ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական թիրախները բարեփոխումների իրականացման քաղաքական երաշխիքների հիմքում

09.11.2008

Օրակարգի լուսանցքից դեպի առանցք.

Կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը Հայաստանում լուսանցքից աստիճանաբար շարժվում է դեպի երկրի կառավարման օրակարգի առանցքը: Ընդ որում այս տեղաշարժն ուղեկցվում է հայեցակարգային բառապաշարի և բովանդակության փոփոխություններով, ինչն ակնհայտորեն նպաստում է երկրում կառավարման արդյունավետության մակարդակի համադրմանն ու գնահատմանը թե՛ ժամանակային, թե՛ տարածաշրջանային առումով: Էլ ավելի կարևոր է այն, որ կառավարման արդյունավետության բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունն աստիճանաբար ստանում է արդյունքների վրա հիմնված ծրագրային բովանդակություն և ձևաչափ: Այս տեղաշարժերը նախադրյալներ են ստեղծել կառավարման արդյունավետության բարեփոխումները կառուցել եվրոինտեգրման տրամաբանության վրա ու երկրի կառավարման բարձրագույն իշխանությունների քաղաքական կամքի հստակ, շոշափելի և չափելի արտահայտության հենքի վրա:

Եվրոթիրախ՝ բարեփոխումների նիզակի սլաքին.

Այսպես, երկրի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման համար կարևորագույն գրավականը քաղաքական կամքի դրսևորումն է, որն արտահայտվել է պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման և կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հստակ ուղենիշներով և թիրախներով: Այս առումով ճակատագրական էր 2007թ. ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրում երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ կառավարման համակարգի զարգացման համար հստակ և չափելի թիրախների ընտրությունը՝ կառավարման համակարգը բնութագրող միջազգայնորեն ընդունված ցուցանիշներով Հայաստանը 2012թ. պիտի հասնի Եվրոպական միության նորանդամ երկրների ներկա մակարդակին: Հենց այս քաղաքական պարտավորությունն էլ հիմք դարձավ 2008թ. պետական հակակոռուպցիոն ռազմավարության նպատակների, խնդիրների և արդյունքների ձևակերպման համար: Հատկանշական է նաև, որ արդյունավետ պետական կառավարումը, մասնավորապես պայքարը կոռուպցիայի դեմ, Հանրապետության գործող Նախագահի նախաձեռնությամբ ճանաչվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության գերակա ուղղություն արդեն 2007թ.: Համապատասխանաբար, պետական հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանում կոռուպցիայի ընդհանուր մակարդակի էական կրճատումն է, ինչը նշանակում է, որ 2012-ին պիտի վերանա կոռուպցիայի համակարգային բնույթը, նշանակալիորեն սահմանափակվի դրա տարածվածությունը, բարձրանա քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը, զգալիորեն բարելավվի սոցիալական արդարության ընկալումը տնային տնտեսությունների և գործարարների շրջանում, ամրապնդվի քաղաքական համակարգի կայունությունը, նախապայմաններ ստեղծվեն տնտեսության արտադրողականության բարձրացման համար` մեծացնելով երկրի մրցունակությունը և տնտեսության գրավչությունը ներդրումների համար: Ընդհանուր առմամբ, կառավարման արդյունավետության բարեփոխումների պլանավորման և իրականացման ուղղությամբ ձեռքբերումներն ակնհայտ են: Այդուհանդերձ, անելիքներն առաջանցիկ ավելում են ձեռքբերումներին զուգահեռ: Իրավա՛մբ, որքան երկրի պետական կառավարման նավը մոտենում է եվրոպական հորիզոնին, նույնքան հորիզոնը հեռանում է, ինչն ավելի քան բնականոն է: Չէ՞ որ արդյունավետ կառավարումն ինչ-որ կոնկրետ համակարգ չէ, այլ սկզբունքների համախումբ՝ իդեալ: Հետևաբար անելիքները հետագայում ևս ավելանալու են, իսկ լուծելիք խնդիրները դառնալու են առավել բարդ ու պահանջելու են կամք, միտք, խոսք և ապա միայն արարք:

Երկխոսության "déjà vu"

