ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միգրացիայի կարգավորումը. Հայկական գամբիտ սկզբնախաղում

14.10.2008

Քաղաքականության Աքիլլեսյան գարշապարը

2009 թվականը, որոշակիորեն շրջադարձային է Հայաստանի զարգացման հայեցակարգային մոտեցումների առումով: Պատմականորեն առաջին անգամ պետական քաղաքականության հիմքում դրվել է ազգային անվտանգության, եվրոինտեգրման, ժամանակակից մարտահրավերների իրողությունները հաշվի առնող կայուն զարգացման հայեցակարգ: Առանձին ոլորտներում պետական քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և վերահսկողության գործառույթների իրականացումն անտարակույս տարեց-տարի բարելավվում է: Պետական քաղաքականությունը, սակայն, շարունակաբար խոցելի է մնում այն հատվածներում, ուր հիմնախնդիրների լուծումը պահանջում է մի շարք գերատեսչությունների համատեղ ջանքեր:

Ռազմավարական քաղաքականության յուղաներկը միգրացիայի կտավին

Նման իրավիճակի լավագույն օրինակը թերևս միգրացիայի կարգավորումն է: Ակնհայտ է, որ երկրի կայուն զարգացման մի շարք կարևորագույն խնդիրների լուծումները փոխկապակցված են միգրացիայի կարգավորման հետ: Այսպես, Հայաստանը որդեգրել է «բաց դռների» ներգաղթի քաղաքականություն՝ ուղղված երկրում զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների խթանմանը, տարածաշրջանի երկրների համար Հայաստանը կրթական, առողջապահական, ֆինանսական և տեղեկատվական ծառայությունների կենտրոն դարձնելուն: Արտագաղթի ընթացիկ քաղաքականության գերակայությունների սպեկտրն էլ ավելի ընդգրկուն է և կարծես հաշվի է առնում հայերի և հայաստանցիների գլոբալ շարժունակությունն ու աշխարհասփյուռ հայ համայնքների առկայությունը: Հայաստանի իշխանություններն աշխատում են դյուրացնել արտերկրում հայաստանցիների ազատ տեղաշարժը ԵՄ մուտքի կարգը պարզեցնելու շուրջ բանակցությունների միջոցով: Հայկական իրականության անբաժանելի մասը՝ աշխատանքային միգրացիան և դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները հրամայական են դարձրել «պարբերական միգրացիայի» կարգավորումը:

Յոթ դայակի երեխան՝ միաչքանի՞

Ներգաղթի և արտագաղթի արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ճանապարհին երկիրը բախվում է մի շարք մարտահրավերների: Չունենք երկրի ներքին և արտաքին միգրացիայի իրողություններն արտացոլող, ազգային շահերից ելնելող և երկրի ստանձնած պարտավորություններին համահունչ միգրացիայի կարգավորման հավասարակշռված քաղաքականություն: Ավելի՛ն, առանձին ոլորտներում վարվող պետական քաղաքականությունները, ազգային և ճյուղային ռազմավարական ծրագրերը միշտ չէ, որ արտացոլում են միգրացիոն հիմնախնդիրներն ու այս ոլորտում քաղաքականության գերակայությունները: Չունենք նաև միգրացիայի քաղաքականության մշակման, դրա համակարգման ու միջգերատեսչական համագործակցության ապահովման և վերահսկողության իրականացման համար պատասխանատու մարմին: Միգրացիոն գործակալությունը, միգրացիայի ոլորտում քաղաքականության ամբողջական և ընդհանրական մանդատ չունի: Նույնը վերաբերվում է միգրացիայի կառավարման համակարգում ընդգրկված այլ պետական կառույցներին՝ ճյուղային նախարարություններին և ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններին: Իհարկե՛, միգրացիայի կարգավորման խնդիրները ոչ թե սկսվում, այլ հանգում են միգրացիայի ամբողջական և ներդաշնակ քաղաքականության ու դրա իրականացման համար պատասխանատու միասնական մարմնի բացակայությանը: Այս ոլորտում առանձին խնդիրները շատ են ու տարատեսակ: Այսպես, վերանայման կարիք ունեն վիզաների և կացության արտոնագրերի տրամադրման չափանիշները: Միգրացիայի ոլորտում բացակայում են վավերական, արժանահավատ և սպառիչ համալիր տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգերը, իսկ տեղեկատվության կառավարման գործող համակարգերը պատշաճ փոխկապակցված չեն: Չունենք աշխատանքի ընդունվելու կամ սեփական գործ սկսելու նպատակով երկիր մուտք գործել ցանկացողներին վիզա տրամադրելու հստակ ընթացակարգեր: Հստակ չեն նաև մուտքի հետ կապված պահանջները, վիզայի տրամադրման մերժման հիմքերը: Դեռևս չունենք կացության արտոնագրերի հետ կապակցված աշխատանքի արտոնագրերի համակարգ: Ապօրինաբար երկրի սահմանները հատած և ներգաղթի կանոնները խախտած օտարերկրացիներին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ սահմանված չէ, չունենք նման օրինախախտ օտարերկրացիների կալանման հատուկ կացարաններ, իսկ հանձնման և արտաքսման կանոնները հստակ չեն: Օրակարգային է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների պաշտպանության խնդիրը: Պատշաճ կերպով կարգավորված չէ ՀՀ քաղաքացիներին արտերկրում աշխատանքի հավաքագրող գործակալությունների գործունեությունը: Հրատապ են թե՛ կամովի, թե՛ հարկադրաբար Հայաստան վերադարձողների ընդունման ու վերաինտեգրման, արտագաղթի կասեցման ու կանխման խնդիրները: Անելիքները շատ են, անողները նույնպես, ուրեմն ինչու՞մն է բանը...

