ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական կառույցների դերը Լեռնային Ղարաբաղի զարգացման գործընթացում

25.11.2009

Մոխրոտիկը պարահանդեսում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եվրոպական կառույցները ներգրավված են թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ ձևաչափերով նախաձեռնություններում: Բազմակողմ հիմնական դերակատարներ են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությունը (ԵՄ), Եվրոպայի Խորհրդի տարբեր կառույցները: Պաշտոնական մակարդակում եվրոպական կառույցների ներգրավումը հիմնականում ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունների ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, հակամարտության և դրա կարգավորման շուրջ ԵԽ ընդունած փաստաթղթերը և այլն: ԼՂՀ-ում նաև մի շարք եվրոպական ծրագրեր են իրականացվել քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավմամբ: ԵՄ դերի հետագա ընդլայնումը մեր տարածաշրջանում, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անվիճելի է: Ընդ որում, եթե ԵՄ-ն քաղաքական առումով «դանդաղաշարժ» է՝ քսանյոթ անդամ-երկրները բնավ հեշտությամբ չեն գալիս համաձայնության, ապա ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացման քաղաքական լուծումները հաճախ տալիս է երրորդ՝ իրականացնող, կողմը: Երկկողմ ձևաչափում առանձնանում են քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավմամբ բրիտանական ծրագրերը և այլն: Այդուհանդերձ, մասնագետների կարծիքով ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի ձայնը «եվրոականջի» համար լսելի չէ, ինչի բացասական ազդեցությունը պարզաբանման կարիք չունի: Անհրաժե՞շտ է արդյոք միջազգային, մասնավորապես՝ եվրոպական, նախաձեռնություններում ԼՂՀ իշխանությունների և հասարակության մասնակցության ընդլայնումը: Միանշանակորեն՝ այո՛: Նման դիրքորոշման այլընտրանքը Եվրոպայի համար անընկալելի «սեփական ուղու» փնտրտուքներում մոլորված ԼՂՀ իշխանության և հասարակության մեկուսացումն ու լուսանցքայնացումն է:

Հայացք Բրյուսելից

Իսկ ինչպես են ընկալում եվրոպական կառույցները սեփական դերակատարումը ԼՂՀ-ում և ինչպիսին է մեր պատկերացումը այդ դերակատարման մասին: Հայեցակարգային առումով պիտի կարևորենք եվրոպական կառույցների աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական սկզբունքների հաստատմանը ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ աջակցությունը չճանաչված պետություններին: ԼՂՀ պետականության ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտի ԼՂՀ-ում ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված միջազգային աջակցության տրամադրմանը: Ընդհակառակը, ԼՂՀ հետագա ժողովրդավարացումը, քաղաքացիական հասարակության ամրապնդումը և տարածաշրջանային ինտեգրումն անվիճելիորեն կնպաստեն ԼՂ հակամարտության նպաստավոր կարգավորման գործընթացին: Ժողովրդավարության ամրապնդման եվրոպական տարբեր նախաձեռնությունները չպետք է շրջանցեն ԼՂՀ-ն: Ավելի՛ն, պետք է ընդունել, որ ԼՂՀ-ն շրջանցող յուրաքանչյուր տարածաշրջանային ծրագիր յուրովի խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հայացք Երևանից

Ազգային շահերի տեսանկյունից անվիճելի է, որ ԼՂՀ-ում ժողովրդավարության մակարդակը պիտի առաջանցիկ զարգանա: Նման զարգացումը եվրոպական քաղաքակրթության արժեքային համակարգում  լիարժեքորեն արդարացնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայությունը տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Մինչդեռ ԼՂՀ-ում քաղաքական այլակարծությունը մնում է թերզարգացած, մամուլի և քաղաքացիական հասարակության կառույցների կարողություններն ակամա սահմանափակում են հասարակության արտահայտվելու ազատության լիարժեք իրացման հնարավորությունները: Նման իրավիճակը պայմանավորված է ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման անհանդուրժելի ցածր մակարդակով և Ադրբեջանում ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի հետ անհարկի համեմատությամբ: Կարծես թե, Ադրբեջանի ընդամենը մեկ քայլ ետ մնալու փաստը բավարարում է իշխանություններին:

Հայացք Ստեփանակերտից

Իհարկե՛, միշտ չէ, որ եվրոպական կառույցների դերակատարման մասին մեր և հենց նույն կառույցների պատկերացումները համընկնում են: Այսպես, մասնագետների կարծիքով, առանձին ծրագրեր ընթանում են հակամարտությունների կարգավորման գործընթացում «համայնքային» անհարկի մոտեցման տրամաբանությամբ: Ինչի՞ արդյունք է սա. հեղինակավոր կառույցների կողմից անլուրջ վերաբերմունքի՞, կանխամտածված «ադրբեջանամետ» գի՞ծ է, որի ականջների ետևից երևում են նավթային շահերը: Թերևս՝ ոչ: Նման իրավիճակի համար, որքան էլ հակասական հնչի, առաջին հերթին պատասխանատու ենք ինքներս: Ավելի ճիշտ, վերջին տասնամյակում այս ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականության բացակայությունը: Նախ, կարգավորման գործընթացի Երևանի իներցիոն գործելաոճի արդյունքում ԼՂՀ իշխանություններն ու հասարակությունը էականորեն դուրս են մնացել գործընթացից և հայտնվել դրա լուսանցքում: Երկրորդ, «բազմակարծության սահմանը գծում է ազգային անվտանգության գերակայությունը» մոտեցումը շահարկելու, «ով և ինչպես է սահմանում այդ գերակայությունը» հարցը մոռացության մատնելու արդյունքում ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցներն էլ իրենց հերթին են հայտնվել քաղաքականության լուսանցքում: Երրորդ, ԼՂՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև թույլ համագործակցության արդյունքում, վերջինների հետ միջազգային կառույցների յուրաքանչյուր նախաձեռնություն ընկալվում է վերապահումով, հաճախ՝ պիտակավորվում «քայքայիչ-թշնամական», երբեմն՝ «վհուկների որսի» տրամաբանությամբ: Արդյունքում տարակուսում ենք, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություններում մեր ձայնը լսելի չէ: Նպաստավո՞ր է արդյոք առկա իրավիճակը եվրոպական նախաձեռնություններում ԼՂՀ մասնակցության և ներգրավման համար: Ակնհայտորեն՝ ո՛չ: Անհրաժե՞շտ է բարելավել հարաբերությունները, փոխել մոտեցումներն ու պրակտիկան: Աներկբայորեն՝ այո՛: Ո՞վ է պատասխանատու փոփոխությունների համար: Թերևս, ՀՀ պետական և քաղաքացիական հասարակության կառույցները:

Կրակե բանալին

Ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է շարժել մեռյալ կետից: Իհարկե՛, քաղաքացիական հասարակության զարգացման աջակցության յուրաքանչյուր նախաձեռնություն երկու ծայր ունեցող ձող է: Սակայն այն գետնին չպետք է մնա, քանի որ ԼՂ պետության անկախ կարգավիճակի և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման կողպեքի բանալին հնարավոր է կռել միայն այս ձողից: Մենք չվերցնենք գետնից՝ վերցնելու են օտարները: Մենք՝ հայաստանյան պետական և քաղաքացիական հասարակության կառույցները չզարգացնենք քաղաքացիական հասարակությունը ԼՂՀ-ում, զարգացնելու են երրորդ պետություններն ու կառույցները: Մենք մեզնով չզբաղվենք՝ ուրիշներն են զբաղվելու մեզնով: Անհրաժեշտ է օժանդակել ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցներին, մի կողմից՝ ամրապնդել դրանց և ԼՂՀ պետական կառույցների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը, մյուս կողմից՝ զարգացնել Հայաստանի և ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցների ինտեգրումը:

Ապաշրջափակման պահը

Հեծանիվ հնարելու կարիք չկա: Հարկավոր է թերևս ամփոփել Հայաստանում վերջին մեկուկես տասնամյակում իրականացված քաղաքացիական հասարակության զարգացման բազմաթիվ ծրագրերի դասերը, անհաջողություններն ու ձեռքբերումները և սեփական նախաձեռնությամբ հանդես գալ ԼՂՀ-ում: Իրավա՛մբ, օգնելու հերթը մերն է: Անհրաժեշտ է ՀՀ պետական բյուջեում միջոցներ նախատեսել ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցների, այդ թվում՝ լրատվամիջոցների զարգացման, ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող տեղական հասարակական կազմակերպությունների համագործակցության, ԼՂՀ-ում Էլեկտրոնային հասարակության ձևավորման համար: Հայաստան հիմնադրամի 2010 դրամահավաքի գերակայությունների թվում հարկ է ներառել ԼՂՀ քաղաքացիական հասարակության զարգացման գերակայությունը: Այս գործին հարկ է լծել սփյուռքի կառույցներին: Ավելի՛ն, դրանք պիտի մասնակցեն ԼՂՀ-ում ԵՄ նախաձեռնությունների իրականացման մրցույթներին: Անհրաժեշտ է խրախուսել ԼՂՀ-ում հեղինակավոր միջազգային կառույցների կողմից իրականացվող գնահատման ուսումնասիրությունները (օրինակ՝ Համաշխարհային բանկի կառավարման ցուցիչների մեթոդաբանության կիրառում և այլն): Անգամ եթե նման հետազոտությունները հաճախ քաղաքականացված են, դրանց իրականացումն արդեն իսկ արդյունք է: Ի վերջո, Եվրոպան թվում է պատրաստ է «ապաշրջափակել» Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու բացել քաղաքացիական հասարակության սահմանը: Խոսքը մերն է:


Համառոտագիրը մշակվել է 2009.թ-ի նոյեմբերի 25-ին կայացած` «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Եվրոպան» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։