ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հանրային խորհուրդը Հայաստանում

12.08.2008

Հանրային խորհրդի (ՀԽ) առաքելությունը, նպատակն ու խնդիրները

2008 թվականի մայիսին Հայաստանի նորընտիր նախագահը առաջ քաշեց Հանրային Խորհրդի ստեղծման գաղափարը: Կառույցը ՀՀ նախագահի նախաձեռնությունն էր՝ ի պատասխան երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերների: Այն պիտի ապահովեր հասարակության բոլոր հատվածների, հատկապես քաղաքական, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների, կարիքների ու շահերի ներառումը քաղաքականության մշակման գործընթացում, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը որոշումների կայացման գործընթացում, պիտի նպաստեր հասարակության արդյունավետ մասնակցությանը հանրային կառավարման տարբեր ոլորտներում:

ՀՀ նախագահի նախաձեռնությունը արձագանքեցին հասարակության գրեթե բոլոր շերտերը: Շատերը նախաձեռնությունը ընկալեցին որպես քաղաքացիական հասարակության զարգացման համար նպաստավոր, ոմանք կասկածամտորեն մոտեցան նախաձեռնությանը, մյուսները որոշեցին չեզոք դիրք գրավել՝ հետևելով իրադարձությունների զարգացմանը:

Հայաստանյան հասարակության համար խիստ արդիական այս նախաձեռնությունան հանդեպ հանրության կարծիքը, պատկերացումները և վերաբերմունքն ամբողջականցնելու նպատակով կազմակերպված հանրային քննարկման արդյունքները հաստատեցին հասարակության կողմից ՀԽ ստեղծման լուրջ պահանջարկը: Քննարկումը հաստատեց, որ Հայաստանի քաղաքական իրականության մեջ այս նորամուծությունը կարող է դիտվել որպես երկրի կառավարումը դեպի ժողովրդավարության առավելի բարձր մակարդակ հասցնելու, իշխանության և հասարակության միջև ձևավորված անջրպետը հաղթահարելու միջոց:

Քննարկման արդյունքների վրա հիմնվելով, կարելի է եզրակացնել, որ հասարակությունը ՀԽ-ն դիտում է որպես մի կառույց, որի առաքելությունը ժողովրդին ծառայելն է, իսկ նպատակը՝ քաղաքացիական հասարակության զարգացման համար նախապայմաններ ստեղծելն ու երկրի զարգացումը խթանելը՝ որոշումների կայացման գործընթացում հա-սարակության բոլոր խավերի շահերը ներկայացնելու միջոցով:

Առանձնանում են ՀԽ-ի հետևյալ հիմնական խնդիրները՝

  • Մեղմել և վերացնել իշխանության և ժողովրդի միջև առկա անջրպետը` կամրջելով հասարակության և պետության միջև փոխգործակցություն:
  • Վերացնել հոռետեսության և անտարբերության մթնոլորտը և ձևավորել հավատի ու վստահության միջավայր:
  • Երկխոսություն ապահովել տարբեր կուսակցությունների, խմբերի, իշխանության և ընդդիմության միջև:
  • Օրգանական կապ ստեղծել հանրության, կառավարության, Ազգային ժողովի և ՀՀ նախագահի միջև:
  • Խթանել հանրապետությունում հավասար մրցակցային դաշտի ձևավորոմը:
  • Օրակարգային դարձնել երիտասարդության հիմնախնդիրները:
  • Երաշխավորել հանրության մեջ ծնվող յուրաքանչյուր հարցադրման և մտքի քննարկումը:
  • Ապահովել հասարակության բոլոր խավերի շահերը ներկայացնող գործուն, արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում՝ ուղիղ հեռախոսակապի և այլ միջոցներով:
  • Բարձրացնել ՀԿ-ների դերը երկրի կառավարման գործընթացում:

Այդուհանդերձ հասարակության մի հատվածը համոզված է, որ ՀԽ ստեղծման անհրաժեշտություն չկա, քանի որ դրա խնդիրներն ու գործառույթները լիովին տեղավորվում են ԱԺ գործունեության և լիազորությունների շրջանակներում: Միաժամանակ, նման կարծիքի կողմնակիցները նշում են, որ ԱԺ-ն լիարժեք չի իրականացնում այդ գործառույթները: Հասարակության այս հատվածը նշված խնդրի լուծումը համարում է օրենքի գերակայության ապահովումը, որի պարագայում յուրաքանչյուր կառույց բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները և ՀԽ ստեղծման կարիքը կվերանա:

ՀԽ ձևավորման սկզբունքները. ո՞վ պետք է լինի Հանրային խորհրդում և ինչու՞.

