ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության օրենսդրական կարգավորման մարտահրավերները

08.12.2009

Երբ շալվարն արդեն սեղմում է

Քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության կարգավորման օրենսդրական դաշտը Հայաստանում ձևավորվել է մարդու և քաղաքացու՝ միավորումներ կազմելու իրավունքի իրականացման ձևերի ու հիմնախնդիրների զարգացմանը համաքայլ: Իրավամբ, միավորվելու իրավունքն իրականացնելու համար  մեր անձինք տարիների ընթացքում ավելի ու ավելի տարատեսակ, բարդ ու խորը ձևաչափեր են ընտրել: Կայացել են կառույցները, տարբերվել են դրանց հետագա զարգացման կարիքները ուստի և՝ դրանց օրենսդրական կարգավորման խնդիրները: Անվիճելի է, որ կառույցների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պիտի նպաստի դրանց զարգացմանը՝ ելնելով դրանց առանձնահատկություններից: Իսկ երբ զարգացման որոշակի փուլում կառույցների զարգացման կարիքներն ու հեռանկարները սկսում են էականորեն տարբերվել, ապա կարգավորման տարբերակումը ևս անխուսափելի է դառնում: Ընդ որում, տարբերակման անհրաժեշտության բարձրաձայնման պահից սկսած, կարգավորման ցանկացած հետաձգում միշտ դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, ինչն անխուսափելիորեն հանգեցրել է սպասված փոփոխություններին:

Պալատինը՝ պալատին, ՊՈԱԿ-ինը՝ ՊՈԱԿ-ին...

Անկախության ավելի քան մեկ ու կես տասնամյակի ընթացքում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման տարբեր փուլերում դրանց գործունեության կարգավորումը տարանջատվել ու տարբերակվել է: Տարբերակվել է ոչ առևտրային և առևտրային կազմակերպությունների գործունեության կարգավորումը: Առանձին օրենքներով կարգավորվել են կրոնական, հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունների, հիմնադրամների գործունեությունը: Աշխատանքային օրենսգրքով կարգավորվեց արհմիությունների գործունեությունը և այլն: 2001թ.-ին այս ուղղությամբ կատարվեց հասունացած քայլը. տարանջատվեց մի շարք կարևորագույն կառույցների՝ պետական և համայնքային պատկանելության մշակույթի օջախների, կրթական և առողջապահական հաստատությունների գործունեության օրենսդրական կարգավորումը: Հետագայում տարանջատվեց նաև առանձին մասնագիտական միությունների՝ փաստաբանների պալատի, առևտրաարդյունաբերական պալատի գործունեության կարգավորումը և այլն: Այսպիսով, քաղաքացիական հասարակության առանձին կառույցների զարգացման որոշակի փուլում հասունանում, ապա նաև անխուսափելի է դառնում դրանց գործունեության կարգավորման տարանջատումը՝ այդ կառույցների առանձնահատկությունները հաշվի առնելուև դրանց հետագա զարգացումն ապահովելու նպատակով: Եզրակացությունը ճիշտ է նաև առևտրային կազմակերպությունների պարագայում, որոնց կարգավորումը զգալիորեն տարանջատված է՝ ապահովելով այդ կառույցների առանձին հատվածների ու տեսակների բնականոն զարգացումն ու պահանջների բավարարումը:

Հազի դեղ՝ միզակապության դե՞մ

Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության կառույցների զգալի հատվածը, որը ներառում է հարյուրավոր անդամներ ունեցող ստեղծագործական միություններից մինչև տասնյակ անդամ ունեցող վերլուծական կենտրոնները կարգավորվում է նույն օրենքով. շուրջ 4000 կազմակերպությունների գործունեությունը կարգավորում է 2001թ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը: 2009 թվականի ընթացքում կարծես հասունացավ դեռևս խորհրդային վաղ ժամանակաշրջանում ձևավորված և ավելի քան կեսդարյա պատմություն, ավանդույթներ և սեփականություն ունեցող ստեղծագործական միությունների՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության նահապետների, կարիքներն ու գործունեության առանձնահատկությունները հաշվի առնող իրավական-կարգավորիչ դրույթների սահմանումը: ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով թվով քիչ, սակայն անդամությամբ և դերակատարմամբ՝ կարևորագույն այս կառույցների գործունեության առանձնահատկությունները, նախաձեռնեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարումը, հաշվի առնելով ստեղծագործական միությունների առաջարկները: Սակայն, առաջարկվող փոփոխություններն անխուսափելիորեն կարող էին անդրադառնալ նույն օրենքով կարգավորվող, գործունեության բոլորովին այլ առանձնահատկություններ և զարգացման այլ կարիքներ ունեցող թեկուզ և սակավանդամ, սակայն անհամեմատ՝ ստվարաթիվ կազմակերպությունների բանակի վրա: Բարձրացած դժգոհության ալիքը շուտով թերևս «կթաղի» կարգավորման այս խիստ հակասական նախաձեռնությունը, հաշվի առնելով դրա հիմնավորման խոցելիությունը, դրույթների ռիսկայնությունը և փորձով արդարացված մտահոգությունները: Սակայն կլուծվեն արդյոք այսպիսով քաղաքացիական հասարակության կարևորագույն հատվածներից մեկի՝ ստեղծագործական միությունների խնդիրները: Ամենևին՝ ոչ: Կարծում ենք, որ այս պարագայում վաղուց արդեն հասունացել է դրանց զարգացման կարիքների ճիշտ ընկալումը և կարգավորման առանձնահատկությունների տարանջատման հրամայականը: Ընդ որում, միշտ չէ որ ծագող խնդիրները հարկ է կարգավորել առանձին օրենքով կամ կազմակերպությունների այս կամ այն խմբին տալ առանձին կարգավիճակ: Անհրաժեշտ է պարզապես լիարժեքորեն օգտագործել օրենսդրական տեխնիկայի ողջ զինանոցը ճկուն և հետևողական կերպով:

ՀԿ դիալեկտիկան

Այս լույսի ներքո հարկ է ընկալել նաև ներկայում հասարակական կազմակերպությունների լայն սպեկտրում ներառված և միևնույն կարգավորման շրջանակներում գործող, սակայն բնույթով տարբեր կազմակերպությունների զարգացման ուղիների և կարիքների առանձնահատկությունները: Ավելի՛ն, հարկ է ընդունել, որ օրենսդրական կարգավորման պարբերական տարանջատման պահանջը խոսում է հենց քաղաքացիական հասարակության կառույցների բնականոն զարգացման մասին: Այսպես, վերջին տարիներին մեծ զարգացում ունեցան հայաստանյան վերլուծական կազմակերպությունները (think tank): Վստահ ենք, որ մոտ ժամանակաշրջանում հասունանալու է այս կառույցների զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դրույթների ամրագրումը, ինչը հնարավորություն կընձեռի խիստ սահմանափակ անդամություն ունեցող այս կառույցներին ֆինանսական անկախություն ձեռք բերել և իրականացնել հեռագնա ու երկարաժամկետ խնդիրներ:

Այգեպա՞ն, թե՞ հնձվոր

Մարդու իրավունքների իրականացման համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ձևավորման և շարունակական զարգացման գործում անչափ կարևոր է պետական մարմինների դերը: Ընդ որում, յուրաքանչյուր ոլորտի բնականոն զարգացման համար պատասխանատու է որոշակի պետական մարմին: Գյուղատնտեսության նախարարությունը հոգում է այս ոլորտի կառույցների զարգացման խնդիրները: Նմանապես, էկոնոմիկայի, էներգետիկայի, կրթության և գիտության, առողջապահության և այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինները հոգում են համապատասխան կառույցների զարգացման հոգսը, զարգացնում օրենսդրությունը, նպաստում ինստիտուցիոնալ խնդիրներին և այլն: Քաղաքացիական հասարակության զարգացման ապահովման համար, ըստ էության, գործադրի կազմում պատասխանատու է ՀՀ արդարադատության նախարարությունը: Կարծում ենք, որ հենց այս տեսլականով պիտի գործի ՀՀ արդարադատության նախարարությունը: Ուստի որպես ոլորտի բարեխիղճ պատասխանատու պիտի գործի քաղաքացիական հասարակության զարգացման շահից ելնելով և շահառուների կարիքների ու պահանջների հետ հաշվի նստելով: Իսկ քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման կարիքները բոլորովին այլ են, քան այն խնդիրները, որոնք օրակարգ է բերում նախարարությունը: ՀԿ-ների թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարձրացման խնդիրներն անկասկած կարևոր են: Սակայն, այս հատվածի զարգացման խնդրում ներկայում կան անհամեմատ կարևոր խնդիրներ: Դրանց լուծմանը պիտի լծվի ՀՀ արդարադատության նախարարությունը՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ սերտորեն համագործակցելով: Այս առումով, կարծում ենք, հասունացել է նաև նախարարության կազմում քաղաքացիական հասարակության զարգացման կառուցվածքային ստորաբաժանման ձևավորման և հմուտ կադրերով այն համալրելու խնդիրը:


Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի դեկտեմբերի 8-ին կայացած` «ՀԿ մասին օրենք. Հաջորդ քայլերը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։