Հայաստանում կառավարման արդյունավետության բարեփոխումների ներկա փուլում մարտահրավերներից թերևս կարևորագույնը քաղաքականության հարցերի շուրջ արդյունավետ երկխոսության ծավալումն է: Հետաքրքրական է, որ նախկինում կառավարման արդյունավետության բարեփոխումների շուրջ երկխոսությունը կաղում էր պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ու գործարար հատվածի միջև: Այս հատվածում իրավիճակն էականորեն շտկվել ու շտկվում է, թեպտ անելիքները նույնպես շատ են իսկ մարտահրավերներն էլ նոր բնույթ են ստանում: Զարգացումների նման ֆոնին էլ ավելի ցայտուն են արտահայտվում պետական մարմինների միջև մասնագիտական և հայեցակարգային առավել լայն քննարկումների անհրաժեշտությունը, գերատեսչական մտածողությամբ սահմանափակվելու կամ գերատեսչական շահերի բախումների մարտահրավերները: Հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորման գործընթացն այս է խոսում: Պետական մարմինների նախաձեռնությամբ և «օրհնանքով» հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացում առավելագույնս ներգրավված են քաղաքացիական հասարակության կառույցներն ու գործարար հատվածը՝ զարգացման գործընկերների աջակցությամբ և պետական մարմինների մասնակցությամբ ընթանում են հայեցակարգային կարևոր քննարկումներ: Ավելի՛ն, պետական հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի մշակումը հանձնարարված է հենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ փորձագետներին: Եվ որքան ավելի մեծ թափով են ընթանում նախագածի մշակման ու տարաբնույթ հանրային քննարկումների աշխատանքները, այնքան ավելի մտահոգիչ է դառնում պետական մարմինների միջև հայեցակարգային քննարկումների, ինստիտուցիոնալ լուծումների և գերատեսչական շահերի համատեղման խնդիրը: Իրավա՛մբ, կառավարման արդյունավետության բարձրացման բարեփոխումների նիզակի սլաքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը, պահանջում է միջգերատեսչական համակարգման և համագործակցության եզակի որակ արդեն իսկ դրա մշակման փուլում: Մինչդեռ հակակոռուպցիոն ռազմավարության քննարկումները պետական մարմինների միջև ընթանում են գրեթե բացառապես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում, ինչը ներկա փուլում հնարավորություն չի ընձեռում հայեցակարգային և ինստիտիուցիոնալ խնդիրների շուրջ արդյունավետ երկխոսություն ծավալել:

Ցայտնոտային լուծումներ վերջնախաղու՞մ

Իհա՛րկե, ռազմավարության նախագծի ամբողջականացման և ամփոփման փուլում նախագծի մշակման ընթացքում առաջացող խնդիրները՝ թե՛ հայեցակարգային, թե՛ ինստիտուցիոնալ, լուծում կգտնեն, սակայն փորձն ու տրամաբանությունը հարկադրում են մտահոգվել նման ցայտնոտային լուծումների արդյունավետության և նպատակահարմարության համար: Արդյոք առավել խելամիտ չէ՞, պետական մարմինների և գործադիր գերատեսչությունների միջև մասնագիտական և հայեցողական քննարկումները ծավալել նախքան գերատեսչական շահերի բախումներին հարկադրաբար քաղաքական լուծումներ տալը: Չէ՞ որ առկա իրավիճակում չի բացառվում նաև այնպիսի անցանկալի սցենարը, երբ առանձին գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության միջև ակտիվ ու արդյունավետ գործակցության արդյունքում ձևավորված սկզբունքներն ու միջոցները կարող են «տրորվել» գերատեսչական շահերի բախումների և գերատեսչական շահը պաշտպանող «ասպետների» կողմից քաղաքական լուծումերի փնտրտուքում: Արդյունքում վտանգվում են քաղաքականության իրականացման արդյունքներն ու նվազում բարձրագույն ամբիոնից հնչեցված քաղաքական կամքի արտահայտության ու ստանձնած քաղաքական պարտավորությունների կատարման՝ եվրոպական հստակ թիրախներին հասնելու հավանականությունը:

Մասնակացային պատասխանատվություն եվրոթիրախների համար

Նման իրավիճակում հնարավոր լուծումները տարբեր են: Կարելի է, թերևս, քաղաքականության մշակման գործընթացի ավարտական փուլում քննարկումը տեղափոխել զուտ գերատեսչական-քաղաքական հարթություն՝ ստանձնելով հայեցակարգային լուծումների բացառիկ քաղաքական պատասխանատվությունը պետական մարմնի, հակակոռուպցիոն ռազմավարության պարագայում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից: Լավագույն լուծումը սակայն կարող է լինել պետական մարմինների միջև հայեցողական և ինստիտուցիոնալ արդյունավետ մասնագիտական-քաղաքական քննարկումների կազմակերպումը մշակումների ընթացքում՝ բոլոր շահարգիռ կողմերի մասնակցությամբ: Առավել ևս, որ այս գործում կրկին կարող են օգտակար լինել վերլուծական հասարակական կազմակերպություններն իրենց կարողություններով: Արդյունքում կունենանք ոչ միայն մասնակցային գործընթաց այլև մասնակցային արդյունք, քաղաքական պատասխանատվություն կրողների հորիզոնական լայն սպեկտր և ամենակարևորը՝ կառավարման արդյունավետության մակարդակի եվրոպական «ձողի» վրայից ցատկելու նախադրյալներ:


Համառոտագիրը մշակվել է 2008թ-ի դեկտեմբերի 9-ին կայացած` «Եվրոպական արդյունավետ կառավարման թիրախները Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության հիմքում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։