ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Աշխատանքային միգրանտների նախամեկնումային ուղղորդումը

19.12.2013

Հեղինակ՝ Մանե Քոչարյան

11.10.2013

Ներածություն. մեկնումից առաջ տրամադրվող նախապատրաստական դասընթացներ միգրանտների համար

Միգրացիայի գործընթացն առաջ է բերում մի շարք մարտահրավերներ, որոնք ինչ-որ պահի կարող են միգրանտի համար դառնալ դժվար հաղթահարելի խոչընդոտներ, հատկապես եթե նա տեղյակ չէ դրանց: Շատ դեպքերում միգրանտների ավելի արագ ինտեգրումն աշխատանքային միջավայրում և հաջողություններն ու ձեռքբերումները կախված են պատրաստվածության մակարդակից:

Վերջին տասնամյակում շրջանառու աշխատանքային միգրացիան (ՇԱՄ) ավելի հարմար այլընտրանք է դառնում միգրանտների համար: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ՇԱՄ-ը միատարր գործընթաց չէ: Այն մի քանի փուլերի ամբողջություն է, որոնք պայմանականորեն կարելի է անվանել նախամեկնումային, հետժամանումային, և վերաինտեգրման փուլեր: Յուրաքանչյուրն ունի յուրահատուկ խնդիրներ, որոնք համապատասխան քաղաքականության մշակում են պահանջում: Հաջորդ փուլերում հավանական ռիսկերը կրճատելու նպատակով անհրաժեշտ է միգրանտներին հնարավորինս նախապատրաստել առաջին՝ նախամեկնումային փուլում: Աշխատանքային միգրանտների նախապատրաստման գործընթացը սովորաբար ներառում է ՇԱՄ-ի հիմնական շահագրգիռ կողմերին՝ կառավարություն, գործատուներ, մասնավոր և պետական աշխատանքի տեղավորման գործակալություններ և այլն:

Իրավամբ, միգրանտի՝ մեկնումի երկրում աշխատանքի թույլտվություն ստանալու հանգամանքը ընդունող երկրի ապրելակերպին հարմարվելու և աշխատանքում հաջողությունների բավարար երաշխիք չէ, քանի որ օտարերկրյա մշակույթում բնակություն հաստատելը ամենայն հավանականությամբ դժվարություններ կառաջացնի միգրանտի համար, որոնք նա պիտի հաղթահարի: Նման խոչընդոտները նվազեցնելու և հետագա կյանքի փորձին միգրանտներին  պատրաստելու նպատակով, մի շարք երկրներում դասընթացներ և սեմինարներ են առաջարկվում միգրանտներին նախքան նրանց մեկնումը: Միգրացիոն մեծ հոսքերի  ունեցող երկրներում առաջնային խնդիր է ճանաչվել ռիսկերին և մարտահրավերներին անդրադառնալը: Ֆիլիպինները, Շրի Լանկան, Ինդոնեզիան և Բանգլադեշը աշխատանքային միգրացիայի կազմակերպման երկարամյա փորձ ունեն և կարևորում են միգրանտին առաջիկա կյանքին նախապատրաստելու կարևորությունը: Այս երկրներում մշակվել են գործուն մեխանիզմների տարբեր փաթեթներ, որոնք աջակցում են աշխատանքային միգրանտներին արտերկրում բնակությանը և աշխատանքին նախապատրաստմանը:

Ֆիլիպիններ. միգրացիոն քաղաքականություն և նախամեկնումային կողմնորոշման ծրագիր

Շրջանառու աշխատանքային միգրացիայի առավել մեծ փորձ ունի Ֆիլիպինները: Հատկանշական է, որ այս երկրի աշխատանքային միգրացիայի կարգավորման և կազմակերպման քաղաքականությունը և ներդրած մեխանիզմները մոդել են դարձել այլ ասիական երկրների համար, որոնք նույնպես մասնագիտանում են շրջանառու աշխատանքային միգրացիայի ոլորտում: Իհարկե միգրանտների աջակցելու մեխանիզմները Ֆիլիպիններում համեմատաբար լավ են սահմանված, սակայն դրանք նույնպես չեն բացառում, որ ֆիլիպինցի միգրանտները նույնպես կարող են հայտնվել դժվար իրավիճակներում:

