ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հանրային առողջապահության խնդիրները՝ ծախսարդյունավետության պատուհանից, և ոչ միայն...

10.10.2011

Հանրային առողջապահությունը շարունակում է մնալ բարեփոխումների և մոդեռնիզացման համար ամենաբարդ ոլորտներից մեկը Հայաստանում: Մի կողմից, երկրի տնտեսության և հասարակության զարգացման դինամիկան պահանջում է համարձակ և նորարարական լուծումներ, մյուս կողմից այս համակարգում բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարձրացմանն ուղղված բարեփոխման որևէ նախաձեռնություն չի կարող հաշվի չառնել երկրում աղքատության դեռևս բարձր մակարդակը, բարեփոխումների հանդեպ անցումային հասարակություններին բնորոշ անբավարար վստահությունը, քաղաքական մարտահրավերները և այլն: Ուստի, զարմանալի չէ, որ նախորդ հնգամյակում առողջապահության ոլորտում հատկապես հաջողվել են այն բարեփոխումները, որոնք առավել հասցեական բնույթ են կրել՝ ուղղված են եղել բնակչության կոնկրետ խավերի խնդիրներին, ապահովելով հասարակական աջակցության անհրաժեշտ մակարդակ, և միաժամանակ ուղղված են եղել «փոքր հաղթանակների», որոնք այնքան կարևոր են համակարգային փոփոխությունների հաջողության համար:

Այսպես, նախորդ հնգամյակում հաջողությամբ իրականացվել են մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունների մատչելիությանն ուղղված մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ ծննդօգնության հավաստագրերի մեխանիզմը: Միաժամանակ, երկրի առջև կանգնած կարևորագույն հիմնախնդիր է շարունակում մնալ հատկապես գյուղական շրջաններում բուժօգնության հասանելիությունն ու մատչելիությունը բնակչության բոլոր խմբերի համար: Այս մարտահրավերին անդրադառնալու հետաքրրքական և օգտակար նախաձեռնություն էր 2009թ. «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» կազմակերպության կողմից առողջապահության ոլորտում հղի կանանց ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձա-գինեկոլոգիական բժշկական օգնության ծախսային արդյունավետության վերլուծությունը, որի շրջանակներում մասնավորապես քննարկվել են գյուղական բնակչության համար ծառայություններն առավել մատչելի դարձնելու այլընտրանքային մեխանիզմներ, համադրվել են դրանց ելքային ցուցանիշները, այդ թվում՝ ծառայությունների ծածկույթը (այցելությունների թիվը), ծախսարդյունավետությունը, մոդելի ընդհանուր արժեքը գյուղական վայրերում: Մոդելների համեմատական գնահատականը հիմնվել է վերը նշված երեք ցուցանիշների համադրման վրա: Քննարկված մոդելի շրջանակներում առաջարկներ են արվել քաղաքականության օպտիմալ տարբերակների ներդրման, դրանց հաջորդականության և փորձարկման վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը կարևորվում է հստակ մեխանիզմների պարագայում առանձին ցուցանիշների համադրման տեսանկյունից: Իրավամբ, նշված ցուցանիշները լայնորեն կիրառվել և կիրառվում են առողջապահության ոլորտում իրավիճակն ու քաղաքականության այլընտրանքները գնահատելիս: Սակայն վերլուծության շրջանակներում՝ նույն ցուցանիշների առաջարկվող համադրումը և քաղաքականության տարբերակների գնահատումն այդ տեսանկյունից թերևս մեծապես օգտակար կլինի հանրային առողջության ոլոտում փաստերի վրա հիմնված, համարձակ և կիրառելի քաղաքականություն մշակելու և միաժամանակ շոշափելի արդյունքների՝ «փոքր հաղթանակների» ձեռքբերման ու դրանց ամբողջականցման գործում: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել նաև ծառայությունների ծախսարդյունավետության գնահատման վրա հիմնված քաղաքականության մշակելու և ներդնելու մոտեցման ներկա մի շարք հիմնական սահմանափակումները:

Այսպես, հանրապետության գյուղական շրջաններում բուժաշխատողների իրական եկամուտների խիստ ցածր մակարդակը, թերևս, կարևորագույն մարտահրավեր է գյուղական բնակավայրերի բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակն ու մատչելիությունն էականորեն բարձրացնելու ցանկացած նախաձեռնության համար: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ բուժաշխատողների աշխատավարձերի և բուժծառայությունների ծախսարդյունավետության բարձրացման հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են՝ հատկապես հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից: Անհրաժեշտ է պարզապես նկատի ունենալ, որ քաղաքականության առաջարկվող միջոցառումները պիտի արձագանքեն երկու խնդիրներին և շոշափելի փոփոխություն նախատեսեն հատկապես գյուղական շրջաններում բուժծառայողների իրական եկամուտների աճի մասով:

Երկրորդ, բուժաշխատողների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ներկայում գործող համակարգը լիարժեքորեն չի կարող որակյալ մասնագիտական կադրերով ապահովել գյուղական շրջանները անգամ գյուղական բնակավայրերում բուժաշխատողների եկամուտների զգալի աճի պարագայում, քանի որ քաղաք-գյուղ եկամուտների խզումը ակներևաբար կշարունակի մնալ շոշափելի անգամ եկամուտների բացարձակ մակարդակի աճի դեպքում: Այս առումով, անհրաժեշտ է քաղաքականության առաջարկներում ներառել հստակ միջոցառումներ՝ ուղղված բուժաշխատողների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման համակարգի փոփոխություններին: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել հանրային միջոցների հաշվին ուսուցանվող կամ վերապատրաստվող մասնագետների համապատասխան հոսքն ու նվազագույն ժամկետով գործունեությունը գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ ներդնելով համապատասխան իրավական երաշխիքներ և կարգավորելով քաղաքացիա-իրավական հարաբերությունների մի շարք խնդիրներ պետություն-պատվիրատուի և մասնագետի միջև: Կարծում ենք, որ նման մոտեցման դեպքում առաջնային պիտի լինի հենց հանրային միջոցների տրամադրման գործոնը, մինչդեռ առաջադիմության վրա հիմնված մրցակցային համակարգը պիտի, մասնավորապես, ապահովի հանրային միջոցներից օգտվելու բուն հնարավորությունը՝ գյուղական բնակավայրերում նվազագույն ժամկետով աշխատելու պարտադիր պայմանի պարագայում: Հանրային միջոցների հաշվին մասնագիտական կրթություն ստանալու որոշում կայացնող ապագա մասնագետը, պիտի որոշումը կայացնի հենց այս պայմանի առկայությամբ, մինչդեռ առաջադիմությունը պիտի անհրաժեշտ պայման ծառայի նման այլընտրանքի համար: Այլ կերպ ասած, հանրային միջոցները պիտի տրամադրվեն ոչ թե սովորողի բարձր առաջադիմության, այլ վերջինիս և սովորողի կողմից աշխատանքային կոնկրետ պարտավորություններ ստանձնելու պարագայում: Զուգահեռաբար, անհրաժեշտ է բուժաշխատողների մասնագիտական ուսուացման և վերապատրաստաման համակարգում ներդնել և զարգացնել կրթական հիմնադրամների ինստիտուտը՝ ուղղված առաջադիմության խթանմանն ու այլ թիրախների, որոնք կարող է սահմանել կրթական հիմնադրամը:

Հատկանշական է, որ գյուղական շրջաններում ընտանեկան բժշկի ինստիտուտի ներդրումը նախորդ տարիներին էականորեն բարելավել է բուժծառայությունների որոշակի շրջանակների ֆիզիկական հասանելությունն ու մատչելիությունը: Միաժամանակ, այս փաստի արձանագրումը, անհրաժեշտ է դարձնում հղի կանանց ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության հետազոտություններում և վերլուծականներում, քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև բուժծառայությունների ծածկույթի, հասանելիության, մատչելիության ու որակի այլ ցուցանիշների համադրելիության նպատակով, ընտանեկան բժշկի և մանկաբարձ-գինեկոլոգի կողմից տրամադրված ծառայությունների (կամ այս մասնագետների մոտ հղի կանանց այցելությունների) դիֆերենցված հետազոտությունը, վերլուծությունն ու մոդելների համեմատական քննարկումը:

Ի վերջո, վերը նշված վերլուծությունը և դրան, թերևս, հաջորդող հետազոտությունները բացառապես կշահեն, եթե նախաձեռնությանը մասնակից դառնան այս ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչները: Նման մոտեցումը, ոչ միայն հետազոտության մեթոդական հենքն ամրապնդելու հնարավորություն կստեղծի՝ մեծացնելով արդյունքների վստահելիությունն ու համադրելությունը, այլև բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի մեջ (key stakeholders) վերլուծության եզրակացությունների և քաղաքականության առաջարկների հանդեպ կձևավորի որոշակի «սեփական ներդրման» (ownership) պաշար՝ մեծացնելով առաջարկների կենսագործման ներուժը:


Համառոտագիրը մշակվել է 2011.թ սեպտեմբերի 26-ին կայացած` «Հանրային ծախսերի հաշվետվողականության բարելավման նպատակով ինստիտուտների զարգացում. առողջապահություն» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ հետազոտական կազմակերպության հետ համագործակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։