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավասարապես կարևորում են թե՛ այն թիրախ խմբերը որոնք պետք է ներկայացված լինեն ՀԽ , թե՛ այն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինեն այդ խմբերի ներկայացուցիչները՝ ՀԽ անդամները: Քննարկման մասնակիցները մասնավորապես նշել են մի շարք նման հատկանիշներ, այդ թվում՝ արհեստավարժությունը և վստահելիությունը՝ միասնության մեջ: Ընդ որում արհես-տավարժությունը ընկալվում է նաև ՀՀ օրենքներին քաջատեղյակության համատեքստում:

Գերակշռում է կարծիքը, որ ՀԽ-ն իր աշխատանքները պետք է կազմակերպի ըստ հասարակական կյանքի ոլորտների, և յուրաքանչյուր ոլորտում պետք է ներգրավված լինեն փորձառու մասնագետներ: Ի լրումն, ՀԽ-ն պետք է ապահովի նաև ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցչականությունը: Կարևորվում է իր գործունեության համար ՀԽ-ի յուրաքանչյուր անդամի կամ կազմակերպության ներկայացուցչի հստակ պատասխանատվությունը:

Շեշտվում է ՀԽ-ում հասարակության լայն շերտերի մասնակցության անհարժեշտությունը, առանց որի այն ենթադրաբար չի գործի: ՀԽ-ում պետք է ներկայացված լինեն, մասնավորապես, ազգային և կրոնական փոքրամասնությունները, արհմիությունները, սփյուռքը, մանր և միջին բիզնեսը, սպառողական միությունները, սպորտի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, մտավորականները, երիտասարդական և հասարակական կազմակերպությունները:

Հասարակական հատվածի ներկայացուցիչները գտնում են, որ ՀԽ-ն հիմնականում պետք է ներառի ՀԿ ներկայացուցիչներ, քանի որ վերջիններս չեն ձգտում իշխանության և ամենամոտն են ժողովրդին: Հասարակության մեկ այլ հատված, սակայն, համարում է, որ ՀԽ-ում չպետք է ընդգրկել ՀԿ-ներին, քանի որ այժմ ՀՀ-ում առկա են հարյուրավոր ՀԿ-ներ, որոնց մեծ մասը «դատարկ» են և չգործող:

Քննարկման մասնակիցները նշել են, որ ՀԽ-ում ներգրավման չափանիշները պետք է այնքան բարձր և խիստ, որ հասարակության շահերին ոչ լիովին նվիրված կամ սեփական շահերը հետապնդող խմբերը և անհատները չկարողանան թափանցել ՀԽ, անհաջողության դատապարտեն ՀԽ աշխատանքն ու հեղինակազրկեն այն:

Հասարակության մի հատվածը դեմ է ՀԽ-ում խորհրդարանական կուսակցությունների ընդգրկմանը, հիմնավորելով, որ դրանք կարող են խոչընդոտել ԱԺ որոշումների հանդեպ ՀԽ-ի բացասական կարծիքի արտահայտմանը: Միաժամանակ, ՀԽ-ն չպետք է ապաստան դառնա «տապալված և չկայացած» կուսակցությունների համար:

ՀԽ ձևավորման սկզբունքների վերաբերյալ հասարակության պատկերացումներն աղոտ են. որևէ հստակ մեխանիզմ չի առաջարկվում: Առաջարկվում են երբեմն իրարամերժ կարծիքներ, թե ինչպիսին են լինելու ՀԽ ձևավորման սկզբունքները: Առավել հաճախ հնչող կարծիքներն են.

