ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարներ. խոստումնալից ծուղա՞կ

08.07.2011

Հեղինակ՝ Վահան Ասատրյան

Հայաստանի Էլեկտրաէներգետիկան. մեծ ախորժակով փոքրիկը

Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշով Հայաստանը 213 երկրների շարքում գտնվում է 11-րդ տասնյակում: Ներկայում Հայաստանի 100 էներգետիկ ձեռնարկություններ, այդ թվում՝ 95 հիդրո, 3՝ ջերմային և 1՝ միջուկային էլեկտրակայաններ տարեկան արտադրում են շուրջ 6,5 մլրդ. կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2010թ. շուրջ 4.5 հազար աշխատողների ներգրավմամբ Հայաստանում արտադրվել է ավելի քան 48,4 միլիարդ դրամ արժեքով էլեկտրաէներգիա: Էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունները Հայաստանում իրավամբ ազդեցիկ են փոքր տնտեսության համար՝ շուրջ 3,200 ՄՎտ: Արտադրական հզորությունների շուրջ կեսից ավելին բաժին է ընկնում ջերմային, 32 տոկոսը՝ ջրային, իսկ 13 տոկոսը՝ միջուկային էլեկտրակայաններին: 2005 թվականից Երկրի հյուսիսում գործում է նաև Կովկասում առաջին՝ 2.6 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանը: Ակնհայտորեն, Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տնտեսական արդյունավետությունը ցածր է, քանի որ էլեկտրաէներգիայի սպառումն անհամեմատ ցածր է արտադրական հզորությունների համեմատ՝ ըստ էության օգտագործվում է արտադրական հզորությունների շուրջ 30%-ը միայն: Արդյունքում, Հայաստանում արտադրվող 1 կՎտ ժամ էլեկտրաէներգիայի միջին գինը կազմում է շուրջ 7.5 դրամ (առանց հաղորդման և բաշխման ծախսերի):

Էլեկտրահաղորդման ենթակառուցվածքներով Հայաստանը կապված է բոլոր հարևանների հետ, ընդ որում Ադրբեջանի և Թուրքիայի (300 ՄՎտ թողունակությամբ, շուրջ 80կմ երկարությամբ 220 կՎ Գյումրի-Կարս օդային գիծ) հետ միացումները չեն գործում, իսկ Վրաստանի և Իրանի հետ էլեկտրաէներգիայի հաղորդման գծերի հզորությունները շարունակաբար մեծացվել են: Հատկանշական է, որ օրենսդրությունը հայաստանյան արտադրողներին թույլատրում է արտահանել բացառապես «թանկ»՝ ցածր արդյունավետությամբ գործող ջերմակայանների արտադրած էլեկտրաէներգիան որի արտադրության ինքնարժեքը փաստացի գերազանցում է15 դրամը: Հավելելով հաղորդման ծախսերը (1-2 դրամ) արտահանվող էլեկտրաէներգիայի գինը գերազանցում է հարևան երկրներում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ուստի արտահանումն իրականացվում է գրեթե բացառապես սեզոնային փոխանակման ռեժիմում:

Միաժամանակ, Հայաստանը շարունակում է արդիականացնել և մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները: Նախատեսվում է կառուցել շուրջ 1,000 ՄՎտ հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկ: 2010թ. ավարտվեց շուրջ 250 ՄՎտ հզորությամբ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի շինարարությունը՝ Երևանի ՋԷԿ-ում, իսկ շուրջ 500 ՄՎտ հզորությամբ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը: Նախատեսվում է ջերմային էլեկտրաէներգիայի տնտեսապես արդյունավետ այս հզորությունները կրկնապատկել մինչև 2016-2020թթ.: Նախատեսվում է ընդլայնել հիդրոէներգտիկ ռեսուրսների օգտագործումը, այդ նպապատակով Արաքս գետի վրա կառուցելով 140 ՄՎտ հզորությամբ Մեղրիի ՀԷԿ-ը, որը տարեկան կարտադրի շուրջ 800 մլն. կՎտ ժամ էլեկտրաէներգիա, Դեբեդ գետի վրա՝ 75 ՄՎտ հզորությամբ Շնողի ՀԷԿ-ը, որը տարեկան կարտադրի շուրջ 300 մլն. կՎտ ժամ էլեկտրաէներգիա, Ձորագետի վրա՝ 66 ՄՎտ հզորությամբ Լոռիբերդի ՀԷԿ-ը, որը տարեկան կարտադրի շուրջ 200 մլն. կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախատեսվում է մինչև 2025 թվականը փոքր ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը հասցնել ավելի քան 250 ՄՎտ-ի, ընդ որում, ըստ գնահատականների Հայաստանի փոքր գետերի և ջրատարների հիդրոէներգետիկ պոտենցիալը կազմում է մինչ 600 ՄՎտ (էներգապաշարները՝ մինչև 21,8 մլրդ կՎտ ժամ): Նախատեսվում է նաև քամու էներգիայով աշխատող կայանների հզորությունը հասցնել մինչև 200 ՄՎտ-ի, ընդ որում, Հայաստանում տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորության ներուժը գնահատվում է շուրջ 450 ՄՎտ՝ 1,26 մլրդ. կՎտ ժամ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքով: Ջերմաղբյուրում նախատեսվում է կառուցել Հայաստանում առաջին՝ մոտ 25 ՄՎտ հզորությամբ երկրաջերմաէլեկտրակայանը: Իրականացվում են արևի էներգիան փոխակերպող ֆոտովոլտաիկ մոդուլների տեղադրման աշխատանքներ, քննար կՎում է կենսագազի էներգետիկ ռեսուրսների օգտագործման հնարավորությունը:

