ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Աշխատանքային միգրանտների ապահովագրությունը ՀՀ-ում. հնարավորություններն ու սահմանափակումները

05.08.2013

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան

26.06.2013թ.

Շրջանառու աշխատանքային միգրացիայի գործընթացում միգրանտների ապահովության և անվտանգության հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, քանի որ օտար երկրում ապրելու և աշխատելու ընթացքում միգրանտը կարող է հայտնվել մի շարք անցանկալի և անկանխատեսելի իրավիճակներում:

Հետազոտությունն անդրադառնում է արտերկրում ապրելու և աշխատելու ընթացքում միգրանտի ապահովագրության կարևորությանը և այն վտանգներին, որոնք կարող են առաջանալ ապահովագրության բացակայության դեպքում: Այն Հայաստանի և Ֆիլիպինների ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ծառայություննների համեմատական ուսումնասիրություն է: Ուսումնասիրվել է Ֆիլիպինների փորձը, քանի որ վերջինն ունի շրջանառու աշխատանքային միգրացիայի կարգավորման հաջողված պատմություն ու փորձ: Հետազոտության վերջին մասում ներկայացված է աշխատանքային միգրանտների կարիքները հոգալու համար նախատեսված ապահովագրական ծառայությունների և համապատասխան փաթեթների մշակման առաջարկներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքային միգրանտին օտար երկրում անախորժություններից հնարավորինս ապահովագրելու համար: Ներկայացված են նաև մի շարք առաջարկներ ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների և շահագրգիռ այլ կողմերի համար:

ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԵՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Աշխատանքային միգրացիայի ընթացքում միգրանտի ապահովությունն ու առողջական վիճակը, թերևս, կարևորագույն խնդիրներ են, իսկ ապահովագրություն չունեցող միգրանտը բնականաբար օտար երկրում դառնում է առավել խոցելի: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների՝ աշխարհում աշխատանքի ընթացքում և աշխատանքի հետ կապված հիվանդությունների արդյունքում ամեն օր մահանում է ավելի քան 6.300, տարեկան շուրջ՝ 2.3 միլիոն մարդ: Ավելին, աշխարհում աշխատանքի ընթացքում տարեկան 317 միլիոն աշխատանքային պատահարներ են գրանցվում, որոնք հանգեցնում են աշխատողների երկարատև բացակայությունների աշխատանքից (ILO, Safety and health at work):

Եվրամիության անդամ երկրների առողջապահական համակարգերից կախված՝ ապահովագրություն չունեցող անձանց և անօրինական միգրանտների համար առողջապահական հաստատությունների ու ծառայությունների մատչելիությունը սահմանափակ է: Վերջիններս կարող են բախվել մի շարք խոչընդոտների շտապ օգնության, առաջնային և երկրորդային առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ: Օրինակ՝ Լեհաստանում և Շվեդիայում անօրինական միգրանտները կարող են օգտվել միայն շտապ օգնության ծառայություններից: Այդուհանդերձ, թեև Շվեդիայում անօրինական միգրանտները կարող են ստանալ շտապ օգնություն, այս ծառայությունն անվճար չէ, և վերջիններս հետագայում պետք է վճարեն դրա դիմաց (Just Landed, The Swedish healthcare system):

Բուժօգնության մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև բժշկական ծառայությունների և դեղորայքների չափազանց բարձր գների մասին, որոնք կարող են մեծ բարդությունների առջև կանգնեցնել ապահովագրություն չունեցող միգրանտներին: Օրինակ՝ ապահովագրության բացակայության դեպքում Գերմանիայում կոտրված ոտքի վիրահատության գումարը տատանվում է 2000- 3000 եվրոյի սահմաններում:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են Հայաստանում ապահովագրական ընկերությունների կողմից անհատներին, մասնավորապես արտասահման մեկնողներին առաջարկվող ծառայությունները, քանի որ Հայաստանում դեռևս չկա աշխատանքային միգրանտին առաջարկվող ծառայությունների հատուկ փաթեթ:

Ուսումնասիրվել են Հայաստանում աշխատող չորս առավել խոշոր հարկատու ապահովագրական ընկերությունները՝ Ռոսգոստրախ Արմենիա, Ինգո Արմենիա, Նաիրի Ինշուրանս, Ռեստո ինշուրանս: Նշված ընկերություններից յուրաքանչյուրն ունի ճանապարհորդական ապահովագրության փաթեթներ, որն անվանում են արտասահման մեկնողների կամ աջակցության ապահովագրություն: Ապահովագրական այս փաթեթում ներառված հիմնական ծառայություններն ամփոփ տեսքով ընդգրկում են.

