ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ինչպես «պաշտպանել» հայաստանյան ժողովրդավարությունը

17.04.2008

Բանավեճ իմ և իմ միջև

Միջազգային ամենատարբեր համաժողովներում հայ դիվանագետները, պաշտոնյաները, հասարակական հատվածի ներկայացուցիչները, մշակույթի գործիչները, լրագրողները և այլոք հաճախ են կամա թե ակամա հանդես գալիս Հայաստանը ներկայացնողների, Հայաստանի շահերը պաշտպանողների դերում: Գաղտնիք չէ, որ այդօրինակ քննարկումներին Ադրբեջանը սովորաբար ներկայանում է «կազմ ու պատրաստ», հիմնականում մեծաքանակ պատվիրակությամբ, և հաճախ էլ հանդես է գալիս Թուրքիայի հետ, այսպես ասած, ձայն ձայնի տված:

Երկակի իրավիճակ է առաջանում Հայաստանը ներկայացնողի համար նման պայմաններում: Մի կողմից իբրև երկրի ժողովրդավարացման, եվրաինտեգրման կամ խոսքի ազատության խնդիրներով մտահոգ մեկը` դու հակված ես լինել բաց, քննադատող ու լուծումներ փնտրող, ձեռնպահ ես մնում իրականությունը վարդագույն ակնոցների պրիզմայով ներկայացնելու գործելաոճից, մյուս կողմից` տեսնում ես, որ որքան քննադատաբար ես մոտենում քո երկրում առկա խնդիրներին, այնքան ավելի շատ են դրանք հարևանների կողմից օգտագործվում Հայաստանի դեմ` ներքին զարգացումների խթանմանը միտված որևէ քննարկում վերածելով հակահայ քարոզչության: Համաձայնեք` իրականությունը հենց այսպիսին է, և այս իրականությունը հաճախ է ներքին ընտրության առջև կանգնեցնում միջազգային համաժողովների հայաստանյան մասնակիցներին:

Թեժ է լինելու

2008թ. ապրիլից հետո Հայաստանն ուրիշ Հայաստան է այլևս, համենայնդեպս այդպես ընկալվում է դրսում, թե ներսում: Եվ եթե մարտյան իրադարձությունների ժամանակ բոլորը շունչները պահած լուռ հետևում էին, թե ինչ է լինելու հետո, հիմա արդեն եկել է ժամանակը, երբ բոլոր հարթություններում վերջին իրադարձությունների և ընդհանրապես հայաստանյան ժողովրդավարության ներկայի վերաբերյալ բուռն քննարկումներ են տեղի ունենալու, վերլուծություններ են կատարվելու և գնահատականներ են տրվելու:

Եվ եթե երկրի ներսում անխնա քննադատանքը զսպելու կարիք ամենևին էլ չկա, այլ ճիշտհակառակը, ապա դրսում ներկայանալուց դիմություն, ընդդիմություն, թե հասարակական հատված ներկայացնող յուրաքանչյուր ոք ներքին մտահոգության առիթներ է ունենալու: Այսպիսիիրավիճակը դիպուկ է նկարագրում մեր հասարակական գործիչներից մեկը. «Միջազգային կառույցներում աշխատանքի ժամանակ, եթե դու պարկեշտ մարդ ես, ստիպված ես միշտ ճիշտն ասել: Դա էլ որ ասում ես, ինքդ քեզ վատ ես զգում»:

Հետևաբար նման իրավիճակում ինքդ քեզ ուղղող հարցը բոլորի մոտ էլ նույնն է լինելու. կա՞ արդյոք կարելիի սահման:

Հասկանալ նպատակը

Հարցին պատասխանելու համար նախ հարկ է հասկանալ, թե իրականում որն է քո նպատակը: Իսկ նպատակները կարող են ամենատարբեր լինել. սկսած օտարների մոտ հայրենիքի «թասիբը» պահելուց, մինչև եվրոպաներում ներքին հակառակորդներին մի լավ դաս տալը: Սակայն եթե մի հարթություն էլ ես վեր բարձրանում իրական նպատակների ծառում, ու հասկանում ես, որ իվերջո քո և մեր ողջ հասարակության նպատակը մեր երկրում դրական փոփոխություններ ունենալն է, ապա որևէ բան կոծկելը պարզապես անիմաստ ու արջի ծառայություն է դառնում:

Եթե մենք ուզում ենք փոփոխություններ տեսնել մեր երկրում, ապա պիտի կարողանանք ազատորեն խոսել թերությունների մասին` ներսում, թե դրսում: Կոծկելու կամ մեղմելու գործելաոճի արդյունքում ժամանակի ընթացքում ինքդ քեզ ու հանրությանն էլ կհավատացնես, թե խնդիրները չկան կամ մեղմ են: Իսկ այդպես արդյունքի հասնել պարզապես հնարավոր չէ:

Ուրեմն կապ չունի, դու պետական բարձրաստիճան պաշտոնյա ես, ընդդիմադիր գործիչ, թե հասարակական ակտիվիստ, կապ չունի, դու արտահայտվում ես Հայաստանում, թե Ստրասբուրգում, քո քայլերը պիտի ուղղված լինեն հանրային կյանքի առողջացմանը, ժողովրդավարության հաղթանակի նկատմամբ հավատի կայացմանը, հետևաբար դու իրականության մութ կողմերը մեղմելու, կամ առկա դրականը սևացնելու օրակարգ ունենալ պարզապես չես կարող:

Ի վերջո ամենասուր ինքնաքննադատությամբ կարողանում են հանդես գալ ամենաուժեղներն ու սխալներն ուղղելու հարցում ամենապատրաստակամները: Սա հասկանում են բոլորը: Իսկ սեփական սխալներին ակնհայտորեն մարտահրավեր նետածին ոչ ոք չի խփում, ընդհակառակը, արձագանքը լինում է մեկնած ձեռքի տեսքով: Գաղտնիք չէ, որ ցայսօր միջազգային տարբեր կառույցներում հայկական պատվիրակությունները ստիպված են եղել գրեթե միշտ հանդես գալ Հայաստանի հասցեին հնչող քննադատությանը պատասխանողի դերում: Հաստատ ոչ դուրեկան դերում: Կարծես գործելաոճի փոփոխությունը հրամայական է դարձել:

Այդ դեպքում ինչպե՞ս վարվել ադրբեջանցիների հետ: Այդ դեպքում ոչինչ էլ պետք չի լինի անել: Միայն հարկ կլինի ցանկացած քննարկման սկզբում ակտիվ լինել, հասնել «խաղի կանոնների» ամրագրմանը, հստակ տարանջատել հանրային շահի և ազգային շահի սահմանները, ամրագրել, որ քննարկումը հանրային շահի տիրույթում է և փորձել ողջ քննարկումը պահել հենց այդ հարթությունում: Բայց սա արդեն ավելի շատ տեխնիկական խնդիր է և կախված է Հայաստանը ներկայացնողի ճկունությունից:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2008թ-ի ապրլի 7-ին կայացած՝ «Ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակը Հայաստանում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։