Կաթը, ստնտուն և մանկական մահացությունը...

Բանը թերևս այն է, որ միգրացիան, թերևս հավուր պատշաճի ճանաչված չէ որպես անվտանգության և ռազմավարական բնույթի խնդիր: Շրջանը փակվում է: Միգրացիայի կարգավորման բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրների լուծումը հանգում է այս ոլորտում միասնական ու ամբողջական քաղաքականության սահմանմանն ու դրա իրականացման համար ամուր ինստիտւցիոնալ նախապայմանների ստեղծմանը: Այսպես, հարկ է սահմանել միգրացիայի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակներն ու ակնկալվող արդյունքները, քաղաքականության իրականացման հիմնական միջոցներն ու ուղղությունները, ինչպես նաև ծրագրային միջոցառումներն ու դրանց մոնիտորինգի համակարգը: Սա ժամանակի հրամայականն է և սրան այլընտրանք չկա: Իհարկե՛, միգրացիայի կարգավորման ակադեմիական բովանդակությունը վերաբերվում է հենց ներգաղթի կարգավորմանը, սակայն Հայաստանի նման միգրացիոն մեծ հոսքեր ունեցող երկրի համար կարևորը միգրացիայի երկու բաղադրիչների հավասարակշռված համադրումն է միասնական պետական քաղաքականության շրջանակներում: Ասելը հեշտ է, համադրելը՝ դժվար: Մի բան հաստատ է. ներգաղթի կարգավորման պետական քաղաքականությունը չի կարող հակասել արտագաղթի կարգավորման քաղաքականությանը: Ավելի՛ն, դրանք պիտի համահունչ լինեն սփյուռքի հետ գործակցության պետական քաղաքականությանը, իսկ որ ավելի կարևոր է՝ երկրի կայուն զարգացման գերակայություններին և անվտանգության ռազմավարության սկբունքներին, որպես անկյունաքարեր: Այս ոլորտում օրենսդրական կարգավորումն անհրաժեշտ է ներդաշնակեցնել ԵՄ օրենսդրությանն ու եվրահարևանության պարտավորություններին: Բայց արի ու տես, որ ԵՄ երկրների միգրացիոն քաղաքականության մոդելները Հայաստանի համար կարծես կիրառելի են որոշակի վերապահումներով միայն: Այլ խոսքով, «եվրոպական ոջիլը» «մեր ձկան» վրա այնքան էլ լավ չի հարմարվում: Մինչդեռ օգտակար կարող է լինել միգրացիոն հոսքերի առավել հավասարակշռված հաշվեկշռով երկրների ժամանակակից փորձը: Քաղաքականության այլընտրանքները և խնդիրները բազում են: Սակայն անվիճելի է, որ միգրացիայի ոլորտում կարգավորել պետք է ոչ թե այն, ինչը հնարավոր է, այլ այն՝ ինչը հարկավոր է...

Հրատապ է նաև ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը: Հարկ է հստակ տարանջատել միգրացիայի ոլորտում գործառույթները, սահմանել յուրաքանչյուր գերատեսչության պատասխանատվության շրջանակները և ներդնել միջգերատեսչական համակարգումն ու համագործակցությունը, նաև տեղեկատվության հոսքերի կառավարման միասնական ընթացակարգեր: Վաղուց հասունացել է միգրացիայի ոլորտում մասնագիտական պատշաճ իրավասություններով և լիազորություններով օժտված քաղաքացիական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: Մարմին, որը պիտի ունենա կացության արտոնագրերի ժամկետներն երկարացնելու և կացության վերաբերյալ այլ հարցեր լուծելու, այդ թվում՝ ապաստան տրամադրելու դիմումներն ուսումնասիրելու իրավասություն, կրի օտարերկրացիների անօրինական կացությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու պատասխանատվություն, ունենա օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տալու և օտարերկրացիների կողմից կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերի ռեեստր վարելու լիազորություններ և այսպես շարունակ...

Գործընթացի սկիզբն արդեն ուշացել է: Վերջը չպե՛տք է ուշանա...


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը ծրագրի շրջանակներում 2008թ-ի հոկտեմբերի 14-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։