- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի մարդու հիմնարար բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ անկախ այն երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որին պատկանում է անձը: Ապրում է մարդն անկախ երկրում, խնամարկյալ կամ ոչ ինքնավար պետության սահմաններում, թե ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորման տարածքում, պիտի օգտվի մարդու հիմնարար բոլոր իրավունքներից: Ուստի պիտի կարողանա օգտվել նաև իրավունքների պաշտպանության միջազգային գործիքներից: Իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում գտնվելու իրավունքը սահմաններ չպետք է ճանաչի: Տրամաբանական է և արդարացի: Մարդը մեղավոր չէ, որ երկիրն ուր ապրում է ինքնիշխան կամ ճանաչված չէ: Սակայն մի բան է վաթսունամյա փաստաթուղթը, այլ բան՝ իրականությունը: Իսկ իրականում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) բնակչի որևէ հայց երբևէ չի ընդունվել: ԼՂՀ որևէ կարգավիճակի դեպքում նրա բնակիչը պիտի կարողանար օգտվել իրավապաշտպան միջազգային գործիքներից, ինչից առ այսօր զրկված են: Ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելու քարտեզում ԼՂՀ-ն այսօր սպիտակ բիծ է:
Անհրաժեշտ է խթանել ԼՂՀ քաղաքացիների կողմից միջազգային իրավապաշտպան կառույցներին դիմելու գործընթացը: Որքան էլ հակասական հնչի, սրան պետք է աջակցեն առաջին հերթին ԼՂՀ իշխանությունները: Հարկ է իրավապաշտպան կառույցներին ներգրավել ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության գործին: Երկրագնդի իրավապաշտպան քարտեզի վրա սպիտակ բծեր չպետք է լինեն: Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պիտի կրկին պայքարի իր անվտանգության ու աշխարհի քարտեզում իր տեղի համար: Այս անգամ՝ աշխարհի իրավապաշտպան քարտեզի վրա:
Հակամարտություններից տառապող տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները չեն սահմանափակվում միայն միջազգային մեխանիզմների անմատչելիությամբ: Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր առանձին կամ համակարգային խնդրի բարձրաձայնումը տարիներ շարունակ համարվել է մարտահրավեր՝ պետականությանն ու անվտանգությանը: Այսպես, հարևան Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները հաճախ վերածվում են «լրտեսական կրքերի»: Վրաց-օսական, վրաց-աբխազական, այնուհետև նաև ռուս-վրացական չլուծված հակամարտությունների պարագայում վրաց իշխանությունները իրավապաշտպան գործունեությունը վտանգավոր են համարում: Հայաստանում նույնպես նման մոտեցման արձագանքները չեն մարել: Այսպես, ժամանակին ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդիրները չէին բարձրաձայնվում հենց «5-րդ շարասյուն» պիտակից խուսափելու նկատառումով: Երեք երկրների զինված ուժերում իրավախախտումների դեպքերը նույնպես քննվել են այս լույս ներքո:
Խնդրի էությունը վերածվում է մի կողմից՝ մարդու իրավունքների, մյուս կողմից՝ ազգային անվտանգության եզրույթների հակադրմանը, ինչը սկզբունքորեն անընդունելի է: Չէ՞ որ մեր ժամանակներում պետությունը նախ և առաջ մարդու իրավունքների պաշտպանության գերագույն ազգային ինստիտուտն է: Պետության առաջնային կոչումը մարդու՝ բոլորի և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքերի պաշտպանությունն է: Ուրեմն անհնար է, իրավունքների պաշտպանության խնդիրները բարձրաձայնելով, մարտահրավեր նետել այդ խնդիրները լուծելուն կոչված գործիքին:
Հատկանշական է, որ խորհրդային պետության կազմաքանդումն ընթացավ ոչ թե հանուն մարդու իրավունքների պաշտպանության, այլ առավելապես ի շնորհիվ ազգային ինքնագիտակցության վերածննդի: Հետևած հակամարտությունները հենց ազգային ինքնորոշման հողի վրա էին, ուստի զարմանալի չէ, որ մարդու իրավունքների պաշպանության խնդիրները արհեստականորեն հակադրվում էին ազգային շահերին, ինչն ինքնահոսով շարունակվում է նաև այսօր: Մինչդեռ, մարդու իրավունքները լավագույնս պաշտպանված են հենց ամուր ազգային պետության մեջ, իսկ ազգային շահերը լավագույնս պաշտպանում է այն հասարակության անհատը, ուր պաշտպանված են նրա իրավունքները:
Այս առումով, կարևորվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ բնակիչների քաղաքացիական կրթության և իրավագիտակցության բարձրացման խնդիրը: Ընդ որում, ԼՂՀ-ում քաղաքացիական կրթության և իրավապաշտպան գործունեության բացերը նախ և առաջ հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների թերացումներն են: Հայաստանյան իրավապաշտպանները պիտի մեծ թափով լծվեն այս գործին: Հայաստանի իշխանությունների ակտիվ աջակցությամբ: Չէ՞ որ արևմտյան իրավապաշտպանները և իշխանությունները սեփական երկրում շատ հաճախ կատաղի ընդդիմախոսներ են, սակայն այլ ժողովուրդներին աջակցելիս գործում են ձեռք-ձեռքի: Հայաստանյան իրավապաշտպանները պետք է ակտիվորեն համագործակցեն նաև ազերի գործընկերների հետ՝ Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության խնդրում: Այս առումով անելիք ունեն նաև միջազգային իրավապաշտպան կառույցները: Ժամանակն է, որ հարևան երկրի տարածքում վերանան իրավապաշտպան սպիտակ բծերը:
Նախորդ դարի 90-ականներին ձևավորվեցին իրավախախտումների, այդ թվում՝ ընտրական իրավախախտումների մի շարք ինստիտուտներ, որոնք որոշ փոփոխություններով գործում են առ այսօր: Դրանք իրենց ողջ արատավորությունը դրսևորեցին նախ 96-ին, ապա նաև՝ յուրաքանչյուր հաջորդ ընտրաշրջանում: Ընդ որում, Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները պարբերաբար հիմնավորվել և անգամ արդարացվում են չլուծված հակամարտությամբ, և պատերազմական իրավիճակով: Եվ կրկին, նման մոտեցումը ցավալիորեն իրար դեմ է հանում միմյանց բնավ չհակասող մեր կարևորագույն արժեքները. հայրենասիրությունն ու ազատամտությունը, ազգասիրությունն ու իրավապաշտությունը: Այն, որ այս արժեքները իրար չեն հակասում, այլ լրացնում են միմյանց, լավագույնս ապացուցում է պատերազի անմիջական վտանգի տակ ապրող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այստեղ իրավախախտումները բնավ ավելին չեն քան «մայրցամաքային» Հայաստանում: ԼՂՀ-ում վիճակը թերևս բարվոք է: Հետպատերազմյան տարիներին այստեղ վերացվեցին նաև իրավաչափ սահմանափակումները:
Հակամարտությունների ժամանակ հաճախ անհրաժեշտ է լինում սահմանափակել քաղաքացիների առանձին իրավունքները: Նման պարագայում ծագում է իրավունքների սահմանափակման համաչափության-իրավաչափության խնդիրը, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: Սակայն ամենից առավել մտահոգիչ է չսահմանափակված իրավունքների խախտման խնդիրը: Նախորդ դարի 90-ականներին պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար տրամաբանական կլիներ առանձին իրավունքների համաչափ սահամանափակումը օրինական՝ իրավաչափ ճանապարհով: Սակայն այդ չարվեց: Փոխարենը լայն տարածում ստացան չսահմանափակված իրավունքների խախտումները: Թերևս այդ ժամանակաշրջանում էլ հենց հիմք դրվեց իրավունքների հանդեպ հասարակության ներկա՝ որոշակի ցինիզմով աչքի ընկնող վերաբերմունքին: Մինչդեռ, հենց այս վերաբերմունքն է իրավական պետության արմատն ու բունը կրծող որդը:
Լուծումն իրավական պետություն ձևավորելն է՝ սկսելով առանձին իրավունքներից, բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված հանրային և հասարակական կառույցների հեղինակությունը, ոչնչացնելով անվստահություն սերմանող ցինիզմի որդը:
Չլուծված հակամարտությունն ազդեցություն է գործում նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության վրա: Խնդիրները չեն բարձրաձայնվում, սակայն չեն էլ վերանում: Խնդրահարույց են բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով իրավախախտումները: Նաև՝ մահվան ելքով: Եվ սա այն դեպքում, երբ բանակն այն ինստիտուտն է, ուր զինծառայողները պետության բացարձակ հսկողության տակ են: Քաղաքացին արդարացիորեն ակնկալում է, որ իր զավակի իրավունքները պետության բացարձակ հսկողության տակ գտնվող կառույցում պիտի որ ավելի լավ պաշտպանված լինեն, քան հասարակության մեջ ընդհանրապես: Հաճախ լսում ենք. «Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ՝ բանակն է»: Բայց չէ՞ որ հասարակության մեջ պետության դերը սահմանափակ է, իսկ բանակում պետության դերը բացառիկ է ու բացարձակ: Ավելի ճիշտ չէ արդյո՞ք. «Ինչպիսին բանակն է, այնպիսին էլ պետության կողմից իրավունքների պաշտպանության մակարդակի առավելագույն չափն է»: Ըստ էության՝ բանակում յուրաքանչյուր զոհի համար պատասխանատու է հենց պետության ինստիտուտը: Ի վերջո, բանակը միջավայր է, ուր մարդու առանձին իրավունքները սահմանափակված են օրենքով: Ուրեմն հարյուրապատիկ արդարացի է ակնկալել, որ սահմանափակ իրավունքները չխախտվեն ու սրբորեն պաշտպանվեն:
Պատասխանատվության ողջ բեռը ներկայում կրում է պետությունը: Մինչդեռ, բանակում քաղաքացիական վերահսկողության և մոնիտորինգի ինստիտուտի կայացման պարագայում կձևավորվեր նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում հասարակական ինստիտուտների պատասխանատվության խնդիրը: Սակայն նման մոնիտորինգն արդյունավետ իրականացնելու կարող կառույցներ այսօր նույնպես չունենք: Անհրաժեշտ է զարգացնել դրանք:
Համառոտագիրը մշակվել է 2010թ-ի ապրիլի 1-ին կայացած` «Մարդու իրավունքներ և չճանաչված պետություններ. ազգային փոքրամասնությունները որպես հակամարտությունների և քաղաքական շահերի առարկա» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։