·         բժշկական ծախսերի ապահովագրություն.

·         դժբախտ պատահարներից ապահովագրություն.

·         ուղեբեռի ապահովագրություն.

·         քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն.

·         հայրենադարձության ապահովագրություն:

 Առաջարկվող այլ ծառայությունները ներառում են.

·         ընտանիքի մեկ անդամի այցելություն ճանապարհորդողի մոտ արտակարգ իրավիճակի դեպքում.

·         աճյունի տեղափոխման ծախսերի ապահովագրություն.

·         բժշկական հաստատություն տեղափոխման ծախսեր:

Ճանապարհորդներին առաջարկվող ապահովագրության արժեքը կախված է արտասահմանում մնալու օրերից, երկրից և ապահովագրություն ստացող անձի տարիքից: Ընդհանուր առմամբ ապահովագրությունն ակտիվ է 3-ից մինչև 180 օր (6 ամիս):

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ

Քանի որ Ֆիլիպիններն այն երկրերից է, որն ունի շրջանառու աշխատանքային միգրացիայի հաջողված փորձ և պատմություն, ուսումնասիրվել են Ֆիլիպիններում աշխատանքային միգրանտներին տրամադրվող ծառայությունները, որոնք միտված են օտար երկրում վերջիններիս ապահովության հարցը լուծելուն:

Ֆիլիպիններում աշխատանքային միգրացիան պետական քաղաքականություն  է, որն արդեն 50 տարվա պատմություն ունի, և ի տարբերություն Հայաստանի՝ Ֆիլիպիններում աշխատանքային միգրացիան կարգավորվում է պետական մակարդակով՝ որպես պետական քաղաքականություն:

Հատկանշական է, որ Ֆիլիպինների արտագնա աշխատողները (ՖԱԱ) Ֆիլիպինների սոցիալ-տնտեսական սեկտորի կարևոր մասն են: 2003-2011թթ. դրամական փոխանցումները տարեկան կազմել են երկրի համախառն ազգային եկամտի շուրջ 7.6 տոկոսը, և վերջին 8 տարիների ընթացքում միջինում աճել են շուրջ 13%-ով: ՖԱԱ-ների դրամական փոխանցումները Ֆիլիպինների համախառն ազգային արդյունքի շուրջ 20%-ը: Միայն 2012թ. ՖԱԱ-ների դրամական փոխանցումները կազմել են շուրջ 21.4 միլիարդ դոլար (Magtulis, OFW inflows hit new record):

Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար Ֆիլիպիններում գոյություն ունեն Միգրանտների սոցիալական ապահովության հիմնադրամներ, որոնք տրամադրում են աջակցության տարատեսակ ծառայություններ: Մասնավորապես, տրամադրվում են մահացության և հաշմանդամության ապահովագրություն, կրթաթոշակներ և ֆինանսական օժանդակություն կրթության և վերապատրաստումների համար, աջակցություն աշխատողներին իրենց տեղակայման վայրերում, հիվանդության, աշխատանքի վայրում բռնության, պայմանագրի զանցառման պատճառով հայրենադարձության ապահովագրություն (ILO, Migrant welfare funds):

Ֆիլիպինների արտագնա աշխատանքի վարչությունը (ՖԱԱՎ) Աշխատանքի և զբաղվածության հարցերով դեպարտամենտին կից մարմին է, որն էլ զբաղվում է սոցիալական ապահովության վերոնշյալ հիմնադրամներով: Վերջինները ձևավորվում են մեկնող յուրաքանչյուր միգրանտի ներդրումներ, գործատուների ներդրումներից և այլ աղբյուրներից: Միգրանտից գանձվում է 25 դոլար: Այս գումարը ֆիքսված է և կախված չէ աշխատանքի վայրում մահացության, հիվանդության և այլ խնդիրների առաջացման հավանականության չափից:

Միգրանտների սոցիալական ապահովության հիմնադրամների տրամադրած ապահովագրությունից բացի, զբաղվածության մասնավոր գործակալության կողմից հավաքագրված յուրաքանչյուր աշխատող ստանում է պարտադիր ապահովագրության պայմանագիր: Պետք է նշել, որ միգրանտների պարտադիր ապահովագրության փաթեթ տրամադրելու իրավունք ունեն բացառապես Ապահովագրական հանձնաժողովի կողմից լիցենզավորված, նվազագույնը 5 տարի շուկայում գործողև առնվազն 500 միլիոն պեսոյի (շուրջ 39 միլիոն դոլար) տարեկան եկամուտ ունեցող ապահովագրական ընկերությունները (Compulsory Insurance Coverage for agency hired OFWs): Ներկայում այդպիսի իրավունք Ֆիլիպիններում ունի միայն 3 ապահովագրական ընկերություն: Միգրանտներին առաջարկվող ապահովագրության փաթեթի մեջ մտնում են հետևյալ ծառայությունները.

