Պայքար ծխախոտի դեմ

2001թ.- գործող

2001թ. ի վեր ՄԶՄԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է ծխախոտի դեմ պայքարի խնդիրներին:

Հայաստանում ծխելու ցուցանիշը մշտապես բարձր է եղել. չափահասների շուրջ մեկ երրորդը կանոնավոր ծխողներ են: Տղամարդկանց կեսից ավելին և կանանց 3-4%-ը ծխում են ամեն օր, մինչդեռ կանանց ծխելու մասին այս ցուցանիշը միանշանակորեն նվազեցված է:

Ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով Հայաստանում 35-69 տարիքային խմբի ծխողների շրջանում տարեկան գրանցվում է շուրջ 3000 մահվան դեպք: Թոքերի քաղցկեղով հիվանդների շուրջ 85%-ը տղամարդիկ են: Ծխելը բավականին տարածված է պատանիների շրջանում. տղաների մեկ երրորդը ծխում է, իսկ երիտասարդ բնակչության 80%-ից ավելին գտնվում է ծխախոտային ծխի ազդեցության տակ և համարվում է  պասիվ ծխող: 

2004թ. անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային՝ Հայաստանում ձևավորվեցին առավել նպաստավոր պայմաններ ավելի խիստ քաղաքականություն և օրենսդրական դաշտ մշակելու համար: Սակայն «ծխախոտային լոբբին» չափազանց ամուր հիմքեր ունի Հայաստանում: Եվ՛ տեղական արտադրողները, և՛ ներկրողները ուղղակիորեն ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում և մեծ ազդեցություն են ունենում երկրում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության վրա: Մասնավորապես, նրանց ջանքերով 2008թ. «հաջողությամբ» տապալվեց տեղական արտադրության և ներկրվող ծխախոտային արտադրատեսակների վրա հարկերը նշանակալիորեն բարձրացնող օրինագծի ընդունումը: «Ծխախոտանենգության» (ծխախոտի ապօրինի առևտուր մաքսանենգ ճանապարհով) ծավալները գնահատվում են ծխախոտի արտադրանքի սպառման 15.6%-ից 18.5%-ը:

Նման պայմաններում խիստ կարևորվում է քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ծխախոտի դեմ պայքարին շարունակական և արդյունավետ աջակցություն ապահովելու գործում: ՄԶՄԿ-ն այս բնագավառում առաջատար դիրք է գրավում և հանդիսանում է 12 նախաձեռնությունների հեղինակ ու իրականացնող: Ծխախոտի դեմ պայքարի առավել խիստ քաղաքականության  ազդեցությունը տնտեսության վրա Կենտրոնի հատուկ ուշադրության կենտրոնում է: ՄԶՄԿ-ն նշանակալի դերակատարում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ) Հայաստանի անդամակցելու և ծխախոտի ու դրա արտադրատեսակների վրա հարկերի վերջին ավելացումների հարցում: ՄԶՄԿ մեկական անդամներ մասնակցել են ԾՊՇԿ «Ծխախոտի ապօրինի առևտրի» և «Ծխախոտի մշակման» արձանագրությունների մշակման աշխատանքներին՝ ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը: Կենտրոնը հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով և իրականացրել է նախադեպը չունեցող հետազոտություն՝ Հայաստանում ծխելու տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով: ՄԶՄԿ-ն Շրջանակային կոնվենցիայի դաշինքի և Հայաստանն առանց ծխախոտի դաշինքի անդամ է, վարում է յուրօրինակ համացանցային կայք՝ http://nosmoking.ichd.org հասցեով:

2001թ. ՄԶՄԿ-ն իրականացրել է զբաղվածության վրա ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության ազդեցության գնահատման ուսումնասիրություն: Հայտնի է, որ ծխախոտի օգտագործման նվազման հետևանքով կարող է կրճատվել ծխախոտի արտադրությունը, որն էլ իր հերթին ազդեցություն կունենա երկրում զբաղվածության կառուցվածքի վրա: Ի նկատի ունենալով դա, ՄԶՄԿ-ն որպես հանրային առողջության պահպանմամբ մտահոգ համայնքի անդամ, նախաձեռնել է զբաղվածության վրա ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության  ազդեցության գնահատման աշխատանքները՝ հիմնավորելու ծխախոտի օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ իր որդեգրած մոտեցման արդյունավետությունը: Դրա շրջանակներում ՄԶՄԿ փորձագետների կողմից տրվել են համապատասխան գնահատականներ, որոնք ամփոփվել և ներկայացվել են քաղաքականություն մշակողներին: Ուսումնասիրությունը ծառայում է որպես փաստարկված և հիմնավորված գործիք ինչպես առավել խիստ պայքարի կողմնակիցների, այնպես էլ ոլորտի փորձագետների և արդյունավետ քաղաքականության ձևավորմամբ մտահոգ քաղաքականություն կերտողների համար: Ի հակադրություն ծխախոտային ինդուստրիայի փաստարկների՝ հետազոտությունը բացահայտեց ծխախոտի բացասական ազդեցությունը տնտեսապես ակտիվ բնակչության և Հայաստանում զբաղվածության կառուցվածքի վրա՝ արդարացնելով ծխախոտի դեմ պայքարի առավել խիստ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը:

