ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միգրացիոն քաղաքականության ներկա մարտահրավերն ապագայի դիտակից

22.12.2009

Միգրացիայի կարգավորման պետական քաղաքականության վերաբերյալ փորձագետների կարծիքները բաժանվում են: Մի մասը ներկա քաղաքականությունը գնահատում է չափազանց ազատական, և համարում, որ այն զգալի վտանգներ է կրում ազգային անվտանգության ու շահերի տեսանկյունից: Մյուսները համարում են, որ ընթացիկ համակարգը  չի ապահովում ազատ տեղաշարժվելու ՀՀ քաղաքացիների իրավունքի իրացումը, լիարժեքորեն չի ապահովում մարդասիրական նպատակներով ապաստանի տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված նորմերի կիրառումը և չի նպաստում գործարար, կրթական և առողջապահական և այլ ծառայություններ ստանալու նպատակով երկիր մուտք գործելը գրավիչ դարձնելուն, իսկ միգրացիայի կարգավորման համապատասխանեցումը միջազգային նորմերին ընթանում է չափազանց դանդաղ: Մի խումբ էլ կարծում է, որ ընթացիկ ազատական քաղաքականությունն այլընտրանք չունի. նախ, խիստ սահմանափակ է էմիգրացիան պետականորեն կարգավորելու զինանոցը, իսկ իմիգրացիայի առավել խիստ կարգավորիչներն անտեղի են. չէ՞ որ ներգաղթող օտարերկրացիների թիվը իմիգրացիոն հոսքերի չնչին մասն է: Այնուամենայնիվ, գրեթե բոլորը համակարծիք են, որ Հայաստանին անհրաժեշտ է միգրացիայի կարգավորման այնպիսի համակարգ ու քաղաքականություն, որը կնվազեցնի միգրացիոն գործընթացների ներկա բացասական ազդեցությունը և կծառայեցնի դրանք հասարակության զարգացմանը:

Ժամանակավոր հրադադարի վտանգները

Ներկա փուլում միգրացիայի կարգավորման ոլորտում լիազորություններ ունեցող մարմինները, համակարգի և դրա կառավարման մասին ունեցած տարբեր մոտեցումների և պատկերացումների պարագայում,  եկել են կարճաժամկետ փխրուն համաձայնության, որի շրջանակներում չափազանց դժվար է լինելու մշակել և ձևավորել համակարգի երկարաժամկետ զարգացման միասնական ռազմավարություն: Հետևաբար, կա վտանգ, որ ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներն ընթանալու են պատեհական, իրավիճակային որոշումներով, որոնք, պայմանների նվազագույն փոփոխության պարագայում անգամ, ենթարկվելու են վերանայման ու վերախմբագրման: Ավելին, նույն գործընթացի առանձին մասերի համար պատասխանատու մարմինների տարբեր մոտեցումները վտանգում են նաև ամբողջական և նպատակաուղղված քաղաքականության ձևավորումն ու իրականացում: Արդյունքում ունենում ենք թերկարգավորում, լիազորությունների և պատասխանատվության անհստակություն, ինստիտուցիոնալ խառնաշփոթ:

Քաղաքական գմբեթ քաղաքականության համար

Միգրացիայի պետական կարգավորման թե՛ միասնական՝ մեկ կենտրոնից կառավարվող, թե՛ ապակենտրոնացված և լիազորությունների հստակ տարանջատմամբ մոդելի ընտրության պարագայում, թերևս  նախապես անհրաժեշտ է ձևակերպել քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացման քաղաքականության ռազմավարական ուղղությունը՝ բացառելով տարամեկնաբանությունները պետական կառավարման համակարգի շրջանակներում և ապահովելով դրա ընկալումը հասարակության կողմից: Նման քաղաքականությունը անհրաժեշտաբար պետք է խարսխված լինի ՀՀ քաղաքական ղեկավարության որդեգրած քաղաքական ուղենիշերի ու սահմանած թիրախների վրա:

Քաղաքական առաջնորդի ծրագիրը՝ քաղաքականության սլաքավար

Այսպես, ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիրը, երկրի քաղաքական զարգացման տեսլականը սահմանելիս ընդունում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը, ինտեգրացիոն ակտիվ գործընթացները պարտադրում են մեզ մշակելու անվտանգության արդյունավետ համակարգ՝ դրանց հիմքում դնելով երկրի ու հասարակության քաղաքական, տնտեսական և այլ շահերի պաշտպանության առաջնայնությունը: Միգրացիայի կարգավորումը, որը նաև ազգային անվտանգության ապահովման գործիք է, պիտի հիմքեր ապահովի երկրի համաչափ զարգացման համար, Հայաստանը գործարարության, տարածաշրջանային ֆինանսական, կրթական, առողջապահական և զբոսաշրջության ծառայությունների կենտրոն դարձնելու ուղղությամբ:

Եվրաինտեգրման քաղաքական որոշման հետագծում

ՀՀ իշխանությունները եվրաինտեգրումը հայտարարել են որպես զարգացման գերակա ուղղի: ԵՄ-Հայաստան համագործակցությունը ԵՀՔ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում թևակոխել է որակական  նոր փուլ: ԵՄ նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ասոցիացված անդամության բանակցություններ սկսել: Հայաստանն իր հերթին պարտավորություն է ստանձնել՝ զարգացնելու համագործակցությունը ԵՄ հետ միգրացիոն խնդիրների շուրջ՝ մշակելով և իրականացնելով ամբողջական և հավասարակշռված ազգային գործողությունների ծրագիր միգրացիայի և ապաստանի խնդիրների վերաբերյալ,  երաշխավորել անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը, ԵՄ չափորոշիչներին համապատասխան արդիականացնել ՀՀ վիճակագրական համակարգը, այդ թվում՝ միգրացիոն վիճակագրությունը, տվյալների հավաքագրման և փոխանակման համակարգերը, ԵՄ հետ արդյունավետ երկխոսություն նախաձեռնել ռեադմիասիայի խնդրի շուրջ, ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն աջակցելու, թրաֆիկինգի դեմ համակարգված պայքար ծավալելու, միգրացիոն ոլորտում գործառույթներ իրականացնող պետական մարմինների կարողությունները զարգացնելու, միջազգային ուսուցողական ծրագրերին երիտասարդների մասնակցությունը խթանելու և այլ միջոցներով:

Գործադրի ստանձնած քաղաքական պարտավորությունների հետագծում

ՀՀ կառավարությունը տարածքային համաչափ զարգացումը,  ժողովրդագրական ակտիվ քաղաքականությունը ամրագրել է որպես իր գործունեության գերակայություն և պարտավորություն է ստանձնել պետական քաղաքականությունն ուղղել բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխմանը, երկրից արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը: Գործադիրը պարտավորվել է շարունակել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականների` հասարակությանն ինտեգրման գործընթացը, ավարտին հասցնել բնակչության տեղաշարժի լիարժեք և ամբողջական հաշվառման միասնական համակարգի ստեղծման գործընթացը, ինչպես նաև խթանել միջազգային աշխատաշուկային ՀՀ քաղաքակիրթ ինտեգրումը: Ուշադրության կենտրոնում են լինելու աշխատանքային Էմիգրացիայի օրենսդրական կանոնակարգման, աշխատանքային էմիգրանտների իրավունքների և օրինական շահերի պետական պաշտպանության հարցերը: Միջազգային չափանիշներին է համապատասխանեցվելու օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով ՀՀ կողմից տրամադրվող պաշտպանության համակարգը: Բարեփոխվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ՀՀ-ում նրանց կացության կարգավիճակների տրամադրման ու հաշվառման գործընթացները, ներդրվելու են Հայաստանում նրանց աշխատանքային գործունեությունը կանոնակարգող կառուցակարգեր: Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու սահմանային հսկողության համակարգի կատարելագործումը, օրենսդրորեն կարգավորվելու են ՀՀ քաղաքացիների` Հայաստան ելքի և մուտքի ընթացքում ծագող հարաբերությունները: Կառավարությունը ներդնելու է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը:

Ազգային անվտանգության գերակայությունների հետագծում

Արդյունավետ պետական կառավարումը, մասնավորապես անկանոն միգրացիայի կանխարգելումը, ճանաչվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության թիրախ: Վերջինս ամրագրում է, որ ՀՀ-ն մասնակցելու է միգրացիայի ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերին և հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքներին, Եվրոպայում և հետխորհրդային տարածքում այս ոլորտում  ինտեգրման գործընթացներին:

Քաղաքական կամքի դրսևորումը՝ նոր գործընթացի սկիզբ

Կարծես թե, հեռանկարն ուրվագծված է, ուղղությունները՝  նախանշված: Անհրաժեշտ է քաղաքական կամք դրանք համադրելու և առաջնահերթությունը կշռելու համար: Կամքը դրսևորված է, ինչի մասին վկայում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդին կից միգրացիոն բարեփոխումները մշակող աշխատանքային խմբի ստեղծումը և հանձնարարականների սահմանումը: Թերևս առաջին քայլով հարկ է սահմանել իրատեսական և հասանելի թիրախներ, օրինակ՝ հստակ ժամկետներում սկսել Եվրոպայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը, մշակել և ներդնել միջազգային չափանիշներին համապատասխանող միգրացիոն միասնական հաշվառման-տեղեկատվական-վերլուծական համակարգը, ներդաշնակեցնել ՀՀ մուտքի արտոնագրերի և ՀՀ-ում կացության կարգավիճակների համակարգերը, ազատականացնելով՝ նույնչափ և կանոնակարգելով սահմանը հատելու գործընթացները, որպեսզի սեփական քաղաքացիներին տրվի իրենց իրավունքն իրագործելու լիարժեք ազատություն, իսկ գործընկեր երկրների համար Հայաստանն այլևս չընկալվի որպես անկանոն միգրացիայի արտահանման և տարանցման երկիր: Տնտեսության ճյուղերի զարգացման ռազմավարություններում միգրացիոն գործընթացները հարկ է դիտարկել որպես զարգացման ռեսուրս: Շարքը թերևս կարելի է շարունակել: Ի վերջո, արդյունավետ միգրացիոն քաղաքականության անկողմնակալ գնահատականը միգրացիայի հաշվեկշռի դրական տեղաշարժն է, մեր հայրենակիցների քվեարկությունը հօգուտ հայրենիքի՝ «ոտքերով», օտարերկրացիների հետաքրքրության աճը երկրի նկատմամբ:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2009թ. դեկտեմբերի 22-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից հայտնած կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։