ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական անվտանգության համակարգի փոխակերպման ազդեցությունը կովկասյան հակամարտությունների վրա

24.08.2008

Եվրոպական անվտանգության համակարգը

Շուրջ երեք ու կես տասնամյակ առաջ Սառը պատերազմի ահագնացող մարտահրավերների տակ ճկված Եվրոպան կարծես թե գտավ եվրոպական կայունության ու անվտանգության բանալին: 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտն իրավամբ լիցքաթափեց գերլարվածությունը երկբևեռ աշխարհում, որոշակիորեն հավասարակշռելով տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, թերևս ամրագրելով երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային պետության տարածքային ձեռքբերումներն ու գլոբալ ուժի կենտրոնների ազդեցության ոլորտները, և ամենակարևորը՝ ամրագրելով բացառապես խաղաղ ճանապարհով պետական սահմանների փոփոխության հնարավորությունը: Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովում երեսունհինգ պետությունների կողմից հնչեցված տասը պատվիրանները՝ «Դեկալոգի» սկզբունքները, սառը պատերազմի փոթորկոտ տարիներին դարձան եվրոպական անվտանգության խարիսխը, իսկ ԵԱՀԿ-ն դարձավ երկխոսության եզակի տարածաշրջանային հանգրվան, ուր հավասար իրավունքներով կողք-կողքի կառանեցին աշխարհի հզորներն ու համեստները՝ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ:

1992թ. հունվարին նորանկախ Հայաստանը դարձավ եվրոպական անվտանգության համակարգի կարևորագույն այս կառույցի անդամը, նույն թվի ապրիլին ստորագրեց Հանուն Նոր Եվրոպայի Փարիզյան Խարտիան, իսկ հուլիսին՝ նաև հելսինկյան «տասը պատվիրանները»: Յոթը տարի անց՝ 1999-ին, Հայաստանը ստորագրեց նաև Եվրոպական անվտանգության խարտիան, կրելով եվրոպական անվտանգության համակարգի համար պատասխանատվության բեռի ի մասը:

Շախ՝ հին համակարգին

Եվրոպական անվտանգության ներկա համակարգը թերևս ի վիճակի լիներ «գլուխ հանել» նախորդ երկու տասնամյակներում ձևավորված մարտահրավերներից, եթե դրանց աճը լիներ սոսկ քանակական: Ավա՛ղ, փոխվել է ոչ միայն հակամարտությունների ու անվտանգության մարտահրավերների քարտեզը: Փոխվել է դրանց դինամիկան: Փոխվել է էականորեն: Այսպես, դեռևս 1992-95թթ. բացառապես տեղային բնույթ կրող հակամարտությունները վերածվել են եվրոպական, անգամ՝ համաշխարհային մարտահրավերների: Սա ապացուցեց 2009-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, ի ցույց դնելով աշխարհի կորած անկյունում սրված հակամարտության ներուժը՝ հաշված օրերի ընթացքում համաշխարհային ճգնաժամի, եթե ոչ՝ աղետի, վերածվելու վտանգը: Գաղտնիք չէ, որ համաեվրոպական ու համաշխարհային ճգնաժամի կարող է հանգեցնել նաև բռնի ուժով ԼՂ հակամարտության լուծման յուրքանչյուր փորձ: Գաղտնիք չէ, նաև որ տարածաշրջանային հակամարտությունները փականի դեր են կատարում էներգակրերի տարանցիկ ենթակառուցվածքների վրա ազդեցության առումով: Ռուս-ուկրաինական «գազային պատերազմները» բացահայտեցին եվրոպական անվտանգության կարևորագույն էներգետիկ բաղադրիչի խոցելիությունը: Իրավամբ, փոխվել է հակամարտությունների դինամիկան և փոխվել է դրանց վտանգավորությունը Եվրոպայի համար: Յուրաքանչյուր չնչին տատանում ի վիճակի է ապակայունացնել եվրոպական անվտանգության ներկա համակարգը: Յուրաքանչյուր մարտահրավերի կամ էպիզոդի ժամանակավոր լուծում կամ լիցքաթափում սոսկ ապացուցում է եվրոպական անվտանգության ներկա համակարգի սնանկությունն ու անհուսալիությունը:

Նոր սկզբունքներ, նոր քարտեզին

Եվրոպական անվտանգության նոր համակարգի անհրաժեշտությունը ընկալում են բոլորը: Սակայն դրա ձևավորման շուրջ երկխոսությունը ծավալվել է վերջերս միայն: 2009թ. հունիսին մեկնարկած «Կորֆուի գործընթացը» ուղղված է ձևավորելու եվրոպական անվտանգության համակարգի ապագան՝ աշխարհի երկբևեռ մոդելի փոփոխությունից և նոր մարտահրավերների առաջացումից հետո: Անվտանգության վերաբերյալ բաց, հեռահար, ընդգրկուն ու մասնակցային երկխոսության անհրաժեշտությունը կարծես թե սկսում է նյութականանալ: Մի բան արդեն միանշանակ է. եվրոպական անվտանգության նոր համակարգի ձևավորումը անվերապահորեն պահանջելու է ազդեցության համաշխարհային կենտրոնների շահերի համաձայնեցում հերթական անգամ:

Հյուսիսային ճառագայթ

Եվրոպական անվտանգության նոր համակարգի ձևավորման սկզբունքների վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները կարծես թե հնչեցվել են: Ուրվագծվում է եվրոանտլանտյան միասնական անվտանգության մի համակարգ, ուր ավանդականորեն պաշտպանված են երկրների միջև հարաբերությունների ձևավորված կանոնները, սպառազինությունները վերահսկվում են, ամրագրված են հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև անվտանգության նոր մարտահրավերների՝ ահաբեկչություն, զանգվածային ոչնչացման զենքի տարածում և այլ խնդիրներ, դեմ պայքարի սկզբունքները: Եթե երկրների միջև ֆորմալ հարաբերությունների առկա կանոնները որևէ մեկը չի վիճարկում, իսկ սպառազինությունների վերահսկման գործում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համագործակցում են անմիջականորեն, ապա հակամարտությունների կարգավորման նոր սկզբունքները, ըստ էության, հնարավորություն են ընձեռում վերաձևելու ազդեցության գոտիների քարտեզը եվրոպական տարածաշրջանում: Եվ ոչ միայն այստեղ:

Agir?

Անվտանգության մարտահրավերները գիտենալն ու դրանց վտանգավորությունն ու դինամիկան ընկալելը, ցավոք միշտ չէ, որ հանգեցնում են համարժեք պատասխանի՝ միջազգային հանրության և երկրների քաղաքական ղեկավարության կողմից: Գրիպի գալիք համաճարակի անխուսափելիությունն ու աշխարհի համար դրա մահաբերությունը չի վիճակում որևէ համաճարակաբան: Ընդ որում համաճարակը կարող է բռնկել յուրաքանչյուր առավոտ: Այդուհանդերձ, երկրների արձագանքը այս կանխատեսելի արհավիրքին դեռևս համարժեք չէ: Ցավոք, հակամարտությունների դինամիզմի ապոկալիպտիկ բնույթը նույնպես դեռևս չի նշանակում, որ եվրոպական անվտանգության մարտահրավերներին արձագանքը լինելու է համարժեք և ժամանակին:

“А Польша?”

Ակնհայտ է, որ եվրոպական անվտանգության նոր համակարգի ձևավորման գործընթացում պիտի ներգրավվեն բոլոր շահագրգիռ պետությունները: Սակայն առայժմ պարզ չէ, թե ինչ ձևաչափով պիտի լսելի լինի դեռևս չճանաչված (ԼՂՀ, Մերձդնեստրյան հանրապետություն) կամ մասնակիորեն ճանաչված (Աբխազիա, Հարավային Օսեթիա, Հյուսիսային Կիպրոս, Կոսովո) երկրների ձայնը: Եվ պիտի լսելի լինի՞ ընդհանրապես: Պիտի մասնակցե՞ն նրանք գործընթացին, թե՞ նրանց ճակատագիրը կախված է լինելու իրենց շահերը ներկայացնողների հնարավորություններից: Երկրորդ պարագայում դժվար թե հնարավոր լինի «ականազերծել» եվրոպական տարածաշրջանը առկա հակամարտություններից ու դրանց վտանգներից: Սա է վկայում Եվրոպայի վերջին երեք հարյուրամյակների ողջ պատմությունը: Գործընթացը պիտի լինի հեռահար, այլապես մեկ կամ երկու տասնամյակ անց կրկին արդիական կդառնա այն վերանայելու խնդիրը: Գործընթացը պիտի հիմնվի փոխհամաձայնության վրա: Եթե այդ հնարավոր էր փոթորկոտ 1975-ին, ուրեմն պիտի հնարավոր լինի նաև այժմ: Այնուամենայնիվ, ժողովրդական իմաստությունը պնդում է, որ սատանան մանրուքներում է:

Կովկասյան փորձաքար

Մեզ ու մեր կովկասյան հարևանների համար եվրոպական անվտանգության նոր համակարգի ձևավորման գործընթացում թերևս ամենակարևորը հակամարտությունների կարգավորման սկզբունքների հաստատումն է: Այս առընչությամբ մոտեցումները տարբեր են: Կամ Կովկասում առկա հակամարտությունները պիտի լուծել անվտանգության նոր համակարգի ձևավորումից հետ՝ դրանց «հարկադիր կատարմամբ»: Կամ կարելի է ենթադրել, որ Կովկասում հակամարտությունների կարգավորումը պահանջում է առանձին երկխոսություն: Մի բան միանշանակ է. ինչպիսին էլ լինեն այդ սկզբունքները, դժվար թե դրանք հնարավոր լինի ստիպողաբար փաթաթել տարածաշրջանի երկրների վզին, եթե դրանք մշակվել են առանց տարածաշրջանի ժողովուրդների մասնակցության: Ավելի՛ն, կովկասյան հակամարտությունները անվտանգության համակարգի նոր սկզբունքների համար փորձաքար են դառնալու: Սա թերևս անակնկալ չէ պատմության համար: Հենց կովկասում ծագած հակամարտությունները դարձան այն փորձաքարը, որի վրա սայթաքեցին հակամարտությունները կարգավորելու անընդունակ խորհրդային քաղաքական համակարգի բարեփոխումները շուրջ երկու տասնամյակ առաջ:

Ղարաբաղյան քննություններ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը կարող է ներառել եվրոպական անվտանգության շուրջ առավել լայն քննարկումներ, այդ թվում՝ կովկասյան հակամարտություններն ընդհանրապես: Իհարկե՛, կովկասյան հակամարտությունների լուծումը կարող է նաև սառեցվել՝ մինչև եվրոպական անվտանգության նոր սկզբունքների համաձայնեցումը, ապա նաև՝ դրանց հարկադիր կիրառումը: Այդուհանդերձ, ԼՂ հակամարտության հարկադիր կարգավորման յուրաքանչյուր փորձ դատապարտվել տապալման: Ավելին, ԼՂ հակամարտության հարկադիր լուծում պարտադրած անվտանգության համակարգերն իրենք են փլուզվել ժամանակի ընթացքում, իսկ անվտանգության սեփական սկզբունքները Կովկասին պարտադրող գերտերությունը՝ հակամարտությունների կարգավորման քննությունը չբռնելով, այստեղ սայթաքել է և անցել պատմության գիրկը:

...”help oft shall come from the hands of the weak when the Wise falter”

Պատմությունը հաճախ է անակնկալներ մատուցում: Եթե երկու դար առաջ ազերիին հարցնեին, թե ո՞վ է նրա ամենամեծ թշնամին, պատասխանը կլիներ միանշանակ՝ օսմանցի թուրքը, ում դեմ նա կառվում էր հայի հետ կողք-կողքի: Վերջին երկու հարյուր տարիներին նախնիների ինքնության հայելային փոփոխության արդյունքում, մեր հարևանների համար օսմանցի թուրքերի ժառանգները լավագույն բարեկամներն են, իսկ նախնիների զինակից հայը՝ ոխերիմ թշնամին: Այսպիսին են պատմության անակնկալները: Սակայն, ազերիների ինքնության փոխակերպումները չեն դադարել: Եվրոպական ինքնության մագնիսը կարող է շրջել ադրբեջանցու ինքնության բևեռները, և թերևս զարմանալի չի լինի, եթե կես դար անց ադրբեջանցու ընկալմամբ լավագույն բարեկամն ու զինակիցը, ասենք քրդական վտանգի դեմ, լինի հայը: Չէ՞ որ 1920-ից հետո գրեթե անփոփոխ թուրքական ինքնության վրա եվրոպական ալմաստն արդեն իսկ հետքեր է թողնում: Եվրոպական անվտանգության նոր համակարգի հզորագույն բաղադրիչը թերևս ոչ թե միլիոնանոց բանակներն ու միջուկային զինանոցն են, այլ դրանք ուղղորդողների շահերն ու արժեքները: Եվրոպական ինքնությունն այն արևն է, որի ջերմությունը ստիպում է իր կողմը շրջվել ոչ միայն արևածաղկին, այլև հզոր կաղնուն: Համոզված ենք, որ Եվրոպական արժեքների տարածման ու հակամարտող ժողովուրդների ինքնության եվրոպականացման զինանոցը ոչ միայն չի սպառվել, այլև ինչպես հարկն է դեռևս չի էլ ուսումնասիրվել: Դրա անկյուններում թաքնված են ապագայի անակնկալներն ու եվրոպական անվտանգության ապագա երաշխիքները: Ուրեմն ինչու՞ չարագացնել գործընթացը:


Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի օգոստոսի 24-ին կայացած` «Եվրոպական անվտանգությունը և մարտահրավերները Հարավային Կովկասում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։