ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Գնացքի մեջ թռչելու ժամանակը

28.10.2008

Դավիթն ու Գողիաթը

Զարգացած երկրներում ներդրումային միջավայրն աստիճանաբար վատթարանում է համաշխարհային ճգնաժամի հուժկու հարվածների տակ, ինչն ըստ որոշ գնահատականների կարող է տևել ավելի քան երկու տարի: Չնայած կառավարման բարձր արդյունավետությանը, տնտեսական աճը զարգացած երկրներում աննախադեպ կրճատվել է և շարունակում է կրճատվել: Այսպես, Գերմանական, Բրիտանական և Ֆրանսիական տնտեսությունների աճը 2009 թվականին ամենավարդագույն գնահատականներով չի գերազանցի 0.5 տոկոսը, իսկ Իսպանիայի ՀՆԱ-ի աճն արդեն բացասական է:

Ու թեև համաշխարհային ճգնաժամը հարվածում է նաև կառավարման համեմատաբար ցածր արդյունավետություն ունեցող զարգացող երկրների տնտեսությանը, իրավիճակը զարգացող աշխարհում անհամեմատ նվազ դրամատիկ է: Հնդկաստանի և Չինաստանի տնտեսությունները 2009-ին շարունակելու են աճել 6-ից 9-ը տոկոսի սահմաններում: Զարգացող երկրներում սպառման տեմպերը շարունակում են աճել, թիրախ ունենալով զարգացած երկրների սպառողական հասարակությունները: Համաշխարհային ճգնաժամի պայմաններում միգրացիոն գործընթացները կարծես նույնպես գործում են ի օգուտ զարգացող երկրների՝ լրացուցիչ ռեսուրսներ մղելով զարգացած երկրներից դեպի զարգացող երկրներ:

Մրցավազք արևմտյան ժառանգության համար

Կարգավորման ցածր մակարդակ ունեցող զարգացող ազատական տնտեսությունները, ուր տնտեսության հանրային հատվածը չնչին է, սոցիալական երաշխիքներն ու պետությունից սոցիալական ակնկալիքներն աննշան են, ազգային տարադրամը կայուն է, տնտեսական աճը համեմատաբար բարձր է, իսկ պետության դերը սեփականության վերաբաշխման գործում՝ էական, խիստ հրապուրիչ են դառնում արտասահմանյան ներդրողների համար:

Համաշխարհային ճգնաժամն ասես յուրահատուկ ինքնակարգավորման մեխանիզմ է՝ զարգացած և զարգացող երկրների միջև առկա ահռելի ճեղքը հարթելուն ուղղված գլոբալ ներհամակարգային գործընթաց: Պատահական չէ, որ ճգնաժամի պայմաններում զարգացող երկրները ներդրումների առումով առավել գրավիչ են և մրցունակ, քան զարգացած երկրները: Զարգացող երկրները, սակայն մրցակցությունից դուրս չեն: Նրանք մրցակցում են միմյանց հետ:

Ներդրումներ ներգրավելու գործում զարգացող երկրների միջև մրցակցությունն ընթանալու է ըստ էության հենց վերը նշված չափանիշներով: Ներդրումների համար մրցավազքում սակայն, ամենակարևորը համաշխարհային ճգնաժամի պայմաններում դառնում է կառավարման արդյունավետությունը և մրցավազքում շահելու են նրանք, ովքեր ներդրումների առավել բարենպաստ միջավայր կառաջարկեն լճացումից «փախչող» ներդրողներին:

Սուր միտք, սուր ատամներ

Ի՞նչ կարող է անել Հայաստանը նման պարագայում: Կարևոր է նախ և առաջ ճիշտ գնահատել պահի ընձեռած արտակարգ հնարավորությունները: Իհարկե՛, անհրաժեշտ է փորձել մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները՝ արձագանքման սոցիալական միջոցներով: Սակայն եթե զարգացման մեծ ներուժ կրող այս ժամանակահատվածում սխալ կողմնորոշվենք և թռիչքաձև զարգանալու փոխարեն մեր գերխնդիրը համարենք գոյատևումը, ապա կարող ենք կորցնել աննախադեպ հնարավորությունը: Մեր պատմությունը նման էջեր շատ ունի: Թերևս հաճախ սխալվել ենք՝ գոյապայքարի իրավիճակում փորձելով թռիչքաձև զարգանալ, ինչի համար խստագույն պատժվել ենք: Սակայն տնտեսության և հասարակության մրցունակության կտրուկ բարելավումը երկու իրավիճակներում էլ միայն օգտակար կարող է լինել: 21-րդ դարը Հայաստանի աննախադեպ զարգացման համար ավելի լավ հնարավորություն կարող է այլևս չառաջարկել: Մեկ այլ պատմական ճգնաժամի՝ Խորհրդային Միության փլուզուման օրերին կայացած տնտեսությունները՝ Բալթյան երկրները, Չեխիան, արդեն լավ գիտեն, թե ինչ հնարավորություններ է բացում նման ճգնաժամը սուր ատամների և մտքի համար: Միության փլատակների տակ կքած Հայաստանը, թերևս բոլոր հիմքերն ունի ճգնաժամին սև ակնոցներով նայելու համար: Սակայն կարող է և հանել ակնոցներն ու իրավիճակին նայել բաց աչքերով: Կարող է կտրուկ բարձրացնել կառավարման արդյունավետությունն ու բարելավել իր մրցունակությունը:

Գնացքը դնդաղեցրել է ընթացքը, եկել է նրա մեջ թռչելու ժամանակը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ կողմից կազմակերպված ««Եվրոպական հարևանության ծրագիրը 2 տարեկան է. առաջընթաց, մարտահրավերներ և ապագա» IV միջազգային համաժողովի քննարկումների ընթացքում: Մտքերն ու եղրահանգումները զուտ հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն կազմակերպիչների, համաժողովի մասնակիցների կամ օժանդակողների կարծիքին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական Հանձնաժողովի, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, DFID երևանյան գրասենյակների և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։