·         մշտական անաշխատունակության ապահովագրություն.

·         բնական և դժբախտ պատահարի արդյունքում մահվան ապահովագրություն.

·         հայրենադարձության ապահովագրություն.

·         ապրելու նպաստի ապահովագրություն.

·         աշխատավարձի պահանջի ապահովագրություն.

·         ընտանիքի անդամներից մեկի այցելություն միգրանտի մոտ արտակարգ իրավիճակի դեպքում.

·         բժշկական ծախսերի ապահովագրություն.

·         բժշկական հայրենադարձության ապահովագրություն.

Ֆիլիպիններում ապահովագրության համար վճարում է զբաղվածության մասնավոր գործակալությունը, այլ ոչ թե աշխատանքային միգրանտը:

Ֆիլիպիններում արտագնա աշխատանքի է մեկնում տարեկան 1.2 մլն. անձ: Նրանք  2 տարվա ապահովագրական պայմանագրի համար ապահովագրական ընկերություններին վճարում են Ապահովագրական հանձնաժողովի կողմից սահմանված 144 դոլարը: Արդյունքում Ֆիլիպիններում աշխատանքային միգրանտներին ապահովագրական ծառայություններ մատուցող 3 ապահովագրական ընկերությունները միասին տարեկան ունեն շուրջ 173 միլիոն դոլարի եկամուտ:

Ֆիլիպիններում ապահովագրական ծառայությունների պատկերը վկայում է, որ այստեղ շրջանառու աշխատանքային միգրացիան կարգավորվում է պետական քաղաքականությամբ, որը ներառում է թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածները: Ուստի ֆիլիպինյան հաջող փորձի ավելի խորը ուսումնասիրությունը կարող է նոր հնարավորություններ առաջարկել Հայաստանում աշխատանքային միգրանտների պաշտպանության համար նմանատիպ մեխանիզմներ մշակելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԴՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ուսումնասիրելով Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկող ծառայությունները՝ կարելի է եզրակացնել, որ չնայած մի շարք սահմանափակումների, այնուամենայնիվ ճանապարհորդողներին առաջարկվող աջակցության ապահովագրությամբ առաջարկվող ծառայութունները կարող են դառնալ շրջանառու աշխատանքային միգրանտների համար նախատեսված ապահովագրական ծառայությունների փաթեթի հիմք:

Իհարկե, շրջանառու աշխատանքային միգրանտի և զբաղվածության մասնավոր գործակալության համար լավագույն տարբերակը թերևս այն է, որ միգրանտի ապահովության հարցը լուծվի միգրանտին աշխատանք առաջարկող գործատուի կողմից, և, պայմանագրից կախված, ԵՄ երկրներում գործատուները սովորաբար իրենք են տրամադրում իրենց աշխատողների ապահովագրությունը: Սակայն,որպես կանոն նման ապահովագրությունը գործում է միայն աշխատավայրում, ուստի միգրանտը լրացուցիչ ապահովագրության անհրաժեշտություն է ունենում իր անվտանգությունը աշխատանքից դուրս ապահովելու համար:

Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին Հայաստանից մեկնածների 94%-ը աշխատանքային միգրանտներ են, և որ յուրաքանչյուր 6-րդ հայ ընտանիքի գոնե մեկ անդամն աշխատանքային միգրանտ է, կարելի է եզրակացնել, որ շրջանառու միգրանտի ապահովագրական փաթեթ ստեղծելու անհրաժեշտությունն արդեն  հասունացել է: Շուկայի, պոտենցիալ հաճախորդների ծավալների մանրակրկիտ ուսումնասիրությունը, թերևս, շրջանառու աշխատանքային միգրացիայի գործընթացում ապահովագրական ընկերությունների առաջին քայլերը պետք է լինեն:

Ֆիլիպիններում շրջանառու աշխատանքային միգրացիան կարգավորվում է պետական քաղաքականությամբ, մինչդեռ Հայաստանում աշխատանքային միգրացիան կազմակերպող ու կառավարող ենթակառուցվածքները դեռևս զարգացած չեն: Բացի այդ, Հայաստանում շրջանառու աշխատանքային միգրացիայի շահագրգիռ կողմերը պարզաբանված չեն:

