ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հեռակառավարմամբ ֆինանսական ծառայություններ միգրանտ աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին

15.10.2013

Արփինե Կարապետյան

12 հոկտեմբերի, 2013թ․

Բջջային ֆինանսական ծառայությունների ընդլայնվող շրջանակն աշխարհում

21-րդ դարում` նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների գերիշխանության օրերում շատ գործառույթների իրականացվում են բջջային հեռախոսների և հաղորդակցության այլ սարքերի միջոցով: Հաղորդակցության սարքերն ու սարքավորումներն օգտագործվում են ոչ միայն զվարճանքի և հաճույքի, այլև լուրջ և պատասխանատու գործառույթների համար, այդ թվում՝ հեռակառավարմամբ ֆինանսական գործառնությունների, ապահովագրական և ֆինանսական այլ ծառայություններ մատուցելու նպատակով:

Բջջային ֆինանսական ծառայություններից օգտվողների թիվը մեծանում է նաև, ծառայություն մատուցողների նախաձեռնողականության շնորհիվ: Ընդ որում, ծառայությունների արդյունավետ տարածման հիմքերից մեկը հաճախորդի վստահությունն է: Վստահության ձևավորման գործոններից մեկը տարբեր հատվածներում ծառայություն մատուցողների միջև ակտիվ համագործակցությունն է: Բջջային ֆինանսական ծառայությունների պարագայում կարևորվում է համագործակցությունը բջջային օպերատորների ու ֆինանսական կառույցների միջև, ընդ որում ծառայությունների և դրանցից օգտվողների շրջանակի ընդլայնման արագությունը մեծապես պայմանավորված է հենց այս կառույցների միջև համագործակցությունից: Նման համագործակության արդյունքում է հնարավոր դառնում նոր տեսակի ծառայության մատուցումը, ինչն անհնար կլիներ, եթե դերակատարներից յուրաքանչյուրը գործեր մեկուսի։

Finextra լրատվականը, որը  ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար տեղեկատվական գործակալություն է, տեղեկացնում է, որ բջջային օպերատորները և սարքավորումներ արտադրողները բանկերին տրամադրել են հաճախորդի հետ ցանկացած պահի, ցանկացած վայրում ուղիղ կապ ունենալու աննախադեպ հնարավորություններ: Այդուհանդերձ միայն տեխնոլոգիաները բավարար չեն, մրցունակ լինելու համար ֆինանսական հաստատությունները պետք է նպատակաուղղված մարքեթինգ իրականացնեն. առավել մրցունակ են այն կազմակերպությունները, որոնք հաճախորդներինհաճախորդներին առաջարկում են լավագույն ծառայություններ, այդ թվում խնայողությունների կառավարման և տեղեկատվության գործում։

Հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների պահանջարկը

Աշխարհում բջջային բանկային ծառայություններից օգտվողների մեծ թիվը վկայում է, որ մարդիկ գերադասում են բանկային խնդիրները լուծել բջջային հեռախոսի միջոցով, հերթերում ժամանակ կորցնելու փոխարեն: Բջջային հեռախոսի համար նախատեսված ծրագիրը (application) հաճախորդին հնարավորություն է տալիս բջջայինի մեկ կոճակի հպումով մուտք գործել սեփական բանկային հաշիվ: Բանկային հաշվի էլեկտրոնային կառավարման կայքի պարզեցված տարբերակը ներառում է բացառապես հիմնական ծառայությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել հաճախորդին: Առանձին երկրներում բանկերն այս ծառայության համար լրացուցիչ գումար  չեն գանձում:

Ավելի քան 13,600 սպառողական խնդիրների վերաբերող հարցման արդյունքները վկայում են, որ SMS-հաղորդագրության տեքստային հիշեցումները շարունակում են մնալ հաճախորդների կողմից բջջային բանկային ծառայությունների օգտագործման ամենատարածված ձևը: Բջջային բանկային ծառայությունների համար նախատեսված ծրագրերի օգտագործումը ևս մեծապես ավելացել է՝ արագորեն շրջանցելով բանկային շատ այլ ծառայությունների:

Forrester Research-ը (NASDAQ: FORR) կանխատեսմամբ թե՜ զարգացած, թե՜ զարգացող տնտեսություններում բջջային բանկային ծառայությունները բանկերի հաճախորդների համար կդառնան ֆինանսների կառավարման հիմնական միջոցը:

Ու թեև բջջային բանկային ծառայությունները շատ հեշտ և հարմար են օգտագործման մեջ, դրանք ունեն նաև բացասական կողմեր և թերություններ: Ինչպես յուրաքանչյուր նորարարություն կամ նոր ծառայություն, հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունները ևս ունեն բազմաթիվ բացթողումներ, որոնք ժամանակի ընթացում շտկվում են: Հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների առավել ընդգծված թերություններն են.

·         ծառայություններից օգտվողները կարող են ստանալ կեղծ SMS հաղորդագրություններ կամ սփամ,

·         մշտական հաճախորդները ժամանակի ընթացքում կարող են կուտակել պարտքեր մատուցված ծառայությունների դիմաց,

·         բջջային հեռախոսը կորցնելու դեպքում երրորդ անձը կարող է տիրանալ բջջային բանկային գաղտնաբառին և կարևոր տեղեկությունների:

Այսպես, անլար վճարային տեխնոլոգիաների առավել խոցելի կողմերը բացահայտելու նպատակով տեղեկատվական անվտանգության մասնագետները մշակել են հատուկ ծրագիր, որի օգնությամբ հնարավոր է պարզել ցանկացած անցորդի պլաստիկ քարտի վրա պարունակող ինֆորմացիան՝ պարզապես թափահարելով բջջային հեռախոսը դրամապանակի ուղղությամբ: Guardian Analytics-ը մշակել է ծրագիր բանկերի համար, որը վերլուծում է սպառողների կատարած գործարքները և դրանց հաճախականությունը՝ պարզելու, թե արդյոք հեռախոսը գողացված է: Կան նաև անվտանգության այլ գործիքներ, օրինակ, ծրագիրը կարող է պարզել օգտատիրոջ գտնվելու վայրն ու հաստատել՝ արդյոք վերջինս օգտվում է իր մշտական անլար սարքից, թե ոչ:

Անվտանգության խնդիրներն անուշադրության մատնելու դեպքում ֆինանսական կորուստները կարող են հասնել միլիոնների: Բարեբախտաբար, ժամանակակից բջջային սարքերն ավելի շատ են հարմարեցված հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների համար: Անձի բջջային բանկային «ինքնությունը»-ը կարող է ամրագրված լինել կոնկրետ հեռախոսի՝ նվազեցնելով անվտանգության մարտահրավերները:

Սպառողները կարող են որոշակիորեն վերահսկել գործարքներն ու հայտնաբերել հնարավոր կեղծիքները: Սմարթֆոններում կիրառվող SMS-հաղորդագրությունները և push-հաղորդագրությունները հնարավորություն են ընձեռում բանկերին՝ հայտնաբերելու կեղծ գործարքները: Նոր սմարթֆոնները (խելախոս) արդեն իսկ օժտված են կենսաչափական անվտանգության գործիքներով: Այսպես, հեռախոսի էկրանն ակտիվացնելու նպատակով Android օպերացիոն համակարգի նորագույն տարբերակն օգտագործում է դեմքի, իսկ Apple-ը՝ ձայնի ճանաչման տեխնոլոգիան:

