ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Եվրոպական արժեքների և ինտեգրման հաղորդակցության մարտահրավերները

12.01.2012

Եվրոպական ինտեգրման փիղն ու հայ հասարակության կույր իմաստունները

Մարզերում երիտասարդները խիստ անտեղյակ են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացից: Երիտասարդները վստահաբար գիտեն, թերևս, երկու բան. Հայաստանը ԵՄ անդամ չէ, և եվրաինտեգրման նպատակով երկրում բարեփոխումներ են ընթանում: Ընդ որում, բարեփոխումների արդյունքներին թե՛ երիտասարդները, թե՛ հասարակությունն ընդհանրապես հիմնականում անտեղյակ են: Հատկանշական է, որ Եվրամիության հանդեպ հասարակական վերաբերմունքը ներկայում մեծապես պայմանավորված է կարծրատիպերով: Ավելի՛ն, երիտասարդները, կարծես, առանձնապես չեն էլ հետաքրքվում եվրաինտեգրման խնդիրներով. շատերը փոխում են հեռուստաալիքը, ծալում են թերթը, երբ հաղորդումը կամ հոդվածը լուսաբանում է Եվրամիությանն առընչվող կամ եվրոպական ինտեգրման խնդիրները. հայաստանցիները հաճախ չեն ուզում լսել այն, ինչը փորձում են նրանց հաղորդել: Արդյունքում, եվրաինտեգրման գործընթացն ասես «լճացել» է «եվրոպական արժեքներ քարոզողի ինքնությունը կրողների» շրջանակում, խորանում է հաղորդակցության անջրպետը, իսկ հայաստանցին, որի համար ընկալելի չի Եվրոպան իր ընձեռած բոլոր հնարավորություններով ու մարտահրավերներով, գերադասում է, օրինակ, աշխատելու մեկնել երկրներ, որոնք ընկալելի ու կանխատեսելի են, ասենք՝ Ռուսաստան: Շատերը հաճախ շփոթում կամ չեն տարբերում եվրոպական մի կառույցը մյուսից, միջազգային գործընթացները՝ եվրաինտեգրման գործընթացներից, Բոլոնիայի գործընթացը ներկայացվովում է, որպես ԵՄ նախաձեռնություն: Երիտասարդներից հաճախ կարելի է լսել. «եթե Երևանում ենք դժվարանում բուհ ընդունվել, Եվրոպայում չենք կարող ու չենք կարող»: Եվրոպա տանող ճանապարհը երիտասարդների ու շատ հայաստանցիների համար «անցնում է Երևանի միջով»: Մինչդեռ եվրոպական ինտեգրման վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ունենալու դեպքում հայ երիտասարդները վստահաբար կփնտրեին և կգտնեին արտերկրում մասնագիտական կրթության այլ՝ անմիջական ուղիներ:

Այսպիսով, հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը թյուր կարծիք ունի եվրոպական կառույցների ու չափանիշների, եվրաինտեգրման նպատակների ու միջոցների, դրանց ընձեռած հնարավորությունների և դրանցից օգտվելու համար առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների մասին:

Եվրոպական ինտեգրման գործընթացի խնդիրները և եվրոպական արժեքները հայ հասարակությանը ներկայացնելը իրավամբ դժվար գործ է անգամ հաղորդակցության արդյունավետ գործիքների առկայության պարագայում: Այդ գործընթացն, ի սկզբանե, լի է հակասություններով. համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում եվրաինտեգրման մարտահրավերներ, եվրոպական համայնքի անհամասեռություն և բազմատարրություն, հայ հասարակության ներսում արժեքների և շահերի բախումներ և այլն: Զարմանալի չէ, որ եվրաինտեգրման գործընթացի մասին հայաստանցիները հաճախ ունեն մեկը մյուսին տրամագծորեն հակառակ պատկերացումներ, ինչը հիշեցնում է փղի ու յոթը կույրերի մասին պատմությունը: Եվրաինտեգրման ջատագովներն անգամ երբեմն հստակ չեն պատկերացնում, թե արդյոք եվրոպական արժեքներն են պրակտիկ հարցերում առաջընթացի համար, թե պրակտիկ հարցերում առաջընթացն է կոչված արժեքներ ձևավորելու:

Վատ լեզու և խրթին մտքեր՝ ձայն բարբառոյ

Ուրեմն որո՞նք են ստեղծված իրավիճակի պատճառները: Հիմնականը, թերևս, հաղորդակցության ձևավորված մեթոդներն են. հասարակության բացարձակ մեծամասնությունը պատրաստ չէ լսելու և ընկալելու այն «լեզուն», որով իրեն ներկայացնում են եվրոպական արժեքները: Իրավամբ, հաղորդումների ու հոդվածների բովանդակությունը երիտասարդների համար հիմնականում անմատչելի է, իսկ մատուցվող նյութի լեզուն, ձևաչափը նրանց համար անհասկանալի, ուստի դրանք երիտասարդների համար անհետաքրքիր են:

Երկրորդ. թեև էլեկտրոնային ցանցերում և ինտերնետում եվրաինտեգրմանն առնչվող տեղեկությունները քիչ չեն, այդուհանդերձ, հայաստանյան հասարակության լայն շերտեր դուրս են մնում հաղորդակցության սպեկտրից, քանի որ ինտերնետը չի օգտագործվում շատերի կողմից որպես հաղորդակցության գործիք, իսկ տեղեկատվության ավանդական միջոցները արդյունավետ կերպով չեն օգտագործվում տեղեկություններ հաղորդելու և արժեքներ ներկայացնելու համար: Հայաստանցիները, թերևս, ավելի շատ վստահում են հաղորդակցության ավանդական մեթոդներին, սակայն դրանցով մատուցված նյութը գործնականում տեղ չի հասնում: Միաժամանակ, հաղորդակցության այլընտրանքային՝ նոր միջոցների հանդեպ վստահությունը համեմատաբար ցածր է, իսկ դրանցից օգտվելու հայաստանցիների կարողությունները՝ սահմանափակ:

Լրագրողների մասնագիտական անբավարար որակավորումը, անտեղյակությունը եվրաինտեգրման տերմինաբանությանը նույնպես մարտահրավեր են հաղորդակցության կազմակերպման գործում ԶԼՄ-ների արդյունավետ դերակատարման համար: Ըստ էության, եվրաինտեգրման խրթին բովանդակությունը մատչելի լեզվով հասարակությանը ներկայացնող միջնորդներ գրեթե չկան:

Երրորդ. մի շարք փորձագետներ համարում են, որ եվրաինտեգրման գործընթացի տեսանելիության (visibility) ապահովման ձևավորված պրակտիկան, ըստ էության, լուծում է բացառապես եվրաչինովնիկների հաշվետվողականության շահը և հաճախ «դրոշ կախելուց այն կողմի չի անցնում», իսկ դոնորները հաճախ «փչացնում» են հաղորդակցության առանց այն էլ խոցելի մեթոդները՝ պատվիրելով հաղորդումներ ու ընտրելով դրանց բովանդակությունն ու ձևաչափը սեփական հայեցողությամբ, առանց ուշադրություն դարձնելու այն իրողությանը, որ դրանք հայաստանցիների համար հիմնականում գրավիչ չեն:

Բովանդակության և ձևի ներդաշնակության խաչմերուկում

Անհրաժեշտ է հասարակական լայն քննարկում ծավալել եվրաինտեգրման գործընթացի արդյունքների, կարգավորման ու ընթացակարգերի, եվրոպական չափանիշների ներդրման շահեկանության և ակնկալվող օգտակար փոփոխությունների վերաբերյալ: Չէ՞ որ շատերը տեղյակ էլ չեն, որ ասենք, հյութերի վրա հայալեզու մանրակրկիտ բացատրությունները հենց եվրոպական չափանիշների ներդրման արդյունք է: Այս առումով, կարևոր են արդյունավետ ձևաչափով հասարակական քննարկումները, որոնց արդյունքում պրակտիկ, կենցաղային խնդիրների շուրջ երկկողմանի, ինտերակտիվ հաղորդակցություն կձևավորվի եվրաինտեգրման պատասխանատուների և հասարակության անդամների միջև: Այս կերպ հնարավոր է իրազեկման պահանջարկ ձևավորել. հայաստանցիները պիտի զգան տեղեկատվության կարիքն ու անհրաժեշտությունը:

Քննարկումները պիտի կարողանան առաջին հերթին կամրջել հաղորդակցության ձևաչափի ու բովանդակության անդունդը՝ փորձագիտական շարադրանքի և հասարակ քաղաքացու համար պարզ ու ընկալելի ձևակերպումների միջև բացը: Հետևաբար քննարկումները պիտի լինեն միջնորդավորված և պրակտիկ մեթոդների վրա հիմնված: Շեշտը դնելով հաղորդակցության ինտերակտիվ ու հետաքրքական ձևաչափերի վրա՝ դրանք պիտի փոխկապակցել առանձին թիրախ խմբերին հուզող խնդիրներին ու օրակարգին: Հաղորդակցությունը պիտի լինի խիստ հասցեական և հաշվի առնի լսարանի կարիքները. ողջ հանրությանն ուղղված ընդհանրական մոտեցումն այս հարցում չի գործում: Ավելին, հաղորդակցությունը պիտի հիմնվի ոչ թե մարդկանց հետաքրքրություններից հեռու վերացական հասկացությունների, այլ պրակտիկ տեղեկատվության վրա: Հայաստանցուն հարկ է հնարավորություն տալ հասկանալու, թե իր կյանքի վրա ինչ ազդեցություն է ունենում ինտեգրումը: Ընդ որում, անհրաժեշտ է բացահայտել հաղորդակցության այն մեթոդներն ու միջոցները, որոնց հատկապես վստահում են հայաստանցիները կամ առանձին խմբերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներին: Միաժամանակ, հաղորդակցությունը պիտի առաջին հերթին ուղղել բացասական ու խանգարող կարծրատիպերի վերացմանը:

Իրավամբ, հաղորդակցության գործընթացում կենտրոնական ու որոշիչ դեր ունեն միջնորդները: Մասնավորապես, եվրոպական արժեքների արմատավորման գործում խիստ կարևոր է ուսուցիչի դերը. հենց ուսուցիչն է աշխատում երեխայի հետ: Հարկավոր է եվրոպական արժեքների արմատավորման գործում կրթել ու զինակից դարձնել առաջին հերթին ուսուցչին, լրագրողին, ոստիկանին՝ որպես միջնորդների, չանտեսելով, իհարկե, ներգրավել հանրային կարծիք ձևավորողներին: Անհրաժեշտ է երեխաներին դիտել ոչ միայն որպես հաղորդակցության թիրախ, այլև կարևորագույն միջնորդ. երեխաները սովորում են անհամեմատ արագ և հաղորդակցվում են ավելի արդյունավետ ու սովորեցնում են իրենց ընտանիքներին: Ավելին, հինգ տարի անց հենց այսօրվա երեխաներն են դառնալու հաղորդակցության կարևորագույն դերակատարները:

Կարևորվում է նաև հաղորդակցության գործընթացում մասնագիտական ներուժի պատշաճ ներգրավման հրամայականը: Այսպես, այն հասարակական կազմակերպությունները, որոնց առաքելությունն է հայ հասարակության շրջանում եվրոպական արժեքների տարածումը և որոնք ստանձնել են հաղորդակցության միջնորդի ուրույն դեր, պիտի սերտորեն համագործակցեն հանրության հետ կապերի մասնագետների հետ:

Եվրոպական արժեքների և եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր միջավայրի բարելավմանը կնպաստի Հայաստանում ինտերնետային հասանելության ընդարձակումը, երիտասարդներին համապատասխան ինտերնետային կարողություններ՝ տեղեկատվություն փնտրելու հմտություններ հաղորդելը, սակայն ամենից առաջ՝ պատասխաններ փնտրելու կարիքի ու հրատապության ձևավորումը: Սրան կարելի է հասնել, օրինակ, ՀՀ մարզերում շարքային քաղաքացիների համար հասանելի ԵՄ տեղեկատվական ներկայությունն ապահովելու միջոցով. գրադարանների, եվրաինտեգրման խնդիրներով հետաքրքրվողների համար Wi-Fi ազատ գոտիների ստեղծման, տեղեկատվական կրպակների և հասանելության ու մատչելիության այլ լուծումներով:

Ընդհանուր առմամբ, եվրոպական արժեքների արդյունավետ ներկայացման համար հարկ է հըթնացս ձևավորել հաղորդակցության արդյունավետ մեխանիզմներ: Առկա կարծրատիպերի պայմաններում անհրաժեշտ է միաժամանակ և՛ փորել հաղորդակցության թունելը, և՛ անցնել դրանով:


Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի նոյեմբերի 22-ին կայացած` «Հաղորդակցություն եվրոպական արժեքների շուրջ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։