  • ՀԽ անդամներին պետք է ընտրեն հեղինակավոր գործիչները, ովքեր տարբեր հասարակական կառույցներ են ներկայացնում:
  • Սփյուռքի համայնքների, դրանց երիտասարդական և մշակութային կազմակերպությունների ընտրված ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն ՀԽ-ում:
  • ՀԽ-ն չպետք է ընտրել միանվագ մեխանիզմով: Հարկավոր է կամավորության սկզբունքով ընդգրկել բոլոր ցանկացողներին, ապա խորհուրդի կազմը կինքնամաղվի ու ժամանակի ընթացքում կձևավորվի ընտրական մեխանիզ-մը:

Անհատական հատկանիշների առումով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծամասամբ կարևորում են իրենց գործունեությամբ հանրության վստահությունը շահած մարդկանց ներկայությունը ՀԽ-ում: Կարևորվում է նաև ՀԽ անդամի հեղինակությունը, ինչը, սակայն երկիմաստ ընկալում ունի: Մի մասը հեղինակութ-յունը համարում է առանձին ոլորտում ճանաչված փորձագետ լինելը, իսկ մյուս մասը գտնում է, որ հեղինակությունը վայելելը չի ենթադրում լինել արհեստավարժ, տվյալ ոլորտի քաջատեղյակ մասնագետ: Հատկանիշների շարքում նշվում են նաև անկախությունը, ինչը ենթադրում է գաղափարները, մտքերը ազատ կերպով իշխանություններին հասցնելը և լայն զանգվածների հետ աշխատելու ունակությունը:

ՀԽ ձևավորման ձևաչափը. ի՞նչ ընթացակարգերով պիտի ձևավորվի Հանրային խորհուրդը

ՀԽ-ի ձևավորման ձևաչափի վերաբերյալ հասարակության տեսակետները բաժանվում են երկու հիմնական խմբերի. (ա) ՀԽ անդամները պետք է ընտրվեն, և (բ) ՀԽ անդամները պետք է նշանակվեն:

ՀԽ անդամների ընտրության կամ նշանակման օգտին նշվող փաստարկները տարբեր են: Այսպես, շատերը համարում են, որ ՀԽ անդամների կեսը, կամ առնվազն մի մասը, պետք է նշանակվեն ՀՀ նախագահի կողմից, իսկ մնացածն ընտրվեն տարբեր մեխանիզմներով: Սակայն այս տեսակետի ընդդիմախոսները պնդում են, որ նման պարագայում ՀԽ-ն կդառնա նախագահի կողմից ուղղորդվող և հասարակական կարծիքի վրա ազդող հերթական օղակ: Այս տեսակետի կողմնակիցները համարում են, որ կառավարությունը պետք է հնարավորինս սահմանափակ մասնակցություն ունենա և նվազագույն թվով ներկայացուցիչներ ունենա ՀԽ-ում:

Գոյություն ունի կարծիք, որ ՀԽ գործունեությունը պետք է բաժանվի ըստ հասարակական կյանքի ոլորտների և յուրաքանչյուր ոլորտից ընդգրկվող ներկայացուցիչները պետք է ընտրվեն բոլորի համար ընդհանրական ընտրական մեխանիզմով: Մեկ այլ մոտեցման համաձայն՝ անհրաժեշտ է տարանջատել հասարակության մեջ առկա հիմնախնդիր-ները և ՀԽ-ն կազմավորել այդ հիմնախնդիրներով զբաղվող մասնագիտական խմբերից, քանի որ որքան քիչ մարդ ընդգրկված լինի ՀԽ-ում, այդքան ավելի արդյունավետ կլինի դրա գործունեությունը: Կա տեսակետ, որ ՀԽ-ն ղեկավար չպետք է ունենա, յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է հաշվետու լինի իր գործունեության համար:

Հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ համարում են, որ ՀԽ անդամները պետք է ընտրվեն կամ նշանակվեն ռոտացիոն սկզբունքով, 3-6 ամիս ժամկետով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել կառույցի կայուն գործունեությունը,    թափանցիկությունը և հաշվետվողականությունը:  Գոյություն ունի կարծիք, որ այն պետք է լինի ինքնակարգավորվող համակարգ:

Տարբեր են նաև ՀԽ ֆինանսավորման վերաբերյալ տեսակետները: Կա կարծիք, թե ՀԽ-ն պետք է ունենա իր շինություն, ուր կծավալվեն խորհրդի աշխատանքները, ինչպես նաև պիտի ունենա անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և բյուջե, այլապես այն կդառնա հերթական անարդյունավետ հասարակական հիմունքներով գործող խորհուրդը: Ընդ որում, խորհրդի անդամների վարձատրությունը դիտարկվում է որպես արդյունավետ մասնակցության անհրաժեշտ շարժառիթ: Այլ կարծիքի համաձայն՝ ՀԽ-ի անդամները չպետք է վարձատրվեն, հակառակ դեպքում՝ կառաջանա վարչական կախվածություն: Ավելին, չվարձատրվող խորհրդում կարող են ներգրավել նրանք, ովքեր իսկապես դրական փոփոխություններ են ցանկանում և կարևորվում է ներքին մղումը:

ՀԽ լիազորությունները և գործառույթները

Խորհուրդների տապալման հիմնական պատճառների թվում նշվել են դրանց լիազորությունների և գործառույթների ոչ հստակ տարանջատումը: Կարևորելով գործառույթների տարանջատման սկզբունքը, հասարակակն կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորապես, նշում են ՀԽ հետևյալ գործառույթները.

  • հանդես գալ որպես խորհրդատվական մարմին քաղաքականության մշակման գործընթացում՝ տեղ հասցնելով ժողովրդի ձայնը:
  • Վերահսկել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների գործունեությունը՝ ներառյալ մասնակցային մոնիտորինգի գործառույթը:
  • Սինթեզել, համակարգել հասարակությունից ստացված մտքերը, գաղափարները, նախաձեռնությունները և ներկայացնել պետական մարմիններին:
  • Ապահովել հանրության և պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը:
  • Մասնագիտական լուծումներ առաջարկել հնչեղություն ունեցող հիմնախնդիրներին:

Հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրության և պետական մարմինների միջև հետադարձ կապի ապահովման ՀԽ գործառույթի վրա: Կարևորվում է նաև ՀԽ հաշվետվողականության ապահովման խնդիրը: Առաջարկվում են բազմաթիվ եղանակներ, թե ՀԽ–ն ինչպես կարող է իր գործունեությունը թափանցիկ և տեսանելի դարձնել հանրության լայն շրջանակների համար: Նշվում է, որ հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմի ամրագրումը խորհրդի գործունեության հաջողության գրավականն է: Մասնավորապես, առաջարկվում է ստեղծվի ինտերնետային կայք, ուր կլուսաբանվեն խորհրդի գործունեությունը, հանրությանը հուզող ընթացիկ հիմնախնդիրնե-րը և այլն: Մեկ այլ առաջարկ հեռուստաեթերում ՀԽ-ին որոշակի ժամեր տրամադրելն է, որի ընթացքում կլուսաբանվեն տարբեր հիմնախնդիրների շուրջ խորհրդի մոտեցումները: Համաձայն մեկ այլ տեսակետի՝ անհրաժեշտ է ստեղծել կենտրոններ, ուր քաղաքացիները կներկայացնեն իրենց հիմնախնդիրները, հարցերը և առաջարկները, որոնք այնուհետև կհավաքվեն կենտրոնական գրասենյակում: Վերջին առաջարկը վերաբերում է նաև մարզերում նման կենտրոններ ստեղծելուն:

ՀԽ լիազորությունների շրջանակի վերաբերյալ հասարակության մեջ հստակ պատկերացումներ չկան, կան միայն ընդհանուր կարծիքներ: Այսպես օրինակ` ԱԺ-ում ընդունված բոլոր որոշումները խորհրդում քննարկելը, օրենսդրական նախաձեռնությամբ օժտված լինելը և հանրաքվեներ նշանակելու և անցկացնելու իրավասությունը:

Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ հասարակության մեջ կա ընդհանուր պատկերացում ՀԽ կառույցի, դրա ստեղծման նպատակի և խնդիրների վերաբերյալ: Կա նաև հետևյալ միահամուռ կարծիքը. ՀԽ-ն կայացման գրավականը հետևյալն է. հասարակությունը և հանրային կառավարման մարմինները ՀԽ ձևավորման առումով պետք է ունենան միևնույն նպատակները: 


Սույն ամփոփագիրը մշակվել է 2008 թվականի հուլիսի 12-ին Երևանում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կազմակերպած հանրային քննարկման արդյունքում: Քննարկման նպատակն էր վեր հանել և շահագրգիռ կառույցներին ներկայացնել քաղաքացիական հասարակության տեսակետներն ու մոտեցումները Հանրային խորհրդի ձևավորման ՀՀ Նախագահի նախաձեռնության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ավելի քան 150 անկախ վերլուծաբաններ և փորձագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։