Հաճախորդի անվտանգության համարշատ բան է արվում: Երբեմն, հաճախորդին հնարավորություն է տրվում անձամբ կարգավորել անվտանգության համակարգը: Այդուհանդերձ, բանկերը, որոնք կանխատեսման վերլուծություն են կատարում և նոր պրոդուկտներ ու ծառայություններ առաջարկում հաճախորդներին, հայտնում են, որ բջջային կապի միջոցներով կատարվող առաջարկները հաճախորդները շատ հաճախ չեն ընդունում: Ի լրումն բանկային ծառայությունների և առաջարկվող նոր ֆինանսական ծառայությունների՝ պետք է նշել, որ առցանց կամ էլեկտրոնային անդորրագրերը, պարտքերի ավտոմատ վճարումը, լրացուցիչ վարկերը, նոր քարտերն ու հաշիվները կարող են կրճատել գործառնական ծախսերը թե՛ հաճախորդի, թե՛ բանկի համար, ստեղծելով եկամուտի նոր աղբյուրներ:

Բջջային բանկային ծառայությունները հատկապես կարևորվում են այն անձանց համար, ովքեր բնակվում են արտերկրում, քանի որ բջջային փոխանցումները նրանց հնարավորություն է ընձեռում գումար ուղարկել ընտանիքին, ընկերներին կամ այլ գործողություններ կատարել: Միաժամանակ, փոխանցվող գումարները բանկային համակարգում շրջանառության մեջ մտցնելով միգրանտները միաժամանակ մեծապես նպաստում են ծագման երկրներում տնտեսական աճին: Բջջային բանկային ծառայությունները շահավետ են թե՛ միգրանտի ու նրա ընտանիքի, թե՛ բնակության երկրի, թե՛ ծագման երկրի համար:

Ընդհանուր առմամբ, արտերկրում բնակվող ավելի քան 215 միլիոն աշխատողների դրամական փոխանցումները ծագման երկրի տնտեսական աճի, զարգացման և աղքատության մակարդակի կրճատման գործում կարևորագույն դեր են խաղում ողջ աշխարհում: Համաշխարհային բանկի կատարած ուսումնասիրությունների համաձայն, 2011թ. զարգացող երկրներ կատարված շուրջ 350 մլն դոլարի դրամական փոխանցումները եռակի գերազանցում են պաշտոնական զարգացման օժանդակությամբ հատկացված միջոցները, ավելին, քան օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը շատ երկրներում:

Հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների կիրառման փորձն էականորեն տարբերվում է ուրբանացված Աֆրիկայի և Հարավային Ասիայի փորձից, ուր բնակչության ավելի մեծ թվաքանակն ու խտությունը, գյուղական համայնքների մեծ թիվը խթանում են այդ ծառայություններից օգտվելը:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գործում են առևտրային և զարգացման նպատակներ հետապնդող հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների մի շարք նախաձեռնություններ: Այսպես, Ռուսաստանն ունի աշխարհի խոշորագույն հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների համակարգը՝ ավելի քան 100,000 ավտոմատացված վճարային տերմինալներով, բազմաթիվ խոշոր բանկերով, այդ թվում՝ CitiBank և Russian Standard Bank, հեռակառավարմամբ ֆինանսական ծառայություններ առաջարկող բջջային ընկերություններով հանդերձ:

Ռուսաստանում ֆինանսական ծառայությունների շուկան նոր մակարդակի է հասել սմարթֆոնների և բջջային ծրագրերի զարգացման շնորհիվ: Այս շուկան բարեհաջող մրցակցում է վճարման ծառայությունների այլ մեթոդների, այդ թվում՝ օնլայն (ինտերնետ) վճարումների և բանկային տերմինալների հետ, ինչը նույնպես ազդում է բջջային բանկային ծառայությունների զարգացման դինամիկայի վրա:

2011թ. վճարումների ծավալը կազմել է 5.8մլրդ ռուբլի, ընդ որում մեծամասնությունը կազմել են դրամական փոխանցումները՝ 30%: 2012թ. վճարումների շրջանառությունը ավելացել է 39%-ով՝ կազմելով 8.1մլրդ ռուբլի. J’son & Partners Consulting-ի կանխատեսումներով 2017թ. վճարումների շրջանառությունը կկազմի 29մլրդ ռուբլի, իսկ դրամական փոխանցումները վճարումների շրջանառության շրջանակներում կաճեն 35%-ով: Ռուսաստանյան բանկերի թվում բջջային վճարային առավել ֆունկցիոնալ համակարգեր ունեն HandyBank-ը և «Գազպրոմբանկը»: Հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների ծրագրերի (application) ցանկում միայն այս երկու համակարգերն են, որ առաջարկվում են անվճար: Ծրագրային բազմազան պլատֆորմներ առաջարկող բանկերի թվում առաջատարը «Ալֆա–Բանկն» է, որի ծրագրերը հասանելի են բոլոր հայտնի համակարգերին, այդ թվում` Windows Phone-ին:

Վրաստանում Գյուղատնտեսության զարգացման միջազգային ֆոնդը (The International Fund for Agricultural Development - IFAD), համագործակցելով Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ (International Organisation for Migration), փորձում է ստեղծել բարենպաստ քաղաքական և կարգավորիչ միջավայր՝ բջջային բանկային փոխանցումների համար, այդ թվում, նպատակ ունի կրճատել փոխանցումների գործառնական ծախքերը, հատկապես՝ գյուղական համայնքներում:

Ռումինիայում հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների զարգացման ակտիվ քաղաքականություն է վարվում: Արդյունքում, վերջին հինգ տարիներին մի շարք առևտրային բանկեր և միկրոֆինանսական հաստատություններ սկսել են առաջարկել նման ծառայություններ: Տարածաշրջանի այլ երկրներում, հարևան երկրների օրինակը տեսնելով, աճում է հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների համար բարենպաստ միջավայր ձևավորելու հանդեպ հետաքրքրությունը:

Հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների հարթակներից դրամական փոխանցումները բախվում են մի շարք մարտահրավերների: Սակայն ցուցանիշներն աճում են. ըստ Juniper Research-ի ուսումնասիրության՝ մինչև 2016թ. միջազգային փոխանցումների 55մլրդ. դոլար փոխանցվելու է բջջային սարքերի միջոցով: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների միջոցով առաջարկվող դրամական փոխանցումները լայն հնարավորություն են ընձեռում ֆինանսապես ներգրավել գյուղական համայնքների լայն բնակչությանը հեռակառավարմամբ բանկային ակտիվ գործողությունների մեջ:

Հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների շրջանակը Հայաստանում

Միջազգային փորձի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ուրվագծել նաև Հայաստանում այս ծառայությունների զարգացման հնարավորությունները:

Ակնհայտորեն, հայաստանյան իրականությունը հեռու է այն ծառայություններից, որոնք տրամադրվում են Եվրոպայում կամ Կենտրոնական Ասիայում: Բջջային օպերատորների դեպքում դեռևս միայն Վիվասել-ՄՏՍ-ն է տրամադրում հեռակառավարմամբ ֆինանսական ծառայություններ: Ծառայությունը կոչվում է ՄոբիԴրամ: Այն թույլ է տալիս արագ, ցանկացած պահի կատարել վճարումներ, պարբերաբար ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ, օրվա ցանկացած ժամի վճարել հաշիվները՝ բջջայինից և առցանց:

Ինչպես ներկայացնում է ընկերությունը՝ ՄոբիԴրամը ֆինանսական գործարքներ կատարելու բացարձակապես անվտանգ և չափազանց արագ միջոց է: ՄոբիԴրամի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել, այնուհետև` ընկերության մասնաճյուղում, ArCa վիրտուալ քարտի միջոցով կամ Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկ այցելելով՝ անձնական հաշիվը համալրել որոշակի գումարով (հաշվի վրա առկա գումարը նույն կերպ արագ եղանակով կարելի է կանխիկացնել): Ըստ ընկերության տեղեկությունների՝ ՄոբիԴրամը գործում է 2011թ. նոյեմբերից և ծառայությունից օգտվողների վերաբերյալ վիճակագրություն դեռևս չկա:

Ի լրումն հայաստանյան շուկայում հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների համար մշակված ծրագրերին ծանոթ չլինելու հանգամանքին, կա մեկ այլ պատճառ, որը, թերևս, հիմնավորում է այդ ծառայությունների բացակայությունը Հայաստանում: Ինչպես նշեց բջջային օպերատորներից մեկի ներկայացուցիչը, բջջային բանկային ծառայությունների զարգացումը Հայաստանում մեծապես պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած հնարավորություններով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դեպքում MobiDram ծառայությունները գրանցված է որպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի քույր ընկերություն և գործում է ՎիվաՍելի ծառայություններից առանձին: Այս համատեքստում, բջջային օպերատորները բավականին լուրջ պատճառներ ունեն բջջային բանկային ծառայությունների ներդրման/ընդլայնման ծրագրերից հրաժարվելու համար, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման ծառայությունների իրականացման համար պարզեցված եղանակներ դեռևս չեն գործում:

Ամերիա, ՎՏԲ-Հայաստան, ՅունիԲանկ, HSBC-Հայաստան և ԱԿԲԱ Ագրիկոլ բանկերի թվում ուսումնասիրության պահին հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ տվյալներ տրամադրել է միայն Ամերիա բանկը: Վերջինի համապատասխան ծառայությունները դեռևս հասանելի են բացառապես iPhone կամ iOS համակարգով գործող այլ սարքերի համար: Ծառայությունները հասանելի են աշխարհի ցանկացած վայրում: Համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին տեսնել ընթացիկ հաշիվների մնացորդները, ստանալ քաղվածքներ, վարկային պայմանագրեր և դրանց մարման ժամանակացույցը, տարադրամի փոխարժեքը, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանում և Հայաստանից դուրս, կատարել արտարժույթի փոխանակում, վարկի մարում և կոմունալ վճարներ, ինչպես նաև ուղարկել և ստանալ ազատ հաղորդագրություններ:

Միաժամանակ, այս ծառայությունների զարգացման և ընդլայնման համար Հայաստանում  կան անհրաժեշտ շատ նախապայմաններ, այդ թվում՝ միգրացիոն մեծ հոսքերը և հայ միգրանտ աշխատողների կողմից դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների մեծ ծավալը: Այսպիսով, արտերկրում վաստակած գումարը ընտանիքին, բարեկամներին ուղարկելու յուրատեսակ կամուրջ կարող են ծառայել հենց հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունները: Սակայն նման ծառայություններ տրամադրողների թիվը Հայաստանում խիստ սահմանափակ է, ինչը հանգեցնում է ծառայությունների պահանջարկի ցածր մակարդակին: Ի լրումն, ընկերությունների այլ ծառայությունների և պրոդուկտների համեմատ հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունները չեն գովազդվում անհրաժեշտ կերպով:

Սահմանափակ է նաև Android կամ iOS համակարգով գործող բջջային հեռախոսներից և այլ սարքերից օգտվելու հնարավորությունները. հայաստանցի սպառողների մի ստվար հատված չի օգտվում կամ ֆինանսապես ի վիճակի չէ օգտվել Android կամ iOS համակարգով գործող բջջային հեռախոսներից և այլ սարքերից: Հետևաբար նվազում է նաև հավանականությունը, որ հաճախորդը կկարողանա օգտվել հեռակառավարմամբ ֆինանսական ծառայություններից, ինչն իր հերթին նվազեցնում է նման ծառայությունների շահագործման հնարավորությունը:

Որպես Էական խոչընդոտ հարկ է նշել նաև Հայաստանում բանկային ծառայությունների վերաբերյալ իրազեկության և վստահության անբավարար մակարդակը. եթե զարգացած երկրներում բնակչության 80%-ը օգտվում է բանկային պլաստիկ քարտերից և միայն 20%-ն է նախընտրում գումարը ստանալ առձեռն, ապա Հայաստանում գործում է ճիշտ հակառակ տրամաբանությունը:

Իրավամբ, հեռակառավարմամբ ֆինանսական ծառայությունների ոլորտում, ընդհանուր առմամբ, Հայաստանը հետ է մնում մեծ տարածաշրջանի երկրներից: Շատ բանկեր և բջջային օպերատորներ Հայաստանում առաջին քայլերն են անում այս ոլորտում: Ներկայում բջջային բանկային ծառայությունների ոլորտում ծրագրեր մշակվում են, սակայն դրանց պահանջարկը մնում է սահմանափակ:

Բջջային բանկային ծառայությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում ուղղակիորեն կապված են աշխատանքային միգրացիայի մեծ հոսքերի հետ: Աշխատանքային միգրանտների մեծաթիվ բանակը վաստակած գումարն ընտանիքներին հասցնելու ավելի ու ավելի մրցունակ միջոցների կարիք ունի: Բջջային բանկային ծառայությունները առարակում են հենց նման հնարավորություններ. սպասարկման ցածր սակագների, գործարքները սեղմ ժամկետներում իրականացնելու, ցանկացած վայրում, ցանկացած պահի փոխանցումներ և վճարումներ կատարելու, սեփական հաշիվներն ինքնուրույն կառավարելու և վերահսկելու, գործարքների ավելի արագ և պարզեցված տարբերակից օգտվելու, առանց ինտերնետ հասանելիության անհրաժեշտության գործարքներ իրականացնելու հնարավորություն: Բջջային բանկային ծառայությունների զարգացումն ու այս գործում բանկերի, բջջային օպերատորների միջև համագործակցության խորացումն անխուսափելի են:

Այդուհանդերձ, կարծում ենք, տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու մարտահրավերներին արձագանքելուն պիտի նախորդի բջջային բանկային ծառայությունների բնականոն զարգացման համար անհրաժեշտ նպաստավոր միջավայրի ձևավորումը, անհրաժեշտ է կոտրել առկա շատ կարծրատիպերը և ապացուցել համակարգի հուսալիությունն ու ձեռք բերել վստահություն:


Հղումներ

1.       http://www.e-wisdom.com/news/banking/money-market/mobile-banking-popularity-surges-110210065/

2.       http://www.finextra.com/News/FullStory.aspx?newsitemid=24289

3.       http://www.thinkmoney.co.uk/news-advice/mobile-banking-how-are-people-using-it-0-3929-0.htm

4.       http://mauconline.net/2013/03/07/advantages-and-disadvantages-of-mobile-banking/

5.       http://www.sfgate.com/business/article/Mobile-payments-open-new-door-to-thieves-3925013.php?goback=%2Egde_123922_member_173241720#photo-3238498

6.       http://www.businessweek.com/debateroom/archives/2012/02/mobile_banking_is_more_secure_than_online_banking.html

7.       http://www.personetics.com/news/20120917.html

8.       http://www.bankfutura.com/2012/09/a-list-of-mobile-payment-technologies/

9.       http://europa.eu/youreurope/citizens/shopping/banking/opening-bank-account/index_en.htm#

10.   http://europa.eu/youreurope/citizens/shopping/banking/day-to-day-banking/index_en.htm

11.   http://bankingbeyondbranches.com/2012/01/23/are-remittances-through-mobile-banking-the-key-to-financial-inclusion-in-eca/

12.   http://mts.am/en/mobidram/what-is-mobidram

13.   http://www.ameriabank.am/content.aspx?id=online+ameriabank+retail&table=productlistmenu&page=99&lang=28

14.   http://www.paymentsjournal.com/Content/Blogs/Mercator_Blog/16605/

15.   http://www.json.ru/en/poleznye_materialy/free_market_watches/analytics/rossijskij_rynok_mobilnyh_operatorskih_platezhej_mobilnogo_i_sms-bankinga/

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։