Ուստի, ապահովագրական ընկերությունների, պետական կառույցների, ՀԿ-ների կողմից շահարգրգիռ կողմերի և ռիսկերի վերլուծությունը չափազանց կարևոր է: Այս գործընթացում կառավարությունը ևս պետք է հետևողական լինի՝ ունենալով հստակ դեր և պարտականություններ: Օրինակ՝ կառավարությունը կարող է ստանձնել աշխատանքային միգրացիայի վերաբերյալ իրազեկման պարտավորությունը՝ որպես հաջողված փորձ դիտարկելով կենսաթոշակային բարեփոխման քարոզչությունը հեռուստատեսությամբ:

Հայաստանը դեռևս չունի շրջանառու աշխատանքային միգրացիայի գործընթացում հաջողված փորձ, այնպես որ մեր երկրում հնարավորության սահմաններում կարելի է քննարկել և ներդնել ֆիլիպինյան հաջողված փորձը: Որպես առաջին քայլ կարելի է դիտարկել ապահովագրությունը որպես աշխատանքային պայմանագրի առանձին կետ դարձնելու հնարավորությունը: Ֆիլիպիններում արտագնա աշխատողի ապահովագրությունը աշխատանքային պայմանագրի առանձին կետ է, և որևէ արտագնա աշխատող չի կարող երկրից դուրս գալ առանց արտագնա աշխատանքի մեկնող միգրանտի համար նախատեսված ապահովագրության: Սա նշանակում է, որ այստեղ ներգրավված են նաև զբաղվածության մասնավոր գործակալությունները, որոնք էլ զբաղվում են աշխատանքային միգրանտի պայմանագրերով: Այս գործընթացում զբաղվածության մասնավոր գործակալություններն ապահովագրական ընկերության և աշխատանքային միգրանտի միջև կարող են հանդես գալ որպես միջնորդ, ինչը.

·         կմեծացնի միգրանտի ապահովության աստիճանը, քանի որ զբաղվածության մասնավոր գործակալությունները ընդգրկելով այս գործընթացում և համագործակցելով որոշ ապահովագրական ընկերությունների հետ, միգրանտին կօգնեն խուսափել անվստահելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Այսպես մասնավոր գործակալությունն ինչ-որ չափով  ապահովագրում է նաև իրեն՝ արտագնա աշխատանքի ժամանակ միգրանտի հետ դժբախտ պատահար տեղի ունենալու դեպքում:

·         այս լրացուցիչ ծառայությունը թույլ կտա զբաղվածության մասնավոր գործակալություններին բարձրացնելու իրենց վարկանիշը շուկայում, և նոր հարթության վրա կդնի աշխատանքը մարդկային ռեսուրսների ոլորտում:

Իսկ ապահովագրական ընկերության համար աշխատանքային միգրանտի համար ապահովագրական փաթեթ ստեղծելը նոր ծառայություն ներկայացնելու, շուկայում նոր դիրք գրավելու հնարավորություն է, այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունն ինսկապես կա, իսկ ԵՄ երկրների հետ աշխատելու դեպքում առավել ևս:

Պետությունը նույնպես շահում է այս գործընթացում, քանի որ արտագնա աշխատողների դրամական փոխանցումները պետության սոցիալ-տնտեսական աճի կարևոր գործոններից են: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները՝ դրամական փոխանցումների մեծ մասը ծախսվում է ոչ թե սննդի կամ հագուստի, այլ կրթության, ապահովագրության և ներդրումների վրա: Ուստի, պետությունն իր երկրի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործընթացում շահագրգիռ կողմերից մեկն է, քանի որ վերջինների դրամական փոխանցումները մեծ նշանակություն ունեն տնտեսական բարեկեցության համար:

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ              

Ումունասիրելով Ֆիլիպինների, Հայաստանի, ինչպես նաև ԵՄ ապահովագրական ընկերությունների արտագնա աշխատողներին տրամադրվող ապահովագրական ծառայությունները՝ առանձնացվել են մի շարք առաջարկներ, որոնց իրականացման դեպքում Հայաստանի աշխատանքային միգրանտներին կարող են տրամադրվել անվտանգության և ապահովության շոշափելի երաշխիքներ՝ հիմնվելով Հայաստանում ապահովագրական ընկերությունների կողմից արդեն իսկ տրամադրվող ապահովագրական փաթեթների վրա: Մասնավորապես, միգրանտների ապավովագրությունը պետք է ներառի.

