարկվում է այդ միջամտությանը զուգահեռ խորացնել բոլոր մակարդակներում հնչող բանաձևով` «Ես սիրում եմ իմ հայրենիքը», որը քարոզչական լոզունգից պետք է վերածվի գործունեությամբ ամրագրված արժեքի:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2008թ-ի մարտի 25-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։