ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հօգուտ Սփյուռքի նախարարության կայացման

25.07.2008

Արդեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա

Հասել է ժամը, երբ Հայաստանի քաղաքացին պիտի թիկունք ու հենարան դառնա աշխարհի ցանկացած վայրում գտնվող իր համաքաղաքացուն և ազգակցին: Հասել է ժամը, երբ սփյուռքի յուրաքանչյուր հայ մարդ հայապահպանության, հայազարգացման և ընդհանրապես ազգային խնդիրներում իր մեջքին պիտի պետություն զգա, պետական հոգածություն զգա: Այս մասին այսօր շատ է ասվում ու գրվում, հնչեցվում ամենաբարձր ամբիոններից, քննարկվում տարբեր համաժողովներում: Խոսքից գործ անցումն էլ կարծես նշմարվում է: Հայաստանն արդեն իսկ ունի առանձին պետական ինստիտուտ, որը կոչված է կանգնելու դրսում ապրող իր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության թիկունքին, նրա կողքին, ով դրա կարիքն ունի, գործի հօգուտ համայն հայության խնդիրների լուծման: Որևէ գործընթացի ինստիտուցիոնալացումն ինքնին վատ երևույթ չէ իհարկե, սակայն ինքը՝ ինստիտուցիոնալաստեղծ գործընթացը պիտի ճիշտ լինի, այլապես էլի կհանգենք «ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ» սցենարին:

Առայժմ միայն բազմաթիվ հարցեր

Ինչպես յուրաքանչյուր ինստիտուտ, Սփյուռքի նախարարությունը ևս շուտով կունենա իր կանոնադրությունը, նպատակների ու առաքելությունների՝ ամրագված բազմաթիվ «պետք է»-ների պատկառելի ցանկը: Իսկ հարցեր այստեղ իսկապես կարող են շատ լինել:

Ինչպիսի՞ն պետք է լինի աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների միջև գործակցություն ապահովող կառույցը, որից ակնկալիքներն այնքան շատ են: Ի՞նչ նպատակներ պիտի ունենա, ինչ խնդիրներ լուծի, գործառույթներ իրականացնի ու լիազորություններ ունենա: Ի վերջո նման կառույցի թիրախը ոչ թե սփյուռքն է, կամ Հայաստանը, այլ Հայաստան-սփյուռք փոխգործակցությունը՝ ի շահ հայ մարդու:

Ինչպե՞ս պիտի հաշվի առնի նման կառույցը կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների էական տարբերությունները: Արդյոք պիտի՞ հաշվի առնվեն հատվող նպատակները, ինչպես, օրինակ, Հայաստանի եվրոպական ինտեգրման նպատակները և եվրոպական սփյուռքի խնդիրները:

Արդյոք պիտի՞ կառույցն առնչվի համահայկական և գաղթօջախների խնդիրների շուրջ լոբբիստական գործունեությանը: Արդյոք պիտի՞ գործի ժողովրդական դիվանագիտության գործիքներով, թե/կամ խնդիրներ դնի արտաքին քաղաքականության գերատեսչության առջև:

Ինչպիսի՞ն պիտի լինի նրա կառուցվածքը. տարածքայի՞ն, թե՞ մասնագիտացված:

Արդյո՞ք ոլորտային գործառույթների կառուցվածքն արտապատկերելու պարագայում «մինի կառավարության մոդելը» դատապարտված չէ այլ մարմինների հետ բազում ներինստիտուցիոնալ բախումների և անձնավորվող հարաբերությունների: Ի վերջո, նման մոդելի արդյունքում կարող է կորսվել Հայաստան-Սփյուռք գործակցության կարգավորման կարևորագույն դերը: Նոր կառույցը կարող է դառնալ պատվիրատու՝ պետական տարբեր գերատեսչությունների առջև դնելով կոնկրետ խնդիրներ: Կառույցի տարածքային ստորաբաժանումները կարող են աշխատել որպես տեղեկատվական–հաղորդակցության միջոցներ, մինչդեռ ֆունկցիոնալ ստորաբաժանումները պետք է զբաղվեն քաղաքականության մշակմամբ: Դրա համար, թերևս, հարկ կլինի հստակ տարանջատել ներքին և արտաքին գործառույթները:

Կառույցը, թերևս, կդառնա գրավիչ և առողջ հետաքրքրություն կառաջացնի, եթե թափանցիկություն ապահովի սփյուռքի համար և թափանցիկ դարձնի սփյուռքը Հայաստանի համար: Կառույցն աշխատանքի ներքին գործիքներ և սահուն ընթացակարգեր պիտի մշակի՝ ոչ մեկին չկորցնելու, ոչ մեկին դուրս չթողնելու համար: Պիտի հաշվի առնել կոնկրետ ինստիտուտների (ավանդական կառույցներ, համահայկական կառույցներ և այլն) հետ աշխատանքի մեթոդական և ընթացակարգային առանձնահատկությունները: Էական է դառնալու նաև կառույցը որակյալ մասնագիտական կադրերով ապահովելու խնդիրը:

Կառույցի աշխատանքի ուղղությունները թերևս պիտի ներառեն իրավական հարցերի շրջանակը. հայկական գաղթօջախները գտնվում են տարբեր իրավական միջավայրերում, որոնք պայմանավորված են միջազգային գործիքներով, երկկողմ և բազմակողմանի հարաբերություններով, այլ երկրներում հայկական կողմի իրավունքների պաշտպանությանը նպաստող ազգային օրենսդրությամբ և այդ երկրների միջազգային պարտավորություններով: Ի լրումն, իրավական հարցերի շրջանակը ներառում է Հայաստանում օրենսդրական կարգավորումը, մասնավորապես սահմանադրական դրույթների, երկքաղաքացիության կարգավորման, մուտքի-ելքի իրավունքի իրականացման, ռեինտեգրացման և հայրենադարձության կազմակերպման խնդիրները:

Ինչպե՞ս պետք է լուծվեն կառույցի ֆինանսական խնդիրները, և որո՞նք պիտի լինեն Հայաստանի պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերը: Որոշ ծրագրեր կարող են պահանջել ենթակառուցվածքների զարգացում, ինչպես օրինակ դեպի հայրենիք մինչև երեսուն տարեկան երիտասարդների ուխտագնացության կազմակերպումը, որը կպահանջի ճամբարների, հանրակացարանների և ենթակառուցվածքների առկայություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված կանոնավոր կապի ապահովումը Հայաստանի և սփյուռքի գաղթօջախների միջև, հեռակա ուսուցումը՝ համակարգչային ծրագրերի միջոցով, պահանջում են համապատասխան կապուղիներ, սարքավորում և մասնագիտական անձնակազմ դրանք սպասարկելու համար: «Հայկական մարդահամարի» կազմակերպումը պահանջում է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ և միասնական մեթոդիկա: Հայկական «բրենդի» ստեղծումն ու զարգացումը պահանջում են խորը ուսումնասիրություններ և վերլուծություններ, այդ թվում՝ շուկայագիտական: Սփյուռքագիտության զարգացումը ենթադրում է համապատասխան գիտակրթական ներուժի ձևավորում: Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելուն ուղղված ծրագրերն էլ ավելի բարդ են և պահանջում են ողջ կառավարության համատեղ ջանքերը:

Պատասխանի փոխարեն

Չեմ նախանձում նորաստեղծ Սփյուռքի նախարարության կայացման մշակներին, կանոնադրություն և գործունեության հայեցակարգեր գրողներին: Վերոհիշյալ «եթե»-ների ու «պիտի»-ների ցանկն այնքան երկար, իսկ սպասումներն էլ այնքան մեծ կարող են լինել, որ գործունեության համար հիմնարար այդ փաստաթղթերի մշակումը կարող է դառնալ ցավագին մի գործընթաց: Հասկանալով սա, միգուցե քաղաքացիական հասարակության ինստիտուտնե՞րը փորձեն օժանդակության ձեռք մեկնել կարևոր այս մեկնարկին: Ամեն դեպքում, թվում է, որ մյուս կողմում դռները փակ չեն:


Համառոտագիրը մշակվել է 2008թ-ի հուլիսի 25-ին կայացած` «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ներկայում. ապագա կառույցների ձևավորում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։