·         բժշկական ծախսերի ապահովագրություն.

·         դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ ներառյալ մահ և հաշմանդամություն.

·         քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն.

·         հայրենադարձության ապահովագրություն՝ ներառյալ աճյունի տեղափոխում, հարկադրված հայրենադարձություն, երբ միգրանտի առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնում.

·         ընտանիքի անդամներից մեկի այցելություն միգրանտի մոտ արտակարգ իրավիճակի դեպքում.

·         աշխատավարձի պահանջի ապահովագրություն՝ գործատուի հետ խնդիրների դեպքում.

·         ապրելու նպաստի ապահովագրություն:

Նախընտրելի է, որպեսզի շրջանառու աշխատանքային միգրանտին տրամադրվող ապահովագրական ծառայության վավերության ժամկետը կազմի նվազագույնը 9 ամիս, քանի որ պայմանագրից կախված, միգրանտի աշխատանքը կարող է մեկ տարուց ավել լինել, և վերջինս հնարավորություն չի ունենա յուրաքանչյուր 6 ամիսը մեկ վերադառնալ Հայաստան և թարմացնել իր ապահովագրական պայմանագիրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ֆիլիպինների ապահովագրական ծրագրերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ապահովագրական ընկերություններն ունեն շրջանառու աշխատանքային միգրատներին ապահովագրական փաթեթներ առաջարկելու հնարավորությունինչը կարող է կյանքի կոչվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ կառավարության, զբաղվածության մասնավոր գործակալությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցության շնորհիվ՝ ստեղծելով համապատասխան ենթակառուցվածքներ և կատարելով շուկայի մանրակրկիտ հետազոտություն:

Շրջանառու աշխատանքային միգրանտների համար ապահովագրական փաթեթի ստեղծումն ու ծառայությունների տրամադրումը շրջանառու աշխատանքային միգրանտին օտար երկրում անցանկալի իրավիճակներից հնարավորինս պաշտպանելն ու ապահովագրելն է, իսկ ապահովագրական ընկերությունների և զբաղվածության մասնավոր գործակալությունների համար՝ իրենց բիզնեսում նոր հարթություն դուրս գալը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

·         Lacson N., 2011, “Compulsory Overseas Filipino workers Insurance Scheme Implemented in the Philippines”, AFL Insurance Brokers, Web, available at:
http://www.aflib.com/news/53-afl-news/3531-compulsory-overseas-filipino-workers-insurance-scheme-implemented-in-the-philippines.   
Last retrieved on
28 June, 2013.

·         “Compulsory Insurance Coverage for agency -Hired OFWs”, 2010, Philippines Overseas Employment Agency, Web, available online at: http://www.poea.gov.ph/rules/insurance%20guidelines.pdf.
Last retrieved on
28 June, 2013.

·         “Migrants in an irregular situation: access to healthcare in 10 EU member”, 2011, European Union Agency For Fundamental Rights, Luxembourg: Publications Office of the European Union, available online at: http://fra.europa.eu/sites/default/files/fra_uploads/1771-FRA-2011-fundamental-rights-for-irregular-migrants-healthcare_EN.pdf.  
Last retrieved on
28 June, 2013.

·         “Migrant Welfare Funds”, 3 May 2009, International Labor Organisation, Web, available at:
www.pstalker.com,
http://www.pstalker.com/ilo/o-welfare.html.
Last retrieved on
28 June, 2013

·         “Safety and Health at work”, International Labor Organisation, Web, available at: http://www.ilo.org/global/topics/safety-and-health-at-work/lang--en/index.htm.
Last retrieved on
28 June, 2013.

·         “Health Insurance, Public and Private Health Insurance in Sweden”, Just Landed, Web, available at: http://www.justlanded.com/english/Sweden/Sweden-Guide/Health/Health-Insurance.
Last retrieved on
28 June, 2013.

·         “The Polish Healthcare System, An Introducion”, Just Landed, Web, available at: http://www.justlanded.com/english/Poland/Poland-Guide/Health/The-Polish-health-care-system.
Last retrieved on
28 June, 2013.

 

·         Magtulis P., 2013, “$21.391 B for 2012: OFW inflows hit new high”, The Philippines star, Web, available at: http://www.philstar.com/business/2013/02/16/909244/21.391-b-2012-ofw-inflows-hit-new-high.
Last retrieved on
28 June, 2013.

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։