ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների համար ֆինանսական երաշխիքների ընդլայնումը

16.01.2012

Ֆինանսական երաշխիքներ. ավելի լավ ապագայի հույս և կապող պարտավորություններ

Արտերկրում միգրանտ աշխատողների վաստակած եկամուտներն ու խնայողություններից ընտանիքներին ուղարկվող դրամական փոխանցումները էական գործոն են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում անգամ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում: 2010-11թթ. դրամական փոխանցումների ծավալը շարունակաբար աճել է: Ընդ որում, վերը նշված միջոցները միգրանտների ընտանիքները հիմնականում օգտագործում են կոմունալ ծախսերը (որոնք հաճախ կրկնապատկվում են ձմռան ամիսներին), կրթության և բուժման, արտակարգ դեպքերի ու ընտանեկան մեծ արարողությունների (հարսանիք, թաղում և այլն) ծախսերը հոգալու, երբեմն նաև կենցաղային պայմանները բարելավելու նպատակով:

Միգրանտների և նրանց ընտանիքների առողջապահական, կրթական, սոցիալ-կենցաղային հարցերի լուծմանը նպաստող յուրաքանչյուր նախաձեռնություն ամրապնդում է շահառու ընտանիքների կապը երկրի և համայնքի հետ: Նման նախաձեռնությունների ազդեցությունը երկակի է. նախ, նվազում են սոցիալ-կենցաղային դրդապատճառներով երկրից հեռանալու որոշման վրա ազդող աննպաստ գործոնների ազդեցությունը, մյուս կողմից, միջնաժամկետ ու երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունները տնային տնտեսություններին, միգրանտներին ու նրանց ընտանիքների անդամներին որոշակիորեն կապում են Հայաստանի ֆինանսական համակարգին և երկրին:

Իսկ որքանո՞վ են հայաստանյան ֆինանսական ինստիտուտները շահագրգիռ իրենց հաճախորդների ու նրանց, այդ թվում՝ միգրանտներին մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնելու խնդրում: Որքանո՞վ են նրանք պատրաստ կամ շահագրգիռ այդ նպատակով ներդնել նոր գործիքներ, այդ թվում՝ հաճախորդների վարկունակության գնահատման նոր մեթոդներ, արդյունավետ օգտագործել նրանց դրամական հոսքերի մասին իրենց ունեցած ընդգրկուն տեղեկությունները և փնտրել տեղեկությունների այլ աղբյուրներ, վերջապես, համագործակցել այլ ֆինանսական կառույցների հետ՝ ընդհանուր շահերի շրջանակներում:

Փորը՝ կուշտ, տակը՝ չոր

Հայաստանյան տարբեր բանկեր հայաստանցիներին, այդ թվում՝ միգրանտներին և նրանց ընտանիքներին առաջարկում են դրամական փոխանցումների գործառնական մի շարք ծառայություններ: Սակայն վարկավորման ծառայությունների պարագայում, բանկերը խիստ պասիվ են և նախաձեռնություն գրեթե չեն ցուցաբերում: Սրա պատճառները բարդ են և փոխկապակցված:

Նախ. հայաստանյան բանկերն, ըստ էության, «ինքնաբավ» են՝ մրցակցությունն այս ոլորտում անբավարար է: Այսպես, թեև Հայաստանում առանձին բանկերի մասնակցությունը չի գերազանցում շուկայի 10-15 տոկոսը), այդուհանդերձ, դրանք հիմնականում գործում են որոշակի «խորշերում»՝ սպասարկում են հաճախորդների առանձին շրջանակեր: Նման «խորշերում» յուրաքանչյուր բանկ, ըստ էության, մրցակցությունից դուրս է, իսկ մրցակցության բացակայության և գործունեության բավարար շահութաբերության պարագայում դաշտը լճանում է, զարգացումը՝ դանդաղում:

Երկրորդ. բանկային համակարգում մրցակցության խթանմանը, արդիականացմանն ու նորարարությանը, գիտելիքների և նոր մշակույթի տարածմանն ու զարգացմանը, ծառայությունների դիվերսիֆիկացմանն ու դրանց որակի բարձրացմանը հաճախ մեծապես նպաստում է երկրում օտարերկրյա կապիտալով կամ ոչ ռեզիդենտ առաջատար ֆինանսական հաստատությունների մասնակցությունը: Հայաստանում գործում են նման հաստատություններ, սակայն դրանց առկայությունը վերը նշված հարթություններում շոշափելի փոփոխության չի հանգեցրել: Հարկ է նշել նաև, որ ցածր է հայաստանյան շատ բանկերի ինքնավարության աստիճանը. ռուսաստանյան կապիտալով բանկերի քաղաքականությունը ձևավորվում է Մոսկվայում, մինչդեռ հայաստանյան մասնաճյուղերը երկրորդային նշանակություն ունեն և գլխամասերը դրանց զարգացմանը պատշաճ ուշադրություն չեն դարձնում:

Երրորդ. վարկավորման վերաբերյալ որոշումը հնարավոր սեղմ ժամկետում կայացնելու, ինչպես նաև հաճախորդի վարկունակության վերաբերյալ վստահելի տեղեկություններ հավաքելու և վերլուծելու ծախքերը կրճատելու գործում կարևորվում է վարկունակության գնահատումը (scoring): Թվում է, թե հայաստանյան բանկերը պիտի որ խիստ շահագրգռված լինեին վարկունակության գնահատման համակարգերի տվյալներն օգտագործելու հարցում: Իրականում սակայն, վարկունակության գնահատում իրականացնող ԱՔՌԱ վարկային բյուրոյի (Armenian Credit Reporting Agency) սքորինգի արդյունքները հայաստանյան բանկերը օգտագործում են սահմանափակ դեպքերում: Օրինակ. ԱՔՌԱ համակարգին դիմում են պոտենցիալ վարկառուի պատմությունը պարզելու նպատակով, երբ բանկն արդեն իսկ հակված է վարկ տրամադրել հաճախորդին: Բանկերն, այսպիսով, սպառում են հիմնականում «բացասական»՝ չվճարումների մասին տեղեկությունները, մինչդեռ «դրական»՝ վարկունակությունը փաստող տեղեկությունները մնում են չպահանջված և չօգտագործված: Միգրանտի ու նրա ընտանիքի անդամների դրամական փոխանցումների պատմությունը նույնպես բանկերի համար «լուսավոր»՝ վարկավորման նախաձեռնողական քաղաքականություն վարելուն միտված պատմություն չէ:

Ավելին, հաճախորդների, այդ թվում՝ միգրանտների ու նրանց ընտանիքների վարկունակությունը վերլուծելու և վարկունակ հաճախորդներին հայտնաբերելու և ծառայություններ առաջարկելու համար անհրաժեշտ ծավալուն տեղեկություններ ունեն նաև բանկերն իրենք: Այդուհանդերձ, հայաստանյան բանկերը արդյունավետ կերպով չեն օգտագործում անգամ սեփական տեղեկատվությունը, քանզի վարկունակ հաճախորդներ «որսալու» խնդրում շահագրգիռ և նախաձեռնող չեն: Եթե զարգացած ֆինանսական շուկա և բանկային ծառայություններ ունեցող երկրներում բանկերը խիստ նախաձեռնող են և անում են ամեն հնարավորը առավել վարկունակ անձանց իրենց հաճախորդը դարձնելու գործում (ասենք, բարձր վարկանիշ ունեցող համալսարանում սովորողին, կայուն ու բարձր եկամուտ ունեցողին պարբերաբար և հաճախակի առաջարկում են իրենց ծառայությունները ու «ձեռքից-ձեռք են փախցնում»), ապա Հայաստանում վարկունակության գնահատման վերաբերյալ սեփական կամ այլ աղբյուրներից տրամադրվող տեղեկատվությունը բանկերը գրեթե բացառապես օգտագործում են վարկավորման հայցով իրենց դիմող հաճախորդների վարկավորման ռիսկերը գնահատելու և վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով: Արդյունքում, ԱՄՆ-ում բանկերի կողմից ուղարկված վարկավորման առաջարկներով օրեկան 5-7 նամակ աղբարկղը նետող հայաստանցին, Հայաստան վերադառնալով և իր երկրում ավելի մեծ եկամուտներ ունենալով, բանկից-բանկ է նետվում՝ վարկավորման հայցով: Չորրորդ. Հայաստանի բանկային համակարգում ժամանակակից գիտելիքների պակաս կա, ինչի մասին վկայում են բարձր սպրեդերը (spread): Ծառայողների վերապատրաստմանը տրամադրվող միջոցները չնչին են՝ շուրջ 50 միլիոն դրամ, մինչդեռ բանկային համակարգում հազարավոր կադրեր են աշխատում: Հինգերորդ. խնդրահարույց է նաև բանկային ծառայությունների վերաբերյալ հայաստանցիների, մասնավորապես, միգրանտների և նրանց ընտանիքի անդամների անբավարար իրազեկությունը: Վեցերորդ. բանկերը հաճախ բողոքում են, թե ԿԲ նորմատիվները միգրանտներին հատկացվող վարկերը գնահատում են որպես բարձր ռիսկային, և ռիսկերից խուսափելու մարտավարության պատճառները փնտրում ռիսկերը հնարավորին չափով կրճատելուն միտված ԿԲ քաղաքականության մեջ: Այդուհանդերձ, բազմաթիվ այլ դեպքերում բանկերը ստանձնում են մեծ ռիսկեր, ինչը թերևս նշանակում է, որ խնդիրը ոչ այնքան կարգավորող դաշտի և ոլորտում վարվող հանրային քաղաքականության, այլ բանկերի անբավարար շահագրգռության հետևանք է: Իրավամբ, շահագրգռության առկայության պարագայում, բանկերը միասնական ջանքերով ի զորու են փոխակերպել կարգավորման ցանկացած խոչընդոտ:

Յոթերորդ. ի լրումն վարկավորման պասիվ՝ սպասողական քաղաքականության, վարկային մարկետինգի և գործարար շահերի տեսանկյունից հայաստանյան բանկերը կարծես թե չեն կարևորում աշխատող միգրանտներին, որպես առանձին ու արժեքավոր թիրախ խումբ: Բանկերն այս խմբին չեն դիտում որպես բիզնես գործընկեր և խուսափում են վարկավորման առանց այն էլ փոքր պորտֆելում ընդգրկել միգրանտներին ու նրանց ընտանիքներին: Այստեղ որոշակի խոչընդոտող գործոն է դառնում արտերկրում աշխատող միգրանտի աշխատանքի և եկամուտների մասին տեղեկանքների հուսալիության խնդիրը, այն դեպքում, երբ երբեմն բանկերի կողմից արդարացիորեն վստահելի չեն համարվում անգամ Հայաստանում աշխատողներին տրվող տեղեկանքները:

Չօգտագործվող ֆինանսական ռեսուրսները Հայաստանում մեծ են. փորձագիտական գնահատականների համաձայն բանկային համակարգում չներգրավված հատվածը չափազանց մեծ է՝ ավելի քան1.5 միլիարդ եվրո, ինչը համարժեք է հայաստանյան բանկերի ընթացիկ պորտֆելին և դրամական փոխանցումների ներկա ծավալին: Հայաստանյան բանկերի պորտֆելը ակտիվների համեմատ գրեթե հնգապատիկ է, մինչդեռ զարգացած ֆինանսական շուկաներում այն հասնում է տասնհինգապատիկի: Միաժամանակ, բանկերի գործունեության շահութաբերության կրճատումը բանկերին կմղի ավելի մեծ ռիսկերի, թեպետ ահագնացող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հայաստանյան բանկերը կարող են դառնալ էլ ավելի պահպանողական, ինչը հավանաբար բացասաբար կանդրադառնա մանրածախ բանկային գործունեությունը (retail banking) ընդլայնելու շահագրգռության վրա:

Դիֆերենցիալ հավասարում երեք փոփոխականով

Հայաստանցիների անկանոն միգրացիան դեպի շրջանաձև աշխատանքային միգրացիա վերուղղելու գործում անչափ կարևոր է միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքներին զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական նոր գործիքների ձևավորումը: Հաշվի առնելով վերը նշված խնդիրները, նման երաշխիքներն ու ծառայությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կատարել մի շարք քայլեր՝ ֆինանսատնտեսական միջավայրի փոխակերպումների ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները հաշվի առնելով: Վերջինների թվում հատկանշական է նախկինում խիստ եկամտաբեր կորպորատիվ հաճախորդների շուկայի աստիճանական հագեցումը և մանրածախ բանկային գործունեության գրավչության աճը մոտ ապագայում, որի նախանշան է ներկայում բանկերի եկամտաբերության անկման միտումը: Շրջանառու աշխատանքային միգրացիայի հոսքերում ընդգրկված հայաստանցիների համար ֆինանսական նոր երաշխիքներ և բանկային համակարգում նոր շահեր կարող է ձևավորել ԵՄ և Հայաստանի միջև մեկնարկած շարժունակության գործընկերության (mobility partnership) դինամիկ գործընթացը: Համակարգային փոփոխությունների առումով կարևորվում է բանկային համակարգում աշխատակազմերի գիտելիքների բարձրացումը՝ կրթությանը հատկացվող միջոցների և դրանց ծախսման արդյունավետության մեծացման, գիտելիքահեն աշխարհայացքի ձևավորման ու արդիականացման միջոցով: Հայաստանում ֆինանսական ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և մրցակցության խթանմանը թերևս կարող է նպաստել նաև նոր՝ արտասահմանյան կապիտալով բանկերի մուտքը շուկա: Ի լրումն, Հայաստանի Կենտրոնական բանկը կարող է հետևողականորեն հորդորել հայաստանյան բանկերին և խրախուսել վարկային պորտֆելների աստիճանական ընդլայնման, վարկավորման նախաձեռնողական քաղաքականության և հաճախորդներին, այդ թվում՝ միգրանտներին ու նրանց ընտանիքներին մատուցվող վարկային ծառայությունների ծավալի ու որակի մեծացման արդի մեխանիզմներ մշակելու և ներդնելու ուղղությամբ բանկերի կատարած քայլերը:

Բանկային համակարգում վարկավորման նախաձեռնող քաղաքականության անցման պարագայում, միգրանտների և նրանց ընտանիքների վարկունակության բարձրացման առումով, կարևորվում է միգրանտների վերաբերյալ ֆինանսական տեղեկատվությունը հայաստանյան բանկերի համար մատչելի դարձնելու և այդ տեղեկատվության հուսալիության խնդիրը: Այն կարելի է լուծել, մասնավորապես, վստահելի և հեղինակավոր միջնորդ կառույցների միջոցով: Դրանք արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում բնակվող նրանց ընտանիքի անդամների վարկունակության մասին տեղեկությունների հավաստման և վստահելիության գնահատման միջանկյալ ծառայություններ կտրամադրեն բանկերին, ինչպես նաև, սեփական գործարար շահերից ելնելով, կջանան խթանել վարկավորման նախաձեռնողական գործընթացը՝ ընդլայնելով վարկունակության գնահատման ծառայությունների պահանջարկը և նպաստելով ֆինանսական հաստատությունների վարկային պորտֆելի մեծացմանը: Այսպես, նման ծառայություններ կարող է տրամադրել ԱՔՌԱ վարկային բյուրոյին կից և դրա սկզբունքներով գործող, (այդ թվում՝ անձի վարկունակությանը վերաբերվող տվյալների վերաբերյալ հարցումը բացառապես շահառուի խնդրանքով և թույլտվությամբ կատարելու սկզբունքը) կառույցը, որն ի զորու կլիներ համապատասխան հարցում անել արտերկրում աշխատող միգրանտի գործատուին կամ նրան սպասարկող ֆինանսական կառույցներին և հարցման արդյունքների հիման վրա գնահատել միգրանտի և նրա ընտանիքի վարկունակությունը: Ընդ որում, վարկունակության գնահատումն առավել արդյունավետ կերպով կարող է իրականացնել հենց միջնորդ կառույցը: Նման կառույցի տրամադրած գնահատականն ու վերլուծական տեղեկանքը կարող է դառնալ բանկերի կողմից վարկավորման ռիսկերի գնահատման, ուստի և, վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու գործում վստահելի աղբյուր:

Հայաստանի մարզերում և հատկապես գյուղական վայրերում վարկային ծառայություններ տրամադրելու գործում առավել ակտիվ ու նախաձեռնող են վարկային կազմակերպությունները (ՎԿ): Այդուհանդերձ, ՎԿ-ները վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք չունեն, ուստի հաճախորդների ֆինանսական հոսքերի և գումարների մասին չունեն այն տեղեկությունները, որոնք ունեն բանկերը՝ հաճախորդներին մանրածախ բանկային ծառայություններ մատուցելու արդյունքում: Ստացվում է, որ բանկերն ունեն վարկավորման նախաձեռնողական ծավալման համար անհրաժեշտ տեղեկություններ, սակայն արդյունավետ կերպով դրանք չեն օգտագործում, մինչդեռ ՎԿ-ներն առավել շահագրգիռ են, սակայն չեն տիրապետում հուսալի տեղեկությունների, որոնք տնօրինում են բանկերը: Ավելին, թեպետ միգրանտներին և նրանց ընտանիքների վարկավորման նախաձեռնությունների շահութաբերությունը կարծես թե չի գոհացնում հայաստանյան բանկերին, սակայն դրանք կարող են գրավիչ լինել հենց ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար: Տրամաբանորեն, նման իրավիճակում անհրաժեշտ է միգրանտների վարկունակության գնահատման խնդիրները քննարկել առաջին հերթին հենց վարկային կազմակերպությունների հետ:

Միգրանտների և նրանց ընտանիքների համար մատչելի վարկավորման հնարավորությունների վերաբերյալ իրազեկման որոշակի գործառույթ կարող են իրականացնել նաև զբաղվածության մասնավոր գործակալությունները:

Ընդհանուր առմամբ, թեպետ վերը նշված խնդիրները բարդ են և բազմաշերտ, իսկ դրանց լուծումները պայմանավորված են ոչ միայն հանրային քաղաքականության այլև միջավայրային և համակարգային մի շարք ռազմավարական անորոշություններով, միգրանտների և նրանց ընտանիքների համար ֆինանսական երաշխիքների հետագա ընդլայնումը ամենից առաջ պահանջում է քայլերի պատշաճ հերթականություն, շահագրգիռ կողմերի հետ հետևողական երկխոսություն և դրանց շրջանակի ընդլայնում:


Համառոտագիրը մշակվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում 2011թ-ի դեկտեմբերի 15-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։