ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հանրակրթության լեզվի քաղաքականության դինամիկան

29.05.2010

Մասնավոր կարիքներն ու հանրային միջոցները

Գաղտնիք չէ, որ հայաստանյան առանձին ընտանիքներ տարբեր շարժառիթներով ցանկանում են, որ իրենց երեխաները օտարալեզու կրթություն ստանան: Քանզի հայաստանյան հանրակրթական համակարգը մեկուկես տասնամյակ շարունակ չի կարողանում բարձրորակ կրթություն և օտար լեզուների խոր իմացություն ապահովել, ապա նման ընտանիքները նախընտրում են սեփական երեխաներին կրթել արտասահմանյան դպրոցներում, ուր նրանք ոչ միայն կրթվում, այլև դաստիարակվում են օտար լեզվով: Նախկինում այս խնդիրը լուծելու առանձին փորձեր արվել են նաև պետական միջամտությամբ: Այսպես, ՀՀ կառավարությունը համագործակցություն է հաստատել Թայլանդի Ռեգենտի դպրոցի հետ, ուր ներկայում ավելի քան 50 հայ աշակերտ է սովորում, այդ թվում՝ պետական պաշտոնյաների երեխաներ:

Խնդիրն առկա է, իսկ ինչպիսի՞ն պիտի լինի պետական քաղաքականությունը այս հարցում: Եվ արդյոք պետական քաղաքականությունը պիտի հաշվի առնի՞ մի խումբ ընտանիքների կարիքներն ու ցանկությունները և դրանց լուծումներ առաջարկի: Առաջին հայացքից պատասխանն ակնհայտ է. եթե կան իրենց երեխաներին արտասահմանում կրթելու ու դաստիարակելու վրա մեծ գումարներ ծախսող ընտանիքներ, ապա ինչու՞ օտար լեզվով հանրակրթություն իրականացնող դպրոցներից չբացել Հայաստանում: Չէ՞ որ, այդ ճանապարհով երեխաներն ու գումարները կմնան Հայաստանում: Սակայն հանրային քաղաքականությունը չի կարող կառուցվել մասնավոր դեպքերի վրա: Հակառակ դեպքում պետությունը հանրային միջոցներով պետք է բավարարի առանձին ընտանիքների այլ ցանկություններ ևս: Օրինակ՝ հաճախ նշվում է, որ. «շատ ծնողներ ցանկանում ու վճարում են, որ իրենց երեխաներն ուսում չստանան»: Արդյոք պետական քաղաքականությունը պիտի բավարարի նաև նման ընտանիքների այսպիսի՞ կարիքներն ու ցանկությունները: Թերևս՝ ոչ:

Ազատականն ու պահպանողականը նույն լծի մեջ

Կրթության և լեզվի ոլորտներում պետական քաղաքականություններն իրավամբ փոխկապակցված են: Սակայն տարբեր են դրանց հիմքերն ու տրամաբանությունը: Այսպես, կրթության քաղաքականությունը այլընտրանքային կրթության հնարավորություն է ընձեռում, իսկ առանձին պայմանների առկայության դեպքում՝ ՀՀ քաղաքացի աշակերտների համար օտարալեզու կրթություն ստանալու իրավունք սահմանում: Սահմանված են հանրակրթական չափորոշիչներն ու կրթակարգը: Միաժամանակ, մասնավոր և այլընտրանքային հանրակրթություն առաջարկող դպրոցների հանդեպ պետական քաղաքականությունը դեռևս լիարժեքորեն սահմանված չէ: Ընդհանուր առմամբ, արտաքուստ ազատական թվացող հանրակրթության պետական քաղաքականության ներկա պատկերը ձևավորվել է ժամանակի ընթացքում՝ իրավիճակային խնդիրներին ընթացիկ լուծումներ տալու ճանապարհով, հարմարվելով հանրակրթության և միգրացիոն հոսքերում ընդգրկված ընտանիքների ընթացիկ կարիքներին ու ցանկություններին: Լեզվի պետական քաղաքականությունը հայերենը սահմանում է որպես հանրակրթության լեզու: Միաժամանակ, լեզվի քաղաքականությունն էությամբ պաշտպանողական է և լեզվի զարգացման հիմնախնդրին պատշաճ կերպով չի անդրադառնում: Այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը շտկման կարիք ունի. օրենսդրության շատ ձևակերպումներ չեն համապատասխանում կրթության ոլորտի մերօրյա հասկացություններին և սահմանումներին:

Կոշտ համադրման կայծերը

Այսպիսով, եթե կրթության պետական քաղաքականությունը համեմատաբար ազատական է, ապա լեզվի քաղաքականությունը պահպանողական է: Սա թերևս բնական է. նման իրավիճակ կարելի է արձանագրել գրեթե բոլոր երկրներում: Այս երկու ոլորտներում վարվող քաղաքականությունների համադրումը պետք է ձևավորի մայրենի լեզվով հանրակրթություն և դաստիարակություն իրականացնող համակարգ` այլընտրանքային կրթության իրավունքով, որն օտար լեզվի կատարյալ իմացության հնարավորություն է ընձեռում: Օտարալեզու կրթության յուրաքանչյուր նախաձեռնություն դատապարտված է հայտնվելու ազատական ու պահպանողական այս միտումների շփման գծում, ինչի արդյունքում քննարկումները շիկանում են և հաճախ փաստարկները տեղի են տալիս զգացմունքներին: Ըստ էության լեզվի քաղաքականության պահպանողականությունը առանձին դեպքերում այսօր էլ շրջանցվում է՝ հաշվի նստելով Հայաստան վերադարձած միգրանտ ՀՀ քաղաքացիների կարիքների հետ. օտարալեզու հանրակրթություն ստացած երեխաների կրթության շարունակականությունը չպետք է խախտվի: Սակայն մեկ բան է իրողության անշրջելի փաստերը գիտակցելն ու դրանց հետ հաշվի նստելը, մեկ այլ բան՝ անշրջելի երևույթներ ստեղծելը: Ցավո՛ք, այսօր առանձին ընտանիքներ իրենց երեխաներին օտար լեզվով են կրթում  ու դաստիարակում՝ երեխայի լեզվամտածողության ապագան դարձնում անշրջելի:

Իրողության և զարգացման ներդաշնակեցումը

Պետական քաղաքականությունը չպետք է խթանի երեխաներին օտարալեզու մեծացնելու, դաստիարակելու ու կրթելու ծնողների ցանկությունը, սակայն նաև չի կարող արգելել այն: Եթե երեխան ինչ-ինչ հանգամանքներում օտարալեզու դաստիարակություն է ստացել կամ սկսել հանրակրթությունը օտար լեզվով, ապա պետությունը բախվելով նման փաստին հարկադրված է համակերպվելու նման անշրջելի իրողությանն ու պետք է պայմաններ ստեղծի երեխայի կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ թեկուզ օտարալեզու հանրակրթության միջոցով: Ներգաղթող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև երկքաղաքացիների երեխաների կարիքների և այլընտրանքային հանրակրթության իրավունքի իրականացման հնարավորությունների ստեղծման համադրումը մի շարք քայլեր է ենթադրում:

Առաջի՛ն. հարկավոր է սահմանել օտարալեզու հանրակրթության իրականացման հնարավորությունը բացառապես մասնավոր դպրոցներում: Ընդ որում, ՀՀ քաղաքացիների համար նման կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն բացառապես միջին դպրոցից սկսած:

Երկրորդ. նման դպրոցների համար հարկ է մշակել հայերենի դասավանդման հատուկ ուսումնական ծրագիր և/կամ նվազագույն պահանջներ հայերենի իմացության ստուգման համապատասխան մեխանիզմներով:

Երրորդ. անհրաժեշտ է մշակել օտարալեզու հանրակրթական ծառայություններ ցանկացողների մոտ նախկինում օտար լեզվով հանրակրթության ստացման և տվյալ օտար լեզվի տիրապետման փաստը ստուգելու հստակ ընթացակարգ: Նման ընթացակարգը պետք է ուղղված լինի ապացուցելու երեխայի օտարալեզու կրթության և դաստիարակության, այսպես ասած, անշրջելիության փաստը:

Չորրորդ. անշրջելիության հավաստման պարագայում անհրաժեշտ է ամրագրել հանրային հանրակրթական դպրոցներում` տվյալ օտար լեզվի թեքումով դասարաններում կամ օտարալեզու մասնավոր դպրոցում նման երեխաների հանրակրթության իրավունքը:

Ի վերջո, հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել Հայերենի զարգացման հիմնախնդրին՝ հանրային ու մասնագիտական քննարկումների, դրանց արդյունքում լեզվի պետական քաղաքականությունը պարբերաբար վերանայելու, «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ընթացիկ իրողություններին ու ներկա պահանջներին համապատասխանեցնելու միջոցով:


Համառոտագիրը մշակվել է 2010թ-ի մայիսի 11-ին կայացած` «Բազմալեզու հանրակրթություն. հնարավորությու՞ն, թե՞ մարտահրավեր» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։