ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Սիրիայի ճգնաժամը և Հայաստանի ռազմավարական խնդիրները

03.08.2012

Սիրիահայերի անվտանգությունը` առաջնային խնդիր

Եթե Սիրայի ճգնաժամը բազմաթիվ պետությունների ու գերտերությունների մտահոգում է աշխարհաքաղաքական համատեքստում, ապա հայերիս համար այն ամենից առաջ ու ամենից առավել սիրիահայության անվտանգության խնդիրն է: Իրավամբ, Հայաստանն էլ, այլ երկրների պես, մերձավորարևելյան տարածաշրջանում ունի սեփական քաղաքական շահերը. սիրիական ճգնաժամը մտահոգիչ է նաև մեր արտաքին քաղաքականության հորիզոնում: Կարելի է վերլուծել, թե որ ուժերն ում են աջակցում, կամ գնահատել ռազմական և քաղաքական զարգացումները Սիրիայում, սակայն մեր առաջնային խնդիրը ներկայում անկասկած սիրիահայերի անվտանգությունն է: Ուստի, քաղաքական խնդիրները պետք է նախ և առաջ քննարկվեն և օգտագործվեն ի նպաստ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների բարօրության և հայ համայնքին վերահաս սպառնալիքները կանխելուն:

Մտահոգությունից` քաղաքականություն

Սիրիահայերի անվտանգությունն իրոք մտահոգիչ է. տարաբնույթ գնահատականներով հանդերձ, պարզ է մի բան՝ իրավիճակը, ընդհանուր առմամբ, լի է անորոշություններով: Թերևս հենց այս անորոշությունն էլ պատճառ է դարձել տարատեսակ առաջարկների ու լուծումների` ոչինչ չանելուց մինչև սիրիահայության անհապաղ տարհանումը: Անորոշության պատճառները տարբեր են, սակայն գերակայում են երկուսը: Նախ, հավաստի տեղեկատվության բացակայությունը, որը համալրվում է տարաբնույթ, հաճախ՝ միակողմանի, նյութերով, և երկրորդ` գործող ուժերի ոչ միատարրությունը, որն էլ անկանխատեսելի է դարձնում իրադարձությունների հեռանկարային զարգացումները սիրիական ճգնաժամի ցանկացած հանգուցալուծման դեպքում: Նման պարագայում կարևորվում է այնպիսի մի մեխանիզմ ունենալը, որը հնարավորություն կտա արձագանքելու գալիք դինամիկ զարգացումներին: Փորձենք քննարկել խնդիրը երեք հարթություններում՝ հասարակության ընկալում, Հայաստանի գործողություններ և պաշտոնական ուղերձներ:

Սիրիահայերին սպառնացող վտանգը հասարակությունը հիմնականում ընկալում է խտացված գույներով, երբեմն զուգահեռներ են անցկացվում Ցեղասպանության, Բաքվի, Սումգայիթի դեպքերի հետ, հաճախ այս ամենն ուղեկցվում է հայաստանյան իշխանությունների անգործության վերաբերյալ եզրակացություններով: Նման ընկալման և արձագանքի պատճառը, թերևս, ներկա տեղեկատվական վակուումն է, որի ազդեցությունն ավելի է ծանրանում հայաստանյան ԶԼՄ-ների՝ ճգնաժամային և անորոշ իրավիճակներում հասարակությանն արագ ու արդյունավետ իրազեկելու անբավարար փորձի և կարողությունների հետևանքով:

Սիրիահայերին սպառնացող վտանգն իշխանությունները գնահատում են ավելի սթափ և նվազ խիտ գույներով, քան հասարակությունը: Այսպես, իշխանությունները չեն գտնում, թե Սիրիայում հակակառավարական շարժումը հակահայկական բնույթ ունի և կարծում է, թե հայերը գործողությունների թիրախում չեն: Իհարկե, սա չի նշանակում, թե մարտերը կշրջանցեն հայկական թաղամասերը, սակայն ռազմական գործողություններին սիրիահայության անմասն չմնալը լոկ նշանակում է, որ նրանք Սիրիայի քաղաքացիներն են` սեփական ընտանիքները պաշտպանելու պատրաստ: Ընդ որում, սիրիահայերի անվտանգության խնդիրը Սիրիայում քաղաքացիական բնակչության անվտանգության համատեքստից առանձնացնելը կարող է հանգեցնել անցանկալի շեշտադրումների և հակադրությունների, ուշադրությունը՝ սևեռելով սիրիահայերի վրա, մի բան որ ներկայում բարեբախտաբար չկա:

Թեպետ Հայաստանը ներկայում խելամիտ և զգուշավոր քաղաքականություն է վարում այս հարցում, այդուհանդերձ, զգուշության հետևանքով ձևավորվեց տեղեկատվության պակաս, իսկ հետագա անելիքները մնացին չհստակեցված: Հայաստանն իր արտաքին քաղաքականության հարցերում նախկինում ևս չի կարողացել կատարվող քայլերին զուգահեռ ապահովել նախօրոք մշակված և հասարակությանն ուղղված հստակ ուղերձներ: Արված քայլերի վերաբերյալ ուղերձներն ու հաղորդագրությունները մշտապես հաջորդել են բուն գործողություններին, հանդիպումներին կամ պայմանավորվածություններին, ըստ էության, եղել են առավելապես արձագանքող: Սիրիական զարգացումները նույնպես բացառություն չեն: Արդյունքում, ձգձգվող ներսիրիական հակամարտության ֆոնին իշխանությունների մոտեցումների, մտադրությունների և քայլերի վերաբերյալ տեղեկատվական ձգձգվող դատարկությունը անցանկալի ներքին լարվածություն է առաջացնում: Թերևս հասարակությանը որոշակի դրական լիցք հաղորդեց Սփյուռքի նախարարության ստանձնած դերն ու նախաձեռնությունը: Նման նախաձեռնությունը կարող է օրինակելի դառնալ հետագայում ևս: Այսպես, Սփյուռքի նախարարությունը կարող է արտգործնախարարության և համապատասխան այլ պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցության արդյունքում ձևակերպել ուղերձներ և ապահովել աշխարհի այս կամ այն ծայրում հայությանը սպառնացող մարտահրավերների շուրջ քննարկումների ծավալումը՝ շեշտելով դրանց համակարգման գործում Հայաստանի Հանրապետության դերը: Միաժամանակ, ՀՀ արտաքին հարաբերությունների (այս դեպքում՝ Սիրիային առընչվող խնդիրներում) իրականացման խնդիրը, քայլերի ողջ զինանոցի կիրառմամբ, պետք է ծանրանա հենց Արտաքին գործերի նախարարության ուսերին: Արտգործնախարությ-ունը, թերևս, պետք է ստանձնի նաև համակարգողի դերը. պետք է փաստել, որ ազգային անվտանգության խորհուրդը, որպես այս խնդիրները համակարգող ինստիտուտ, այդպես էլ չկայացավ:

Ազգային անվտանգության հարթությունում

Սիրիահայերի անվտանգության խնդրի ֆոնին գծագրվում է մեկ այլ բացթողում. եթե սիրիահայության անվտանգության խնդիրը միաժամանակ նաև ՀՀ անվտանգության մարտահրավեր է, ապա պիտի որ գործեին ստեղծված իրավիճակին արձագանքելու կոչված օրենսդրական մեխանիզմներ, ընթացակարգեր ու հաստատություններ: Մինչդեռ վերջինները լռում են պարզ պատճառով. անվտանգության ոլորտում պետության գերակայություններն ու անելիքներն ուրվագծող ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունն ու Ռազմական դոկտրինը սիրիական ճգնաժամը ՀՀ անվտանգության մարտահրավեր չեն դիտում, ուստի պետությունը պարտավոր չէ արձագանքելու դրա արդյունքում ծագած խնդիրներին: Ռազմական դոկտրինով անվտանգության սահմանները ՀՀ և ԼՂՀ տարածքներն են, իսկ տարածաշրջանային ռիսկերը կարգավորվում են ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող մեխանիզմներով: Թեպետ ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգը Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը ճանաչում է որպես սպառնալիք, այդուհանդերձ, արագ զարգացող դինամիկ մարտահրավերներին արձագանքելու մեխանիզմները բացակայում են: Սիրիական ճգնաժամը ցույց տվեց, որ որոշումներն ընդունվում, իսկ գործողությունները կատարվում են հընթացս՝ առանց ռազմավարական ուղենիշերի և ամբողջական գործուն քաղաքականության: Ընդհանուր առմամբ, անվտանգության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությունն ու դրա իրականացման մեխանիզմները չբռնեցին սիրիական ճգնաժամի արդյունքում ծագած մարտահրավերների քննությունը: Այսպիսով, օրակարգային է դառնում թե՛ Հայաստանի ազգային անվտանգության համակարգի ամբողջականության ապահովման, թե՛ քաղաքականության ու ռազմավարության իրականացման գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման խնդիրը:

Մարդու իրավունքների ապահովման հարթությունը

Սիրիական ճգնաժամը վեր հանեց ոչ միայն ազգային անվտանգության, այլև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության, իրավական կարգավորման և դրանց իրականացման թերությունները, գործուն մեխանիզմների բացակայությունը: Այսպես, թեպետ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման խնդիրները, սակայն այսօր իսկ պարզ է, որ հավանական մարդասիրական ճգնաժամի պայմաններում օրենքի իրականացման մեխանիզմները լրջորեն թերանում են: Մինչդեռ պարզ է նաև, որ Հայաստանն այսօր իսկ պետք է պատրաստվի ընդունելու բազմաթիվ ապաստան հայցողների: Սիրիական ճգնաժամի տարբերակով սցենարների և այս կամ այն երկրում ճգնաժամային իրավիճակում հայերի հնարավոր տարհանման իրատեսական պլանի մշակումը պետք է դառնա պատկան մարմինների աշխատանքի մասը: Այս առումով հիշատակելի է Բետա Իսրայելի` Եթովպիայի հրեաների տարհանման նախադեպը: Սակայն,

ասենք Սիրիայի պարագայում, նման պլանի իրագործման համար անհրաժեշտ են մի քանի գործոններ: Նախ. անհրաժեշտ է սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխվելու հստակ արտահայտված ցանկությունն ու կամքը, ինչը ո՛չ նախկինում է արտահայտվել, ո՛չ էլ այսօր է լսելի: Երկրորդ. անհրաժեշտ է Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունել սիրիահայերին: Երրորդ. անհրաժեշտ է մարդասիրական միջամտության գործողությունների ծրագիր և դրա իրականացման ռեսուրսային իրատեսական բազա՝ հատկապես Սփյուռքի այնպիսի խոշոր համայնքի պարագայում, ինչպիսին Սիրիան է: Ընդ որում, մարդասիրական աջակցության ջանքերի մոբիլիզացիան չպետք է ծանրանա բացառապես Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունների ու Միգրացիոն պետական ծառայության ուսերին: Թեպետ նշված պետական մարմինները կենտրոնական դեր ունեն աջակցության քաղաքականության մշակման և իրականացման գործում, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում որևէ պետական մարմին անմասն չպետք է մնա. չէ՞ որ աջակցության մեխանիզմը գործի դնելու համար անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ, կացարաններ և հանրային այլ միջոցներ:

Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկը, կառավարությունը և այլ մարմիններ վարչական տարածքներ ունեն, օրինակ՝ հանգստյան տներ, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինեն ընդունել և սպասարկել սիրիահայ փախստականներին:

Վերջաբանի փոխարեն

Հայաստանում Սիրիայի ճգնաժամն ընկալվում է որպես սիրիահայերի անվտանգության խնդիր, որը պետք է լուծվի ի բարօրություն հայ համայնքի՝ մերօրյա և ապագա Սիրիայում, ինչպիսին էլ լինի այդ ապագան: Սիրիայում իրավիճակի կայունացման համար պահանջվող  ժամանակահատվածն անորոշ է, ուստի հարկ է շարունակել ներկա զգուշավոր ու հավասարակշռված քաղաքականությունը: Ռազմական գործողությունները, հնարավոր անարխիան, հասարակական կարգի բացակայությունը, սննդի ու խմելու ջրի հնարավոր ճգնաժամը մնում են անկանխատեսելի: Ուստի Հայաստանը պիտի նախապատրաստվի մարդասիրական օգնություն ցուցաբերելու և պատշաճ մեխանիզմներ ներդնի ապաստան հայցող բոլոր սիրիահայերի համար` չբացառելով նաև հնարավոր մարդասիրական միջամտությունը սիրիական հողում: Թեպետ ներկայում այս ամենի կարիքը նկատելի չէ, սակայն նման սցենարի հարկ է պատրաստվել այսօր իսկ: Իրավամբ արդիական են XVII դարի ամենախելամիտ քաղաքական գործիչներից մեկի՝ կարդինալ դը Ռեցի խոսքերը. «Մարդիկ առավել հաճախ վրիպում ու սխալներ են անում, այն պատճառով, որ չափազանց շատ են վախենում պատեհական վտանգից, և բավարար չափով չեն վախենում վերահաս վտանգից, որը սպասում է ապագայի ոլորանում»: Զուգահեռաբար հարկ է վերանայել ՀՀ Ռազմական դոկտրինը և Ազգային անվտանգության ռազմավարությունը սիրիական ճգնաժամի քննությանը այս փաստաթղթերը չդիմացան: Անհրաժեշտ է շարունակել ներքին ռեսուրսների համախմբումն ու հասարակության իրազեկումը. հայաստանցին պիտի հստակ գիտակցի սիրիահայերին աջակցելու կարիքն ու մեխանիզմները, իսկ պետական մարմինները պիտի պատրաստվեն դիմակայելու հնարավոր սցենարներին և մշակեն համագործակցության ու համակարգման գործուն ուղիներ:


Համառոտագիրը մշակվել է 2012թ-ի հուլիսի 18-ին կայացած` «Սիրիա․ տարածաշրջանային համատեքստն ու հայերի հարցերը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։