ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Մոսկովյան Հռչակագիր. Կովկասյան դիալեկտիկա

04.11.2008

Ջրբաժանին. քամուց քշվածները.

2008 թվականը պատմության մեջ թերևս կմնա շրջադարձային իր դարակազմիկ իրադարձություններով. ազգային ինքնորոշման սկզբունքի հաղթարշավի սկիզբ, մարտահրավեր միաբևեռ աշխարհակարգին, նախագահական աննախադեպ ընտրություններ ԱՄՆ-ում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկիզբ: Խելահեղ 2008-ը իր շրջապտույտի մեջ առավ նաև մեր տարածաշրջանն ու մեզ: 2008-ի գարնան քամին ու աշնան անձրևը մաքրեցին երկրի ու տարածաշրջանի պատմության բեմն ու բեմախորշերը, տեղ բացելով նոր դերակատարների, առավել համարձակ բեմադրիչների ու վառ բեմադրությունների համար: 2008 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում ստորագրեցին հինգ կետանոց փաստաթուղթ, որը որոշակիորեն դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման անցյալ ջանքերի հանրագումարը, բացահայտեց ներկա մարտահրավերներն ու նախանշեց գալիք խնդիրներն ու դարձավ նոր գործընթացի սկիզբը:

Հակասությունների միասնությունն ու պայքարը.

Ռուսաստանը, որը գերիշխող դերի ու ազդեցության է ձգտում Հարավային Կովկասում, հստակ շարժառիթ ունի արագացնել եթե ոչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ապա գոնե կարգավորման գործընթացի սեզոնային բերքահավաքը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման յուրաքանչյուր միջնորդ կամ առնվազն միջնորդության հավակնող կողմ ունի սեփական շահերը և «սիրում է ոչ թե կարգավորումն իր մեջ, այլ իրեն՝ կարգավորման մեջ»: Այդ շահերը հաճախ հակասական են, երբեմն ուղղված են տարածաշրջանում դերակատարման փոխադարձ չեզոքացմանը և խանգարում են միջնորդի բուն առաքելությանն իսկ: Ստացվում է, որ հակամարտության կողմերի համար ավելի կարևոր է ոչ թե հակամարտության թեկուզ նպաստավոր կարգավորումը, այլ Հարավային Կովկասում մեկ դերակատարի գերակայության կամ մի քանի դերակատարների շահերի միատեղման բացառումը: Հնչում է տարօրինակ, սակայն եթե կարգավորումը հանգեցնելու է տարածաշրջանում այս կամ այն դերակատարի բացառիկ գերակայությանը, ապա հակամարտության կողմերի համար կարծես լավագույն լուծումը դառնում է խնդրի չկարգավորումը: Եվ այս հարցում կարծես հակամարտող կողմերի շահերը զարմանալիորեն համընկնում են: Հատկանշական է, որ Մոսկովյան Հռչակագրում ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղարարների տեղակայման հնարավորության ստվերն անգամ չկա:

Եվ այնուամենայնի՛վ, կարգավորման հունձքը հերթական անգամ արեց հենց Ռուսաստանը. թե՛ 1994, թե՛ 2008 թվականներին կարգավորման ուղղությամբ ամենաբախտորոշ քայլերը կատարվել են հենց ռուսական միջնորդությամբ: Չպետք է մոռանալ սակայն, որ մեծ է նաև բանակցային արտը վարող-ցանողների ու անգամ պարարտանյութ հասցնողների, ծափ տվողների ու կողքից պարզապես «ու՛ֆ» ասողների դերը: Ի վերջո, հենց Մինսկի խմբի շնորհիվ է 1994-2008թթ. պահպանվել բանակցային գործընթացը՝ որպես այլընտրանք պատերազմին: Իսկ վարող-ցանողներին մնում է շարունակել իրենց անխոնջ, անշնորհակալ ու մի քիչ էլ աներևութական աշխատանքը: Գոնե՝ մինչև հաջորդ հունձքը՝ Հռչակագրի երկրորդ ու չորորդ կետերը կարծես հենց դա են պնդում:

Քանակական փոփոխությունների փոխակերպումը որակականին.

Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը ներկա փուլում խիստ անհրաժեշտ են աշխարհի ուժեղներին, ում ներկայում ձեռնտու չէ ցանկացած ապակայունացում՝ լինի այն Կոսովայի, Հարավային Օսիայի կամ Աբխազիայի նախադեպերի օրինակով: Այն էլ նավթամուղների շուրջը: Հատկանշական է, որ տարածաշրջանային «ծանրքաշայինների» արձագանքները Հռչակագրին բացառապես դրական ու խրախուսական են: Ավելի՛ն, տպավորություն է ստեղծվում, որ «ծանրքաշայինները» մտրակները կախել են պահարանում ու հիմա կոնֆետներ են առաջարկում հակամարտող կողմերին. Միայն թե Լեռնային Ղարաբաղը չդառնա հաջորդ Կոսովոն, Հարավային Օսիան կամ Աբխազիան: Եվ եթե միայն ազգային ինքնորոշման սկզբունքը դուրս է եկել ոչ թե Պանդորայի արկղիկից, այլ Էոլոսի պարկից, ապա այն ետ խցկելու հույսերը վերջնականապես խորտակված չեն թերևս:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է հակամարտող կողմերի տնտեսությանը: «Սև ոսկու» միջազգային գների աննախադեպ անկման արդյունքում նվազում են հարևան երկրի պետական բյուջեի մուտքերը, հետևաբար կրճատվում են սպառազինության տեմպերն ու ընկնում բանակի մարտունակությունը, հատկապես՝ հարձակողական լայնամասշտաբ պատերազմ վարելու նկրտումների առումով: Միաժամանակ, կարող են նվազել արտերկրից ստացվող դրամական փոխանցումների հոսքերը՝ սոցիալական լարվածության և զանգվածային միգրացիայի պատճառ դառնալով, ինչը նույնպես հարվածում է երկրների անվտանգությանն ու զինված ուժերի մարտունակությանը, թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական պատերազմական գործողությունների պարագայում: Ստացվում է, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորման խնդրում ներկայում հավասարապես շահագրգիռ են բուն հակամարտող կողմերը:

Բացասման բացասում.

