- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հաստատվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սա սկիզբն էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցների(ՔՀԿ) աննախադեպ համագործակցության, որի նպատակն այս նախագծի կասեցումն էր: Ստեղծվեց Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ՝ կազմված ավելի քանի 300 հասարակական կազմակերպություններից, որոնք իրենց վերաբերմունքը նոր նախագծի վերաբերյալ բավականին կտրուկ արտահայտեցին. «...նախագիծը ՀԿ-ների պետական ճնշման գործիք և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր է»: Այս «ճնշման գործիքին» հակազդելու համար մոբիլիզացվեցին ՔՀԿ ռեսուրները, և խորհրդարանական երկու լսումների արդյունքում նախագիծը դեռ չի ընդունվել:
Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ամբողջովին չեն նկարագրում երկամյա գործընթացի արդյունքում արձանագրված փոփոխությունները, որոնք քննարկվեցին նաև Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցի (ՔՀԶ ցանց) դեկտեմբերի 27-ին կայացած տարեկան ամփոփիչ միջոցառման ընթացքում, որին որպես խոսնակ հրավիրված էին ՀՀ Արդարադատության փոխնախարար պարոն Ա. Օրբելյանը և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Ա. Սաֆարյանը: Հանդիպման նպատակն էր ամփոփել 2011 թվականին ՀԿ օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքները և ներկայացնել հետագա անելիքները:
Հետադարձ հայացք նետելով վերջին երկու տարում Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խմբի անցած ճանապարհին՝ 2012թ. նախաշեմին կարելի է հստակորեն ուրվագծել առանցքային երկու փոփոխություն, որոնք փոխակերպեցին գործընթացի բնույթը: Նախ, պետք է վերհիշել, որ գործընթացն սկսվել էր որպես հստակ «ընդդեմ» քննադատական շարժում, որի նպատակը մեկն էր. հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությանն առնչվող իրավական դաշտում պահպանել ստատուս քվոն: Այսօր այդ նպատակը ձևափոխվել է երկարաժամկետ կառուցողական առաքելության. բարելավել ՀԿ իրավական կանոնակարգման դաշտն այնպես, որ այն զարգանա առանց բախվելու լուրջ խոչընդոտների և կարողանա պաշտպանել հանրային շահն՝ ըստ իր որդեգրած առաքելության:
Երկրորդ, գործընթացի սկիզբը ոչ մի կերպ չէր կարելի բնութագրել որպես «մասնակցային», մինչդեռ այսօր ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը շեշտում են արդյունքում թերևս դանդաղ, այդուհանդերձ միանշանակորեն նախապատվելի մասնակցային գործընթացի առկայությունը: Նման փոփոխություններն իրավամբ ձևափոխել են նաև դերակատարների մասնակցության բնույթը: Եթե սկզբում ՔՀԿ-ներն ամեն գնով փորձում էին կանխել նախագծի հետագա ընթացքը, ապա այսօր նրանք ստիպված են հանդես գալ կառուցողական, հստակ առաջարկներով, թե ինչպիսի զարգացման միջավայր են ցանկանում տեսնել: Այսօր դրանք ոչ միայն կարող են օգտվել առկա գունապնակի բոլոր երանգներից այդ միջավայրը պատկերելու համար, այլև արդեն իսկ համապատասխան գնորդ ունեն այդ կտավի համար՝ Արդարադատության նախարարությունը:
Այս գործընթացի հետաքրքիր զարգացումներից մեկն Արդարադատության նախարարության աշխատակազմի փոփոխությունն էր, որը շոշափելի տեղաշարժերի տեղիք տվեց: Եթե նախկինում դերակատարների միջև հաղորդակցությունը նմանվում էր առանձին մենախոսությունների, ապա փոխակերպված դերակատարի մասնակցությունն այդ հաղորդակցությանը վերածեց այն երկխոսության: Հատկանշական է, որ այս փոփոխությունը պայմանավորված էր անձերով, այլ ոչ թե համակարգի կամ մշակույթի փոփոխությամբ: Թվում է, թե նման զարգացումն այնքան մարգինալ է, որ այն քննարկել որպես նախադեպ վաղաժամ է: Սակայն չպիտի թերագնահատել այս ռեսուրսը: Նման ներուժն անտեսելը մեծ շքեղություն կլիներ հայկական հասարակական և քաղաքական իրականությունում, որի հիմնախնդիրներից մեկը հենց որոշումների ձևավորման գործընթացում բանակցային և մասնակցային մշակույթի կայացումն է: Ստեղծված իրավիճակն իրականում պետք է դիտարկել որպես նման մշակույթի սաղմ և փորձել հետևողականորեն սնել, որպեսզի այն վաղաժամ չթոշնի:
Գործընթացի կառուցողական և հեռահար նպատակային միտումներն առաջիկայում նյութականացնելու համար անհրաժեշտ նախադրյալ է ներգրավված կողմերի՝ Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խմբի, առանձին ՔՀԿ-ների, Արդարադատության նախարարության և Ազգային ժողովի դերերի հստակ գիտակցումը: Արդարադատության նախարարությունը հրապարակայնորեն խրախուսում է մասնակցային, թեև դանդաղ բարեփոխման գործընթացը՝ պարզորոշ սահմանելով այն մոտեցումները, որոնք բնութագրում են իր, որպես պետական կառույցի դիրքորոշումը հասարակական ոլորտի զարգացման խնդրում: Դրանք հինգն են. ա/ ոչ-առևտրային և առևտրային կազմակերպությունների գործունեության հստակ տարանջատում, բ/ «հանրային օգուտ» հասկացության սահմանում և համապատասխան հասարակական կազմակերպությունների գործունեության կանոնակարգում՝ ըստ նոր սահմանման, գ/ հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմների անհրաժեշտություն, ներառյալ «արտոնյալ իրավունքներ, հավելյալ պատասխանատվություն» դրույթը, դ/ կամավորականության պրակտիկայի կանոնակարգում հաշվետվողականության մեխանիզմների միջոցով և ե/ ծառայությունների պատվիրակում ՔՀԿ-ներին: Դիրքորոշման նման հստակեցումը միաժամանակ թե՛ հաշվետու է դարձնում տվյալ կողմին, թե՛ հնարավորություն ընձեռում մյուսներին խուսափել խաղի կանոնների վերաբերյալ մասնավոր ենթադրություններից: Օրենսդիր մարմինը ևս կիսում է նման դիրքորոշումը:
Եթե ՔՀԿ-ները բարեփոխման հաջողության գրավականը համարում են մասնակցային գործընթացը, ապա պետական կառույցները հավաստում են, որ իրենց ակնկալիքներն այս հարցում միանգամայն համահունչ են: Իսկ մասնակցությունը ենթադրում է գործառույթների բաժանում և պարտականությունների ստանձնում: Այստեղ անելիքները շատ են. Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբը և ՔՀԿ-ները պարտավորվում են ԱՆ և ԱԺ-ի հետ համատեղ մշակել հասարակական կառույցների զարգացման հայեցակարգը, իսկ վերջիններս՝ ապահովել հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման փորձագիտական ռեսուրսը: Այս ընթացքում պետք է շարունակել զարգացնել ստեղծված կառուցողական միջավայրը, առանց որի միանգամայն հավանական է կրկին հայտնվել փոխադարձ մեղադրանքների թակարդում և մեկ անգամ ևս անորոշ ժամանակով հետաձգել խնդրի հանգուցալուծումը:
Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի դեկտեմբերի 23-ին կայացած` «Քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցությունը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։