Ասիական տարածաշրջանում Ֆիլիպինները համարվում է աշխատուժի առաջատար մատակարարներից մեկը: Stock Estimate of Overseas Filipinos (Արտերկրում ֆիլիպինցինների ֆոնդային գնահատում) տվյալներով, 2011թ. դեկտեմբերի դրությամբ, շուրջ 11 միլիոն ֆիլիպինցի՝ Ֆիլիպինների բնակչության շուրջ 10-11%- ը բնակվում և աշխատում է արտերկրում: Ըստ Արտերկրում զբաղվածության ֆիլիպինյան գործակալության, 2011թ. ավելի քան 1.85 միլիոն ֆիլիպինցի աշխատանքի է տեղավորվել շուրջ 190 երկրում, իսկ Արտերկրում ֆիլիպինցիների հանձնաժողովում արտերկրում աշխատելու նպատակով միջինում ամեն օր գրանցվում է շուրջ 267 մարդ:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում՝ 1972թ. սկսած, երկիրը մշակել է շրջանառու աշխատանքային միգրացիայի համալիր քաղաքականություն, որը թույլ է տալիս կարգավորել և կառավարել երկրից արտագաղթը, պաշտպանել ֆիլիպինյան միգրանտներին, ինչպես նաև նպաստել թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումներին և անվտանգ միգրացիային: Թե՛ պետական ​​և թե՛ մասնավոր հաստատություններ են ստեղծվել արտերկրում ֆիլիպինյան աշխատողներին (OFWs) ծառայություններ մատուցելու նպատակով: Մի շարք վարչական մարմիններ պատասխանատու են աշխատանքային միգրացիայի համար, օրինակ Աշխատանքի և զբաղվածության վարչությունը (DOLE) և դրա Արտերկրում զբաղվածության ֆիլիպինյան գործակալությունը (POEA), Արտերկրում աշխատողների սոցիալական ադմինիստրացիան (OWWA), ինչպես նաև Արտերկրում ֆիլիպինցիների հանձնաժողովը (CFO): Վերջինս ֆիլիպինյան Կոնգրեսին խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում՝ շրջանառու միգրացիային առնչվող նոր քաղաքականության ձևավորման գործում: Արտերկրում ֆիլիպինցիների հանձնաժողովը ապագա աշխատանքային միգրանտների համար նախամեկնումային կողմնորոշման դասընթացներ է կազմակերպում:

1983թ. Ֆիլիպինների կառավարությունը պաշտոնապես ճանաչեց աշխատանքային միգրանտների համար նախամեկնումային կողմնորոշման դասընթացների կարևորությունը՝ դրանց հիմքում ամրագրելով երկու մոտեցում. (ա) «էմիգրանտների իրավական պաշտպանությունը սկսվում է տանից, և (բ), միգրանտի ապահովության և պաշտպանության երաշխիք է լավ տեղեկացված և իրազեկված լինելը»: ԱԶՖԳ 1983թ. թիվ 3 շրջանային հուշագրի համաձայն՝ «Պայմանագրային աշխատողները պարտավոր են հաճախել նախամեկնումային կողմնորոշման դասընթացների: Աշխատանքի տեղավորման գործակալությունը պատասխանատու է յուրաքանչյուր աշխատողի մանրակրկիտ իրազեկման համար»: Դասընթացների նպատակն է արտերկիր մեկնող միգրանտներին ընդունող երկրի, արտերկրում կյանքի և աշխատանքի վերաբերյալ անհրաժեշտ արդի տեղեկություններ տրամադրելը և ընդունող երկրում և նոր միջավայրում առավել արագ և մեծ հաջողությունների հասնելուն նպաստելը:

Տարիներ շարունակ Ֆիլիպինները մշակել է նախամեկնումային կողմնորոշման բազմապրոֆիլ դասընթացներ ՝ ներգրավելով կառավարության (OWWA և POEA), քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին որպես իրականացնողներ: ԱԶՖԳ-ն հաստատել է դասընթացների հաստատված ծրագիր, որին հետևելը պարտադիր է դասընթացավարների համար: Այն սահմանում է նաև այն լիցենզավորված գործակալությունների ցանկը, որոնք նման դասընթացներ տրամադրելու իրավունք ունեն:

Այժմ պետական և մասնավոր հատվածները համատեղ դասընթացներ են իրականացնում, թեև դասընթացների առյուծի բաժինը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: 1992թ. ի վեր դասընթացների կազմակերպման գործընթացում ներգրավվեցին նաև ՀԿ-ները, ինչի արդյունքում դասընթացները համալրվեցին մարդու իրավունքների և թրաֆիքինգի վերաբերյալ ծրագրերով: Նախամեկնումային կողմնորոշման ֆիլիպինյան դասընթացները ներառում են առնվազն յոթ տեղեկատվական մոդուլներ, մասնավորապես.

·         կյանքն արտերկրում՝ արտերկրում աշխատող ֆիլիպինցիների վարքագիծը, արտերկրում աշխատողին առավել հաճախ հանդիպող խնդիրները և դրանց հաղթահարման հնարավոր միջոցները.

·         մեկնումի երկրի ամփոփ ներկայացում՝ օրենքներ, մշակույթ և սովորույթներ.

·         աշխատանքային պայմանագիր՝ միգրանտի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի խախտման դեպքում առաջարկվող գործողությունները.

·         առողջապահություն և անվտանգություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ.

·         ֆինանսական գրագիտության՝ եկամուտների կառավարում.

·         արտերկրում աշխատողների սոցիալական ադմինիստրացիայի (OWWA) կողմից իրականացվող ծրագրերն ու մատուցվող ծառայությունները, պետական այլ ծրագրեր, այդ թվում՝ Սոցիալական ապահովության համակարգ (Social Security System) և առողջապահական համակարգ (PhilHealth).

·         ճամփորդելու ընթացակարգեր և գործնական խորհուրդներ:

Կողմնորոշման այս դասընթացները սովորաբար տևում են մեկ կամ մի քանի օր (առավելագույնը մեկ շաբաթ), օրական՝  շուրջ 6 ժամ: Ֆիլիպիններում դասընթացներին հաճախելը պարտադիր է, սահմանված է նաև մասնակցության սակագինը՝ 100 PHP (շուրջ 1,000 ՀՀ դրամ): Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվում է վկայական, որը պետք է կցվի մեկնումի համար անհրաժեշտ փաստաթղթերին:

Թեև Ֆիլիպինների փորձը այս բնագավառում համարվում է առավել հաջողված, սակայն դասընթացների արդյունավետությանը խոչընդոտում են մի շարք գործոններ: Նախ և առաջ, դասընթացներին միաժամանակ մասնակցում են մեծ թվով մասնակիցներ (50-90), ինչը դժվարացնում է դասընթացի ավարտին միգրանտների ստացած տեղեկությունների և գիտելիքի գնահատումը: Դասընթացներ իրականացնողները, հատկապես՝ ՀԿ-ները, կասկածի տակ են առնում դասընթացների արդյունավետությունը, քանի որ դրանք կազմակերպվում են չափազանց մեծ խմբերով: Երբեմն միգրանտները դասընթացների են հաճախում մեկնելուց ժամեր առաջ, ուստի դասընթացները համարում են խանգարող հանգամանք և ուշադիր չեն լսում ու ընկալում տեղեկությունները: Արդյունքում, վերջին տարիներին ԶԼՄ-ները նույնպես ներգրավված են միգրանտների իրազեկելու գործընթացում: Հատուկ հեռուստահաղորդումներ, գովազդներ, և թերթերում հոդվածներ են հրապարակվում: Նրանք ներկայացնում են անկանոն միգրացիայի վտանգներն ու միգրանտներին օգնում ճիշտ ուղի ընտրել, երկրից մեկնել առավել պաշտպանված:

Երկրորդ, տեղեկատվական ծրագրերը, որպես կանոն, անհատական կարիքներին հարմարեցված չեն, մեկ ձևաչափով են` բոլորի համար: Թեև միգրանտներն ընդունում են, որ դասընթացներից ստացած տեղեկատվությունն արժեքավոր է, նրանք նաև նշում են, թե դասընթացները սահմանափակ են: Նախատեսվում է խորացնել և ընդլայնել դրանց ծածկույթը, երկարացնել դասընթացների տևողությունը, ինչպես նաև ներգրավվել ընտանիքի անդամներին: Անհրաժեշտ է դասընթացի ծրագիրը հարմարեցնել ընդունող երկրի, հմտության և գենդերային կոնկրետ առանձնահատկություններին: Չէ որ միգրանտները մեկնում են տարբեր ուղղություններով, տարբեր աշխատանքների: Պետք է առանձնացվեն նաև դասընթացներ այն միգրանտների համար, որոնք առաջին անգամ չէ, որ մեկնում են արտերկիր աշխատելու, և որոշ չափով արդեն իսկ տեղյակ են աշխատանքային պայմաններին:

Երրորդ, տարբեր հաստատություններ տարբեր ձևով են մատուցում նույն տեղեկությունը, ինչի արդյունքում այն միատարր ձևով չի ընկալում դասընթնացի բոլոր մասնակիցների կողմից: Թեև կառավարությունը հաստատում է դասընթացների ցուցիչներ, այդուհանդերձ յուրաքանչյուր դասընթացավար ինքն է մատուցում նյութը: Արդյունքում նույն թեմայի վերաբերյալ մատուցվող նյութերը տարբերվում դասընթաց տրամադրող հաստատություններում:

Նախամեկնումային կողմնորոշման դասընթացներից բացի, Ֆիլիպիններում կազմակերպվում են նաև նախաաշխատանքային կողմնորոշման դասընթացներ: Այս դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր արտերկրում աշխատելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չեն կայացրել: Նախաաշխատանքային կողմնորոշման դասընթացները տեղեկացնում են մասնակիցներին արտերկրում աշխատելու հնարավոր վտանգների ու դժվարությունների վերաբերյալ, ապագա միգրանտին փորձում են ուղղորդել ճիշտ ուղղությամբ՝ ներկայացնելով աշխատանքային միգրացիայի օրինական ուղիները, օրինական ընթացակարգերը, տրամադրելով այն երկրների ցանկը, որոնց հետ համագործակցում են, և կառավարության կողմից լիցենզավորված այն գործակալությունների ցանկը, որոնք իրավունք ունեն աշխատանքային միգրացիայի ոլորտում ծառայություններ մատուցելու:

Այնուամենայնիվ, Ֆիլիպինները կարողացել է լավագույնս համակարգել իր միգրացիոն համակարգը: Պետական և մասնավոր հաստատությունները, տեղական հաստատությունները ներկայում համագործակցում են՝ ֆիլիպինցի միգրանտներին առավելագույն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Աջակցություն հայ միգրանտներին. ներկայիս տրամադրվող ծառայությունները և առաջարկներ դրանց բարելավման համար:

Հայաստանի անկախության տարիներին երկրից մշտապես արտագաղթել է ավելի քան մեկ միլիոն մարդ, և ներկայում Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև. պաշտպանել և հզորացնել իր աշխատանքային միգրանտներին: Հայաստանցիները սովորաբար ինքնաբուխ են ընդգրկվում միգրացիոն հոսքերում և, որպես հետևանք, շատ միգրանտներ չեն նախապատրաստվում արտերկրում կյանքին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրանտները հիմնականում անտեղյակ են այն ծրագրերից, որոնք նախագծված են նրանց աջակցելու համար: Օրինակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2010թ.-ից համակարգում է Միգրացիոն ռեսուրս կենտրոնների (ՄՌԿ) գործունեությունը, նպատակ ունենալով իրազեկել հայաստանցի միգրանտներին, արտերկրում ապրելու և գործունեություն ծավալելու հնարավոր վտանգների մասին, ինչպես նաև այն հնարավորությունների մասին, որ ընձեռում է Հայաստանից դուրս աշխատանքն ու բնակությունը: Միգրացիոն ռեսուրս կենտրոնները տեղեկացնում են նաև անկանոն միգրացիայի հետևանքով առաջացող հնարավոր վտանգների մասին:

Ներկայում Հայաստանի տարբեր մարզերում գործում են ութ միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք պոտենցիալ աշխատանքային միգրանտներին, միգրանտ աշխատողներին և արտերկրում պայմանագրերով ժամանակավոր աշխատանք փնտրողներին զանազան ծառայություններ են տրամադրում, այդ թվում՝ դասընթացներ և խորհրդատվության: ՄՌԿ-ները վերադարձող միգրանտներին խորհրդատվություն են տրամադրում, քանի որ նրանք որպես կանոն հայաստանյան հասարակության մեջ վերաինտեգրելու և համապատասխան աշխատանք գտնելու խնդիրներ են ունենում: Այս կառույցները համեմատաբար նոր են ձևավորվել և առայժմ դժվար կլինի գնահատել դրանց արդյունավետության մակարդակը: Այդուհանդերձ, կարելի է նախամեկնումային դասընթացներին վերաբերվող մի շարք եզրակացություններ անել:

Հայաստանում դասընթացները կազմակերպվում են ոչ թե դասընթացի այլ ճեպազրույցի ձևաչափով, ինչը,  ցավոք, թույլ չի տալիս ավելի ընդարձակ տեղեկատվություն տրամադրել: Քանի որ խորհրդատվությունը կարճատև է և միայն ամիսը մեկ անգամ, դասընթաց իրականացնողները կարողանում են կենտրոնանալ հիմնականում իրավական և մշակութային ոլորտներում անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու վրա: Այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպես են առողջապահությունը, անվտանգությունը և պաշտպանությունն առայժմ ընդգրկված չեն դասընթացի ծրագրում կամ շոշափվում են անհրաժեշտ կերպով: Դասընթացների ծրագիրը հաճախ ծրագիրը հիմնվում է 20 երկրների վերաբերյալ հատուկ մշակված ուղեցույցերի վրա: Վերջինները կենտրոնանում են համապատասխան երկրի ներգաղթի մասին օրենքների, վիզաների ձեռքբերման ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև զբաղվածության հնարավորությունների վրա:

Հայաստանյան նախապատրաստական դասընթացներն ունեն ևս մեկ առանձնահատկություն, դրանցում պակասում է նախաձեռնողականությունը: Այսպես, միգրատները սովորաբար դիմում են ՄՌԿ-ներին որոշակի խնդիրների բախվելիս: Մինչդեռ, անհրաժեշտ է մշակել ավելի նախաձեռնողական դասընթացներ, որոնք նպատակաուղղված կլինեն արտերկրում աշխատելու մտադրություն ունեցող միգրանտների մեծ մասին նախապատրաստել նախքան խնդիրներին կամ դրանց հետևանքներին բախվելը, և առավելագույնս կանխել դրանք: Հետազոտությունները ցուց են տալիս, որ միգրանտները նախընտրում են պատրաստվել իրենց սպասվող կյանքին և ձեռք բերել գործնական հմտություններ և գիտելիքներ:

Ըստ էության, հայաստանյան դասընթացների ընթացիկ ծրագրերն ունեն մեծ ներուժ և կարող են ծառայել որպես միգրացիոն գործընթացների մոնիտորինգի կարևոր գործիք: Արդյունավետ կազմակերպման պարագայում դրանք կարող են նպաստել աշխատանքային միգրացիայի հարցերի հետ կապված երկրի կարողությունների ամրապնդմանը: ՄՌԿ-ների մատուցած ծառայությունների շրջանակները դեռևս լայնորեն հանրաճանաչ չեն ուստի ներգրավում են բազմաշերտ միգրացիոն հոսքերում ներգրավված հայաստանցիների սահամանափակ մասը միայն (կենտրոնների այցելուները հիմնականում մեկնում են կամ հայրենադարձում են ԱՊՀ երկրներից, հիմնականում Ռուսաստանից): Սա թերևս պայմանավորված է աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների հետ (ԱՏԳ) համագործակցության դեռևս անբավարար մակարդակով: Վերջիններն արտերկրում աշխատանքի տեղավորման գործընթացում որպես կանոն աշխատանք փնտրողներին նախամեկնումային դասընթացների չեն ուղղորդում: Որպեսզի հնարավորին թվով շատ միգրանտների զինվեն անհրաժեշտ գիտելիքներով, ԱՏԳ-ները նույնպես պետք է ներգրավվեն են այս ծառայություններում: Գործակալությունները, աշխատանքի բնույթով, առնչություն ունեն ԵՄ և այլ երկրների հետ, ինչը նրանց հնարավորություն է տալիս կուտակել ավելի գործնական և լայնածավալ տեղեկատվություն արտերկրում ապրելակերպի վերաբերյալ: Այս ոլորտում լիազոր մարմինը նույնպես հնարավորություն պիտի ունենա կարգավորելու և վերահսկելու թե՛ ՄՌԿ-ների, թե՛ ԱՏԳ-ների կողմից տրամադրվող դասընթացների կազմակերպման գործընթացն ու ձևաչափը: Արդյունքում պատկան մարմինները կունենան Հայաստանում միգրացիայի ցուցանիշների և միտումների վերաբերյալ ավելի իրական պատկեր:

Հատկանշական է, որ դասընթացների ծրագրերը ոչ միայն ճիշտ կողմնորոշում են միգրանտներին, այլև ունեն հոգեբանական ազդեցություն: Դասընթացներին հաճախող միգրանտները ներգրավվում են ընդունող երկրի մշակութային «մթնոլորտում», արագանում է արտերկրում ինտեգրվելու և հարմարվելու գործընթացը, ինչը նպաստում է միգրանտների` արտերկրում հաջող աշխատանքին: Այս նպատակով հարմար է նախատեսել եռօրյա դասընթանցներ՝ ստորաբաժանելով համապատասխան տեղեկատվական մոդուլների:

Ներկայում Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիության իր աշխատուժի անվտանգ շրջանառություն ուղղությամբ, ինչը պետք է անդրադառնա նաև նախամեկնումային կողմնորոշման ծրագրերի և միգրացիոն ընթացակարգերի վրա: Հասարակության տարբեր շերտերին այս ծրագրերը ճիշտ ներկայացնելը, տեղեկություններ և խորհրդատվություն ստանալը գործնականում ավելի կարգավորված դարձնելը պետք է ՄՌԿ-ների համար դառնա կարևոր խնդիր: ՀՀ այլ մարզերում կենտրոնների ձևավորմանը զուգահեռ, ՄՌԿ-ները պետք է ավելի ակտիվ ներկայացնեն իրենց առկա ծառայությունները հայաստանցի միգրանտներին:

Հիմնվելով Ֆիլիպինների փորձի վրա, որն առանձնապես մասնագիտացված է շրջանառու միգրացիայի ոլորտում, կարելի է նշել, որ նման ծառայությունները և ծրագրերը կարևոր են հենց ընդունող երկրների համար: Նախամեկնումային դասընթացները պետք է դառնան ընդհանուր պրակտիկա, իսկ դրանց իրականացումը պետք է նախատեսի սերտ համագործակցություն միգրացիոն ռեսուրս կենտրոնների և աշխատանքի տեղավորման գործակալությունների միջև: Անհրաժեշտ է նաև կոտրել այն կարծրատիպը, թե միգրանտի համար ամենադժվար հաղթահարելին ընդունող երկիր հասնելն է: Հասարակությանը հարկ է ներկայացնել, որ հաջողությունը և արտերկրում անվտանգությունը ծագում և ձևավորվում են նախապատրաստական փուլում և մեծապես պայմանավորված են միգրանտների տեղեկացված լինելու մակարդակով:




Զբաղվածության պետական ծառայության գործակալության և Աշխատանքի միջազգային կազմակերպության (IOM) համագործակցության արդյունքում «Միգրանտ աշխատողների պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնությունում և միգրացիայի դրական ազդեցության ընդլայնումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծվել են և գործում են Միգրացիոն ռեսուրս կենտրոններ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։