Ակնհայտ է, որ Հռչակագրի տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղը փաստացի դուրս է մնում կարգավորման գործընթացից: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրության բացակայությունը Հռչակագրում հետևանք է ոչ միայն արտաքին ճնշումների և Ադրբեջանի դիրքորոշման, այլ ավելի շուտ և ավելի շատ շուրջ մեկ տասնամյակ ձգված մոտեցման տրամաբանական ելքն է: Իսկապե՛ս, հայաստանյան դիվանագիտությունը չկամենալով ձեռքից բաց թողնել կարգավորման գործընթացի մենաշնորհը, վերջին տասնամյակում միանձնյա ներկայացնելով ղարաբաղյան շահերը բանակցային գործընթացում և, ըստ էության, դուրս մղելով ԼՂ լիարժեք ներկայացվածությունը բանակցությունների սեղանին, ղարաբաղյան հակամարտությունը հետևականորեն վերածեց հայ-ադրբեջանական երկկողմ հակամարտության: «Բանակցող երրորդ կողմ պետք չէ՝ բանակցողն ինքներս ենք, ԼՂ ներկայացուցիչ պետք չէ բանակցություններում՝ մեզանից լավ ո՞վ կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերն ինչպես նախկինում: Ես եմ ալֆան ու օմեգան... ու մնում եմ՝ ինձ հետ եք խոսելու... L'Artsakh, c'est moi...»: Արդյունքում տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը ԼՂ կարգավորման գործընթացում կարող է գերակայել ազգային ինքնորոշման սկզբունքի հանդեպ:

Վերջին տասնամյակում հայկական դիվանագիտությունը որդեգրել էր սկզբունքը, որ տնտեսական կապերի ամրապնդումը տարածաշրջանում կնպաստի հակամարտության կարգավորմանը, մինչդեռ հակամարտող կողմը պնդում էր, որ տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը հնարավոր է հակամարտության կարգավորման դեպքում միայն: Հատկանշական է, որ Մոսկովյան Հռչակագիրը, նշելով, որ հակամարտության կարգավորումն ու կայունության հաստատումը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բազմակողմանի համագործակցությանը ուղղակիորեն նշում է երկրորդ մոտեցումը: Միաժամանակ, Հռչակագրի հինգերորդ կետում կարգավորման ջանքերի հանդեպ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների խրախուսումը հիշատակելն ըստ էության անուղղակիորեն պաշտպանում է առաջին մոտեցումը:

Հռչակագիրը առաջին հերթին ուղղված է բացառելու ռազմական ճանապարհով հակամարտության հանգուցալուծումը և փորձում է ապագա պատերազմը բացառելու երաշխիքներ ու հակակշիռներ նշել երրորդ կետում: Այդուհանդերձ, դիվանագիտական պատերազմն ու սպառազինությունների-մարտունակության մրցավազքը շարունակվում են Հռչակագրի ստորագրման հաջորդ օրվանից՝ Հռչակագրի տարաբնույթ և հակասական մեկնաբանություններից սկսած: Իրավա՛մբ, Հռչակագրի պտուղներից առավելապես կօգտվի կողմը, որն առավել արդյունավետ կերպով կօգտագործի այն իր նպատակների և մասնավորապես քարոզչության ու PR-ի համար: Ցավալիորեն, նախկինում եղել են դեպքեր, երբ նման կարևոր հնարավորությունները չեն օգտագործվել մինչ այն պահը, երբ հնարավորությունների պատուհանը փակվել է:

Դիալեկտիկայից այն կողմ.

Հռչակագիրը հուշում է մի շարք կարևոր քայլեր: Առաջին հերթին հարկավոր է նոր թափ հաղորդել վերաբնակեցման ծրագրերին: Անհրաժեշտ է զգալիորեն ակտիվացնել ակադեմիական և տեղեկատվական հարթություններում գործունեությունը՝ կարգավորման ջանքերի հանդեպ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները խրախուսելու պատգամի շրջանակներում: Եվ առաջին հերթին անհրաժեշտ է պատշաճ կերպով ցուցադրել հայկական զենքի ուժը, բանակի մարտունակությունն ու ռազմական համագործակցությունը՝ պետականորեն տեղական և միջազգային մասնագիտական ռեսուրսներ ներգրավելու միջոցով: Անհրաժեշտ է հստակ ուրվագծել այն հեռանկարը, որ ԼՂ կարգավորւմը պետք է դառնա նախադեպ՝ հակամարտությունները բանակցային ճանապարհով կարգավորելու առումով՝ անկախ դրա համար պահանջվող ջանքերից ու ժամանակից: Սակայն ամենից առաջ հարկավոր է հարգել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ որպեսզի հարգեն ուրիշներն ու հաշվի նստեն նրանց հետ...


ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության

(ոչ պաշտոնական թարգմանություն)

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով, հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը և հեռանկարները`

  1. Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար:
  2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
  3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:
  4. Նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաև բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, և հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ:
  5. Կարևոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը:

Համառոտագիրը մշակվել է 2008թ-ի նոյեմբերի 4-ին կայացած` «Մոսկովյան հայտարարագիր. Նոր փու՞լ ԼՂ հարցում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։