ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ինտեգրման խաչմերուկներում. Հայաստանի ընտրությունը

05.08.2013

Դեպի Արևմուտք. Եվրամիությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումը

Եվրաինտեգրումը մշտապես եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերակայություն: Անկախության առաջին տարիներից Հայաստանը որդեգրել է եվրոպական չափանիշների ուղին՝ իրականացնելով մի շարք բարեփոխումներ` ուղղված շուկայական տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը: ՀՀ իշխանությունները գիտակցում են, որ Եվրոպայի հետ սերտ առևտրական հարաբերությունների հաստատումը խիստ շահավետ է երկրի տնտեսության զարգացման համար: Թեև Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՄ-ի հետ և շրջափակված է իր երկու հարևանների կողմից, Հայաստանից արտահանվող ապրանքների առյուծի բաժինը արտահանվում է դեպի ԵՄ` ընդգծելով եվրաինտեգրման շոշափելի տնտեսական շարժառիթները: Հատկանշական է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցություններն ընկած են Եվրամիություն-Հայաստան համագործակցության սրտում: ԽՀԱԱԳ-ի շրջանակներում ԵՄ-ն կարող է ոչ միայն ծավալուն աջակցություն տրամադրել Հայաստանին, այլև բարձրացնել միջազգային ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Ավելին, Եվրամիության հետ համաձայնագիրը կարող է նպաստել Թուրքիայի կողմից ՀՀ ապաշրջափակման գործընթացին, քանի որ փակ սահմանները հակասում են ԵՄ սկզբունքներին և միջազգային առևտրի շահերին: Նման պնդումն ավելի համոզիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ Թուրքիան (ինչպես նաև եվրոպական մի շարք գաճաճ-պետություններ), չլինելով Եվրամիության անդամ, անդամակցում է ԵՄ Մաքսային միությանը (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների): Միաժամանակ, Մաքսային միության անդամները պարտավոր են կիրառել ընդհանուր արտաքին սակագին միության տարածք մտնող բոլոր ապրանքների, մասնավորապես, Հայաստանից Թուրքիա մտնող ապրանքների համար:

Ընդհանուր առմամբ, Եվրաինտեգրումը էականորեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի զարգացման համար: Սակայն, այն կարճաժամկետ գործընթաց չէ, քանզի հանրապետությունը պարտավոր է հաղթահարել տնտեսական և քաղաքական բազմաթիվ մարտահրավերներ միջնաժամկետ հատվածում:

Հայաստանն ու Եվրասիական Միությունը

Նախկին ԽՍՀՄ պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը նպաստում է ՀՀ պետական անվտանգության ու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և նույնպես Հայաստանի գերակայություններից է: Հայաստանցիների զգալի հատվածը Ռուսաստանին համարում է բարեկամ պետություն և հակված է ՌԴ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը: Շրջանառվող տեսակետներից մեկի համաձայն, ստեղծվելիք Եվրասիական Միությունը, որի գաղափարն առաջ է քաշվել ՌԴ-ի կողմից և աջակցություն ստացել Բելառուսից ու Ղազախստանից, կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ Հայաստանի` եվրասիական ինտեգրման գործընթացում: Կարծիք կա նաև, թե Հայաստանի համար առավել բարեբեր կարող է լինել ոչ թե Եվրաինտեգրման, այլ Եվրասիական ինտեգրման ուղին: Այս տեսակետի կողմնակիցներն առաջ են քաշում այն փաստարկը, որ Հայաստանում արտադրվող բազմաթիվ ապրանքներ մրցունակ չեն ԵՄ շուկայում, մինչդեռ ավելի լավ կվաճառվեն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շուկաներում: Հայաստանի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը դիտարկվում է նաև վերոհիշյալ համատեքստում:

Միաժամանակ, անհերքելի են Հայաստանի` Եվրասիական Միությանն անդամագրվելուն խոչընդոտող մի շարք լրջագույն մարտահրավերներ: Այսպես, Մաքսային միության անդամ Ղազախստանը պնդում է, որ ՀՀ-ն միանա Միությանը առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ): Քաղաքական հետևանքներից զատ, նման մոտեցումը ենթադրում է նաև մաքսային հսկողության հաստատում Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, ինչն անընդունելի է Հայաստանի համար: Ռուսաստանի Դաշնությունը, իհարկե, ցանկանում է տեսնել Հայաստանը Եվրասիական միությունում և դրա Մաքսային միությունում, սակայն չի կամենում կորցնել Ղազախստանը ի շահ Հայաստանի: Ի տարբերություն Մաքսային միությանը, ԵՄ-ն չի պահանջում սահմաններ գծել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև: Բացի այդ, կարծիք կա, որ Եվրասիական միության անդամ-երկրներում (Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում) ավտորիտար ռեժիմներ են իշխում, ուստի այդ միությանն ինտեգրվելը կարող է հանգեցնել նմանատիպ ռեժիմի հաստատմանը նաև Հայաստանում: Մինչդեռ, Եվրամիությունը դիտվում է որպես Հայաստանի լավագույն գործընկերը ժողովրդավարության և արդյունավետ կառավարման հաստատման գործում: Հատկանշական է, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի նաև Մաքսային միության հետ:

Ընտրությունը Եվրամիության և Եվրասիական Միության միջև

Հայաստանի քաղաքական վերնախավը փորձում է հասնել առևտրի համաձայնության միաժամանակ թե´ ԵՄ-ի, թե´ Մաքսային միության հետ` հայտարարելով, որ ինտեգրումը ԵՄ-ին, ԱՊՀ-ին և Եվրասիական միությանը չպետք է դիտվեն որպես միմյանց բացառող գործընթացներ: Մինչդեռ 2012թ.-ին Հայաստանը վավերացրել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը, և ցանկանում է նաև նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ: Սակայն, գործընկերները մարտահրավերներ են նետում հայաստանյան քաղաքական էլիտայի նման մոտեցմանը. 2012թ.-ի դեկտեմբերին Եվրոպական միության Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակը նախազգուշացրեց. «եթե Հայաստանը միանա որևիցե մաքսային միության, այդ հանգամանքը համատեղելի չի լինի ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ երկկողմ պայմանագրի կնքման հետ: Բանն այն է, որ մաքսային միությունը ունի արտաքին առևտրի մեկ միասնական քաղաքականություն, իսկ առանձին անդամ պետությունն այլևս չի կրում սուվերեն իշխանություն իր արտաքին առևտրի քաղաքականության նկատմամբ»:

Չնայած այս հստակ հայտարարությանը, ակտիվորեն քննարկվում է հետևյալ հարցը. արդյո՞ք Եվրաինտեգրումը և Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը միմյանց հակասող գործընթացներ են, թե կարող են իրականացվել զուգահեռաբար: ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պնդում է, որ ԵՄ-ն նախապայամաններ չի դնում իր գործընկերների առջև, և առաջիկա պայմանագրերը չեն վնասի Հայաստանի և նրա գործընկեր Ռուսաստանի միջև առկա սերտ հարաբերություններին, որոնք այդքան կարևոր են ՀՀ-ի պետական անվտանգության տեսանկյունից: Որքան Հայաստանը առաջ է շարժվում Եվրաինտեգրաման գործընթացում, այնքան ավելի հավասարակշռված և մեղմ են դառնում եվրոպական ամբիոններից արվող հայտարարությունները: Միաժամանակ, շարունակաբար փորձելով հարկադրել Հայաստանին անդամակցելու Մաքսային միությանը` Ռուսաստանը հեռացնում է ՀՀ-ին Հյուսիս-Արևելք առանցքից: Վերջին իրադարձությունները, այդ թվում` ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կայացած համաձայնությունը սպառազինության վաճառքի շուրջ, Ռուսաստանին պատկանող ընկերությունների կողմից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, հայ աշխատանքային միգրանտների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը և ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից բարձրաձայնվող ազգային պատկանելիության վրա հիմնված խտրականությունը, ապացուցում են, որ Ռուսաստանը ձախողել է տարածաշրջանային ինտեգրման գրավիչ միջավայրի ձևավորման գործընթացը և շարունակում է հիմնականում հույսը դնել առավելապես «մտրակի» քաղաքականության վրա: Նման մոտեցումը կարող է հարկադրել Հայաստանին անվտանգության երաշխիքների այլընտրանքային ուղիներ փնտրել: Ճիշտ այնպես, ինչպես աշխարհի կորած անկյունում փակ սահմաններից այն կողմ հնարավոր բոլոր մարտահրավերներին դիմակայելու պարտադրված Հայաստանը վարվեց տնտեսական գոյատևման և զարգացման խնդիրներում:


Համառոտագիրը մշակվել է 2013թ-ի հունիսի 25-ին կայացած` «ԵՄ և ԵԱՄ. Հայաստանը տարածաշրջանային համատեքստում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։