ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայ-թուրքական հարաբերություններ. նոր երանգներ

21.01.2013

Հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունն անցնում է Հայաստանի սահմաններից անդին. դրանք էական նշանակություն ունեն թե՛ հարավկովկասյան տարածաշրջանի համար, թե՛ դրանից դուրս: Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն հաստատելու ջանքերի ձախողումն իրականում խորացրեց հարաբերությունների բարելավման գործընթացի լճացումը: Հնարավորությունների պատուհանն այլևս փակվեց, իսկ Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում հետագա զարգացումներն զգալիորեն փոխեցին այդ տարածաշրջանի երկրների շեշտադրումներն ու առաջնահերթությունները:

Երբ Սիրիական ճգնաժամն արդեն մոտեցել է իր նախաշեմին, Անկարան ավելի քան մտահոգ է կանխելու պատերազմի ընդլայնումը դեպի իր հարավային սահմաններ: Այն հատկապես զգուշանում է քրդական հարցը ներքին օրակարգում մեկ անգամ ևս գլուխ բարձրացնելու հավանականությունից: Երբ իր երկու ձեռքն էլ արդեն զբաղված են, բնական է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը մղվում է երկրորդ պլան: Այդուհանդերձ, մոտենում է 2015թվականը, և Թուրքիան պարտաճանաչ կերպով կատարում է իր տնային աշխատանքը՝ հակադարձելու Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության հարյուրամյակի համաշխարհային հիշատակության միջոցառումներին:

2015 թվական. իրակա՞ն ջրաբաժան

Հայ-թուրքական հարաբերությունների կարևորագույն առանցքը Հայկական հարցն է: Այդ իսկ պատճառով  կարծիք կա, թե Մեծ Եղեռնի հարյուրամյակը կարող է շրջադարձային լինել: Այդուհանդերձ, ուսումնասիրելով Անկարայում և Երևանում իրականացվող քաղաքականությունը, պարզ է դառնում, որ ինչ-որ էական գործողություններ առայժմ չեն ձեռնարկվում ո՛չ այնտեղ, ո՛չ այստեղ:

Զբաղված լինելով տարածաշրջանային զարգացումներով՝ պաշտոնական մակարդակում Թուրքիան առայժմ բավականաչափ ջանք չի թափում արտերկրում, անգամ երկրի ներսում նախապատրաստելու հանրային կարծիքն առ այն, թե ինչ կարող է լինել 2015թ.: Թերևս գերակշռում է այն ակնկալիքը, թե Թուրքիայի ռազմավարական դիրքն այս անգամ էլ թույլ կտա նրան հաղթահարել այդ օրվա մարտահրավերները, և Անկարան մեկ անգամ ևս կխուսափի «ճգնաժամից»: Սակայն Թուրքիան փորձում է այդուհանդերձ կանխել 2015թ.-ի հավանական վնասները՝ բարելավելով իր հարաբերությունները հայկական սփյուռքի հետ և դեռևս իր ձեռքում պահելով հաղթական խաղաթուղթը՝ արձանագրությունների ստորագրման գործընթացը վերսկսելու նախաձեռնությունը:

Մեկ այլ վերսկսված նախաձեռնություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավանական փոփոխության կամ առնվազն նոր ու ակտիվ անդամների ներգրավման շուրջ քննարկումները: Բացի իր թեկնածությունն առաջադրելուց, Անկարան բավականին ջանք է գործադրում, աշխատելով այլ երկրների, հատկապես Գերմանիայի հետ՝ հորդորելով վերջիններիս ակտիվորեն մասնակցել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին և արդյունքում փոխել Մինսկի խմբում առկա ուժային հավասարակշռությունը: Այսպիսով՝ Թուրքիան առնվազն երեք ուղղություն է նախապատրաստել Հայաստանի հետ իր հարաբերությունների ընթացքը որոշելու համար. Մեծ Եղեռն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և արձանագրություններ: Իրականում այս երեք ուղղություններն այն երեք նախապայմաններն են, որոնք Թուրքիան առաջ է քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

Ի տարբերություն Անկարայի՝ հայ-թուրքական երկխոսության լճացումից հետո Երևանն իր ուշադրությունը սևեռեց միայն Ցեղասպանության ճանաչման խնդրին, այդպիսով բավականին նեղացնելով իր ուշադրության կենտրոնի շրջանագծերը: Թերևս Հայաստանի համար նման քայլը կարելի է ընկալել որպես հաղթական ռազմավարություն, քանի որ պատմականորեն արձանագրված է ցեղասպանության փաստը, միջազգային հանրությունն այն օգտագործում է Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, իսկ հայերին վերաբերվում է որոշակի արգահատանքով: Սակայն հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների ներկապնակը սահմանափակել միայն մեկ գույնով՝ Ցեղասպանության ճանաչման ջանքերով, խնդրահարույց է: Արդյունքում նախաձեռնության առավելությունն անցնում է Անկարային, որն աշխատում է մի քանի ուղղություններով և այդ իսկ պատճառով մանևրելու առավելություն ունի:

Սահմանափակող կառուցողական անորոշություն

Երկու կողմն էլ փոխադարձ հարաբերություններին վերաբերվում են կառուցողական անորոշությամբ, այն է՝ զգայուն թեմայի վերաբերյալ անորոշ ձևակերպումների գիտակցված կիրառում, որը հնարավորություն է ընձեռում առաջ տանել որոշակի քաղաքական նպատակներ:  Նման մոտեցում կիրառվում է բանակցություններում, երբ կողմերը, համաձայնության եզրերի գրեթե բացակայության դեպքում, ցանկանում են կոծկել վիճարկելի խնդրի շուրջ փոխադարձ համաձայնության գալու իրենց անկարողությունը և միևնույն ժամանակ փորձում են դա այնպես անել, որ կողմերից յուրաքանչյուրը կարողանա հայտարարել, թե իրեն հաջողվել է զիջումներ կորզել մյուսից: Թուրքական կողմը մտադիր է ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց կա, անգամ եթե այն շատ դանդաղ է, և այդ իսկ պատճառով նա թողնում է արձանագրությունները որպես «գաղտնի խաղաքարտ»: Հայկական կողմը նույնպես վերջնականապես չի բացում իր խաղաքարտերը՝ մինչև հիմա բացահայտորեն չանդրադառնալով Թուրքիայից իր պահանջներին, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչումն ի վերջո իրականություն է դարձնելու: Երկու կողմերն էլ ասես սպասում են համաշխարհային զարգացումների հետևանքում առաջացած երջանիկ մի պատահականության՝ բացելու իրենց խաղաքարտերը:

Սակայն, հայկական կողմը պիտի պատրաստ լինի տարբեր հավանական սցենարների: Իսկ ի՞նչ օրինակ, եթե թուրքական կառավարությունը որոշի ճանաչել 1915-1923թթ. իրադարձությունները որպես ցեղասպանություն, սակայն մի պայմանով. ազատում հետագա ֆինանսական և/կամ տարածքային փոխհատուցումից: Իսկ եթե Թուրքիան բացի՞ իր սահմանները 2015թ. ապրիլի 24-ին՝ ցուցադրելով միջազգային հանրությանն իր «բարիդրացիական» վերաբերմունքը՝ սակայն իրականում դրանով իսկ շեղելով մամուլի ուշադրությունը Ցեղասպանության հարցից: Սա ցույց է տալիս, որ կառուցողական անորոշությունը, որը միգուցե տեղին մոտեցում է կարճաժամկետ նպատակների համար, արտաքին քաղաքականության ոլորտում ենթադրում է որոշակի սահմանափակումներ: Եթե հստակ նպատակների բացակայությունը մանիպուլյացիայի հնարավորություն է ընձեռում մյուս կողմին, ապա պարզորոշ սահմանված նպատակներ ունենալը թույլ է տալիս այս կողմին ձևավորել բանակցային համաձայնությանը հակադիր բազմաթիվ այլընտրանքներ: Հայաստանն ապագա տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն արդյունավետորեն կկարողանա օգտագործել միայն այն դեպքում, եթե այն ունենա փոխհամաձայնեցված նպատակներ և համապատասխան հիմք: Զարգացման բազմաթիվ սցենարներ կարելի է առաջարկել, սակայն բոլորն իրականում փուչ կլինեն, եթե բացակայում է վերջնական նպատակը:

«Կամ...կամ» ի հակադրություն «և...և-ի»

Ամեն դեպքում «սպասենք-տեսնենք» տրամաբանությունը կարծես այնքան էլ արդյունավետ չի: Ավելի նախաձեռնողական մոտեցում է անհրաժեշտ: Հայաստանը պիտի օգտվի այս հարաբերական անդորրից և պատրաստվի փոթորկին: Հայ հանրային ընկալման համատարած սխալը չափազանց նեղ մոտեցումն է. միայն մեկ գործողություն է դիտարկվում որպես հաղթաթուղթ՝ աշխատել կա՛մ քաղաքացիական հասարակության մակարդակով, կա՛մ պետական, նպատակը սահմանել որպես կա՛մ Հայոց ցեղասպանության ճանաչում, կա՛մ սահմանների բացում և արձանագրությունների ստորագրություն: Իրականում, սակայն, այս գործողությունները պիտի զուգահեռ իրականացվեն, քանզի դրանք միայն նպաստում են փոխադարձ հզորացմանը:

Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն տարանջատել Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և սահմանների բացման խնդիրները, ինչպես նաև դրդել Թուրքիային բացելու իր սահմաններն առանց պայմանավորելու այդ գործողությունը նախորդ երկու խնդիրերով: Սահմանների բացումն այլ աշխատանք է ենթադրում: Ներքին քաղաքական հարթությունում համապատասխան գործողությունների թվում կարելի է նշել հանրային կարծիքի նախապատրաստումը, տեղական գործարարների և միջազգային բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքը, տարբեր օրենսդրությունների գնահատումն ու ենթակառուցվածքների հարմարեցումը: Միջազգային հարթակում անհրաժեշտ է բարձրաձայնել հիմնախնդիրները, ընդ որում տարբեր դերակատարների կողմից, որոնց թվում մամուլը, քաղաքական գործիչները և գործարարները: Սահմանների անմիջապես և առանց նախապայմանների բացումը, որն արտացոլում էր Երևանի դիրքորոշումը, պիտի կրկին ներառվի Հայաստանի արտաքին քաղաքականության գործիքակազմում:


Համառոտագիրը մշակվել է 2012թ-ի դեկտեմբերի 19-ին կայացած` «Հայ-թուրքական հարաբերություններ. 2012 -2015թթ.» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։