ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ծխախոտի հարկերի բարձրացումը և ստվերային տնտեսությունը

24.03.2007

Ծխախոտի հարկերի բարձրացման հրամայականը

Ցանկացած երկրի (անկախ դրանում առկա եկամուտների մակարդակից) փորձը վկայում է, որ ակցիազային հարկի ավելացման ճանապարհով ծխախոտի գների բարձրացումն ամենաարդյունավետ միջոցն է` ստիպելու ծխողներին հրաժարվել մահաբեր այդ սովորույթից, ինչպես նաև կանխելու ծխողների բանակն սկսնակներով համալրելու գործընթացը: Հակածխախոտային պայքարի առաջամարտիկ համարվող երկրներում վաղուց արդեն հարկերի բարձրացման ճանապարհով ծխախոտի գների աստիճանական ավելացումը դարձել է ոլորտում իրականացվող պետական երկարաժամկետ քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:

2000-2004թթ. ընթացքում Եվրամիության 25 երկրներում ծխախոտի իրական գներն աճել են միջինը մոտ 30 տոկոսով, այն դեպքում, երբ բնակչության իրական եկամուտների աճը կազմել է 13.5 տոկոս: Այսինքն եկամուտների աճի համեմատ ծխախոտը թանկացել է առաջանցիկ տեմպերով, ինչը լիովին տեղավորվում է բնակչության առողջության պահպանմանն ուղղված արդյունավետ քաղաքականության տրամաբանության շրջանակներում:

Հայաստանում պատկերը հակառակն է: Միայն 2000-2004թթ. ժամանակահատվածում ծխախոտի միջին իրական գները Հայաստանում ավելի քան 21 տոկոսով անկում են ապրել այն պայմաններում, երբ բնակչության իրական եկամուտները նույն ժամանակահատվածում աճել են ավելի քան 56 տոկոսով: Իբրև միտում, սա հակառակ է եվրոպականին: Եվրոպական Միությունում ծխախոտը տարեց տարի ավելի անհասանելի է դառնում բնակչության, հատկապես դրա առավել խոցելի խմբերի համար, իսկ Հայաստանում ճիշտ հակառակը` մահաբեր ապրանքն ավելի ու ավելի մատչելի է դառնում բոլորի, այդ թվում՝ հատկապես աղքատների, երիտասարդների ու երեխաների համար:

Ծխախոտի միջին իրական գների և բնակչության իրական եկամուտների փոփոխությունը հինգ տարվա ընթացքում, Եվրամիության երկրների միջինը և Հայաստան, 2000-2004թթ

Google Chart

Աղբյուրը. Եվրամիության երկրների համար` Եվրոստատ epp.eurostat.cec.eu.int, Հայաստանի համար` ՀՀ ԱՎԾ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» 2004, 2005

Տեսության և այլ երկրների փորձի հիման վրա կատարված հաշվարկները (1) վկայում են, որ 1000 հատիկ ծխախոտից այսօր Հայաստանում հարկվող 5000 դրամ հարկի դրույքաչափն առնվազն 10000 դրամի հասցնելն (հարկադրույքի կրկնապատկումը) այն նվազագույն անհրաժեշտ քայլն է, որ թույլ կտա, ավելացնելով պետբյուջեի եկամուտները, քայլ անել դեպի հանրային առողջությանն ուղղված ավելի արդյունավետ քաղաքականություն:

Ստվերի մեծացման «հակափաստարկի» մասին

Քաղաքականություն մշակողները պրագմատիկ են ողջ աշխարհում, նրանք այդպիսին են և Հայաստանում: Փորձագիտական մակարդակով քննարկումները հարկային քաղաքականությունը մշակող տարբեր աստիճանի պաշտոնյաների հետ, ընդհանուր առմամբ, դրականորեն են ընդունվում վերջինների կողմից: Նրանք, որպես կանոն, ըմբռնումով են արձագանքում հարկերի բարձրացման ճանապարհով ծխելու արատավոր սովորության դեմ պայքարելու անհրաժեշտության գաղափարին, ընդունում են բոլոր այն հաշվարկները, համաձայն որոնց հարկերի բարձրացումը, հանգեցնելով այդ արտադրատեսակի սպառման կրճատմանը, կբերի նաև պետբյուջեի եկամուտների աճի: Սակայն ցանկացած այսօրինակ խոսակցություն ավարտվում է «անբեկանելի» պնդմամբ՝ ստվերը կաճի...