Եթե նախատեսված ծրագրերն իրականանան ապա 2020թ.-ի շեմին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության գումարային հզորությունը կհասնի 5,500-6,000 ՄՎտ-ի: Եվ կրկին, չնայած արտադրական հզորությունների աննախադեպ ծավալման ծրագրերին, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների էական աճի միտում կարծես թե չի ակնկալվում. Վերջին տարիների ՀՆԱ 4-6% միջին տարեկան աճի պայմաններում, Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման աճը տարեկան կազմել է ընդամենը 3%: Նման իրավիճակը, ըստ երևույթին, ձևավորվել է երկու հիմնական գործոնների. Էներգետիկ անվտանգության ապահովման մարտահրավերի և էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների ազդեցության ներքո:

Էներգետիկ անվտանգության պարադոքսը. կախվածություն դիվերսիֆիկացումից

Փակ սահմաններով և չլուծված հակամարտություններով լեցուն պայթունավտանգ մեր տարածաշրջանում էներգակիրների ենթակառուցվածքները մշտապես վտանգված են: Ջերմային էլեկտրակայանների աշխատանքի համար կենսական բնական գազի անխափան մատակարարման մտավախությունները, ողջ աշխարհում ածխաջրածնային էներգակիրներիի պաշարների աստիճանական կրճատումն ու դրանց գների շոշափելի աճը, մեր երկրում էլեկտրաէներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման ենթակառուցվածքների տնօրինման և երկրի էներգետիկ քաղաքականության վրա դրանց ազդեցության առանձնահատկությունները, ինչպես նաև մի շարք այլ քաղաքատնտեսական գործոններ հարկադրում են Հայաստանին էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրներ և համապատասխան հզորություններ զարգացնել: Արդյունքում՝ Էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը հաղթում է տնտեսական արդյունավետության տրամաբանությանը: Ավելի՛ն, էներգետիկ անվտանգության կարճաժամկետ, սակայն շոշափելի ռիսկերը հարկադրում են աչք փակել անգամ շրջակա միջավայրի և էկոլոգիական անվտանգության երկարատև շահերի ու կենսական խնդիրների վրա: Հենց այս տրամաբանությամբ էլ, կարծես, Հայաստանը դատապարտված է միջուկային էներգետիկան զարգացնելու: Իրավա՛մբ, Հայաստանն ունի էներգետիկ մեծ հզորություններ, սակայն նաև դրանց համարժեք քաղաքական ռիսկեր: Ավելի՛ն, էներգետիկ մեծ հզորությունները թերևս հենց այդ ռիսկերի արդյունք են: Ընդ որում, էներգետիկ անվտանգությունը վտանգող ռիսկերի կրճատմանն ուղղված մեր երկրի քաղաքականությունը թերևս հիմնվել և շարունակում է հիմնվել էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ու էներգիայի աղբյուրների հնարավորին դիվերսիֆիկացման վրա՝ մի շարք առումներով. սեզոնային, տեխնոլոգիական, էներգակիրների, ներդրումների և այլն:

Ապահովության ձգտելով, սակայն, հայաստանյան սպառողները հարկադրված են անհամեմատ թանկ վճարել էլեկտրաէներգիայի համար: Ըստ էության, սպառողները վճարում են էլեկտրաէներգիայի և՛ արտադրության, և՛ անվտանգության համար: Պատահական չէ, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում կատարվող և նախատեսվող ներդրումները շարունակում են այս կամ այն չափով կրել քաղաքական բնույթ: Այդուհանդերձ, տարբեր գնահատականներով երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը միտված քաղաքականության իրականացման արդյունքում, զարմանալիորեն մեծացել և շարունակում է մեծանալ Հայաստանի էներգետիկ կախվածությունն ու համակարգի խոցելիությունն առանձին քաղաքական, տնտեսական ու ռազմական պարամետրերի կտրուկ փոփոխության հանդեպ:

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների ծավալման մեկ այլ գործոն է հարևան երկրներ, տարածաշրջան և դրանից անդին էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարը: Որքանով է այն շոշափելի և ինչ մարտահրավերներ ու խոչընդոտներ կան դրա ճանապարհին:

Վրաստան. Հայաստանի էներգետիկ դարպասը

Էներգետիկ ոլորտում մեր երկրի կարևոր գործընկեր է հարևան Վրաստանը, որը մինչև 2006 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի իրացման շուկա էր: Ներկայում սակայն, Վրաստանը հաջողությամբ բավարարում է էլեկտրաէներգիայի սեփական կարիքները. ունի սպառմանը համարժեք և դինամիկ աճող արտադրական հզորություններ և մոտակա 20-30 տարում ներմուծման կարիք թերևս չունենա՝ բացառությամբ սեզոնային փոխանակումների:

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական հզորությունները հիդրոէլեկտրակայաններն են. վեց ջրային և երեք ջերմային էլեկտրակայանների արտադրած էներգիայի ավելի քան 80%-ը բաժին է ընկնում առաջիններին: Վրաստանում և Կովկասում ամենախոշոր հիդրոէլեկտրակայանի՝ 1300 ՄՎտ հզորություն ունեցող Ինգուրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի 40%-ը ներկայում սպառում է Աբխազիան, իսկ 60%-ը՝ Վրաստանը: Ներկայում Վրաստանում արտադրվում է տարեկան ավելի քան 8.5 մլրդ. կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Վրացական էլեկտրաէներգետիկ համակարգը զուգահեռ ռեժիմում աշխատում է գրեթե բոլոր հարևանների հետ: Մինչև 2009 թվականը արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը Վրաստանը փոխանակել՝ ներմուծել և արտահանել է հարևան երկրներ. Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան: 2009-ից սկսած էլեկտրաէներգիայի փոխանակման հաշվեկշիռն այս երկրում այլևս դրական է. 2009-ին Վրաստանն արտահանել է շուրջ 580 մլն. կՎտ ժամ էլեկտրաէներգիա, այդ թվում՝ 180 մլն. կՎտ ժամը՝ Թուրքիա, մինչդեռ ներմուծել է ընդամենը 380 մլն. կՎտ ժամ, այդ թվում՝ 350 մլն. կՎտ ժամը՝ Ռուսաստանից: 2010 թվականին արդեն Վրաստանն արտահանել է շուրջ 1.3 մլրդ. կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Վրաստանի հետ Հայաստանի էներգետիկ համակարգը փոխկապակցվում է «Ալավերդի» 220 կՎ, «Լարվարի» եւ «Ջավախք» 110 կՎ օդային գծերով։

Հարևան երկիրը շարունակում է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության և փոխադրման հզորությունները և փորձում այդ նպատակով ներդրումներ ներգրավել. գնահատականների համաձայն Վրաստանը էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով ներկայում օգտագործում է ջրային ռեսուրսների շուրջ 18%-ը միայն: Թուրքիան և Վրաստանը նախատեսում են 500/400 կՎ էլեկտրահաղորդման հզոր գիծ կառուցել՝ փոխանակման ծավալները մեծացնելու նպատակով:

Հատկանշական է նաև, որ տարածաշրջանի էներգետիկ գերծանրաքաշայինի՝ Ռուսաստանի (ԱՄՆ-ից, Չինաստանից և Եվրամիությունից հետո էլեկտրաէներգիայի աշխարհում 4-րդ արտադրողի) հետ բարդ հարաբերություններ ունեցող հարևան երկրի էներգետիկ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման հզորությունների սեփականատերը ռուսական ընկերություններն են: Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, որը նաև Հայաստանի էներգետիկ հզորությունների հիմնական սեփականատերն է, տնօրինում է Վրաստանի էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների շուրջ 20 տոկոսը և նպատակ ունի՝ չնայած ռուս-վրացական հակամասություններին, նոր խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել վրացական հիդրոէներգետիկ շուկայում: Ռուսական այս ընկերությունն է նաև Վրաստանում էլեկտրաէներգիայի խոշորագույն բաշխիչ ցանցը տնօրինող վրացական «Թելասի» ընկերության՝ 75 տոկոսի սեփականատերը: Ըստ էության, վրացական էներգետիկ համակարգը ներկայում ոչ պակաս «ռուսիֆիկացված» է, քան Հայաստանում: 2011թ. մարտի վերջին Վրաստանի և Ռուսաստանի էներգետիկ ընկերությունները կրկին պարտավորվեցին աշխատել զուգահեռ ռեժիմում, ինչն աննախադեպ է, այդ թվում՝ խորհրդային ժամանակաշրջանի համեմատ: Սոչիում 2014թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին երկու երկրների միջև համագործակցությունն այս ոլորտում կարող է ավելի դինամիկ դառնալ: Իրավա՛մբ, նավթային և էլեկտրական դոլարները հայրենիք չունեն և ապրում են սեփական կյանքով և պարտադրում իրենց տրամաբանությունը:

Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն էլեկտրաէներգիայի արտադրման և փոխադրման ոլորտում օգտակար է երկուստեք: Համագործակցության խնդիրներն ու օգուտները բնավ չեն սահմանափակվում Հայաստանից-Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու-ներմուծելու կամ սեզոնային փոխանակման տրամաբանությամբ: Համագործակցությունը օգտակար է նախ և առաջ երկու երկրների եվրոպական չափանիշներին համապատասխան համակարգերի ձևավորման և կայունացման գործում՝ համակարգերի զուգահեռ աշխատանքի տրամաբանությամբ: Գաղտնիք չէ նաև, որ որքան ավելի մեծ է էներգետիկ համակարգը, այնքան ավելի մեծ է նրա կայունությունը լոկալ պարամետրերի փոփոխության հանդեպ՝ համապատասխան չափորոշիչների պահպանման առումով:

Հայաստան-Վրաստան գործակցությունը կնպաստի երկու երկրներում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ Վրաստանի գերազանցապես ջրային հզորությունները համադրելով Հայաստանի հզոր ջերմային և միջուկային արտադրական հզորություններին, տարածաշրջանը ի վիճակի կլինի դիմակայելու ավելի էական քաղաքա-տնտեսական ռիսկերի, որոնք առկա են հակամարտությունների պարագայում և տնտեսության անցումային փուլում: Արդյունքում էապես կշահի երկու երկրների էներգետիկ անկախությունը՝ իրենց ընդհանուր շահերին հետամուտ լինելու գործում:

Հայաստան-Վրաստան գործակցության արդյունքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն երկու երկրներում և ընդհանրապես տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման համար. ընդհանուր շուկան և դրա ընդլայնումը թելադրում են իրենց տրամաբանությունը: Ի վերջո, զգալիորեն կմեծանան երրորդ երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի հնարավորությունները, այդ թվում՝ թե՛ իրանական, թե՛ թուրքական, թե՛ ռուսաստանյան, թե՛ եվրոպական ուղղություններով: Երկու երկրների համակարգերը որակի տարբեր չափորոշիչներ ունեցող համակարգերի հետ անհրաժեշտության դեպքում ավելի մեծ, ուստիև՝ ավելի կայուն և տնտեսապես արդյունավետ մեկուսացված «կզիների» ռեժիմով աշխատելու հնարավորություն կստանան:

Համագործակցության ընդլայնման գործում էական դեր կարող է ունենալ երկու երկրների էներգետիկ համակարգերում ընդհանուր խոշոր բաժնետերերի առկայությունը, որոնց տնտեսական շահերը, թերևս, հիմնական շարժիչ ուժը կարող են դառնալ միջնաժամկետ հատվածում:

Իրան. երբ ադամանդով կարելի է միայն ապակի կտրել

Մեր մյուս հարևանը՝ Իրանը էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման համաշխարհային ծանրքաշային է. էլեկտրաէներգիայի արտադրությամբ այն 19-րդ, իսկ սպառմամբ՝ 20-րդ երկիրն է աշխարհում: Իրանին բաժին է ընկնում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե 1/5-ը. տարեկան շուրջ 200 մլրդ. կՎտ ժամ: Սպառելով մեկ շնչին բաժին ընկնող էներգիայի աննախադեպ ծավալներ, և ունենալով էլեկտրաէներգիայի հաղորդման հսկայական կորուստներ (արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 18%-ը կորչում է), Իրանը հաջողել է ապահովել էլեկտրաէներգիայի սպառման սեփական կարիքները, ինչը հնարավորություն է ընձեռում մեր հարևանին էլեկտրաէներգիա արտահանել տարածաշրջանի այլ երկրներ (արտադրության ավելի քան 1.3 տոկոսի չափով), թեպետ սեզոնային հավասարակշռության պահպանման նպատակով Իրանը նաև ներմուծում է էլեկտրաէներգիա (սպառման շուրջ 1.2 տոկոսի չափով): Իրանում արտադրական հզորությունները հիմնականում ջերմային են, հիմնված ածխաջրածնային էներգակիրների՝ գազի (շուրջ 75%) և նավթի (շուրջ 18%) վրա, մինչդեռ հիդրոէներգետիկ հզորությունները շուրջ 7% են: Միջազգային շուկայում թանկարժեք բնական գազի անխնա օգտագործումը պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ միջազգային արգելանքի և Արևմուտքի հետ խորը հակասությունների պատճառով Իրանը հնարավորություն չունի զարգացնել միջազգային շուկային իրեն կապող գազատարերի կառուցման նախագշերը: Հարկ է նշել նաև, որ չնայած արտադրության հսկայական ծավալներին Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգը զիջում է Եվրոպական էներգետիկ համակարգերում թույլատրելի էլեկտրաէներգիայի որակի չափանիշներին: Էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն այս երկրում շարունակում են աճել տարեկան շուրջ 6%-ով՝ ՀՆԱ-ի տարեկան 2% աճի պարագայում, սակայն էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները ծավալվում են առաջանցիկ տեմպով. մինչև 2025 թվականը Իրանը ծրագրում է իր արտադրական հզորություններն ավելացնել 15,000-20,000 ՄՎտ-ով: Նույն ժամանակահատվածում Իրանը ծրագրում է միջուկային կայաններում արտադրել շուրջ 23,000 ՄՎտ ժամ էլեկտրաէներգիա: Ներկայում Իրանը կարողանում է բավարարել ոչ միայն էլեկտրաէներգիայի սպառման, այլև էլեկտրաէներգիայի արտադրության կայանների կառուցման և տեխնոլոգիական սեփական կարիքները: Արդարև, Հայաստանը գտնվում է հյուսիսային (Ռուսաստան) և հարավային (Իրան) տարածաշրջանային և համաշխարհային էներգետիկ հսկաների արանքում: Ընդ որում, հյուսիս-հարավ էներգետիկ համագործակցությունն ապագայում կարող է, թերևս, վճռորոշ դառնալ ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային տնտեսության համար: Իսկ ինչպիսի՞ն են այս բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության ներկան ու հնարավոր ապագան:

Ներկայում Հայաստանը հարավային էներգետիկ հսկայի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ: Այսպես, տարեկան մինչև 2.5 միլիարդ խորանարդ մետր գազ թողունակությամբ գազամուղով Հայաստանն Իրանից 2011թ. կստանա ավելի քան 800 միլիոն խորանարդ մետր գազ, որի դիմաց 2,4 միլիարդ կՎտ/Ժ էլեկտրաէներգիա կառաքի Իրան (Հայաստանը պարտավորվել է մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին հաղորդել3 կՎտ ժամ էլեկտրաէներգիա)։ Փոխանակման գործընթացում զուգահեռ գործում են Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի և արդիականացված Երևանի ՋԷԿ-ի արտադրական հզորությունները: Էլեկտրահաղորդման 450 ՄՎտ թողունակությամբ Էլեկտրաէներգիայի հաղորդման երկու գործող գծերին մոտ ապագայում «Նորավան» ենթակայանի հետ միասին կավելանա երրորդ, Հայաստանում՝ 275կմ, Իրանում՝ 163կմ երկարությամբ 400 կՎ գիծը, ինչը փոխանակման ընդհանուր թողունակությունը կբարձրացնի մինչև 1000 ՄՎտ: Էներգետիկայի այս ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության զարգացման ծրագրերը ներառում են նաև Արաքսի վրա «Մեղրի ՀԷԿ»-ի կառուցումը՝ իրանական ֆինանսավորմամբ և շահագործման փուլային՝ կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում տրամաբանությամբ:

Էներգակիրների տարածաշրջանային տարանցիկ ծրագրերի իրականացման, Իրանից էներգակիրների արտահանման արգելանքի վերացման պարագայում, թերևս, Իրանը կարող է ոչ միայն էլեկտրաէներգիայի փոխանակման կամ համատեղ արտադրության կազմակերպման, այլև՝ ներմուծման պահանջ ունենալ: Նման զարգացման պարագայում Իրան էլեկտրաէներգիա արտահանելու Հայաստանի հնարավորությունները կարող են էականորեն ընդլայնվել:

Իրավա՛մբ, Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ու հնարավորություններն ընդլայնվում են: Այդուհանդերձ, իրանական համակարգի հետ զուգահեռ գործող հզորությունների առկայության պայմաններում, Հայաստանի էներգետիկ համակարգի համար լուրջ մարտահրավեր է էլեկտրաէներգետիկ համակարգի որակի խնդիրը: Այս մարտահրավերը կահագնանա տարածաշրջանի այլ՝ որակի ավելի բարձր տեխնիկական չափանիշներ պահանջող ու պարտադրող համակարգերի հետ զուգահեռ աշխատելու հնարավորությունների քննարկման պարագայում: Իհարկե, այս խնդիրը տեխնիկական լուծումներ ունի, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ համակարգից մեկուսի առանձնացված հզորությունների հատվածական «կզյակների» միջոցով:

Թուրքիա. երեք որդիներն ու ցախավելը

Թուրքիայում բնակչության աճի բարձր տեմպին, ինդուստրիալացմանն ու տնտեսության զարգացմանը զուգահեռ աննախադեպ աճում է էլեկտրաէներգիայի շուկան, ներկայում կազմելով աշխարհի 18-րդ այս տնտեսության շուրջ 2.5%-ը: Տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգընթաց Թուրքիայում կրկին մեծացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասնելով տարեկան շուրջ 200 մրդ. կՎտ ժամի: 2011թ. էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները հարևան երկրում գերազանցել են 50,000 ՄՎտ-ը, որի ավելի քան 65%-ը կազմում են ջերմային, շուրջ 32%-ը՝ ջրային, իսկ շուրջ 3-ը (ավելի քան 1,300 ՄՎտ)՝ քամու հզորությամբ աշխատող կայանները: Երկրում գործում են էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 100 ՄՎտ գեոթերմալ հզորություններ: Միաժամանակ, հարևան երկրում գործող ջերմաէլեկտրակայանների ավելի քան 28%-ը ածուխ է օգտագործում, այդ թվում՝ ներկրվող: Հատկանշական է, որ ածուխի արդյունահանումը Թուրքիայում կրճատվում է տարեկան շուրջ 7%-ով:

Հայաստանից քիչ ուշ սկսելով էլեկտրաէներգետիկ ոլորտի կառուցվածքային հիմնական բարեփոխումները, վերջին տարիներին Թուրքիան նախաձեռնել է էլեկտրաէներգիայի շուկայի ապապետականացման, ազատականցման և ապակարգավորման գործընթացը: 1970-ին ստեղծված միասնական պետական մարմնից (TEK) 1993թ. տարանջատելով էլեկտրաէներգիայի արտադրության և հաղորդման (TEAS) և բաշխման (TEDAS) գործառույթները, Թուրքիան նախաձեռնեց իր համակարգի մոտարկումն այս շուկայում ԵՄ չափանիշներին՝ 2001-03թթ. շարունակելով տարանջատել գործառույթները չորս պետական ընկերությունների միջև՝ EUAS (արտադրություն), TEIAS (հաղորդում), TETAS (մեծածախ իրացում), TEDAS (բաշխում): EUAS-ը կառավարում է էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների 60%-ը, ընդ որում առանձին մասնավոր և անկախ ընկերությունների արտադրական հզորություններն ու դրանց աճը սահմանափակում է կարգավորող մարմինը՝ EMRA-ն: TEIAS-ն ունի էլեկտրաէներգիայի հաղորդման մենաշնորհ, սակայն պարտավոր է գնել EUAS-ի արտադրանքի ողջ ծավալը: TETAS-ը գերիշխում է էլեկտրաէներգիայի մեծածախ իրացման շուկայում տնօրինելով շուկայի, արտահանման և ներմուծման 90%-ը, մինչդեռ մասնավոր 25 ընկերությունները միասին տնօրինում են մեծածախ շուկայի մինչև 10%-ը: TEDAS-ը՝ 21 տարածքային ընկերությունների միջոցով իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխումը շուրջ 30 միլիոն բաժանորդներին և տնօրինում է մանրածախ իրացման շուկայի 75%-ը: Արտադրական հզորությունների իրական մասնավորեցման գործընթացը թափ առավ 2008-ին: 2009թ. մասնավորեցվեցին 52 հիդրոկայաններ, իսկ 45 հիդրոկայանների մասնավորեցման գործընթացն ընթացքում է:

Թուրքիայի մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի գինը Եվրոպայում ամենաթանկերից է. շուրջ 9 ԱՄՆ ցենտ 1 կՎտ ժամի դիմաց: Հիմնական պատճառը թերևս այն է, որ ավելցուկը վաճառքի դնող արտադրողները հիմնականում բնական գազ օգտագործող ջերմակայաններն են: Ակներևաբար, միջնաժամկետ հատվածում նավթի և գազի գների աճի պայմաններում մեծածախ գները լավագույն դեպքում կման նույնը: Միաժամանակ, 2009թ. հունվարին Թուրքիան վավերացրեց Կիոտոյի արձանագրությունը, ինչի արդյունքում գազից և ածուխից ստացվող էլեկտրաէներգիան կթանկանա, մեծածախ շուկայում միջին գները բարձրացնելով:

Էներգիայի անդրսահմանային առևտրի կարգավորումը ԵՄ «Էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխանակման նպատակով ցանցին միանալու մասին» թիվ 714/2009 կանոնակարգին համապատասխանեցնելու նպատակով, Թուրքիան 2011թ. հունիսի 1-ին ընդունեց Էլեկտրաէներգիայի շուկայում արտահանման և ներմուծման նոր կանոնակարգ, որը եվրոպական մայրցամաքային էլեկտրական ցանցերին զուգահեռ սինխրոն միացումների շրջանակներում իրականացվող արտահանման/ներմուծման գործարքներն ազատում է հատուկ թույլտվություն ստանալու պահանջից, որը շարունակում է գործել այլ երկրների ու համակարգերի հետ գործարքների պարագայում:

Շուրջ տասը տարի տևած տեխնիկական, կառուցվածքային և իրավական բարեփոխումները, որոնց վրա երկիրն ըստ գնահատականների ծախսել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար, Թուրքիային հնարավորություն ընձեռեցին 2010թ. սեպտեմբերին նախ զուգահեռ աշխատանքի ռեժիմում միանալ մայրցամաքային Եվրոպայի էլեկտրաէներգիայի համակարգին, իսկ օրեր առաջ՝ 2011թ. հունիսի 20-ից, նաև առևտրային փոխանակում իրականացնել Բուլղարիայի (65%) և Հունաստանի (35%) հետ:

Թուրքիայի և եվրոպական հարևանների միջև էլեկտրաէներգիայի առևտրի հզորությունների բաշխումն իրականացվում է թափանցիկ աճուրդների միջոցով, որոնք հայտարարում և իրականացնում է TEIAS-ը, որը ENTSO-E-ում դիտորդի կարգավիճակ ունի: ENTSO-E-ն 34 եվրոպական երկրների Էլեկտրաէներգիայի հաղորդման 41 համակարգերի օպերատորներին եվրոպական միավորում է, որի 880,000 ՄՎտ գումարային հզորություն ունեցող անդամները սպասարկում են տարեկան 3,200 միլիարդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա սպառող 532 միլիոն սպառողների՝ ապահովելով էլեկտրաէներգիայի տարեկան շուրջ 380 միլիարդ կՎտ ժամ փոխանակություն անդամների միջև: Ներկայում սինխրոն գործող թուրքական և եվրոպական ցանցերի միջև Էլեկտրական հոսանքի հաճախականության տատանումները չեն գերազանցում 0.15 հերցը: Թեպետ Թուրքիան դեռ շատ անելիքներ ունի եվրոպական էլեկտրաէներգետիկ շուկայում բարեհաջող մասնակցելու համար, այդուհանդերձ, Թուրքիայի միացումը մայրացամաքային Եվրոպայի սինխրոնացված տարածքին, ըստ էության, Թուրքիայի և թերևս նրա հարևանների էներգետիկ համակարգերի համար նոր դարաշրջանի սկիզբ է նշանակում: Հատկանշական է նաև, որ միացումը եվրոպական էներգահամակարգերին Թուրքիան սկսում է հարևան «ոխերիմ բարեկամ» երկրի հետ, որի հետ ռազմական և քաղաքական բարդ հարաբերություններ է ունեցել: Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգը ներկայում միացումներ ունի նաև հարևան այլ երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի (Նախջևանի), Իրանի, Իրաքի, Սիրիայի էներգահամակարգերի հետ: Էլեկտրաէներգիա ներմուծելով Վրաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից (վերջինից երկու անգամ ավելի շատ, քան առաջին երկուսը միասին վերցրած), Թուրքիան էլեկտրաէներգիա է արտահանում Իրաք և Սիրիա: «Ութ երկրների փոխմիացման» (EIJLLPST) ծրագրի շրջանակներում Թուրքիան կմիանա հինգ այլ երկրների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Լիբիայի, Լիբանանի, Պաղեստինի էլեկտրական ցանցերին:

Ըստ գնահատականների Թուրքիայում միջնաժամկետ հատվածում էլեկտրաէներգիայի պահանջարկը շարունակելու է աճել տարեկան 6-7.5 տոկոսով, 2016թ-ին հասնելով 320-380 միլիարդ կՎտ ժամի: Նման պահանջարկը բավարարելու համար Թուրքիան նախատեսում է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները, ընդ որում քննարկելով առաջարկների լայն սպեկտր՝ հիդրոէլեկտրակայաններից մինչև ածուխով աշխատող ջերմաէլեկտրակայաններ և միջուկային կայաններ: Ըստ գնահատականների, Թուրքիան էլեկտրական էներգիա ստանալու նպատակով ներկայում օգտագործում է ավելի քան 36,000 ՄՎտ հզորությամբ գումարային ջրային ռեսուրսների ընդամենը 36%-ը (13,000 ՄՎտ): Շուրջ 11,000 ՄՎտ հզորությամբ հիդրոկայանների կառուցումը 627 ծրագրերի շրջանակներում ընթացքում է, որի արդյունքում երկիրը կօգտագործի հիդրոէներգետիկ ռեսուրսի շուրջ 2/3-ը:

Էներգետիկ ռեսուրսները դիվերսիֆիկացնելու նպատակով Թուրքիան քննարկում է մինչև 2025 թվականը միջուկային էներգետիկ ռեսուրսները 15,000 ՄՎտ հասցնելու ծրագրեր: Մասնավորապես, մինչև 2012 թվականը 5,000 ՄՎտ հզորությամբ միջուկային կայանների կառուցելու համար ներդրումներ ներգրավելու նպատակով Թուրքիան աշխատանքներ է սկսել Ակկույույում և Սինոպում: Այս գործում Թուրքիան ֆինանսական միջոցներ է ակնկալում հարևան Ռուսաստանից՝ ատոմակայանների կառուցման կապալ առաջարկելով:

Թուրքիան ունի նաև շուրջ 48,000 ՄՎտ հզորությամբ քամու էներգիայի արտադրման ընդհանուր ներուժ, որի օգտագործումը փորձում է խթանել մասնավոր հատվածի ներդրումները, այդ թվում՝ քամու ոժով աշխատով մասնավոր կայանների արտադրած ողջ էլեկտրաէներգիայի 1 կՎտ ժամի դիմաց 5.5 եվրոցենտով իրացումը երաշխավորելու միջոցով: Թուրքիան ակնկալում է, որ գալիք 3-5 տարում այդ ներդրումների արդյունքում քամու ուժով աշխատող կայանների հզորությունը կավելանա 2,000-3,000 ՄՎտ-ով: Այդուհանդերձ, քամու էլեկտրակայանները տվյալ տարածքում կարող են ապահովել սպառման միայն 5-15%-ը: Միաժամանակ, դրանք լրացուցիչ տնտեսական օգուտներ են ապահովում Կիոտոյի համաձայնագրերի պահանջների կատարման և ածխաթթու գազի արտանետումները կրճատելու առումով: Հատկանշական է նաև, որ գեոթերմալ ռեսուրսներով Եվրոպայում առաջին և աշխարհում 7-րդ տեղը զբաղեցնող Թուրքիան գրեթե չի օգտագործում այս ներուժը, սահմանափակվելով 1-2 ծրագրերով:

Ընդհանուր առմամբ, չնայած էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների զարգացման թանկարժեք նախագծերին, որոնք ֆինանսական հսկայական ներդրումներ են պահանջում, Թուրքիայի տնտեսությունը 2014-16թթ.-ից սկսած ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիա ներմուծելու կարիք կունենա: Թուրքիան պիտի որ շահագրգիռ լինի Կովկասի իր հարևանների հետ այս ոլորտում գործակցելու և էլեկտրաէներգետիկ համակարգերը զուգահեռ ռեժիմում միացնելու գործում, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսապես ավելի արդյունավետ և հասանելի միջոցներով ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը, կրճատել ծախսերը, ընդլայնել էներգետիկ աղբյուրների բազմազանությունը, ինչպես նաև մեծացնել տարածաշրջանի երկրների փոխկապակցվածությունը, ուստիև՝ տարածաշրջանային կայունությունը: Կարծես թուրքական քաղաքականությունն այս առումով պրագմատիկ ընկալում է փորձում դրսևորել: Այս է վկայում Վրաստանի հետ փոխկապակցման ներկա գործընթացը: Հատկանշական է, որ առանձին հարևանների հետ էլեկտրաէներգիա փոխանակաման ներկա հզորությունների թողունակությունը սահմանափակ է: Այսպես, Ախալցխե-Բորչկա հատվածում շուրջ 100 կմ ձգվածությամբ 400 կՎ գծի թողունակության ողջ հնարավորության օգտագործման պարագայում անգամ Վրաստանից ասինխրոն ռեժիմում փոխանակության արդյունքում ներմուծած էլեկտրաէներգիան կարող է բավարարել Թուրքիայի պահանջարկի 2-4%-ը միայն, ուստի մեծածախ շուկայում գների վրա էական ազդեցություն ունենալ չի կարող: Հայաստանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ներկա հնարավորությունը Գյումրի-Կարս գծի թողունակության ողջ ծավալով չի գերազանցում Թուրքիայի ընթացիկ պահանջարկի 0.5%-ը: Ադրբեջանի և Իրանի պարագայում ներմուծման սահմանային ներկա հնարավորությունները նույնն են: Այդուհանդերձ, նշված երկրների միացումը միասնական համակարգում, Հայաստանի, Վրաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկ հզորությունների ընդլայնման ներկա զարգացումներն ու ներդրումային ծրագրերը, Թուրքիայի հետ ավելի բարձր թողունակությամբ նոր հզորությունների ստեղծման և զուգահեռ աշխատանքի խնդիրների լուծման պարագայում, Թուրքիայի տնտեսության զարգացման համար լուրջ կռվան կծառայեն: Այս գործում վստահաբար շահագրգիռ են հեղինակավոր ու վստահելի Թուրքական մասնավոր ընկերությունները:

Հայաստան-Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանման տեխնիկական հնարավորությունների ընդլայնումը պահանջում է շուրջ 80-90 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, ավելացվող թողունակությանը համարժեք էլեկտրաէներգիայի արտադրության հզորություններ զարգացնելու համար Թուրքիայից կպահանջվեն տասնյակ անգամ ավելի մեծ ներդրումներ: Համագործակցության տնտեսական շահն ակնհայտ է: Հստակ երևում են նաև համագործակցության հաստատման մեջ շահագրգիռ մասնակիցները՝ մասնավոր ընկերություները: Ավա՛ղ, երբեմն տնտեսական շահի տրամաբանությունը պատանդ է քաղաքական օրակարգի ձեռքում: Այսպես, 2008թ. սեպտեմբերին «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» և բելգիական «Unit International S.A» ընկերությունները կնքեցին Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու մասին պայմանագիր. նախնական փուլում Հայաստանից Թուրքիա տարեկան նախատեսվում էր արտահանել 1,5 մլրդ. կՎտ ժամ էլեկտրաէներգիա, հետագայում արտահանման ծավալը հասցնել 3,5 մլրդ կՎտ ժամի: Հայաստանյան ընկերությունը սկսեց 1972թ. կառուցված Գյումրի-2 ենթակայանի վերականգնողական և արդիականացման աշխատանքների նախագծումը: Այդուհանդերձ, «հետարձանագրային» շրջանում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցման անորոշ հեռանկարների պարագայում այս նախագիծը հայտնվեց դարակում:

Իհարկե՛, երկու երկրների միջև քաղաքական հարաբերերությունների կարգավորմանը զուգընթաց կզարգանա նաև գործակցությունը ենթակառուցվածքների, և առաջին հերթին՝ էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկպակցման ու անդրսահմանային առևտրի առումով: Ակնհայտ է նաև, որ Հայաստան-Թուրքիա էներգետիկ համագործակցության ներկա հզորությունները, առկա տնտեսական շահերն ու դրանց հիմնական կրողները բավարար ուժ կամ հրատապություն չունեն քաղաքական պատնեշը հաղթահարելու համար:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ առաջին քայլերն այս ուղղությամբ հարկ է սկսել անհապաղ: Հարկավոր է Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատելու համար անհրաժեշտ աշխատանքներին զուգնըթաց, քննարկել Հայաստան-Թուրքիա-տարածաշրջանի երկրներ էներգետիկ փոխգործակցություն ապագա կարիքներն ու լուծման հնարավոր սցենարները: Չէ որ, ակնհայտ է, որ նույն ենթահամակարգը չի կարող զուգահեռ աշխատել տարբեր չափորոշիչներ ունեցող համակարգերի հետ: Ուստի պահանջվում են լուրջ ներդրումներ և ջանքեր: Երկրների տնտեսական զարգացումն ու դրանից բխող կարիքները չեն սպասում մինչև առկա քաղաքական խնդիրները կլուծվեն: Այսօր այդ կարիքները դեռ լուռ հետևում են քաղաքական զարգացումներին, երկրների իշխանությունների քայլերին և միջնորդների դերակատարմանը: Վաղը էլեկտրաէներգիայի շուկաների ազատականացումը, լիարյուն ինտեգրումը եվրոպական մայրցամաքային ցանցին, երրորդ երկրների տնտեսական շահերը և տնտեսական զարգացման խնդիրները անխուսափելիորեն թելադրելու են սեփական տրամաբանությունը: Սակայն որքան երկրները, կարճաժամկետ խնդիրներին հետամուտ, ուշացնում են համագործակցության հեռանկարների քննարկումը, այնքան ավելի ահագնանում է վտանգը, որ միջնաժամկետ և հատկապես՝ երկարաժամկետ հատվածում գործակցության տրամաբանությունը կարող է սպասարկել հիմնականում երրորդ կողմերի շահերը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։