ՄԶՄԿ մշտապես իր փորձին հաղորդակից է դարձրել ծխախոտի դեմ պայքարի ոլորտում աշխատող Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտներին: Այս առումով 2002թ. ի վեր ՄԶՄԿ փորձագետները պարբերաբար  մասնակցում են տարբեր սեմինարների և կոնֆերանսների, ծխախոտի դեմ պայքարի միջազգային փորձին հաղորդակից լինելու և ունակություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով:

Ինստիտուցիոնալ զարգացման խնդիրն այս բնագավառում ՄԶՄԿ-ի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է: Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության օժանդակությամբ ՄԶՄԿ շոշափելիորեն բարելավել է իր Առողջապահական ծրագրերի համակարգման խմբի կարողությունները՝ առանձնացնելով ամբողջովին կահավորված աշխատանքային սենյակ և ապահովելով դրա արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նյութական և տեխնիկական բազան: Ստորաբաժանումն այսօր, թերևս, լիարժեքորեն պատրաստ է դիմակայելու Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության մշակման և միջոցառումների իրականացման ընթացքում ծառացող մարտահրավերներին: Որպես առաջին քայլ, ՄԶՄԿ Առողջապահական ծրագրերի համակարգման խումբը սևեռվել է կանանց և տղամարդկանց շրջանում ծխելու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու և կյանքն առանց ծխախոտի կազմակերպելու հնարավորությունների շուրջ նրանց գիտակցությունը բարձրացնելու վրա՝ հասարակությանը տրամադրելով խթանող և խրախուսող ազդակներ: Այսպես, խումբը կազմակերպել է ծխելու դեմ արշավներ կրթական և հանրային հաստատությունների, առողջապահական հիմնարկների ու հասարակական սննդի ոլորտում զբաղված երիտասարդների մասնակցությամբ՝ տարածելով նրանց շրջանում ծխելու վնասակար ազդեցության մասին տպագիր նյութեր:

Գիտակցելով, որ մրցել Հայաստանում հզոր ծխախոտային ինդուստրիայի հետ հնարավոր է միայն արդյունավետ կոալիցիաների միջոցով՝ ՄԶՄԿ-ն 2003թ. վերջերից հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ուղղված Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի առավել կոշտ քաղաքականություն վարելու նկատմամբ հասարակական պահանջարկ ձևավորելու նպատակով քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև համագործակցության խթանմանը և կոալիցիայի ձևավորմանը: Նույն թվականին իրականացված սեմինարի ընթացքում ՄԶՄԿ-ն ռազմավարական գործընկերություն հաստատեց Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, մի շարք տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Կիևի Ալկոհոլի և թմրանյութերի հիմնախնդիրների տեղեկատվական կենտրոնի հետ:

2004թ. ՄԶՄԿ-ն ընդլայնեց իր գործունեության օրակարգը՝ ուղղակիորեն ներգրավելով որոշում կայացնողներին, նպաստելով նրանց կողմից խնդրի գիտակցման բարձրացմանը, զարգացնելով նրանց ունակությունները և հող նախապատրաստելով Հայաստանի Ազգային Ժողովի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի 2003թ. շրջանակային կոնվենցիայի վավերացման համար: ՄԶՄԿ Առողջապահական ծրագրերի համակարգման խմբի տնտեսական հետազոտությունը  դարձավ արդյունավետ գործիք այս գործընթացում՝ ապահովելով ծխախոտի դեմ պայքարի շուրջ համախմբված համայնքի կողմից տրամադրվող խորհրդատվության տրամաբանական հիմքերն ու ձևավորելով բովանդակությունը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։