Այո, ծխախոտը համեղ պատառ է ստվերային գործունեության տեսակյունից: Ծխախոտի ստվերային շրջանառություն գոյություն ունի ամենուր, գոյություն ունի և Հայաստանում: Ըստ փորձագիտական գնահատումների, ներկայում ծխախոտի ստվերային շրջանառությունը մեր երկրում կազմում է այդօրինակ արտադրանքի ընդհանուր սպառման մոտ 15 տոկոսը:(2) Որ հարկերի բարձրացումը կարող է հանգեցնել ծխախոտի չհարկվող շրջանառության ծավալների ավելացման, փաստ է: Սակայն փորձենք հասկանալ, ինչ է իրականում նշանակում այդ «կարող է»-ն:

Նախ հարկ է նշել, որ ծխախոտի հարկման ու ստվերային շրջանառության կապին առնչվող բազմաթիվ վերլուծությունները, (3)որ արվել են աշխարհի տարբեր երկրների էմպիրիկ տվյալների հիման վրա, հանգում են միևնույն եզրակացության. ցանկացած դեպքում (հաշվի առվելով թե՛ սպառման կրճատումը և թե՛ ստվերի ավելացումը) ծխախոտի հարկերի բարձրացման հետևանքով բյուջետային եկամուտներն անխուսափելիորեն ավելանում են:

Միևնույն ժամանակ պիտի շեշտել, որ ՀՀ 2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման հրամայականն ամրագրում է իբրև գալիք տարիների պետական քաղաքականության գերակայություն: Սա նշանակում է ամենօրյա հետևողական աշխատանք, որ կոչված է ապահովել հարկային քաղաքականության միջոցով տարբեր ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետությունը: Այստեղ հարկ է պարզապես չխառնել պատճառահետևանքային կապի տրամաբանությունը. հարկային քաղաքականությունը չի կարող մշակվել ստվերի դեմ պայքարի ռազմավարությունից ելնելով, այլ ճիշտ հակառակը, իսկ հարկային քաղաքականության միջոցով պետությունն իրականացնում է իր քաղաքականությունն այս կամ այն բնագավառում:

Վերոհիշյալը վկայում է այն մասին, որ ծխախոտի հարկերի բարձրացումը պիտի դիտարկել իբրև պետական ռազմավարության հանրային առողջության ոլորտում, կարևորագույն մի մոտեցում, որը ոչ միայն թույլ կտա փրկել հազարավոր մարդկային կյանքեր, այլև որդեգրված մոտեցումների տեսանկյունից կմտցնի մեր երկիրը մարդուն և մարդկային կյանքին ուղղված պետական քաղաքականության տեսանկյունից քաղաքակիրթ համարվող երկրների շարքը:

 

1 «Ինչու և ինչքան բարձրացնել ծխախոտի հարկերը Հայաստանում», Մարդկային զարգացման միջազգային կենտրոն http://www.ichd.org/files/pdf/TobTax2.pdf
2 Amirjanyan P.,Tobacco Smuggling in Armenia, 2006.  http://www.policy.hu/amirjanyan/paper.htm
3 Օրինակ՝ Merriman D., Yurekli A. and Chaloupka F.J. How big is the worldwide cigarette smuggling problem? www1.worldbank.org/tobacco/tcdc/365TO392.PDF

This paper is elaborated based on the opinions passed by the participants of the discussion “Tobacco Smuggling in Armenia”. It was organized by ICHD on March 23, 2007. The round table was attended by businesspeople, independent analysts and government officials. The round table was organized by the support of Open Society Institute Assistance Foundation - Armenia.

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։